Չոփչի (Այրարատյան բարբառ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Չոփչի

Հայկական ժողովրդական հեքիաթ

10. ՉՈՓՉԻ

Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի Չոփչի։ էս Չոփչին հենց ինքն ա ըլնում, մի կնիկ. ո՛նչ տղա, ո՛նչ աղջիկ, ո՛նչ մեր, ո՛նչ քիր, ո՛նչ աղպեր, մախլաս ըսկի զադ չի ունենում՝ մարդ ու կնիկ են ըլնում, իրանը չոր գլուխը:

Էս մեր Չոփչու բան ու փեշակը հենը էս էր. ասսու իրան օրը, դեռ լիսն ու մութը չբաժանված, վե կկենար, պարանը վե կուներ, կէթար հանդր չոփ կիտելու, իրիկունը կգար տուն։ Ընենց էլ մի զուլում չոփ կիտող էր, որ հանդումը մի չոփի կտոր էլա չէր թողա, որ ղշերը տանեն իրանց հմար բուն շինեն, յա՛ մի ճամփորդ ռաստ գալիս, ցուրտ վախտը մի քանի չոփ էլա հավաքեր, բերեր վառեր, տաքանար:

Օրեն մի օրը էս Չոփչին էլի վեր ա կենում, պարանը քցում ուսը, էթում հանդը, ճամփին սրան մի օձ ա ռաստ գալի։

— Բարո՛վ, Չո՛փչի աղպեր,— ասում ա:

— Բարո՛վ, հազա՜ր բարին,— ասում ա,— Օ՛ձ աղպեր:

— Ախար ըսենց բա՞ն կըլնի,— ասում ա Օձը,— Էլ աշխարքումը չոփ չես թողում՝ հավաքում ես. ջանավա՛ր ասես, ղո՛ւշ ասես՝ քոմմա քեզանից գանգատավոր են։

— Ի՞նչ անեմ, Օ՛ձ աղպեր,— ասում ա,— քյասիբ մարդ եմ․ իմ ապրուստն էլ դրանից ա, էթում եմ հավաքում, բերում ծախում, տուն, տեղ, օղլուշաղ պահում։ Ուրիշ փեշակ էլ չունեմ, որ ասեմ հա:

— Լա՛վ,— ասում ա Օձը,— որ քյասիբ ես՝ մի բան ասեմ անկաջ կա՞նես:

— Խի՞ չեմ անի, Օ՛ձ աղպեր. ասա՛ տենամ։

— Հրեդ վե կալ դագանակդ,— ասեց,— տո՛ւ, գլուխս ջընջխա՛. եննա մի քիչ գլխիս դհիցը կտրա՛, մի քիչ պոչիս դհիցը, դեն քցա՛, մնացածը վե կալ տա՛ր ձեր հայաթումը մի ղրաղ տեղ ֆորա՛, վրեն էլ մի լավ մատուռ կապա՛: Մի քանի ամսեն վրա,— ասեց,— էդ մատռի միջին մի նռան ծառ դուս կգա, եքա-եքա նռներ կտա. հենց որ նուռը պոկես, բերես տապակ անես՝ կտենաս միջին ակն ու մարգարիտ[1] մարջան ու հազար մի ջուռա անգին քարեր: Կտանես քեզ հմար կծախես, կհարստանաս, մըկ էլ չես գա ըստերանք քյասիբ-քյուսուբի ռուզղը կտրի։

— Չէ՛, Օ՛ձ աղպեր,— ասաց Չոփչին,— էդ գլուխ գալու բան չի, ի՛նչ ասես՝ կանեմ, էդ՝ չէ: Քյասիբ եմ, քյասիբ՝ դո՞ւ ինչ անես։

— Քե՞զ ինչ, ա՛ղպեր,— ասեց Օձը,— ի՛նչ ասում եմ՝ արա՛. դու հո իմ գլխի վեքիլը չե՞ս։

Չոփչին աղաք չէր հավատում, վախում էր չըլնի՞ թե շանթի. համա տեհավ որ չէ՛, շատ ա զոռում, էլ թամաշ չարեց. վե կալավ դագանակը, տվեց Օձի գլուխը ջընջխեց, մի քիչ գլխի դհիցը կտրեց, մի քիչ պոչի դհիցը դեն քցեց, մնացածը բերեց տուն, հայաթումը մի ղրաղ տեղ ֆորեց, ոնց որ ասել էր՝ վրեն էլ բերեց մի լավ մատուռ կապեց։

Անց կացավ մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, օրեն մի օրը վե կացավ գնաց ակը տալու։ Գնաց ի՞նչ տեհավ՝ ղո՛րթ որ, մատռի միջին հրեն մի նռան ծառ, վրի նռանն էլ հո՛ հալ ու հեսար չկա։

Ասեց.— Տենամ միջին զադ կա՞ թե չէ։

Մի հատ քաղեց, տապակ արեց՝ ի՜նչ նուռը, քոմմա ակն ու մարգարիտ, մարջան ու հազար մի ջուռա անգին քարեր։

— Փա՜ռքդ շատ ըլնի,— ասեց,— աստո՛ծ, էս հետ ինձ հասցրիր՝ լա՛վ հասցրիր. ախար ես մեռա էսքամ տարի չոփչություն անելոն, ձեռս զա՛դ չընկավ:

Ուրախությունիցը էդ գշեր Չոփչու քունը չի տարե, սաղ գշեր խեղճը բաց աչքով ա լիսացրե։

Առավոտը գշերով-գշերհանա վե կացավ, նուռը վե կալավ, դրեց ջեբը, տարավ բազար, որ ծախի: Է՛ս զարգյարի կուշտը, է՛ն զարգյարի կուշտը, դե՛ս տարավ, դե՛ն տարավ՝ առնող չէլավ։ Վերջը որ շատ ման էկավ, մի Ջհուդ զարգյար ռաստ էկավ:

— Ա՛ղպեր,— հարցրեց,— էդ ի՞նչ ես ծախում:

— Ակն ու մարգարիտ,— ասեց:

— Հատը ո՜նց ես տալի:

— Հենց ո՛նց որ ուզում ես։

— Հատին հազար մանեթ տա՜մ։

— Տո՛ւ,— ասեց,— տա՛ր խերը տես։— Համա ինքն իրա միջին ընենց էր իմանում, թե վրեն ծիծաղում ա։

Ջհուդն անխոս հանեց, հատին հազար մանեթ համբրեց, ձեռիցն առավ։

— Սրանից է՞լ ունես,— հարցրեց,— թե հենց էս ա։

— Հենց ի՛նչքամ ուզում ես,— ասեց,— որ բերեմ կա՞ռնես։

— Կառնեմ,— ասեց Ջհուդը,— խի՞ չեմ առնի:

Չոփչին ուրախ-ուրախ տուն ա գալի, մնացած նռներից մի քանի հատ էլա պոկում, տապակ անում, քարերը հանում, բերում էդ Ջհդի վրեն հատը հազար մանեթով սաղացնում։ Մի՛ն, է՛րկու, հի՛նգ, տա՛սը՝ ըսենց հարստանում ա, եքա փողի, մըլքի տեր դառնում։

Խալխը մնացել ին միտք անելոն, թե էս խեղճ, քյասիբ, անճար, օրեն հացի մուրացկան Չոփչին ոնց հարստացավ, էսքամ մալ ու դոլվաթի տեր էլավ։

Էս քաղաքումը մի շատ հարուստ բեզրգյան ա ըլնում։

Էս բեզրգյանը ինքն իրան միտքն ա անում. «Ա՛ղպեր,— ասում ա,— էս մարդը էրեկվա Չոփչին չէ՞ր, որ պարանը վեր էր ունում, էթում հանդը չոփ կիտելու. հմի էսքամ մալ ու դոլվաթը, հարստությունը ո՞վ տվեց սրան, չոփչությունով հո չաշխա՞տեց։ Կա չկա,— ասում ա,— ըստե մի բան կա. ո՛նց որ ըլնի, ես պտի իմանամ լա՛վ»:

Մարդ ա ղրկում, մի պառավ կնիկ ա կանչիլ տալի կուշտը.

— Ա՛յ բաջի,— ասում ա,— էն Չոփչուն հո ճանա՞նչում ես, որ հմի էնքամ հարստությունի, մալ ու դոլվաթի տեր ա դառե։

— Լավ, շատ լա՛վ եմ ճանանչում, բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում ա պառավը։— Խի՞ որ, ի՞նչ ես անում։

— Չե՞ս կարա մի ֆանդով իմանա, տենանք էսքամ հարստությունը, մալ ու դոլվաթը նրան ո՞վ ա տվե։

— Խի՞ չեմ կարա,— ասում ա,— դրանից էլ հեշտ բա՜ն։

— Քեզ տենամ, հը՜, բա՛ջի, որ իմացել ես, հենց ինչ ուզես՝ կտամ:

Էս ջադուքյար պառավն ա՝ քնձրոտ-մնձրոտ, ճղված-ճոթռած շորեր ա հագնում, վե կենում, էթում դուզ Չոփչու տունը:

— Ի՞նչ բանի հմար ես էկե,— հարցնում ա Չոփչին։

— Խեղճ անտեր, անտիրական կնիկ եմ,— ասում ա,— ի՞նչ կըլնի ձեր արևի սադազին մի կտոր հաց տաք՝ պահեք. ես էլ աղաքներիդ ղուլլուղ կանեմ՝ ջուր կբերեմ, ավիլ կանեմ, մախլաս, ինչ որ ձեռիցս կգա՝ կանեմ:

— Լա՛վ,— ասում են մարդ ու կնիկ,— զաթի մընք էլ քեզ նման կնկա ինք ման գալի, որ էփի, թափի, լվանա, մեր տան բանն անի։— Վեր են ունում, վարձքի խաթեր իրանց տանը պահում:

Անց ա կենում մի վախտ, մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, էս պառավը ընե՜նց մի լավ ղուլլուղ ա անում, ընե՜նց մի ժաժ գալի, նստում, վե կենում, որ Չոփչին, իր ա կնիկը սրան շատ սիրում են. մի խոսքով, իրանց հալալ մորը էնքամ չին ուզի, ինչքամ սրան ին ուզում: Ըսենց նրանց աչքը մննելուց եդը, օրեն մի օրը, Չոփչու կնկանը որ մենակ ա քցում, կպնում ա յախեն:

— Խա՛նում ջան,— ասում ա,— քեզ ուզում եմ մի բան հարցնի, համա քաշվում եմ։

— Խի՞ ես քաշվում, ա՛լ բաջի, ասա՛. ասա՛ տենամ ի՞նչ ես ուզում:

— Խա՛նումը սազ ըլնի,— ասում ա պառավը,— ես ուզում ի հարցնեմ, տենամ՝ էսքամ հարստությունը, մալ ու դոլվաթը ձեզ որդիան ա. ինչքամ միտք եմ անում, միտք եմ անում, խելքս չի հասնում, թե ասեմ էսքամն էլ աշխատել եք, ըսկի ավատալու բան չի. ասեմ՝ գտել եք, ըտ էլ չիլնի։ Մախլա՛ս. կա՛, չկա՛՝ ըստե մի բան կա. դու արի՛, խա՛նում ջան, դրուստն ասա՛։ Ես էլ գիտաք, որ ձեր մերն եմ, չեմ էթա մեր սըռը խալխին ասի:

Չոփչու կնիկը աղաք չեմ ու չում արեց, ուզեցավ չասի, համա տեհավ, որ շատ ա դեմ ընկնում, նստեց մին-մին, տեղը-տեղին նաղլ արեց։

— Ա՛յ բաջի,— ասեց,— բա չե՞ս ասի, մեր քյասիբ վախտը, մի օր մարդս էթում ա հանդը չոփ կիտելու, ճամփին նրան մի Օձ ա ռաստ գալի. «Չոփչի աղպեր,— ասում ա,— ըտենց հո չի՞լնի, հանդումն էլ չոփ չես թողում՝ հավաքում ես, խեղճ ղշերի ռուզղն էլ ես կտրում»։ «Ի՞նչ անեմ, Օ՛ձ աղպեր,— ասում ա մարդս,— ես էլ խեղճ եմ, անճար եմ, դրանով եմ ապրուստ անում»: «Բաս որ ըտենց ա,— ասում ա Օձը,— տո՛ւ, ինձ սըպանա. մի քիչ գլխիս դհիցը կարա՛, մի քիչ պոչիս դհիցը, մնացածը տար ձեր հայաթումը ֆորա՛, վրեն մատուռ կապա՛: Մի քանի ամսեն վրա,— ասում ա,— կգաս, կտենաս էդ մատռի միջին նռան ծառ ա դուս էկե, եքա-եքա նոներ ա տվե։ Հենց որ նուռը քաղես, տապակ անես, կտենաս մեջը լիքը ակն ու մարգարիտ, մարջան ու հազար մի ջուռա անգին քարեր: Կտանես,— ասում ա,— կծախես, մըն էլ չես գա ըստերանք չոփ կիտի»։ Մարդս էլ քաշում ա դագանակը, տալի Օձին սըպանում, մի քիչ գլխի դհիցը կտրում, մի քիչ պոչի դհիցը՝ դեն քցում, մնացածը քերում մեր հայաթումը ֆորում, վրեն էլ մի լավ մատուռ կապում: Անց կացավ մի վախտ, բա չե՞ս ասի, ա՛յ բաջի, ինչ որ Օձն ասել էր՝ մին-մին, տեղը-տեղին կատարվեց։ Հրենիկ տե՞նում ես էն մատուռը,— մատով շանց ա տալի,— նռան ծառը էդ մատռի միջին ա. վրի նռանն էլ հո՛ հալ ու հեսաբ չկա. ինչքամ քաղել ենք ծախե, քսան էնքամ էլ դեռ կենում ա: Հմի տե՞հար, ա՛յ բաջի, ո՛նց ենք հարստացե:

— Տեհա՜, խա՛նում ջան, տեհա՛, աստոծ ձեր մինը հազար անի, ո՞վ չի ուզի:

— Համա չըլնեմ-չիմանամ, ա՛յ բաջի, Էթաս սրան, նրան ասես, հա՜, թե չէ էլ մարդիս ձեռիցը չեմ պրծնի՝ մահս կտա[2]։

— Չէ՛, խա՛նում ջան, ես հո էրեխա չեմ, էթամ մեր սըռը խալխին ասեմ:

Համա ո՞րդե. հենց հեգսի օրը, ինչ որ լսել էր, փեշումը կոլոլեց, գնաց բեզրգյանին խաբար տվեց:

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասեց,— բա չե՞ս ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։— Նստեց մին-մին, տեղը-տեղին նաղլ արեց:

— Լա՛վ,— ասեց բեզրգյանը,— հմի ե՛ս գիտամ, նա՛։— Հանեց պառավին մի գոգ ոսկի տվեց՝ ճամփու դրեց։

Անց կացավ մի քանի վախտ, օրեն մի օրը, վե կացավ գնաց Չոփչու կուշտը։

— Բարո՛վ, Չո՚փչի աղպեր,— ասեց բեզրգյանը,

— Բարո՛վ, հազա՜ր բարին։

— Չո՛փչի աղպեր, քեզ մի բան եմ ուզում հարցնի, համա պտի դրուստն ասես, հա՜։

— Էրկուսը հարցրա՛ բեզրգյա՛նը սաղ ըլնի:

— Դու արի՛ դրուստ ասա՛: Չոփչի աղպեր, էսքամ հարստությունը, մալ ու դոլվաթը քեզ ո՞րդիան ա:

— Ո՞րդիան պտի ըլնի,— ասեց Չոփչին,— ճակատիս հալալ քրտնքովն եմ աշխատե։

— Չէ՛, սո՛ւտ ես ասում. ուզո՞ւմ ես մարջ գանք։

— Լա՛վ, մարջ գանք, ընչի՞ վրեն:

— Հե՛նց ընչի վրեն ուզում ես:

— Թե գտար,— ասեց,— ես իմ տուն ու տեղը, մալ ու դոլվաթը քոմմա քեզ տամ. թե չէ հո՛, դո՛ւ քունը ինձ տաս։ Ռա՞զի ես։

— Ռա՛զի եմ, ա՛ղպեր, ռազի եմ։ Դե արի էթանք մի քանի մարդ էլ կանչենք ջհադ, որ մարջը մարջ ըլնի, ո՛նչ ես խոսքիցս եդ դառնամ, ո՛նչ դու:

— Լավ։ Էթա՛նք։

Վեր են կենում, էթում մի քանի մարդ էլ կանչում, բերում ընդե ջհադ կաննացնում:

— Դե հմի ասա՛, բեզրգյա՛նը սաղ ըլնի, տենանք իմ հարստությունը ո՞րդիան ա։

— Ձեր հայաթումը,— ասում ա,— մի մատուռ կա, մատռի միջին՝ մի նռան ծառ․․․

— Լա՛վ, լա՛վ, լա՛վ. էլ մի՛ ասի,— խոսքը կտրում ա Չոփչին,— տա՛րար։ Ինչ ունեմ-չունեմ՝ տո՛ւն, տե՛ղ, մա՛լ, դոլվա՛թ քոմմա քեզ. տա՛ր, մորդ կաթի նման քեզ հալալ ըլնի. ես կէթամ էլի աղաքվա նման չոփչություն կանեմ։ Փա՛ռք ասսու ողորմությունին, ոնց որ տվեց, ընենց էլ առավ:

Ասում ա ու կնկա կուռը բռնում, տանիցը լափ դարտակ դուս գալի, էթում մի քնձրոտ-մնձրոտ տուն, քրեհում, միջին կենում։

Էլ էն Չոփչին, էլ էն Չոփչին։ Առավոտը լիսը բացվում էր թե չէ, պարանը քցում էր ուսը, էթում հանդը չոփ կիտելու, իրիկունը գալի տուն։ Ասենք կնիկը եննա գլխի ա ընկնում, որ ըստոնք քոմմա էն քավթառ պառավի բաներն ա, համա վախլությունիցը մարդին չի ասում, անսաս իրա հմար տազ ա անում, մնում։

Ըսենց անց ա կենում մի շաբաթ, էրկու շաբաթ, մի ամիս, էրկու ամիս՝ օրեն մի օրը էս մեր Չոփչին ինքն իրան միտքն ա անում. «Ա՛ղպեր,— ասում ա,— ըսենց բան չիլնի. ես պտի վե կենամ էթամ ասսու կուշտը գանգատ, մի տենամ ես ի՜նչ մեղքի տեր ի. որ էսքամ մալ ու դոլվաթը տվեց՝ էլ եդ ձեռիցս առավ»:

Էթում ա կնկա հեննա ա մասլահաթ տենում։ Կնիկն էլ, թե.— Դու գիտաս, ա՛յ մարդ, էթում ես՝ գնա՛:

Չոփչին ա՝ մի քանի ամսվա պաշար ա վեր ունում, փետն առնում ձեռը, ընկնում ճամփա՝ դպա ասսու կուշտը: Էթում ա էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, մի մեշի միջի սրան էրկու վիրունի ղաթիր ա ռաստ գալի: Տենում ա էրկսի մեջքն էլ յարա-փարեն կոխել ա:

— Բարո՛վ,— ասում ա Չոփչին:

— Բարո՛վ, հազա՜ր բարին: Ի՞նչ մարդ ես,— հարցնում են ղաթրները։

— Ես ֆլա՛ն Չոփչին եմ,— ասում ա։

— Բա էդ ո՞ւր ես էթում:

— Էթում եմ ասսու կուշտը գանգատ:

— Որ էթում ես, ի՞նչ կըլնի մեր դհիցն էլ գանգատ անես: Էս տասը տարի՝ մեր մեջքը յարա-փարեն կոխել ա. ի՛նչ դեղ, դարման անում ենք, լավանալու ճար, իլլաճ լի լնում: Մի հարցրա՛, տես մենք ի՞նչ մեղքի տեր ենք, որ աստոծ մեզ ըսենց պատճել ա:

— Աչքիս վրեն,— ասում ա,— կասեմ:

— Աչքդ վարգի վրեն,— ասում են ղաթրները:

Էս մեր Չոփչին ա, սրանց տալիս ա անց կենում, թողում էթում էլ եղ իրա ճամփեն։ Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա մի քաղաք: Էս քաղաքի միջովը անց կենալիս տենում ա էրկու սի՜րուն, նա՜շխուն, արեգակի կտոր աղջիկ:

— Բարո՛վ,— ասում ա Չոփչին։

— Ա՛յ բարո՛վ, ասսու հազա՜ր բարին, խերին։ Ի՞նչ մարդ ես,— հարցնում են աղջկեքը։

— Ես ֆլա՛ն Չոփչին եմ,— ասում ա։

— Բա էդ ո՞ւր ես էթում։

— Էթում եմ ասսու կուշտը գանգատ։

— Որ էթում ես,— ասում են,— ի՞նչ կըլնի մեր դհիցն էլ գանգատ անես: Մեր հերը լավ հարստությունի, լավ մալ ու դոլվաթի տեր ա. մընք Էլ, տենում ես, էսքամ սիրուն, էսքամ նաշխուն, ի՛նչ անես՝ մեզանից գեշերը մարդի են էթում, մենք ըսենց մնացել ենք տանը: Մի հարցրա տես մե՞ր ճարն ինչ պտի ըլնի:

— Լա՛վ,— ասում ա,— ձեր գանգատն էլ տեղ կհասցնեմ։

Ասում ա, տալի անց կենում, էթում։ Էթում ա, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, մի եքա անտուտ, անտակ ծովի ա ռաստ գալի: Տենում ա էդ ծովի միջին մի ղուշ կաննել ա, սաղ ծովը փորն ա քաշում էլի չի կշտանում, հարա՛յ-մադաթը քցում ա.— Ամա՜ն, ասսո՛ւ սիրուն, ես ծարավ մեռա՝ մի պուտ ջո՛ւր։

— Բարո՛վ,— ասում ա Չոփչին։

— Բարո՛վ, հազա՜ր բարին, հողածին։ Ի՞նչ մարդ ես,— հարցնում ա ղուշը:

— Ես ֆլա՛ն Չոփչին եմ,— ասում ա։

— Բա էդ ո՞ւր ես էթում։

— Էթում եմ ասսու կուշտը գանգատ։

— Որ էթում ես,— ասում ա,— ի՞նչ կըլնի իմ դհիցն էլ գանգատ անես։ Ես էսքամ տարի էս ծովի միջին կաննած՝ սաղ ծովը փորս եմ քաշում, էլի չեմ կշտանում. մի հարցրա՛ տե՛ս իմ ճարն ի՛նչ պտի ըլնի։

— Ջո՛ւխտ աչքիս վրեն,— ասում ա,— քու գանգատն էլ տեղ կհասցնեմ։

Տալիս ա անց կենում, էթում էլ եդ իրա ճամփեն։ Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, վերջը դուս ա գալի[3] աշխարքի անծերը: Տենում ա ընդե սիպտակ միրքով մի ծեր, գզղված մարդ հրեն թախտի վրեն բազմել ա։ Էթում ա դրան գլուխ տալի։

— Բարո՛վ, ա՛յ բաբի,— ասում ա Չոփչին։

— Բարո՛վ, հազա՜ր բարին։ Ի՞նչ մարդ ես,— հարցնում ա հալիվորը։

— Ես ֆլա՛ն Չոփչին եմ,— ասում ա։

— Բա էդ ո՞ւր ես էթում։

— Էթում եմ ասսու կուշտը գանգատ։

— Աստոծ հենց ես եմ, որ տենում ես. ասա՛ տենամ գանգատդ ի՞նչ ա։

Չոփչին էս լսեց թե չէ, էն սհաթը ընկավ ասսու ոնները:

— Տե՛ր աստոծ,— ասեց,— ես մի խեղճ, դառն աղքատ ի, ամեն օր պարանը վեր ի ունում, էթում հանդը չոփ կիտելու, իրիկունը գալի տուն։ Ըսենք մարդ ու կնիկ քարի հեննա քաղվելոն, ավաղի հեննա մաղվելոն, ղունդ-ղունգ անելոն յոլա ինք էթում։ Օրեն մի օրն էլ, վեր ի կացե գնացե ցախի, ճամփին մի Օձ ռաստ էկավ: «Չո՛փչի աղպեր,— ասեց,— հերիք չի՞ դու էս հանդի չոփերը կիտես. տնա՜շեն, խեղճ ղշերի ռուղղն էլ ես կտրում, որ տանեն իրանց հմար բուն շինեն»։ Ի՞նչ անեմ,— ասեցի,— քյասիբ մարդ եմ, ես էլ դրանով եմ ապրում։ «Բաս որ ըտենց ա, — ասեց Օձը,— դագանակդ վե կալ, տո՛ւ գլուխս ջընջխա, եննա մի քիչ գլխիս դհիցը կարա՛, մի քիչ պոչիս դհիցը՝ դեն քցա՛, մնացողը[4] տար ձեր հայաթումը մի ղրաղ տեղ ֆորա՛, վրեն էլ մի լավ մատուռ կապա՛: Մի քանի ամսեն վրա,— ասեց,— էդ մատռի միջին մի նռան ծառ դուս կգա, եքա-եքա նռներ կտա, հենց ո՛րը քաղես, տապակ անես՝ կտենաս մեջք լիքը ակն ու մարգարիտ, հազար մի ջուռա անգին քարեր: Կտանես կծախես,— ասեց,— կհարստանաս, մըկ էլ չես գա ըստերանք չոփ կիտի»: Ես էլ նրան անկաջ արի, դագանակով տվի գլուխը ջնջխեցի. ոնց որ ասել էր, ընենց էլ արի, տարա մեր հայաթումը ֆորեցի, վրեն էլ մի լավ մատուռ կապեցի: Ղորթ որ, Օձը ոնց որ ասել էր, մին-մին, տեղը-տեղին կատարվեց: Հարստացա, լավ մալ ու ղոլվաթի տեր դառա. համա վերջը չեմ գիտա ոնց էր էլե, մեր քաղաքումը մի բեզրգյան կա, էս բանը իմացել էր. էկավ հեննես մարջ էկավ՝ տարավ: Ինչ ունեիք չունեի՝ տո՛ւն, տե՛ղ, մա՛լ, դոլվա՛թ, քոմմա տվի նրան, կնկանս կուռը բռնեցի, թողի տանիցս լա՛փ դարտակ դուս էկա: Էլա էլ էն Չոփչին, էլ էն Չոփչին, ամեն օր պարանը վեր ի ունում, էթում հանդը չոփ կիտում, բերում՝ սըթար ինք անում: Ըսենք մի քանի վախտ անց կացավ, օրեն մի օրը միտք արի, ասեցի՝ էթամ ասսու փեշը բըռնեմ, հարցնեմ տենամ ես ի՞նչ մեղքի տեր ի, որ էսքամ հարստությունը, մալ ու դոլվաթը տվեց՝ էլ եդ ձեռիցս խլեց։ Հմի էկել եմ ընկե քու ոնները: Տե՛ր աստոծ, բալի էլի դու մի լիս ու ճար անես։

— Կէթաս էլ եդ ձեր քաղաքը,— ասեց աստոծ,— էն բեզրգյանի հեննա մարջ կգաս: Կասես. «Արևը ո՞րդիան ա դուս գալի»: Կասի. «Հալբաթ որ է՛ս դհիցը»։ Կասես. «Չէ՛, է՛ն մի դհիցը. ուզո՞ւմ ես, արի մարջ գանք»։ Որ մարջ էկար, էն վախտը ես արևը քու ասած դհիցը կհանեմ: Մարջը կտանես, մալ ու դոլվաթդ էլ եդ կգա քու ձեռը։

— Փա՛ռքդ շատ ըլնի,— ասեց,— տե՛ր աստոծ, ոնց որ հրամայեցիր՝ ընենց էլ կէթամ կանեմ։ Էդ հո էդ: Մի ուրիշ գանգատ էլ ունեմ, ճամփին մի մեշի միջի ինձ էրկու ղաթիր ռաստ էկան։ —Ո՞ւր ես էթում,— հարցրին։ Ասեցի.— Էթում եմ ասսու կուշտը գանգատ։— Որ էթում ես,— ասեցին,— ի՞նչ կըլնի մեր դհիցն էլ գանգատ անես, էս տասը տարի՝ մեր մեջքը յարա-փարեն կոխել ա. ի՛նչ անում ենք, չենք անում՝ լավանալու ճար, իլյաճ չիլնում: Մի հարցրա՛ տես մեր ճարն ինչ պտի ըլնի:

— Ես նրանց ստեղծել եմ,— ասեց աստոծ,— որ մարդկերանցը պետքը գան, բեռ շալակեն, բան անեն, չէ թե տարեն տասնէրկու ամիս պարապ-սարապ մեջեքը չափչփեն։ Ուզում են,— ասեց,— աղաք արա՛, տա՛ր ձեր քաղաքը, վրները փալան դի, բանացրա՝ ալբիալը մեջքների յարեն կլավանա։

— Էդ հո էդ։ Էկա, էկա, էկա՝ հասա մի քաղաք. ըտե էրկու սի՜րուն, նա՜շխուն, ակն ու արեգակ աղջիկ ռաստ էկան։ Հարցրին. «Էդ ո՞ւր ես էթում»։ Ասեցի.— Էթում եմ ասսու կուշտը գանգատ։ «Որ էթում ես,— ասեցին,— ի՛նչ կըլնի, մեր դհիցն էլ գանգատ անես։ Մենք ըսենց լավ օջախից ենք, ըսենց էլ սիրուն, ոնց որ տենում ես, համա ինչ անես, մի հետ մեր բախտը կապվել ա, մնացել ենք տանը։ Մի հարցրա՛, տես մեր ախրն ի՞նչ պտի ըլնի։

— Էդ էրկու սիրուն աղջիկն էլ քո՛ւ ղսմաթն ա,— ասեց աստոծ,— վե կունես, կտանես ձեր քաղաքը, ընդե մարդի կտաս։

— Էդ էլ հո էդ,— վա բերեց Չոփչին։— Գալիս ճամփին մի անտակ ծովի ռաստ էկա. տեհա մի ղուշ էդ ծովի միջին կաննել ա, սաղ ծովը փորն ա քաշում, էլի չի կշտանում՝ ձեն ա տալի. «Ամա՜ն, ասսո՛ւ սիրուն, էրվեցի, խորովվեցի, տապակվեցի՝ մի պուտ ջո՜ւր»։ Էս ղուշն էլ իրա գանգատն արեց. «Էսքամ տարի ա, էս ծովի ջուրը սաղ փորս եմ քաշում, էլի ինձ կշտում չկա: Մի հարցրա՛ ասսուն,— ասեց,— տենանք ես ի՞նչ մեղքի տեր եմ, յա իմ ճարն ի՞նչ պտի ըլնի»։

— Էդ ղշի տեղը,— ասեց աստոծ,— հենց էդ ծովն ա, որ կա, որ ընդիան բաց թողամ՝ արար աջխարքը քար ու քանդ, բրիշակ կանի: Ըսենց էլ կէթաս կասես իրան:

— Տեր աստոծ,— ասեց Չոփչին,— պրծա. էլ գանգատ չունեմ:

Եննա ասսու ձեռը պաչեց, թողաց եդ դառավ էլ էն ճամփովը, որ ճամփով որ էկել էր:

Էկավ, էկավ, էկավ, շատն ու քիչն աստոծ գիտա, հասավ էն անտակ ծովի ղրաղը:

— Չո՛փչի աղպեր,— հարցրեց ղուշը,— ասսուն տեհար, իմ գանգատն արե՜ցիր։

— Հա՛, ղո՛ւշ աղպեր, տեհա, գանգատդ արեցի։ Աստոծ ասեց. «Նրա տեղը հենց էդ ծովն ա, որ կա, ընդիան որ թողամ արար աշխարքը քար ու քանդ կանի»։

Ասեց, տվեց անց կացավ։ Էկավ, էկավ, էկավ, հասավ էն աղջրկերանց քաղաքը: Հարց ու փորձ արեց, նրանց գտավ:

— Աստոծ լսեց ձեր գանգատը,— ասեց,— հրամայեց որ էրկըսիդ էլ տանեմ մեր քաղաքը ընդե մարդի տամ։ Հմի ի՞նչ եք ասում. կպա՞ք էթանք։

— Կգանք, խի՞ չենք գա,— ասեցին,— ասսու հրամանն ա՝ ինչ կարանք ասի։

Վե կացան հեննեն էկան։ Էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, մեջի միջին էն էրկու ղաթիրը ռաստ էկան:

— Չո՛փչի աղպեր,— հարցրին,— ասսուն տե՞հար, մեր գանգատն արե՞ցիր:

— Հա՛, տեհա,— ասեց։

— Բա ի՞նչ ասեց։

— Ես նրանց ստեղծել եմ,— ասեց,— որ մարդկերանցը պետքը գան, բեռ շալակեն, բան անեն: Ուզում են,— ասաց,— աղաք արա՛, տա՛ր բանացրա՛ մեջքների յարեն ալբիալը կլավանա: Է՜, կգա՞ք տանեմ։

— Կգա՛նք, խի՞ չենք գա,— ասեցին։

Չոփչին էն սհաթը ղաթրների բերանը գյամ դրեց, մինը մի աղջկանը տվեց, մինը մեկելին, նստեցին՝ ընկան ճամբա։ Նստելու բաշտան՝ էրկու ղաթրի յարեն էլ ալբիալը սաղացավ։

Էս մեր Չոփչին ա՝ էկա՛վ, էկա՛վ, էկա՛վ, շատն ու քիչն աստոծ գիտա, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, հասավ իրանց երկիրը։ Սաղ քաղաքը չավ էլավ, թե Չոփչին էկել ա, հեննեն էլ էրկու սի՜րուն, նա՜շխուն, հուրի֊մալաք աղջիկ ա բերե, որ տենողի խելքն ա էթում։ Բեզրգյանը էս իմանում ա թե չէ, ալրիալը վեր ա կենում, էթում կուշտը:

— Բարո՛վ ես էկե,– ասում ա,- Չո՛փչի աղպեր. ամեն ճամփեդ սալամա՜թ։ Էդ էրկու սիրուն աղջիկը ո՞րդիան ա,– հարցնում ա,— չե՞ս ծախի առնեմ։

— Չէ՛,- ասում ա,— չե՛մ ծախի, որ քու սաղ մալ ու դոլվաթն էլ տաս՝ էլի չեմ ծախի։ Ուզո՞ւմ ես, արի՛ էլի մարջ գանք:

— Լա՛վ, մարջ գանք,— ասում ա բեզրգյանը,— Ընչի՞ վրեն:

— Դու ինձ մի աղաք ասա՝ արևը ո՞ր դհիցն ա դուս գալի։

Բեզրգյանը մատով շանց ա տալի.— Հալբա՛թ է՛ս դհիցը,— ասում ա։

— Չէ՛,– ասում ա Չոփչին,– մարջ գա՞լիս ես, որ էգուց էդ դհիցը չդուս գա։

— Հա՛, մարջ եմ գալի:

— Ընչի՞ վրեն։

— Թե դո՛ւ տարար, իմ տուն ու տեղը, մալ ու դոլվաթը քոմմա քեզ. թե ես տարա՝ էդ էրկու աղջիկն ինձ: Լա՞վ:

— Լա՛վ,— ասում ա Չոփչին,— թող ըտենց ըլնի:

Հեգսի օրը, դեռ լիսն ու մութը չբաժանված մի քանի մարգի հեննա վեր են կենում, էթում են քաղաքիցը դուս։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում ա,— լավ վարավուրդ արա, հա՜, տե՛ս արևը ո՞ր դհիցն ա դուս գալի։

Ասսու հրամանով էդ օրը արևն էն դհիցն ա դուս գալի, որ դհիցը ամեն օր էր մննում։ Քոմմա մնում են սառած, իրար էրեսի մտիկ անելոն: Բեզրգյանի հալը հո՛ էլ միք հարցնի՝ սփրթնել ա, դառե պատի ծեփ։

— Հը՜, բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ձեն ա տալի Չոփչին,— տա՞րա, թե չէ։

— Տարա՛ր, ինչ կասեմ, տարա՛ր։

— Տարա՞։

— Տարա՛ր։

— Տարա՞։

— Տարա՛ր, աղպեր, տարա՛ր: Ինչ ունեմ, չունեմ՝ տո՛ւն, տե՛ղ, մա՛լ, դոլվա՛թ՝ քոմմա մորդ կաթի նման քեզ հալալ ըլնի։

— Չէ՛, բեղրգյա՛նը սաղ ըլնի,— ասում ա Չոփչին,— քու հարստությունը ինձ հարամ ա կացե. ինչ որ դու ինձանից աղաք տարել ես՝ վե կունեմ, քունը քեզ ըլնի, չեմ ուզում:

Ըտենց էլ անում ա. իրա հարստութունը, մալ ու դոլվաթը վեր ա անում, բեզրդյանինը եդ տալի իրան։ Չոփչին դառնում ա էլ էն հարուստը, էլ էն հարուստը:

Հեննեն բերած էրկու աղջիկն էլ մինը թագավորի նազրի տղին ա տալի, մինը՝ վեզրի. օխտն օր, օխտը գշեր դափո՜վ, զուռնո՜վ, լավ քեֆո՜վ, ուրախությո՜ւնով հարսանիք անում։

Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ. մինն ասողին, մինն ասիլ տվողին, մինն էլ անկաջ դնողին։

  1. Տպագիր տեքստում հաջորդում Է՝ Բոլիանտ, որը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում՝ կթուրքացնի, կթողա, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։
  3. Տպագիր տեքստում՝ «․․․մի օր, երկու օր, իրեք օր, մախլասի մի շաբաթ, տալիս ա դուս գալի․․․» խմբագրումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  4. Տպագիր տեքստում՝ մնողը, ուղղումը մեր կողմից է (Ծ. Կ.):