Ա
Գալիս է գարուն, նոր կյանք է բերում.
Վարդ և շուշանը բացվում են, բուրում,
Թարմ և ծաղկազարդ փայլում է տերև,
Մանուկ զորությամբ ծագում է արև:
Շնչում է անտառ: Երգում է ծիծառ:
Վաղորդյան ցողը սփռում է գոհար,
Կանաչ հովիտը վառվում է պայծառ:
Զարթնեց բնություն կուսական խանդով:
Դեպ’ գործ մեղուներ դիմեն եռանդով:
Վաղ առավոտյան ձայնը կոչնակին
Կանչում է դեպ’ դաշտ անբախտ մշակին:
Բայց արշալույսի վարդագույն թշեր,
Ջարթած բնության հրաշալի պատկեր,
Չե՜ն, չե՜ն հրապուրում սիրտը վշտահար,
Սիրտը, որ մեռած էր ցավով հազար…
Գլուխը ծռած, մշակը տրտում
Վարում է գութան արգավանդ դաշտում,
Եվ նորա երգը հնչում է արդեն,
Երգը հոգսերով ծանրացած սրտեն:
Ա՛խ, նա օտարի հողն է մաշկում,
Որո պտուղը նա չէ ճաշակում,
Հո՜ղ, որ նախահարց սրբված արյունով,
Այժմ ջրվում է որդու քրտինքով,
Այժմ ցողվում է դառն արտասուքով…
Բ
Գալիս է ամառ, կրակոտ եղանակ,
Անխոնջ վաստակի, պտղի ժամանակ:
Յուր աստվածեղեն ջերմության հոգին
Կենսատու շնչով ծավալն արփին:
Հասել է ծիրան, տանձը մեղրածոր,
Աղջկա թշի պես վառվում է խնձոր,
Սաթանման-դեղին կախված է ողկույզ,
Մանկտին գրավում է շլոր և թուզ.
Սեխով, ձմերկով լիքն է բոստան,
Ոսկյա հոսանքով ծփի անդաստան,
Եվ արտորայքի ծանրացած հասկեր՝
Խիստ հիանալի նկարեն պատկեր:
Հետ երից անգամ երգը խոսնակին
Զարթնում է իսկույն հնձվորի հոգին:
Փայլում է մանգաղ: Գործում է մշակ:
Բարձած սայլակի ճռինչն անուշակ
Հնչվում է հեռու, հեռու դաշտերեն,
Բերում դեպի կալ հունձքը արտերեն:
Կալսում է յուր կալ, մաքրում է ցորյան, ―
Պտուղը յուր ձեռքի, քրտինքի, արյան.
Եվ այդ բոլորը նա զոհ է բերում
Կալվածատիրոջ, լեցնում ամբարում,
Անիծելով բախտ, գնում է յուր տուն,
Լացում է սև օր, քաղցած գերդաստան:
Գ
Գալիս է աշուն: Թափվում է տերև,
Սոխակն յուր վարդին տա վերջին բարև,
Եվ տարափոխիկ արագիլ, կռունկ՝
Գաղթեն դեպի տաք երկրներ խորունկ:
Ուժգին, ցրտաբեր փչում է հյուսիս,
Սև-սև թուխպերով պատվում է Մասիս:
Մահվան դեղնությամբ ծածկվում են դաշտեր:
Զվարճասեր սրտից չեն ցրվում վշտեր:
Լիքն է հունդերով մրջիմին ամբար,
Թեև չըցանեց, չըկալսեց յուր կալ,
Եվ յուր մոմեղեն խցումը շար ի շար
Մեղուն կազմել է ձմեռվա պաշար:
Իսկ յուր արտերով մեր խեղճ գյուղացին
Մնում է կարոտ պատառ մի հացին.
Տխուր, հուսահատ, գլուխը ծռած,
Նստած է տան մեջ, ձեռքերը փակած:
«Անցուցի՜ր ամառ, անցուցի՜ր գարուն, —
Ասում է կինը. անցա՜վ և աշուն,
Դռանը կանգնած է ցրտաբեր ձմեռ,
Որդիքս կիսամերկ, որդիքս կիսամեռ՝
Ես ինչո՞վ պահեմ, ասա ինձ, այրի՜կ»:
— «Աստված ողորմած է, սպասի՜ր, կնիկ».
Ասաց մշակը և լռեց իսկույն,
Ծածկեց ցավերը վշտալից հոգուն...
Դ
Գալիս է ձմեռ, — ալևոր ծերուկ,
Խոժոռած դեմքով, սպիտակ մորուք,
Չըկա մի ժպիտ նորա աչքերում,
Դառնաշունչ ձայնով սարսափ է բերում,
Սառած է արյուն ողջ երակներում,
Սիրո ջերմություն չըկա նորա սրտում:
Մահաբեր ձեռքով ձյունեղեն պաստառ
Տարածում է նա: Սար, դաշտ և անտառ,
Ողջ ծածկվում են սպիտակ պատանով...
Լռում է թռչնիկ. մեռնում է ծաղիկ.
Սառցապատ գետակ մնչում է լռիկ:
Կտուրի վերա նստեց ագռավ,
Ծերի գալստյան համբավը բերավ,
Կռկռաց, կռկռաց և չարագուշակ
Ձայնով գուշակեց գյուղացու վիճակ:
Բայց մեր գյուղացին էլ դուրս չէ երթում,
Փակված է մթին նա յուր խրճիթում:
Նորա անոթի որդիքը կիսամերկ
Սառը թոնրի մոտ նստած են տրտում,
Խաղալ չեն գնում դրսումը՝ ցրտում,
Զի չըկա հագուստ խեղճերի հագին:
Գործում է թեև դազգահ ջուլհակին,
Գործում է կտավ և մանում է կին,
Բայց նոցա գործվածք պիտ’ գնան վաճառ
Վճարել խանի տուրքը անվճար:
Ե
Իսկ մեր մշակի պարտքի մուրհակին
Լրացան տարիք կրկին և կրկին.
Այն անիծյա՛լ պարտք... պարտքը պարսկին,
Որով նա գնեց եզները ջուխտակ,
Եղավ նա գերի, ընկավ հոգսի տակ:
Նա չունի արծաթ, չունի եկամուտ,
Բայց մահմեդական վաշխառուն անգութ
Քարշում է տանից նորա երեխան`
Ծանրացած պարտքի տոկոսի փոխան:
Մի բարբարոսին խիղճն ի՞նչ է ծանոթ,
Որ չունի օրենք, իրավունք, ամոթ...
Ի՞նչ անե խեղճն, ի՞նչ հող տա գլխին,
Ազատե կյանքն անբախտ երեխին.
Յուր պարտատերին ակամա սրտիվ
Զոհում է նա շատ արտաքուստ, պատիվ…
Մինչ կրկին տարի ժամանակ առավ,
Տուն, տեղ, ամեն ինչ նա դրեց գրավ:
Նորից ամրացավ գերության շղթան:
Թողեց վարուցանք, արոր և գութան,
Եվ պանդխտության կրեց գավազան,
Դեպի հեռավոր, դեպ’ օտար աշխարհ,
Տխուր, սրտաբեկ՝ ուղղեց ճանապարհ.
«Կերթամ, — ասաց նա, — մի՜ լացիր, կնիկ,
Կամ օտար երկրում կըմեռնեմ, կըկորչեմ,
Կամ պարսկի պարտքեն որդիքս կազատեմ…
Զ
«Ա՛խ, աստված... — գոչեց, գնաց գյուղացին,
Չընայեց կնոջ արտասուք-լացին,
Թողեց ընտանիք նոթի, կիսաշունչ,
Թողեց անխնամ, մերկ և անտերունչ:
Երկար տարիներ նա թափառական
Ընդ ծով և ցամաք պտտեր անսահման,
Երկրե երկիր շրջեր գաղթ ի գաղթ
Եվ հուսակտուր որոնում էր բախտ:
Եվ վերջ ի վերջո մի մեծ պանդոկում
Եղավ նա համալ, բեռն էր շալակում,
Բեռն էր շալակում, որպես մի գրաստ,
Գործեր անասնոց նա գործ չարապաստ…
Լափչիքը հագած, փալանը մեջքին,
Մինչև կես-գիշեր քաղվում էր հոգին,
Եվ նույն փալանին գլուխը դրած,
Սառը գետնի վերա քնում էր հոգնած:
Բայց և այդ բախտը չըտևեց երկար.
Մի օր մի մեծ հակ տանում էր բազար,
Ծանր էր բեռը, ծանր և ահագին,
Ոտքերը դողաց, աչքերը մթնեց,
Հանկարծ գլորվեց յուր բեռան տակին. —
Անշունչ, կիսամեռ վեր առան նորան
Եվ հիվանդանոց ընկերքը տարան:
Է
Ծիծառը դարձավ դեպ’ իրա բույնը,
Կարգեց, նորոգեց՝ ավերված տունը,
Բայց մեր մշակից դեռ չըկա համբավ:
Ընտանյաց վիշտը դառն էր, անբավ:
Հին պարտատերը շատ շատ էր տանջում,
Նորա կնկանից փող էր պահանջում:
Տանջվե՛ց խեղճ կինը, տանջվե՛ց անպայման,
Մանուկ հասակում մաշված, թառամած,
Անբախտ գլուխը տարավ գերեզման…
Փոխան նոցա հին պարտքի մուրհակին
Տիրեց պարտատերը կայք և տնակին:
Կորած պանդխտի դստերքը մատղաշ
Պարսկի հարեմում եղան ղարավաշ:
Հայերից մի տան մարեցավ օջախ:
Բայց քանի՝ հարյուր տներ այդպես հաճախ
Անհետանում են ամենայն տարի...