Պանդուխտ եմ, քույրիկ, մանուկ օրերից...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեր ուխտը «Պանդուխտ եմ, քույրիկ, մանուկ օրերից...»

Հովհաննես Թումանյան

Խորհրդավոր մեռելը



* * *


Պանդուխտ եմ, քույրի՛կ, մանուկ օրերից.
Գընում եմ դեպի մի անհայտ երկիր՝
Կըտրված կյանքի ամեն կապերից,
               Մենակ, տարագիր։

Հալածում են ինձ անցած օրերը,
Ներկա ժամերը հանգիստ չեն տալի,
Հոգնած են վաղուց իմ թույլ ոտները,
               Ու սիրտս ավելի։

Բայց գընում եմ ես հալածված նորից,

Ամեն վայելքից ու բախտից հեռու,
Նույնիսկ հայրենի հողից ու ջրից,
               Ինչպես եղջերու։

Եվ դու հանդիպած իմ դըժար ճամփում,
Ասում ես՝ արդեն բախտավոր եմ ես.

Իզուր եմ փախչում, իզուր գանգատվում
               Ու տանջվում այսպե՜ս...

Ո՜վ դու միամիտ։ Բայց երկինք վըկա,
Չեմ եղել երբեք ես այդքան ըստոր,
Որ կարենայի այս դաժան բանտում

Լինել բախտավոր։

Չեմ եղել, քույրիկ. բոլոր օրերը
Տառապանք բերին, կորուստ ու կըսկիծ,
Եվ կյանքի հաճույքն, և կընոջ սերը
               Ընկան իմ սըրտից։

Ես էլ վիրավոր գընում եմ փախած՝
Անհայտ օրերի խավարի ընդդեմ,
Ամենքից զըզված, ամենքին թողած,
               Քեզ էլ կը թողնեմ...


1902