Պատկեր (Ալեքսանդր Ծատուրյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պատկեր

Ալեքսանդր Ծատուրյան

ՊԱՏԿԵՐ

(Նվեր նկարիչ Գևորգ Բաշինջաղյանին)
Խորին գիշեր է։ Հոգնած, վաստակած
Երկիրը, որպես քրտնաջան մշակ,
Քընած է անդորր, ասես մոռացած
Ցերեկվա անվերջ հոգսերն ու տանջանք...

Եվ չի վըրդովում ոչ մի արարած
Մայր-երկրի այդ մեղմ նինջը անուշիկ.
Խաղաղություն է չորս կողմը տիրած—
Լուռ է բընություն, լուռ է և՛ երկինք։

Եվ աստեղազարդ պայծառ եթերում
Հանդարտ լողում է նազելի լուսին,
Եվ բուռըն սիրո հուրը աչքերում՝
Օրոր է կարդում քաղցրանինջ երկրին։
1889, 5 հուլիսի