Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ Ե

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գլուխ Դ ԳԼՈՒԽ Ե

Առաքել Դավրիժեցի

Գլուխ Զ
Գ Լ Ո Ի Խ Ե
ԱՄԵՆԱՓԱՐԹԱՄ ԳՅՈՒՂԱՔԱՂԱՔ ՋՈՒՂԱՅԻ ԴԵՊԻ ՊԱՐՍԻՑ ԵՐԿԻՐԸ ՏԱՐԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվ արդ՝ այս ամենից հետո, որ գործվեց Շահ-Աբաս թագավորի կողմից մեր երկրի և մեր հայոց ազգի հանդեպ, որ տարագրեց Պարսկաստան, և որ մենք պատմեցինք, ժամանակն է, որ այսուհետև պատմենք մեծ ու անվանի գյուղաքաղաք Ջուղայի մասին, քանի որ հին ամբարած դառը թույնն ու նախանձը, որ Ջուղայի համար իր սրտի խորքում թաքուն բորբոքուն էր պահում շահը, այստեղ առիթ ներկայացավ արտահայտելու, ցույց տալու, որովհետև շահը իր մեջ բերում էր իր նախատիպ Սաբյուտոսի [Շապուհ 2֊րդի] խորհուրդը։ Որովհետև, ինչպես պատմեցինք նախորդ գլխում, շահը պարսից զորքերից նշանակեց հայոց ազգի տարագրիչներ, որոնց ուղարկեց հայոց ողջ երկիրը, և սրանք հանեցին տարագրեցին․ այսպես էլ վարվեց Ջուղայի հետ։

Իր առջև կանչեց Հանիս Թահմազղուլի բեկին, որի մասին նախապես պատմեցինք, թե Աթաբեկի եղբայրն է. սա վրացիների կողմից պատանդ էր տրված պարսից թագավորներին, որոնց մոտ դաստիարակվելով ուրացավ հավատը։ Այժմ շահը կանչեց այս Թահմազղալուն իր առջև, դրեց հրաման֊հրովարտակ, տվեց նրան և հրամայեց գնալ Ջուղա ու միանգամից տարագրել նրանց՝ չթողնելով նրանում և ոչ մի բնակիչ։ Թահմազղալին ելնելով շահի մոտից սրընթաց արշավանքով շեշտակի աճապարեց Ջուղա և կանչեց ավադանուն ու խիստ բարկությամբ սպառնաց նրանց, թե սարսռեցնող ու տանջալից մահով նրանց կոչնչացնի, եթե անմիջապես ու շուտափույթ չկատարեն թաղավորի հրամանը։ Նաև թագավորի հրաման-հրովարտակը հանեցին ողջ ժողովրդի առջև կարդացին. այնտեղ գրված էր, թե հրաման է մեր թագավորությունից ձեզ՝ չու դայեցիներիդ, որ ելնեք ձեր տեղերից ու գնաք Պարսկաստան։

Դրանից հետո Թահմազղուլի բեկը հրամայեց, որ մունետիկ ելնի, այսինքն՝ ջառչի, ու կանչի ամենուրեք Ջուղայի շենի մեջ։ «Հրաման է մեծ թագավոր Շահ-Աբասի կողմից, ձեզ Ջուղայի բոլոր բնակիչներիդ ելնել ձեր բնակությունից ու գնալ Պարսկաստան։ Արդ՝ երեք օր ձեզ է շնորհվում, որ ելնեք, իսկ ով երեք օրից հետո այստեղ գտնվի, իրեն կսպանեն, իսկ նրա ընտանիքը ու ունեցվածքը կգերեվարեն. նաև՝ եթե փախչի կամ թաքնվի, ով որ այդպիսինին մատնացույց անի, նրա ունեցվածքը մատնացուցողին կլինի, իսկ գլուխը՝ թագավորին»։ Եվ այս հրամանը միշտ հայտարարելով կանչում էր մունետիկը և սարսափեցնում բոլորին։ Մահվան սպառնալիքի սարսափից չդանդաղեցին ջուղայեցիք, այլ անմիջապես կատարվեց նրանց ուղղված թագավորի հրամանը, պատրաստվեցին դուրս գնալ։ Բայց շտապանքով ու հանկարծակի դուրս գալու պատճառով գրաստ ու բեռնակիր անասուն չէին գտնում, ուստի խիստ վտանգված էր ժողովուրդը, որովհետև նրանց ունեցվածքը ցրված ու թափված էին իրենց առջև ու չէին կարողանում բառնալ տանել գրաստներ չլինելու պատճառով։ Ինչ որ կարողացան բարձել, բարձին, իսկ ինչ որ չկարողացան բարձել, ամեն մեկը պահուստ արին, և իբրև թաքուստ թաղեցին։ Բայց նրանց ունեցվածքի մեծ մասը կորավ ու հափշտակվեց, քանզի ոչ միայն այն զորքերը, որ եկել էին Թահմազղուլի բեկի հետ, սրանք միայն հարկադրում էին ժողովրդին շտապ դուրս գալու համար, այլև մահմեդականներից շատերը, որոնք շրջակա գյուղերից էին գալիս, և որոնք պարսից զորքերից էին կամ իրենց բուն բանակից, գալիս էին խառնվում Թահմազղուլի բեկի զորքերի հետ, և օրավուր պարսիկները ավելանում էին Ջուղայում։ Եվ մահմեդականները գումարվելով միասնաբար երբեմն տասն, երբեմն քսան, երբեմն երեսուն հոգի մտնում էին քրիստոնյաների տները, նրանց ստիպում էին դուրս գալ ու գնալ, սաստիկ ծեծում էին, ինչքից ու կարասիքից իրենք էին հափշտակում, ինչ որ սրտները ուզում էր, իսկ մնացածը ցաք ու ցրիվ էին տալիս որպեսզի ուրիշները հափշտակեն, և այսպես կողոպուտի ու կորստի էր մատնվում քրիստոնյաների հարստությամբ։

Եվ դառնագույն չարիքները, որ թափեցին ժողովրդի գլխին ծեծելն էր, կեղեքելը, հարստահարելը։ Ջուղայի բոլոր բնակիչները՝ ճար չունենալով, յուրաքանչյուր ոք իր կամքից անկախ ելավ գնալու։ Թեպետ մարմնապես զորեղները, կամ նրանք, որոնք ունեին գույք, հարստություն, նրանցով էին պատրաստվում գնալու, բայց նրանք, որոնք թույլ էին, այսինքն՝ տնանկները, այրիները, ծերերը, չէին կարողանում գնալ, աղիողորմ ձայնով աղաղակ էին բարձրացնում, արտասուքով, լացուկոծով առհասարակ ողբում էին։ Ոմանք ողբում էին իրենց տներն որ շենքերը, ոմանք բնակավայրն ու հայրենիքը, ոմանք եկեղեցիները, ոմանք իրենց նախահայրերի գերեզմաններն ու դամբարանները, ոմանք իրենց գնալու մարմնական անկարողությունը. լալիս էին, ողբում էին, աչքերից հորդ արցունքներ էին թափվում, բայց մեկը չկար, որ խղճար նրանց ու օգներ, որովհետև գթառատ աստծո ողորմության դուռը փակված էր նրանց առջև։

Վերին Կաթան կոչվող եկեղեցու բանալին քահանաները առան և երբ Ջուղայի պարսպի դռնից դուրս եկան և հասան առաջին եկեղեցուն, որ Աստվածածին անունով շինված կա Ջուղայից դուրս, երբ նայեցին ու տեսան Աստվածածին եկեղեցին շատ քրիստոնյաներ եկան խառնվեցին քահանաներին. նրանք ևս բերին իրենց տների բանալիները և միասին աղիողորմ ձայնով աղաղակ բարձրացրին, փղձկացող սրտով, արտասվալից աչքերով գոռում էին ու լալիս և աղաղակելով կանչում էին Աստվածածնին ու ասում. «Ով սուրբ Աստվածածին, մեր սուրբ եկեղեցու ու տների բանալիները քեզ ենք հանձնում, որ դու այն օտար երկից, ուր տանում են մեզ, վերադարձնես մեր տեղերը։ Այս ասելով բանալիները նետեցին գետը և մորմոքանքով շատ ժամեր բարձրաձայն լաց եղան, ու ապա գնացին»։

Եվ այսպես Ջուղայի բնակչությունը՝ հարուստներ, թե աղքատներ, դուրս եկավ Ջուղայից և գնաց Արաքս գետի ափը գետն անցնելու համար։ Այնտեղ խմբված տեղավորվեցին, մինչև որ ողջ ժողովուրդը գյուղից դուրս եկավ. գետեզրում հավաքված խմբվածների մոտ։ Եվ երբ ժողովրդի գալը դադարեց, այն ժամանակ պարսիկների կողմից հրամայվեց ժողովրդին, թե գետն անցեք։

Այս օրերին Շահ-Աբաս թագավորը հասել էր Ջուղա և բանակել Արաքս գետի ափին. այդ ժամանակ իբրև թե խղճալու և ջուղայեցի ժողովրդին օգնելու համար Շահ-Աբաս թագավորը հրամայեց իր զորապետներին, որպեսզի սրանք էլ կարգադրեն իրենց զորքերին, ժողովրդին օգնեն, ձիանքով, ուղտերով անցկացնեն գետի այն կողմը։ Պարսից հեծյալները քրիստոնյա ժողովրդին անցկացնելիս ում իրենց սիրտը կպչում էր, լիներ կին, աղջիկ, տղա կամ ապրանք, առնում տանում էին, ուր կամենում էին, իսկ նրանց տերերը չէին կարող գնալ նրանց հետևից, և նրանք կորուստի ու գերության էին մատ նվում։ Իսկ ովքեր տկար էին, թափվում էին ջուրը, ծփալով ու ճչալով գնում էին ջրի երեսին, և շատերը խեղդվում էին ջրում ու մեռնում։ Գետի երկու եզրերում ցրված էին ջրից խեղդված մարդկանց մարմիններն ու դիակները։ Ահա այսպիսի տառապանքով ժողովուրդը անցավ Արաքս գետը․ մի քիչ առաջ գնալով՝ ճամբար դրեցին, մինչև ամենքը ժողովվեցին հավաքատեղում։

Եվ նույն տագնապալից օրերում չարիք մտորելու մեջ հանճարեղ Շահ-Աբասը ավելի նոր չարիքներ մտածեց Ջուղայի համար. կանչեց իր առջև նույն Հանիս Թահմազղուլի րեկին և հարցրեց, թե՝ «Ջուղայի բնակիչներին տեղահանելուց հետո, այրեցի՞ն Ջուղայի շինվածքները»։ Երբ պատասիան ստացավ նրանից, թե թագավորի կողմից մեզ չէր հրամայված, այդ պատճառով չայրեցինք, բազմաթիվ հանդիմանություններից հետո անմիջապես հրամայեց իսկույն մեծ զորքով վերադառնալ և այրել տների ու այլ շենքերի կառույցները: Սա բազմաթիվ հրոսակներով շեշտակի հասավ Ջուղա, առան իրենց ձեռքերը վառված ջահեր, բոցավառ եղեգներ, նավթի լապտերներ, սկսեցին այրել ու հրդեհել, քանդել առաստաղները, տապալել պատերի շարվածքները։ Բնավ չթողին ծածկված կամ շեն հարկ, այլ ավերի ու ոչնցացման հասցրին: Երբ իբենց չարագործությունը վերջացրին, դարձան եկան բուն բանակատեղը ու ներկայանալով արքային պատմեցին, թե տեր, եղավ այնպես, ինչպես հրամայեցիր։

Այնուհետև շահը հրամայեց Թահմազղուլի բեկին, թե մի թողնիր Ջուղայի ժողովուրդը նստի, այլ քշելով տար հասցրու Թավրիզ։ Եվ նա իսկույն եկավ, ժողովրդին շարժեց այնտեղից, որտեղ ճամբարված էին: Եվ այն օրն ու ժամին, երբ ամեն մեկը բարձում էր իր բեռը, երկինքն ու իր օդը միասին փոթորկվեցին քրիստոնյա ժողովրդի վրա, քանզի կուլտակվեց ին ամպերը, փոթորկվեց օղը, մթնեց երկինքը, փչեցին ուժգին հողմեր, փայլատակում էր կայծակը մեծ ճայթյունով, տեղացին ձյունախառն անձրևներ ու ծեծելով տանջեցին քրիստոնյաներին։ Նրանք, ովքեր մարմնով զորեղ էին, կամ գրաստ ունեին, գնացին, իսկ տկարները օրեր հետո եկան հասան տառապանքով ու չարչարանքով։ Ծանր տառապանքներով ու տաժանքի մեջ բերին հասցրին Թավրիզ քաղաքը։

Այնտեղ՝ Թավրիզում չար մարդիկ իրենց սրտի չար մաղձից չար Թահմազղուլի բեկի մոտ չարա խոսեցին Ջուղայի մասին, հիշեցին, թե դեռևս Ջուղայում մնացած մարդիկ կան, որովհետև շատերը փախչելով լեռներն ու ձորերը, մի մասն պատճառաբանելով տկարությունը, ոմանք ծերությունը, ոմանք աղքատությունը, իսկ ուրիշներն էլ այլ պատճառներով չեկան, այնտեղ մնացին ու այժմ գտնվում են Ջուղայում։ Երբ Թահմաղղուլի խանը այս լսեց, սաստիկ զայրացավ, բայց որովհետև որևէ չար բան անել ի վիճակի չէր, ուստի թողին, որ մնան մինչև գարուն։

Եվ երբ գարունը բացվեց [Թահմաղղուլի բեկը] պատրաստեց իր մարդկանցից Հադամ անունով մի երևելի մարդու մեծ զորքով, այլև հրովարտակ-հրաման առնելով թագավորից տվեց նրա ձեռքը, ուղարկեց Ջուղա մնացած ժողովրդին բերելու։ Հադամ աղան իր զորքով եկավ Ջուղա և մնացած ժողովրդին կանչեց իր առջև, ու նրանց հետ խոսեց բռնի ահաբեկությամբ. «Եթե հնազանդվելով կանսաք թագավորի հրամանին, ելեք ձեր ընտանիքներով և ունեցվածքով միասին գնանք, իսկ եթե չեք կամենում գնալ, ձեր արուներին ու զորեղներին սրով կկոտորենք, իսկ ձեր ունեցվածքն ու ձեր ընտանիքները կգերեվարենք։ Նաև գնացին լեռներն ու ձորերը՝ փախստականների տեղերը, գտան փախածներին ու բերին Ջուղա։ Հինանց [հիսուն օր զատկից հետո] երկրորդ կիրակվա երկուշաբթի օրը Ջուղայից քշեցին, ճանապարհ դրեցին դեպի Թավրիզ։ Թավրիզից անցկացնելով բերին, հասցրին ժողովրդի առաջին ճամբարին Ղազբին քաղաքում։ Նրանց հետ տեղավորեցին այնտեղ Ղազբին քաղաքում ու նրա գյուղերում ձմեռվա ցրտի պատճառով, երբ չէին կարող գնալ։

Գարնանային հողմը փչելու ժամանակ վերստին քշեցին նրանց, մինչև տարան, հասցրին Սպահան քաղաքը և այնտեղ բնակեցրին՝ հանձնելով նրանց շինության տեղեր։ Նրանք շինեցին շենքեր ու իրենց համար բնակարաններ հրաշալի ձևավորումով, կամարակապ փողոցներով, թևավոր ապարանքներով, հովասուն դստիկոններով, բարձրաբերձ ու արքայավայել շինվածքներով, զարդարեցին ոսկու և լաջվարդի պեսպես երանդ ունեցող ծաղիկներով, որ տեսնողի աչքերը խտղտում էին։

Սրանց նման ըստ աստծու փառքի արժանիքի իր հրաշակերտ հորինվածքով, երկնանման խորաններով, բարձրաբերձ կաթողիկեներով եկեղեցիները շինեցին, որոնք ամբողջովին ծաղկազարդված էին տեսակ-տեսակ գույներով, ոսկով ու լաջվարդով, տիրոջ մարդեղության գործերով, սրբերի պատկերներով։ Եվ բոլոր եկեղեցիների գլխին դրված էր նրանց եկեղեցիների [Հայաստանում ունեցած] սուրբ խաչի նշանը իբրև պսակ ու պարծանք քրիստոնյաների։

Եվ Ջուղայի ժողովուրդը, բոլոր հայկազունները, որոնք գնացին Սպահան քաղաքը ու այնտեղ բնակված մնացին, շատ պատճառներ ունի։ Քանզի Շահ-Աբաս թագավորը բազմահանճար, խելացի, կանխատես մարդ էր, հայոց ազգի համար հնարեց բազում ու տեսակ-տեսակ հնարավորություններ, որպեսզի մնան Պարսկաստանում, եթե այդպես չվարվեր, չէին մնա։

Նախ՝ ինքը Շահ-Աբասը սիրալիր էր հայ ազգի հանդեպ, մեծարում էր նրանց՝ մանավանդ ջուղայեցիներին, որոնց գլխավորի անունն էր խոջա Սաֆար, սրա եղբորը՝ խոջա Նաղար և սրանց որդիները՝ Մելիք աղա, Սուլթանում ու Սաֆրազ: Մշտապես շահը գալիս էր նրանց տները, ուտում ու խմում էր նրանց հետ նրանց կերակուրները առանց խտրություն դնելու, ինչպես որ պարսիկները սովորություն ունեն քրիստոնյաների նկատմամբ խտրական լինելու։ Այլև շահը ինքը նրանց տուն էր հրավիրում իր սեղանին ու պատվում էր իր մեծամեծերի հետ, այլև պատվիրում էր իր նախարարներին նույնը անել։

Երկրորդ՝ որովհետև թագավորական տուրքը, որ քրիստոնյաները վճարում էին, թեթև էր առնում, այնպես որ քրիստոնյաներին հաճելի լիներ։

Երրորդ՝ եթե վեճ ու կռիվ, խռովություն Էին պատահում քրիստոնյաների ու մահմեդականների միջև, կամ դատական այլ գործ՝ մեծ կամ փոքր, քրիստոնյաներին արդարացնում էր, մահմեդականներին դատապարտում։

Չորրորդ՝ երբ քրիստոնյաներին բերեց հասցրեց Սպահան, ու սրա գյուղերը, շատ մահմեդականների արտաքսեց իրենց տեղերից ու բնակավայրերից, նրանց տներն ու արտերը տվեց քրիստոնյաներին։

Հինգերորդ՝ հոժար կամքով հրամայեց ամենուրեք լայնանիստ ու բարձրաշեն եկեղեցիներ շինել Ջուղայում (Նոր) ու գյուղերում, նաև քաղաքի բերդի մեջ (գուցե միջնաբերդում), այնքան հոժարությամբ, որ ինքն էր հորդորում քրիստոնյաներին եկեղեցիներ շինել։ Մեծամեծ տոների օրերին՝ հարության, համբարձման և այլ տոներին, գալիս էր եկեղեցիները և ուրախանում քրիստոնյաների հետ։

Վեցերորդ՝ քրիստոնեական ամեն կարգ ու դավանություն քրիստոնյաները կատարում էին համարձակորեն. զանգեր զարկել, ժամասացություն անել, ջրօրհնեքը մեծախումբ հանդեսով տոնել, նաև ինքը՝ շահն էլ էր գալիս ջրօրհնեքին և տեսնելով ուրախանում էր։ Մեռելներին խաչվառով, շարական երգելով հանում էին քաղաքից, անցկացնում էին շուկայի միջով ու տանում թաղելու, և պարսիկներից ոչ ոք անարգական կամ հայհոյական բառ չէր ասում։ Եվ այսպիսի շատ օրինակներով ու տեսակ-տեսակ միջոցներով շահը ամոքում էր քրիստոնյաների սրտերը, որի համար էլ [հայերը] մնացին Պարսկաստանում։ Շահը քրիստոնյաներին այնքան համարձակություն տվեց, որ երբ հրապարակներում կամ շուկաներում քրիստոնյաների ու մահմեդականների միջև վեճ ու կռիվ էր պատահում, (կռվողները) համահավասար միմյանց ծեծում էին և հայհոյում առանց երկյուղի։ Սրա վրա այնքան էին վշտանում պարսիկները և նրանց գրագետներն ու մեծամեծերը, մինչև որ շահին ասել էին, թե ինչո՞ւ քրիստոնյաներին թույլ ես տվել այդքան համարձակվել և կամ ինչո՞ւ մոլար կրոնից չես դարձնում Մահմեդի ճշմարիտ կրոնին:

Իսկ շահը տեսնելով նրանց սրտի վիշտը, հայտնել էր նրանց իր սրտի գաղտնիքը և ասել էր. «Դուք այդ դատարկ սիրալիրության համար, որ տածում եմ քրիստոնյաների հանդեպ, մի վշտանաք ու ինձ մեղադրեք, որովհետև ես ծախսերով, ջանքով ու հնարներով հազիվ կարողացա նրանց այս երկիրը բերել։ Ես նրանց չբերեցի իրենց օգուտի համար, այլ որպեսզի մեր երկիրը շենացվի ու մեր ազգը ավելանա: Եվ այժմ քրիստոնյա ազգի մարդկանց, որոնք իրենց երկրից եկել են ու այժմ մնում են, եթե նրանց ամենքին մաս առ մաս կոտորենք, հոգ առ հոգ բաժանենք, նրանցից ոչ ոք մեր կրոնին չի դառնա, նաև մյուսները խրտչելով կսկսեն թաքուն փախչել և վերադառնալ իրենց երկիրը, իսկ մեր աշխատանքը իզուր կանցնի։ Այդ պատճառով եմ ես նրանց նկատմամբ սիրալիր, որպեսզի դրանով կապված մնան մեր երկրռւմ, իսկ նրանց մեծ մարդիկ, որոնք ծնվել են Հայաստանում ու եկել այստեղ, ամենքը կմեռնեն, նրանցից ծնվածները, որոնք այս երկրում են ծնվում, նրանք բոլորը առանց մեր կանչի ու ջանքի իրենք իրենց հոժարությամբ կգան մեր օրենքին։ Արդ՝ եթե դուք էլ եք կամենում մեր ազգի շահը, դուք էլ արեք այնպես, ինչպես ես եմ անում»։ Ապա նրանց դուրեկան շահի խոսքերը, և նրանք, գովելով շահի իմաստությունը, հեռացան։

Շահ-Աբասի իր մեծամեծներին ասված այդ խոսքերը այս ժամանակ՝ մեր օրերում, լիապես կատարվեցին, որովհետև մեծ մարդիկ, որ ծնված էին Հայաստանում և այնտեղից եկել էին Պարսկաստան, նրանք ամենքը մեռան։ Եվ չնայած մտադրվել էին վերադառնալ իրենց երկիրը, չկարողացան վերոհիշյալ պատճառներով, նաև պարսիկները թույլ չէին տալիս։ Իսկ նրանցից ծնվածները, որ ծնվեցին Պարսկաստանում, այնտեղ էլ սնվեցին, սրտով կապվեցին այդ երկրին, որի համար գտնվում են այնտեղ ու մնում են, չնայած նրանցից ոմանք երկյուղած, բարեմիտ մարդիկ կամենում են գնալ Հայաստան, բայց պարսիկները չեն թողնում։ Իսկ քրիստոնյաների նոր աշխարհ եկած զավակներից ոմանք, թողած քրիստոնեության լուսապայծառ հավատքը, դարձան և տակավին դառնում են Մահմեդի անօրեն կրոնին՝ իրենց թերահավատության, գողության ու անառակության համար։ Դրանք միանալով պարսիկների հետ նեղն են գցում քրիստոնյաներին բազմաթիվ ու տեսակ֊տեսակ հնարներով։ Եվ մանավանդ նրանով, որ կաշառք են տալիս մահմեդականներին ու սուտ վկաներ են դարձնում, քրիստոնյաներին քարշ են տալիս մահմեդական դատավորների մոտ դատաստանի և քրիստոնյաներից պահանջում են, ինչ որ կարողանում են հնարեն։ Ոմանցից (պահանջում են), թե պարտք ես ինձ, պարտքդ հատուցիր։ Ոմանցից էլ, թե քո ազգականն եմ, քո ամեն ինչը, բոլոր ունեցվածքը հասնում է ինձ, տուր, և այլ այս կարգի զրպարտություններ, ինչ որ կարողանում էին հնարել։ Իսկ դատավորներն ըստ իրենց անօրեն օրենքի ուրացողների խոսքերը արդարացնում են, թե որովհետև նա եկել՝ Մահմեդի կրոնին, նրան են հասնում իր ազգականների բոլոր գույքերը։ Եվ այսպես զրկում են խեղճ քրիստոնյաներին, հափշտակում են ամեն մի ունեցվածք և տալիս են այդ ուրացողներին։ Եվ այն Էլ ոչ թե ունեցվածքը, այլ մինչև հինգ հարյուր թուման արժեցող տները. անիրավորեն այս իրավունքով արդարացրին ուրացողների խոսքերը, հափշտակեցին քրիստոնյաների ժառանգությունը և տվին ուրացողներին, որը մեր աչքերով տեսանք։ Նաև մեռած քրիստոնյաների ազգականներից ուրացող ոմանք քրիստոնյա մեռյալի ամեն ունեցվաձքը, տները գրավելուց հետո, եկան տիրեցին մեռածների որդիներին, դուստրերին, աղախիններին։ Եվ Ջուղայի ժողովուրդը թեպետ շատ չարչարվեց տղաների փրկության համար իշխանների դռները դեգերելով, ոչինչ չստացվեց, որովհետև բոլորը մահմեդական լինելով՝ իրենց կողմն էին քաշում։ Իսկ դու իմ այս երկու խոսքով, որ օրինակի համար դրեցի քեզ, բոլոր վտանգավոր փորձությունները մտաբերելով կիմանաս, թե ինչ են քաշում քրիստոնյաները օձաբարո պարսից ազգից։

Եվ ինչպես Սուրբ գիրքը [Ն 1] ասում է, թե վախճանվեց Հովսեփը և նրա բոլոր եղբայրները, այն ամբողջ ցեղը, նստեց այլ թագավոր, որ չէր ճանաչում Հովսեփին, և ասում է իր ազգին, եկեք հնարենք որևէ բան Իսրայելի ազգի համար [Ն 2]։ Ըստ այս օրինակի պատահեց նաև մեր ազգին, որովհետև Շահ֊Աբաս թագավորը, թե հայ ազգին ինչքան նեղությամբ տարավ Պարսկաստան, իմանում էր այդ ամբողջ տառապանքը, որ ինքը պատճառեց հայոց ազգին, գթում ու խղճում էր հայերի վրա ու սեր էր տածում և թեպետ սուտ ու դատարկ և ոչ սրտանց, այնուամենայնիվ սեր էր ցույց տալիս։ Վախճանվեց նա, վախճանվեցին նաև այն ժամանակվա բոլոր իշխաններն ու մարդիկ։

Շահ֊Աբասից հետո թագավորեց նրա թոռը՝ Շահսեֆին»․ նա ևս բավարար էր վարվում քրիստոնյա ազգի հետ, որովհետև Շահ֊Աբասի նախարարներից ոմանք նրա մոտ էին, իսկ սրանք հիշեցնում էին նրան Շահ֊Աբասի վերաբերմունքը հայ ազգի հանդեպ, այլև հայերի բարեսրտությունը սրա [Շահսեֆիի] նախնիների հանդեպ, այս պատճառով հայերը նեղություններից թեթև էին մնում։ Վախճանվեց նաև Շահ–Աբասը և բոլոր հին մարդիկ։ Իսկ Շահսեֆիից հետո թագավորեց սրա որդին, որին դարձյալ Շահ֊Աբաս կոչեցին ըստ անվան իր ապուպապի․ այս պատճառով սրան կկոչենք Շահ-Աբաս Երկրորդ։ Սա թեպետ լսել էր այն իրողությունները, որ անցել էին հայ ազգի գլխով, սակայն աչքերով չէր տեսել. նաև չէին տեսել սրա նախարարները, որ սրա թագավորության պաշտոնյաներն էին։ Այդ պատճառով հայ ազգը նրանց փույթը չէր, ոչ հոգում էին, ոչ խղճում. նրանց հոգսը միայն այն էր, որևէ պատճառով հայերին դարձնել մահմեդական կրոնի։ Դրա համար հարձակվեցին քրիստոնյաների վրա արյունարբու, անօրեն, ղեխ ու շվայտ մարդիկ, որ մարմնական ցանկությունն ու փափկակեցությունը երջանիկ կյանք են համարում։ Նրանք, որ հայոց ազգից հրաժարվել էին և նրանք, որ բնիկ պարսիկներ էին, նեղում էին, բռնադատում, պիղծ համարում և բռնությամբ էին վարվում քրիստոնյաների հետ։ Նաև քրիստոնյաների զավակներից, որը որ պարսիկներին հաճելի էր թվում, լիներ տղա, աղջիկ, թե հարս, բռնի հափշտակում տանում էին թագավորի տները և անվանում թագավորական ծառա ու այլևս չէին վերադարձնում իրենց տերերին և Քրիստոսի հավատից հանում, դարձնում էին մահմեդական։ Նախ՝ իրենց պղծագործությունների համար, և երկրորդ․ որպեսզի հավելում լինի թագավորական ծառաներին և պարսից ազգին, և երրորդ, որպեսզի առժամանակ հետո այս տարված զավակների պատրվակով գերվեին, գռփվեին, հափշտակվեին նրանց՝ քրիստոնյաների հետնաթող (իրենցից հետո զավակ թողած) ընտանիքների տները, տեղերը, ունեցվածքը և ապրանքը։

Եվ մինչև այսօր ու այս ժամանակը, որի մեջ գտնվում ենք Ջուղայեցիք չգիտեին, նաև բոլոր այն հայազունները, որ գտնվում էին Պարսկաստանում, չգիտեին օձաբարո պարսիկ ազգի նենգաժետությունը, որ կար իրենց հանդեպ։ Եվ այդ իմանալով հեծում, հոգոց են հանում, հալվում ու մաշվում են, որ գուցե ազատվեն պարսից աշխարհից, կամ հայտնի կամ ծածուկ գնան հայոց աշխարհը, բայց չեն կարողանում, քանզի պարսիկները թույլ չէին տալիս իրենց երկրից դուրս գալ, ինչպես որ եգիպտացիք թույլ չէին տալիս իսրայելցի ազգին։ Գուցե տիրոջ նույն բարձրացած բազուկն ու հզոր ձեռքը նաև սրանց հանի այնտեղից, ինչպես նրանց այտեղից՝ մեծ նախնի նահապետ Մովսես մարգարեի և մեծ լուսավորչի՝ սուրբ Գրիգորի մաղթանքներով։

Նշումներ
  1. Տե՛ս [ելք]
  2. Ելք Ա․ 8․