Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ Զ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գլուխ Ե ԳԼՈՒԽ Զ

Առաքել Դավրիժեցի

Գլուխ Է
Գ Լ Ո Ւ Խ Զ
ՋՂԱԼՕՂԼԻ ԶՈՐԱՎԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԳԱԼՈԻ, ՊԱՐՏՎԵԼՈԻ ԵՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈԻ ՄԱՍԻՆ

Երբ Ջղալօղլի զորավարը հասավ Վան, իր զորքերով տեղավորվեց այնտեղ։ Հրամայեց, որ զորքերը բաժանվեն այդ երկրի բնակիչների միջև ձմեռելու համար․ և բոլոր զորքերը բաժանեցին Վանա գավառի ու սրա շրջակա գավառ ների վրա։ Իսկ այն զորքը, որ բաժանվեց երկրի վրա և անցավ ձմեռման իբրև Դանիելի տեսիլքի գազան[Ն 1], կերավ, մանրեց, իսկ մնացորդը ոտնակոխ արեց։ Փոխանակ երկիրը շենացնելու, ավեր դարձնելով քայքայեցին ու հասցրին վերջին թշվառության, թե անխիղճ կեղեքումով և թե այլ պղծագործությամբ։

Իսկ Ջղալօղլին, երբ տեսավ, թե շահը Երևանից Թավրիզ վերադարձավ, իսկ Երևանի երկրամասը անտեր մնաց, Օմար տղա անունով նշանավոր մարդկանցից մեկին նշանակեց զորապետ և նրա հետ մեծ զորք դնելով ուղարկեց Երևանի կողմերը, որպեսզի տիրի երկիրը։ Նա եկավ բանակեց Նախիջևանում և պահպանում էր այդ երկրամասը։ Իսկ Թավրիզում գտնվող շահը, երբ այս լսեց, նա ևս Ամիրգունա խանին մեծ զորքով ուղարկեց Օմար աղայի վրա։ Ամիրգունա խանի զորքը եկավ կռվեց Օմար աղայի դեմ, սպանեց նրան, ջարդեց նրա զորքը և զորքից շատերին կենդանի բռնեց. այս բռնած ներին ու սպանվածների գլուխները ուղարկեց Թավրիզ շահի մոտ, իսկ ինքը անշարժ նստեց Օմար աղայի տեղում՝ Նախիջևանում, և պահպանում էր երկիրը, ինչպես որ նրան հրամայել էր շահը։

Իսկ Ջղալօղլին, ապրելով Վան քաղաքում, այնտեղ անցկացրեց ձմեռվա ցրտաշունչ եղանակը, երբ հասավ գարնան ժամանակը, հանեց իր ու իր բանակի ձիերի բոլոր երամակները կանաչի վրա արոտի, որպեսզի ձիերը գարնան կազդույրը առնեն։ Իսկ չար հորհուրդների մեջ հանճարեղ Շահ-Աբասը, որ այդ ժամանակ Թավրիզում էր, Ալահվերդի խանին բազմաթիվ զորքով պատրաստեց և ուղարկեց Վան (Թուրք) զորավարի ձիերի հարցով, որ ինչ կարող Է անել, անի։ Եվ Ալահվերդի խանը Թավրիզից ելավ անսպասելի ու անկարծելի մի օր հասավ Վասպուրականի գավառը, այսինքն՝ Վանա գավառը։ Նախքան որևէ գործ անելը հասավ օսմանցիների ձիերի հավաքատեղին և ձիերից ինչ որ արձակ գտավ, ավարեց, տարավ իր բանակը, իսկ ինչ որ շղթայված էր և ոտնակապված, բոլորը ջլատեց ու կոտորեց, իսկ ինքը երկրում բանակ զարկեց և անշարժ նստեց։

Երբ Ջղալօղլին տեսավ, որ Ալահվերդի խանը եկավ և այս բանը կատարեց նա էլ բազմաթիվ զորքեր կազմեց-պաարաստեց և սրանց զորապետ նշանակեց Վանա փաշային։ Եվ երբ հասավ կռվի օրը, Վանա բերդի դիմացի դաշտի մեջ ելան միմյանց դեմ ճակատամարտելու, իսկ Ջղալօղլին նստած բերդի պարսպի վրա նայում էր մարտիկներին, որովհետև բերդից շատ հեռու չէր ճակատամարտի տեղը։ Երբ երկու կողմերն էլ խառնվեցին իրար, այնտեղ եղավ խիստ դաժան գործ և անասելի ջարդ, որովհետև ինչպես հող ու քար մարդկանց դիակները ընկած մնացել էին դաշտի երեսին։ Եվ օսմանյան կողմը պարտվեց, իսկ պարսից կողմը ուժեղացավ։ Պարսիկներով օսմանցիների զորքերին հալածեցին մինչև Վանաբերդի դուռը։ Օսմանցիներին հալածելիս երկու պարսիկներ հետապնդելով նրանց և քշելով հասցրին մինչև բերդի դուռը։ Եվ երբ օսմանցիք մտան պարսպի մեջ, մտան նաև պարսիկները, այնտեղ երկու պարիսպների միջև, որոնց կոչում են Սիրհաճ, երկուսից մեկին օսմանցիք բռնեցին ու տարան։ Իսկ մյուս պարսիկը այնտեղ սպանեց մի օսմանցու և իրեն վերցրեց օսմանցու գլուխը։ Ապա նույն պարսիկը վերցրեց իր թաշկինակը ձգեց դեպի երկինքը և ներքևի կողմից քաշեց իր սուսերը և օսմանցիների ու Ջղալօղլու առջև կտրելով երկուսի բաժանեց իր թաշկինակը. այս բանը Ջղալօղլին իր աչքով տեսավ, քանի որ նստած էր պարսպի վրա այդ տեղին մոտիկ։ Եվ երբ այս տեսավ Ջղալօղլին, իր թաշկինակը դրեց աչքերին, արտասվելով լաց եղավ, քանզի իր հոգում իմացավ իր ազգի պարտությունը և պարսիկների հաջողությունը։ Իսկ այն պարսիկը, որ իր թրով զարկեց ու կտրեց իր թաշկինակը, դուրս եկավ պարսպից, գնաց խառնվեց իր գնդին պարսից զորքերին։

Ալահվերդի խանը օսմանյան գորքին հաղթելուց հետո ելավ այնուհետև երկիրը ավարելու և ոչնչացնելու ըստ տիրոջ ասածի, թե նախ հզորին կկապի, ապա հետո նրա տունը ավարի կենթարկի[Ն 2]։ Այսպես էլ սա արեց, որովհետև ցորենի ու այլ ընդեղենների, խոտի ու հարդի բոլոր ամբարանոցները և տների բոլոր շինվածքները հրով այրեցին։ Ուր որ կարողացան հասնել, գավառների բոլոր ձեռք ընկած բնակիչների արուներին կոտորեցին, իսկ մյուսներին գերեցին։ Եվ մեծ ամբոխ կազմած թե մարդ, թե անասուն միասին քշեցին բերին հասցրին Թավրիզ պարսից ազգի լիության համար։

Իսկ Ջղալօղլին երբ տեսավ այսպիսի մեծ պարտությունը, Վանից ելավ, մտավ նավ ու ծովով գնաց Արծկե, այնտեղից Խնուս, Խնուսից էլ Կարին ու նստեց այնտեղ։ Իր մոտ կանչեց շրջակա բոլոր իշխաններին, վրաց ու մարերի կողմերի իշխաններին․ սրանց հետ էր նաև մարերի Միրշարաֆ անունով մեծ իշխանը։ Եվ այսպես այն սահմանների բոլոր կուսակալներին հավաքեց Կարին քաղաքում, այսինքն՝ Էրզրումում։ Եվ նրանց հրամայեց, որ յուրաքանչյուրը իր զորքով ամեն կազմվածով ու ռազմական սարվածքով պատրաստ լինի, որպեսզի, երբ ինքը՝ Ջղալօղլին, Վան հասնի, սրանք ևս այնտեղ գտնվեն և միանալով միասին գնան Թավրիզ պարսից դեմ պատերազմելու։

Ապա Ջղալօղլին Կարինից դուրս եկավ, գնաց Տիգրանակերտ[1], այսինքն Ամիդ․ այնտեղ դադար առնելով՝ հոգում էին ռազմական պատրաստությունները, հավաքում էր իր մոտ Միջերկրյա[2], Ասիայի ու Միջագետքի գավառների բոլոր զորքերը։ Այդ ժամանակի ամենամեծ ու անվանի փաշան, որին կոչում էին Նասիֆ փաշա, Բերիա քաղաքից էր, որ Հալեպն էր։ Սա նույնպես եկավ Ամիդ Ջղալօղյու մոտ։ Սրանք միասին էին տնօրինում պատերազմի հոգսերը, որովհետև սա պատվով հավասար էր Ջղալօղյուն։ Սրանք երկուսն էլ իրենց շուրջ հավաքեցին օսմանյան երկրի բոլոր զորքերը և Տիգրանակերտից ելնելով միանգամից Վան եկան։ Այնտեղ իրենց մոտ հավաքեցին ևս Քրդստանի, Կարինի կողմերի զորքերը և կազմեցին մի մեծ ու անհամար բանակ։ Եվ Վանից ելնելով ուղղվեցին Թավրիզ. հասնելով նրա սահմանները՝ Սոֆիան գյուղի մերձակայքը, այդտեղ դաշտում ճակատամարտ տվին, և օսմանյան զորքը պարտվեց։

Քանզի բազմաթիվ հնարներ մտածող Շահ֊Աբասը պարսից զորքը բաժանեց չորս գնդերի, առաջին գունդը հանձնեց Ալահվերդի խանին և սրան հրամայեց, որպեսզի սա բացահայտ դեմհանդիման ելնի օսմանյան բանակի դեմ ճակատամարտի։ Իսկ մյուս երեք գնդերը հանձնեց իր երեք նախարարներին՝ մեկը Ղառչղա խանին, երկրորդը Ջուլֆիղար խանին, իսկ երրորդը՝ Փիրբուդաղ խանին, և սրանց հրամայեց, որպեսզի երեք կողմից թաքուն դարանակալեն։ Իսկ շահը իր ծառաներով հեռու լեռների գլխին թաքստոցում դադար էր առել։

Երբ հասավ ճակատամարտի պայմանավորված օրը, Ալահվերդի խանը իր գնդով ելավ և հայտնվեց օսմանցիների դեմհանդիման։ Երր օսմանցիք տեսան նրանց, իրենց մեջ մտածեցին, թե միայն այդ երևացողն է պարսից զորքը, ուստի ուրախությամբ հարձակվեցին ու սկսեցին ճակատամարտել։ Այդ Ժամանակ պարսից կողմը ըստ նախապես դրված իրենց պայմանի բարձրացրին ծխանշանը։ Եվ դարանամուտ պարսիկները, տեսնելով ծուխը, շտապանքով ելան իրենց տեղերից, հարձակվեցին օսմանյան զորքերի վրա և, չորս կողմից շրջափակելով, կոտորեցին, բոլորին դիաթավալ անելով գետնաբեկ լցրին դաշտը։ Եղավ անասելի աղետ ու դաժան օր։

Զորահրամանատարը [Ջղալօղլին] իր բանակի մեջ կանգնած էր, բայց վշտագին ցավով ինչպես ծննդկան կին պաղատագին երկունքով մի տեղում դուլ ու դադար չէր առնում, այլ խռովված սրտով նայում ու դիտում էր կռվող զորքերի ճանապարհները, թե գուցե գտնվի մեկը, որ գալով բարի լուր բերի իրեն, բայց այդպիսին չկար։

Զորահրամանատարին մոտիկ կանգնած էր մեծ պարոն քուրդ Միրշարաֆը, որին նախապես հիշատակեցինք․ և սա հոգում հասկացավ, որ զորահրամանատարի կողմը պարտվեց, այդ պատճառով էլ լուր չեկավ։ Եվ ջանում ու հնարներ էր մտածում, որ մի ինչ֊որ կերպով հեռանա զորահրամանատարից, գուցե թե կարողանա փախչել։

Եվ սկսեց զորահրամանատարին կեղծավոր խոսքերով ու կեղծ գթասրտությամբ ասել. «Խնդրում եմ քո վեհ իշխանությունից, որպեսզի ինձ ևս հրաման տաս ճակատամարտի մեջ մտնել, որ գուցե թե ճակատամարտում պատահեմ շահին»։ Շատ խնդրելուց հետո Ջղալօղլին հրամայեց գնալ։ Իսկ Միրշարաֆը, երբ հեռացավ բանակից, երեսը դարձրեց դեպ իր երկիրը, ուր և անդարձ գնաց։

Իսկ պարսից զորքը հաղթեց օսմանցիներին ու փախուստի մատնեց դեպի օսմանցիների բանակը, իսկ պարսիկները հետապնդելով, կոտորելով (օսմանցիներին) տարան լցրին բուն բանակի մեջ, որտեղ մտան նաև պարսիկները ու կոտորեցին օսմանցիներին։ Իսկ Ղառչդա խանը, գնալով զորահրամանատարի վրանի մոտ, թրով զարկեց, կտրատեց զորահրամանատարի վրանը և միջով անցավ գնաց ոչ ոք չկարողացավ դուրս գալ նրա դեմ։ Մինչև երեկո չդադարեց արյունահեղ գործը․ ոմանց կոտորեցին, ոմանց փախցրին, ոմանց բռնեցին ու տարան շահի առջև․ քանզի ասում էին, թե երեսունչորս անվանի իշխաններ են բռնված եղել փաշա, քեհիա (հազարապետ), ղուլար աղասի[3], սանջախ բեկ [կուսակալ] և շատ ուրիշներ։

Ըստ ասվածի, երբ գործը իր ավարտին հասավ, և Ջղալօղլին տեսավ, որ իր զորքերը պարտվեցին ու մյուս անգամ չի կարող զորք կազմել ու պատերազմել․ նաև իր մնացած զորքերը գաղտագողի ետ էին փախչում։ Մտատանջության մեջ ընկավ, թե գուցե ինքն էլ բռնվի պարսիկների ձեռքով․ մտածեց, որ նորից դառնա Վան քաղաքը։ Այդ գիշեր լով զորահրամանատարը և իր ամբողջ զորքը սկսեցին ետ դառնալ, և երբ այսպես եղավ, ամեն ոք ջանում էր իր անձը ազատել և շտապում էր հապշտապ ու տագնապալից, որպեսզի ինքը ընկերոջից շուտ փախչի, գուցե թե պարսիկները հետևից գան և կոտորեն իրենց։ Այս տագնապալից փախուստի պատճառով թողին իրենց ամեն ունեցվածքը, կահկարասիները, ուղտերը, գրաստները, կերակուրի մթերքները, սնդուկներով ու արկղերով գանձերը, քանզի ճրագները վառած թողին, վրանները խփած, ինչպես որ նախապես խփված էին, այնպես էլ թողին, և ինչ որ ունեին լքեցին ու երեսները ետ դարձրած աճապարում էին փախչել, մինչև առավոտվա լուսաբացը ոչ մեկը չմնաց։ Իսկ առավոտ լուսաբացին պարսիկ զորքերը իմացան օսմանցիների փախուստը: Երբ զեկուցեցին Շահ–Աբասին, այնժամ (Շահ-Աբասը) հրամայեց պարսից զորքերին մտնել օսմանցիների բանակատեղը և ավարել. զորքերը անմիջապես հափշտակելով յուրացրին իրենց լիության համար։ (Սրանից հետո) ուրախությամբ վերադարձան Թավրիզ, և այնտեղ բանակեցին շահն ու իր զորքերը։

Իսկ զորահրամանատարը (Ջղալօղլին) Սոֆիանից ելնելով փախուստով գնաց մինչև հասավ Վան քաղաքը, այնտեղից մտնելով նավ, ծովը անցավ, գնաց Ամիդ և այնտեղ մեռավ։ Պատերազմը տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ին իսկ ինքը գնաց Ամիդ և փետրվար ամսի վեցին մեռավ։ Ոմանք էլ ասում են, թե ինքը իրեն թունավորեց պարտության ամոթից։

Ուրեմն՝ Ջղալօղլի հրամանատարի գալը երկու անգամ եղավ, առաջինը 1054 (1605)-ի սկզբին, երբ նոր նավասարդ ամսամուտն էր, եկավ Նախիջևան և այնտեղից գնաց քաղաք Վան: Երկրորդ գալը այն է, որ եկավ Սոֆիան, պարտվեց ու վերադարձավ՝ 1055 (1606) թվի տարեմուտի սկզբին առաջին աշնան ժամանակ։

Այս երկու տիեզերակալների շարժումից, որոնք իրար դեմ պատերազմի են դուրս եկել, թե Ջղալօղլի զորահրամանատարը, որ եկավ արևմուտքից, և թե շահը, որ արևելքի կողմում էր, թե ինչքան ավեր ու կործանում պատահեց երկրին՝ թե գալիս, թե վերադառնալիս, թե որքան ծանր հարկապահանջություն ծանրացավ ժողովրդի վրա, որ բռնի կերպով առան, նույնպես նաև ժողովրդից հավաքած ուտելիքն ու անասունները, որ զորքերից հետո բերել էին տալիս, թե զորքը որ ձմռանը իրենց ձիանքով ձմեռում էին, կամ տների ու այգիների կործանումը, արտերի կոխոտումը, ամբարանոցների ցորենի և այլ սերմունքի հանումը, ունեցվածքի և ստացվածքի, ուստրերի ու դուստրերի առևանգումն ու հափշտակությունը, անմեղ մարդկանց սպանությունները՝ ոմանց ակնհայտ, ոմանց գաղտնի, և այլ ամեն չարիք, որ բերին երկրի վրա, մենք անկարող ենք թվարկել, այլ նա կարող է, որ հաշվում է աստղերի բազմությունը և ստեղծեց այնքան մարդիկ, որոնք մատնվեցին այս անխիղճ ու մարդակերպ գազաններին։

Նշումներ
  1. Դանիելը աստվածաշնչական մարգարե է․ երազում չորս գազան է տեսնում, չորրորդ գազանի մասին ասվում է․ «Ուտեր և մանրէր և գըմնացորդ առ ոտն տրորէր (Դան․ էջ 7)
  2. Այլ ոչ ոք կարէ զկարասի հզօրի մտեալ ի տուն նորա աւար հարկանել, եթէ ոչ նախ զհօրն կապիցէ եւ ապա զտուն նորա աւար հարկանիցէ (Մարկ․ Գ 27)
Ծանոթագրություններ
  1. Տիգրանակերտ, այլ անունով կոչվում է Նփրկերտ, Մարտիրոպոլիս, Մուֆարդին, այժմ թուրքերը կոչում են Ֆարկին կամ Սիլվան, հիմնադրել է Տիգրան Մեծը մ.թ.ա. 77 թվին։ Ամիդը կապ չունի Տիգրանակերտի հետ, Ամիդը գտնվում է Միջագետքում և այժմ կոչվում է Դիարբեքիր։
  2. Միջերկրեայ գաստոք ասելով Դավրիժեցին հասկանում է Հայաստանի միջնաշխարհը, որ ընդգրկում է Այրարատը, Տայքը, Սյունիքը, Վասպուրականը, Մոկքը, Տուրուբերանը, Ծոփքը և Բարձր Հայքը։
  3. Ղուլար Աղասի-հավատարիմ ծառաներից կազմված զինվորների հրամանատար։ Շահի հավատարիմ ծառաները հետագայում դառնում էին շահի թիկնապահական գնդի զինվորներ՝ մի տեսակ ենիչերիներ։