Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԻԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գլուխ ԻԶ ԳԼՈՒԽ ԻԹ

Առաքել Դավրիժեցի

Գլուխ Լ
ԳԼՈՒԽ ԻԹ
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԴԱՐՁԱՆ ՊԱՏՃԱՌ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԳՐՔԵՐԻ ՈՃՆ ՈԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐՈԳԵԼՈՎ ՍՓՌԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ՄԵՋ, ՈՐ [ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՎԵՍՏԸ] ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎԵՐԱՑԵԼ ՈԻ ԱՆՀԵՏ ԷԻՆ ԵՂԵԼ

Արդ՝ հին ու վաղեմի ժամանակներից Բաղեշ քաղաքի Ամրդոլու վանքում[1] վարդապետների դպրոց կար, որ տևելով հասավ մինչև մեր հայրերի ժամանակ, երբ այնտեղի վարդապետների հաջորդ ու առաջնորդ, պետ ու գլխավորն էր Բասեղ անունով մի վարդապետ։ Սա երևելի ու մեծանուն և շատ աշակերտներ ունեցող մարդ էր։ Ամրդոլու վանքը նախապես անճոռնի ու վատ էր շինված, այն էլ հնությունից խարխլված էր։ Սա [Բարսեղը] բոլոր շենքերը միանգամից քանդեց և ինքը վերստին հիմնադրելով շինեց, ամբողջովին ավարտեցի եկեղեցին, տները և այնտեղ եղած մյուսները:

Նաև Բարսեղ վարդապետը Տաթևացու կարգից էր առաջացել ու սերվել հետևյալ հաջորդականությամբ։

Նախ՝ Գրիգոր Տաթևացին, նույնի աշակերտ Դանիելը, նույնի՝ Հովհաննես Համշենցին. նույնի՝ Չորթան Գրիգոր Արճիշեցին, նույնի՝ Ներսեսը, որ կոչվում է Մատաղ, նույնի՝ Ներսես Բաղիշեցին, նույնի՝ Ներսես Ամկեցին, նույնի՝ Բրգուտ Հովհաննես Ոստանցին, նույնի՝ Բարսեղ Գավառցին [Քավաո], որը այն Բարսեղն է, որին վերաբերում է մեր խոսքը։ Սույնի աշակերտ Ներսես Մոկացին՝ Առկնջավս[2] գյուղից, որի մականունն է Բեղլու, որովհետև մեծ ընչացք [բեղ] ուներ, սույնի աշակերտ Մելքիսեթ Երևանցին՝ Վժան[3] գյուղից:

Արդ՝ այս Բարսեղ վարդապետը ինքնին գիտեր, որ հայոց վարդապետները անտեղյակ են փիլիսոփայական գրքերին ու քերականության գիտությանը։ Իսկ ինքը մեծ ցանկությամբ տենչում էր, թերևս հասնի այդ գիտությանը ոչ միայն իր համար, այլ մանավանդ ազգի, որ նորոգվելով սփռվի մեր հայոց ազգի մեջ, որպեսզի բոլորը հասնեն այդ շնորհին ու գիտությանը։

Այս պատճառով մշտապես իր ձեռքն էր առնում փիլիսոփայական գիրքը և թեպետ չէր հասկանում, բայց առանց տատամսելու, առանց ձանձրանալու կարդում էր։ Այնպես էր լինում, որ տեղ-տեղ վերահասու էր լինում իմաստին ու խոսքի բովանդակությանը և տեղ-տեղ էլ չէր հասկանում, բայց նա ամենայն ջանքով, անձանձիր մշտապես կարդում էր։

Եվ ինչպես տեր Քրիստոսը երեք նկանակի առակի մեջ ասաց, թե՝ «Բարեկամության համար չի տա, սակայն թախանձանքի համար կելնի, նրան կտա, ինչ որ խնդրի[Ն 1]։ Այսպես էլ սրան տվեց, որ անդադար, անձանձիր տքնությամբ մշտապես ու հանապազ կանգնած գիտության դռանը գիշեր-ցերեկ աղոթքներով ու ընթերցումով բախում էր։ Իսկ ամեն գիտության աղբյուրն ու տվիչը՝ սուրբ հոգին աստված իր էակցի բերանով խոստացավ, թե՝ «Խնդրեցեք, կտրվի ձեզ, բախեցեք, կբացվի ձեզ համար, հայցեցեք, կստանաք»[Ն 2], տեսնելով սրան դանդաղ շուտ գալը ու բախելը, սրան շնորհեց իր խնդրածը, քանզի սրա մտքին տվեց տեսողություն ու խելք՝ խելամիտ լինելու խոսքին ու ոճին և փիլիսոփայական գրքերի շավիղներին առանց որևէ մեկի առաջնորդության ու ցուցմունքի։

Քանզի սկսեց «Սահմանաց գրքից»[4], կարդում էր մինչև պրակի վերջը, դարձյալ վերադառնում էր պրակի սկզբին. այնքան էր կարդում ու վերադառնում, մինչև որ ամեն որպիսության տեղեկանում էր, ապա անցնում էր մյուս պրակին։ Այսպես անելով «Սահմանաց գրքի» տասը պրակը կարդաց, մինչև որ վերահասու եղավ, թե ուրիշներին ևս կարող է ուսուցանել։ Ապա թողեց «Սահմանաց գիրքը», անցավ Պորփյուրին[5]՝ տեսնելու ու փորձելու սրա որպիսությունը։ Սկսեց մեծ ջանքով կարդալ և մտքով խորհել։ Շատ օրեր ծանր աշխատությամբ կարդալով ու վերադառնալով սուրբ հոգու շնորհով Պորփյուրից հասկացավ սեռն ու տեսակը։

Ծերության օրերում այս Բարսեղ վարդապետը իր մոտ կանչեց բոլոր իր աշակերտներին և ինչ գաղափար քաղել էր փիլիսոփայական գրքերից, նրանց սովորեցրեց, որը նրանք բոլորը ուշադրության առան ու սովորեցին։ Ապա սկսեց խոսել նրանց հետ և պատվիրել. «Իմ սիրելի որդիներ, այն ինչ հոգևոր երկունքով տիրոջ միջոցով երկնեցի հին վարդապետների գրքերի մեջ, որ հիշատակում են սեռ, տեսակ, տարբերություն, հատուկ [մասնավոր], պատահումն [պատահական հատկանիշ], ստորասություն [հաստատումն], բացասություն [ժխտում], որոնք բազում ու շատ անգամ հանդիպում են «Պարապմանց գրքի»[6], և «Գանձուց գրքի»[7], և սրանց մոտիկ ու այսպիսի գրքերի մեջ, թեպետև կարդում ենք և անցնում, բայց թե սրանք ի՛նչ բան են և ի՛նչ է սրանց իմաստը, և ամբողջը, և մասերը, և որպիսությունը, չենք հասկանում, իսկ վարդապետներին անհրաժեշտ է, որ սրանց բոլորին քաջագիտակ լինեն, որովհետև առանց սրանց գիտության թեպետ որևէ մեկը կարդում է, ինչ էլ որ կարդում է, թե հասկանում է կարդացածը, բայց պատշաճ կերպով ու անհրաժեշտ չափով չի հասկանում, որովհետև բոլոր գիտությունների ու գրքերի ներածությունը սրանք են՝ թե փիլիսոփայական և թե [առհասարակ] հեթանոսական [գրականության][8]:

Այս պատճառով իբրև մահվան անփոփոխելի կտակ ձեզ պատվիրում եմ, մանավանդ ծանր ու անկրելի բեռ եմ դնում ձեզ վրա, ինչպես ինձ տեսաք, որ մշտապես կարդում էի այս գրքերը և ծանր մտածումով խորհում էի ու երկնում այնքան, մինչև գտնում էի խոսքի նշանակությունը, և ինչ էլ որ գտա տիրոջ շնորհներով, այն ամենը ահավասիկ դաս տվի ձեզ։ Եվ այժմ մեծ պարտադրանքով պատվիրում եմ ձեզ, որ դուք ևս այդպես անեք, քանի դեռ կենդանի եք։ Եվ այն, ինչ ձեզ դաս տվի, մշտապես կարդացեք և ի լրացումն դրա դուք ևս լրացրեք՝ կարդալով և առաջ գնալով, և ինչ որ տա ձեզ աստված՝ սուրբ հոգին, ինձնից սովորածն ու ձեր գտածը սովորեցրեք ձեզ աշակերտողներին և միշտ նրանց վարժեցրեք նույնի մեջ, մինչև որ նրանց մտքում ամրանա: Դուք նույնպես պատվիրեցեք ձեզ աշակերտածներին, որպեսզի այս օրինակով անեն։ Եվ այսպես որդուց որդի անելով՝ հավատում եմ տիրոջը, որ կբանա և ցույց կտա ամեն ճանապարհ ու դռներ այս չքնաղ ու պանծալի գիտության»։

Արդ՝ լույսընկալ հոգի այս Բարսեղ վարդապետը ըստ վերևում ասածիս պատճառ դարձավ փիլիսոփայական գրքերի գիտության գյուտին և այսպես պատվեր տալով ավելացավ իր հայրերին և հանգավ ի տեր։ Նրան գերեզմանում հանգստի դրին նույն Ամրդոլու վանքում, որ ինքը նորոգեց: Նրա հանգստյան տեղը թող լինի սրբերի ու երանելիների հետ․ ամեն։

Երջանիկ Բարսեղ վարդապետի պատվերի համաձայն սրա աշակերտներից երեք հոգի արին, որոնք Մոկաց գավառից էին. մեկի անունն էր Հովսեփ՝ Ոզմի[9] գյուղից, մյուսինը՝ Հայրապետ, և սրա եղբորորդուն՝ Ներսես, որոնք Ասկնջավս գյուղից էին: Այսը Ներսեսը Բեղլու Ներսեսն է, որ վերևում վարդապետների կարգի մեջ հիշատակեցինք: Այս Ներսեսը շատ աշխատեց՝ թե Բարսեղ վարդապետից և թե ընկերներից շատ ավելացրեց։ Ապա այս Ներսես վարդապետը հիշելով և խորհելով մտաբերեց այս կյանքի ունայնությունը, սրա զբաղմունքները և մեծության պատրանքը, հիասթափվեց աշխարհից և լքվելով իրենից թոթափեց աշխարհը և սրա ամեն վայելչանքները։ Քանզի Մեծ անապատը նոր էր շինված ու հաստատված, որի պատմությունը նախապես արել ենք և նույն պատմության մեջ հիշել ենք նաև Ներսես վարդապետին։ Ահա այդ հիշված Ներսեսը այս Ներսեսն է։ Սա լսելով Մեծ անապատի միաբանների առաքինական ճգնությունների մասին՝ ելավ գնաց այնտեղ։ Մեծ անապատի միաբաններից աբեղաներ սկսեցին Ներսես վարդապետից սովորել փիլիսոփայական գրքերը։ Եվ որովհետև գործնական առաքինությունը ավելի հարգված ու նախապատիվ էր նրանց մոտ, քանի որ հոգին զարդարելու նպատակ ունեին և ոչ թե խոսքը, ուստի սովորողներից ոմանք ետ կանգնեցին։ Բայց տեր Մելքիսեթ անունով մի աբեղա, որ Արարատյան աշխարհի Վժան [Ուջան] գյուղից էր, չթուլացավ փիլիսոփայական գրքերի ընթերցման մեջ է ոչ էլ հեռացավ Ներսես վարդապետից, այլ որքան ժամանակ Ներսես վարդապետը մնաց Մեծ անապատում, այնտեղ մնաց նաև տեր Մելքիսեթը, և երբ Ներսես վարդապետը ելավ, գնաց Վասպուրական երկրի Լիմ կոչված կղզին, որ ծովի մեջ է և այնտեղ անապատ շինեց, այս Մելքիսեթը նույնպես Ներսես վարդապետի հետ գնաց Լիմ։

Եվ երբ շատերը հավաքվեցին և տեղի միաբանները բազմացան, հինգ ուրիշ եղբայրներ միաբանվեցին Մելքիսեթի հետ, և բոլորն էլ ձեռք առան փիլիսոփայական գրքեր ու սկսեցին ջանադրությամբ կարդալ։ Նրանք հայտարարելով օրական մեկ ժամ նշանակեցին միմյանց հետ հավաքվելու, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը, ինչ որ գտած լինի գրքերի խոսքերից [նշանակությունը պարզած լինի], այնտեղ ամենքին հայտնի, որպեսզի մյուսները նույնպես, սովորեն, որով աճի, նորոգվի, ավելանա այն գիտությունը: Այսպես արին երկու տարի, իսկ նրանից հետո միաբանված եղբայրները ձանձրացած փիլիսոփայական գրքերի ընթերցումից ետ կանգնեցին, որովհետև չարչարանքը շատ էր, իսկ մխիթարությունը՝ սակավ, որովհետև տակավին չէին իշխում խոսքի վրա և քաղցրության համը չէին առել, որով ամեն չարչարանք նվաստ ու երկրորդական է երևում դրա համեմատությամբ, ինչպես վկայում է Դավիթ փիլիսոփան [Անհաղթը]:

Բայց տեր Մելքիսեթը չթողեց փիլիսոփայական գրքերը և դրանց ընթերցումից չթուլացավ, այլ անդադրում տքնությամբ գիշեր–ցերեկ կարդում էր ու մտածում, բերում էր Ներսես վարդապետին ցույց տալիս և հարցնում, թե արդյոք ուղիղ է գտած խոսքը։

Բազմաջանք ընթերցման հետ, որ անում էր ու խորհում միշտ, մշտապես տեսական իմաստության մեջ լինելով՝ սրա հետ նաև գործնական առաքինությունը միասին վերցրած, առաջ էր տանում։ Անապատի կարգ ու կանոնը հավասարապես սովորական եղբայր֊միաբանների հետ կատարում էր։ Նաև նրանցից ավելի գերազանց գիշերը անց էր կացնում աղոթքներով ու պաղատանքներով՝ ուղղված տիրոջը և ամեն իմաստություն տվող տեր- աստծուն, որպեսզի սա իր համար բանա գրքերի իմաստության դռները և խելամուտ դարձնի նրանց հանճարին։

Այն, ինչ պատմեցինք վերոհիշյալ վարդապետների մասին, սա նրանցից բազմապատիկ ավելին էր։ Փիլիսոփայական գրքերի ծանր աշխատանքը իր վրա առավ, չհաշված այն ժամանակը որ ընկերների հետ էր և կամ չափավոր ճգնությամբ, կրում էր տքնությունը [անքնությունը], այլև ուղիղ տասը տարի առանց թուլանալու և իրեն խնայելու, իր մարմինը խաչ հանած կարիքներով ու ցանկությամբ հանդնրձ ըստ Պողոսի[Ն 3]: Ավելի քան այս, երկու տարի օրը մեկ հաց էր ճաշակում և ուրիշ ոչինչ։ Իսկ այդ երկու տարին ամենևին լուռ մնաց և որևէ մեկի հետ չխոսեց, այլ [խոսում էր] աստծու և գրքերի իմաստության հետ. և բոլորովին կրակի չմոտեցավ [տաքանալու], ճրագ կամ լույս իր հյուղակը չտարավ, այլ միշտ ցերեկը գրքեր էր վերծանում, գիշերը խորհում։

Իսկ բոլոր էակների անքննելին՝ սուրբ հոգին աստված, որ քննում է ամեն ինչ և աստծու խորքը՝ նայելով նրա մշտադիր հույսին ու անձանձրույթ խնդրանքին, նրա մեջ լցրեց իմաստության ու գիտության շնորհները, և պարգևեց խնդրելին՝ նրա հաճախակի պաղատանքի համար ըստ նմանության իր էակից տեր Հիսուսի:

Քանզի բոլոր փիլիսոփայական գրքերի գիտությանը անտարակույս վերահասու իմացող եղավ Սահմանացը, Պորփյուրին, Ստորոգությանը[10], Պերիարմենիասին[11], Աշխարհացն[12], Առաքինությանը[13], Վերլուծականին[14]:

Նաև բոլոր ազգերի տոմարը, որոնց պատճենը գրված կա մեր մեջ, քաջապես, առանց տարակույսի ամենին վերահասու եղավ՝ իմանալով նրանց սկիզբը պատճառը և ամեն կարգը: Նաև տեղյակ եղավ քերականական գիտությանը և իմացավ ավելի քան իր ժամանակակիցները։

Արդ միայն այս չեն նրա շնորհքն ու գիտությունը, որ պատմում ենք, քանզի աստվածաշնչական դրքերից և ուսուցողական խոսքերից շատ բան անգիր էր արել և միշտ բերնացի էր ասում։

Բայց այս փիլիսոփայական գրքերը հիշատակում եմ այն պատճառով և շնորհակալ եմ նրանից, որովհետև այսպիսի օտար, այլատեսակ, այլանուն ու անծանոթ խոսք առանց վարժեցնողի և առանց որևէ մեկի ուսուցման, ինքնուրույն ամենը գտավ սկզբից մինչև վերջ:

Մարմնական հասակի համեմատությամբ առավել կատարյալ էր իմաստության և հոգու հասակը։ Ներսես վարդապետը իր կամքով և անապատի բոլոր միաբանների վկայությամբ առաջ կանչեց նրան (Մելքիսեթին) բարձրագույն տեղի ու պատվի ըստ տիրոջ հրամանի, թե՝ «Բարեկամ, բարձրացիր»[Ն 4] և շնորհեց նրան վարդապետության գավազան, որ հարաժամ քարոզությամբ աղբյուրաբար իմաստության ջրով մխիթարեր զովացնող լսողներին։

Այն ժամանակի օրերում Մովսես վարդապետը, որ եղավ Էջմիածնի կաթողիկոս, դեռ նոր էր սկսել Սուրբ աթոռ Էջմիածնի նորոգությունը և պարսպի շինությունը։ Եվ Սուրբ աթոռ Էջմիածնի նորոգության և Մովսես վարդապետի կաթողիկոսության լուրը տարածվել էր ամբողջ աշխարհում, առ այս ամենքը տենչում էին գալ նրանց տեսության։ Սրա համար Մելքիսեթ վարդապետը Լիմ անապատից ելավ, ելավ բարձրագահ աթոռ Սուրբ Էջմիածին, երկրպագեց քրիստոսակոխ սուրբ տեղին, տաճարին և հանդիպեց Մովսես կաթողիկոսին և սրա աշակերտներին, որի գալով ամենքը անպատմելիորեն ուրախացան։

Երբ Մելքիսեթ վարդապետը դաս ու քարոզ էր տալիս, խոսքը նրա բերանից դուրս էր գալիս իբրև ուղխի ու հեղեղի հորձանք, որի իմաստության վրա ամենքը ապուշ կտրած զարմանում ու բաղձում էին։

Այդ օրերին Մովսես կաթողիկոսը իր մեծ աշակերտ Կեսարացի Խաչատուր վարդապետին ինչ-որ միաբանների հետ ուղարկեց Լեհաստան Սուրբ Էջմիածնի նվիրակության համար։ Եվ որովհետև Խաչատուր վարդապետի հետ գնացած միաբանները ընդդիմախոս ախոյանի չէին պատահել, ուստի իրենց մտքում իրենց գիտնականներ ու կարող մարդիկ էին կարծում։ Այնտեղ՝ Լվով քաղաքում ֆռանկներից ինչ-որ հայրեր եկան Մովսեսի աշակերտների մոտ հակաճառության համար: Նախ՝ նրանք մերոնց հարցերին քերականությունից, ասացին. «Վարեմ բառը անո՞ւն է, թե՞ բայ»։ Մերոնք հմուտ չլինելով այլևայլ պատասխան տվին։ Այդ ժամանակ նրանք արհամարհելով ու ծիծաղելով ծաղրեցին մերոնց։ Եվ շատ օրեր հակաճառության համար այսպես են արել, իսկ մերոնք սրտով ու հողով խոցվել են և իմացել, թե այն, ինչ գիտեն, գիտություն չէ, այլ իրենք պարտավոր են փիլիսոփայական գրքեր կարդալ և այնտեղ հաստատ մտադրվել են, թե գնանք Էջմիածին Մելքիսեթ վարդապետի մոտ, ամեն ինչ թողած նրա միջոցով փիլիսոփայական գրքեր կարդանք: Եվ երբ հասան Էջմիածին, անմիջապես սկսեցին նույն գործին ձեռնամուխ լինել, նաև Էջմիածնի միաբանության եղբայրներից հարեցին սրանց դաս առնելու։ Երբ միաբանված եղբայրները եկան Մելիքսեթ վարդապետի մոտ և սկսեցին դաս առնել, նախ քերականություն սովորեցին, սրանից հետո սկսեցին Սահմանքը, ապա Պորփյուրը, Ստորոգությունը, Պերիարմենիասը, Աշխարհացը, Գովելին[15], սրանցից հետո բոլոր ազգերի տոմարները:

Եվ ի լրումն այս ամենի, որ Մելքիսեթ վարդապետը դաս տվեց աշակերտած եղբայրներին, մեծ ցնծությամբ և բերկրալից հոգով իր ձեռքերը երկինք բարձրացրեց, սկսեց գոհանալ աստծուց, փառավորում էր և խոստովանում, որ իր շնորհները տիրոջից են և ասում էր աշակերտած եղբայրներին. «Ոչ մի այլ մտածմունք ու խոհ չկար իմ մտքում, բացի միայն այս իմաստության համար [մտածելուց], որ երկար և անհաշիվ տանջանքով հազիվ գտա, այն էլ տիրոջ շնորհով. վախենում էի, թե առանց որևէ մեկի սովորեցնելու մեռնեի, և այս պանծալի ու չքնաղ գիտությունը ինձ հետ հող մտներ, ամփոփվեր։ Բայց արդ՝ որովհետև դաս տվի ձեզ և տիրոջից ընդունած խոսքի արծաթը գցեցի լումայափոխներին[Ն 5], այսուհետև փոխանակ տրտմության, մխիթարություն ունեմ, որովհետև թեպետ ես կմեռնեմ, բայց ձեզ մեջ սերմանված տիրոջ խոսքը կմնա աշխարհում, և այն, ինչ ես տասնհինգ տարի և էլ ավելի մեծ տաժանքով հազիվ կարողացա գտնել, արդ՝ հեշտ ու դյուրին ութ ամսվա ընթացքում ձեզ հանձնեցի։ Բայց ձեզնից խնդրում եմ, տիրոջով սիրված իմ եղբայրներ, ինչպես մեզ պատվիրեցին մեր նախնի վարդապետները՝ կտակ անելով և մեզ վրա պարտավորություն դնելով, նրանց նման ես էլ այսօր ձեզ պատվիրում և նույն պարտականությունն եմ դնում ձեզ վրա, որպեսզի չթուլանաք և հանգիստ չտաք աչքերին և նինջ արտևանունքներին, այլ բռնելով այս իմասության շավիղը ձեր կյանքի օրերում անդուլ ու անդադար աշխատեցեք սրա վրա մինչև ձեր վախճանի օրը։ Իսկ ես հույս ունեմ սուրը հողի աստծու աննախանձ պարգևատուի վրա, որ բազմապատիկ ավելացնելով կարդյունավորի ձեզ շնորհներով մեզնից ավելի, և ինչ էլ որ պարգևի ձեզ, աննախանձաբար սովորեցրեք այլ խնդրողների, ով էլ որ նա լինի»։

Սրանից հետո Մելքիսեթ վարդապետը ընկավ հիվանդության մահիճ, քանզի առաջին ծանրատար ճգնությունների համար, որ Լիմ անապատում դիմագրավելով համբերել էր ձմեռային ցրտին ու սառնամանիքին, սառը քամին արմատավորվել էր նրա մարմնում, որի պատճառով շուտ-շուտ հիվանդանում էր։ Դրա համար եղբայրները համոզեցին Մելքիսեթ վարդապետին և նրա վրա բժիշկ բերին, որ գուցե բժշկական դեղերով նրանից դուրս բերի ցուրտը։ Իսկ բժիշկը անհմուտ լինելով շատ ջերմ դեղ ներարկեց նրա մարմինը, որի պատճառով չորացան, ցամաքեցին նրա փորոտիքի ներսի բոլոր մասերը, քանզի դեղի շատ ուժեղ ջերմությունը այրեց նրա անդամների ներքին մասերը՝ սիրտը, լյարդը, թոքերը և այլ մասեր, որի հետևանքով հյուծվելով մաշվեցին անդամների բոլոր մասերը։ Այդ հիվանդությամբ վճարեց այս կյանքը և գնաց վերին իմաստաթյան՝ տեր Քրիստոսի մոտ։ Բազմաշխատ Մելքիսեթ վարդապետի մահը եղավ Երևան քաղաքում, սուրբ առաքյալ Անանիայի դամբարանի վանքում։ Նրան տարան ընդհանուր գերեզմանատուն՝ այն բլուրը, որ կոչում են Կոզեռ, որովհետև Կոզեռ[16] վարդապետի գերեզմանի պատճառով, որ այնտեղ է, այդպես են կոչում բլուրը։ Այնտեղ Կոզեռ վարդապետի գերեզմանին մոտիկ պատրաստեցին գերեզմանը և այնտեղ դրին հանգիստ նրա մարմնի պատվական, սրբասուն նշխարները և տապանաքարի վրա գրեցին անունը։ Սրա վախճանը տեղի ունեցավ մեր թվականության 1006 [1557]-ին։ Այս գլխի սկզբում, որ վարդապետների կարգում հիշեցինք գավառացի Բարսեղ վարդապետին և սրա աշակերտ մոկացի Բեղլու Ներսեսին և սրա աշակերտ երևանցի Մելիքսեթին Վժան գյուղից, այս այն Մելիքսեթն է, որի պատմությունը արեցինք․ սրա հիշատակը օրհնությամբ լինի և նրա աղոթքներով տերը մեզ թողություն տա, ամեն։

Իսկ այն եղբայրները, որոնք միաբանվեցին և Մելքիսեթ վարդապետի փիլիսոփայական գրքերի դաս առան, թեպետ ամեն ոք ջանաց ու աշխատեց և կարդաց ըստ կարողության, բայց նրանցից Սիմոն անունով մի աբեղա՝ նորահաս երիտասարդ, որ տոհմով ջուղայեցի էր, որոնք այժմ բնակվում են Սպահան քաղաքում։ Այս Սիմոնը չափազանց շատ ավելացրեց, որովետև այն որ կանխավ պատմեցինք, թե Մովսես կաթողիկոսի աշակերտները գնալով Լվով քաղաքը ֆռանկների հետ հակաճառության հանդիպեցին, սրանց հետ էր այս տեր Սիմոնը, ուստի այժմ դաս առնելու ժամանակ չափազանց հոժարությամբ, ջերմերանգ սրտով, ծարավատոչոր կարոտով էր առնում դասը և հարաժամ կարդում էր։ Երբ դասառությունը վերջացավ, տեր Սիմոնը ելավ Էջմիածնից, գնաց Սպահան քաղաքը, քանզի այս տեր Սիմոնի ուսուցիչը կեսարացի Խաչատուր վարդապետն էր, որ շատ Հարանց վարքեր ու ժամագրքեր տպագրեց։ Այս Խաչատուր վարդապետը Մովսես կաթողիկոսի կողմից առաջնորդ նշանակվեց Սպահան քաղաքի ջուղայեցի ժողովրդի համար։ Դասառությունը ավարտվելուց հետո [Խաչատուր վարդապետը] տեր Սիմոնին առավ, գնաց Սպահան քաղաքի իր վանքը, որ շինված էր ջուղայեցիների մեջ։ Խաչատուր վարդապետը իր բոլոր աշակերտներին մարմնական գործերում [կենսական պայմաններով] ապահով էր պահում, ուստի աշակերտները մշտապես զբաղվում էին կարդալով ու ընթերցումով։ [Տեր Խաչատուրը] առավել գթում ու խնամում էր տեր Սիմոնին, որի խնամակալության ներքո տեր Սիմոնը ավելի կատարելագործվեց ուսման մեջ, որովհետև դաս առած փիլիսոփայական գրքերը մեջտեղ բերեց և սկսեց կարգով կարդալ և գիշեր-ցերեկ անդուլ ու անդադար տքնությամբ մտախոհության մեջ էր՝ աչքերին հանգիստ ու արտևանունքներին նինջ չտալով։ Այլև ինքը տեր Սիմոնը ի բնե ուներ սուր ու հղացող միտք։ Այս փիլիսոփայական գրքերի կարդալը նա սկսեց երիտասարդական հասակում, երբ ստանում, պահում, բազմացնում էր, երբ ջանքը, աշխատասիրությունը և վաստակը անչափ էին, որ ուներ ընթերցելիս, քանզի բերանը ընթերցումից, միտքը խորհելուց ամենևին պարապ չէին մնում՝ տանը, Ժամատանը, դրսում, ուր էլ լիներ։

Երեք տարի մեծ ջանքով ու ցանկությամբ իրեն կաշկանդել էր ընթերցումով, խոհով, այլև մեծ պաղատանքով և արտասուքներով խնդրում էր հեշտալուր տիրոջից, որպեսզի իրեն արժան համարի այնպիսի չքնաղ ու պանծալի և գերազանց իմաստություն, որովհետև որպես մոլի ինչ որ այդ իմաստությանը բևեռել էր իր սեռական տարփանքը։[Ն 6]

Բազմաժամանակյա և մշտաջան աշխատանքից սրա մտքում ավելացավ տեսական իմաստությունը աստծու սուրբ հոգու շնորհներով, որ մշտապես զարդարում է Քրիստոսի եկեղեցիները ըստ իր բազմազան շնորհների, ինչպես որ ուսուցանում է նրա առաքյալ սուրբ Պողոսը, թե հոգու կողմից մեկին տրված է իմաստության խոսք, մյուսին գիտության խոսք[Ն 7] և այլն։ Արդ՝ նույն սուրբ հոգին սրան պարգևեց վճիտ, գերպանծալի և շնորհալի խոսք քարոզության, հակաճառության, Աստվածաշունչ գրքերի կամ փիլիսոփայական գրքերի մեկնության համար. բնագիտության, և փիլիսոփայական գիտության մեջ անհամեմատ գերազանց եղավ, քան այս ժամանակի բոլոր վարդապետները, որոնք բոլորը խոնարհվում էին նրան և ուսանում նրանից՝ դաս առնելով կամ այլ կերպով:

Սրանք մայրաքաղաք Սպահանում լինելով, որ պարսից բուն մայրաքաղաքն է, պարսիկներից փիլիսոփա մարդիկ գալիս էին հարցաքննություն և հակաճառություն էին անում․ տեր Սիմոնը բոլոր եկողներին հիացնում էր փիլիսոփայական գիտությամբ, բնագիտությամբ պատասխան տալով նրանց։ Ջուղայեցի առաջավոր մարդիկ, տեսնելով սրա արժանիքները՝ վկայեցին Խաչատուր վարդապետի առջև, նաև հենց ինքը Խաչատուր վարդապետը, տեսնելով նրան աստվածային շնորհներով օժտված, կանչեց նրան գերագույն պատվի ու աստիճանի և տվեց նրան վարդապետական գավազան, որը քարոզության հորդաբուխ խոսքերով բերկրանք պատճառելով ուրախացնում էր լսողների սիրտը։ Նա կարիք չէր զգում Քարոզգրքի[17] կամ Հարցնտեսի[18] այլ ինչ որ անհրաժեշտ ու պատշաճ էր լինում պահին՝ Ասավածաշնչից բնաբան էր առնում, գեղեցիկ կարգավորված ու պատշաճ շարադրությամբ հորինում, հարդարում էր խոսքը ի փառս Աստծու հոգուն՝ շնորհներ տվողին։

Եվ քանզի հար ու հարաժամ գիտության ու իմաստության մեջ մտքի խոհանք ուներ, խցում, դրսում, ժամատեղում այս Սիմոն վարդապետը ինքը ասում էր, թե՝ «Մի օր մնացի եկեղեցում կանգնած և Սուրբ գրքի ինչ-որ խոսքեր էի խորհում, քունը ծանրացավ վրաս, կանգուն ննջում էի և չգիտեի, տեսա բեմի վրա մի կին էր կանգնած ինչպես թագուհի և շքեղ փառքով, ձեռքին բռնած էր մի գիրք, որ ինձ թվում էր, թե Աստվածաշունչ է։ Կինը ձգեց իմ գիրկը և ասաց՝ առ այս քեզ, միաժամանակ ինձ հայտնվեց, թե այդ կինը Աստվածածինն է։ Այնուհետև ինչ խոսքի մասին որ մտածում էի, հեշտությամբ գտնվում էր որոնելին: Ես այնպես եմ համարում, թե սուրբ Աստվածածինը ինձ հրամայեց, որ այսուհետև Աստվածաշունչը առնեմ ձեռքս և նրա վրա մտածեմ»: Սրա հետ նաև ինքը՝ Սիմոն վարդապետը ասում Էր, թե՝ «Այս իմաստությունը ինձնից չէ, այլ սուրբ Աստվածածնից է, որ այս ինձ տվեց»։ Մինչդեռ Սպահան քաղաքում էր, երեք անգամ փիլիսոփայական գրքերը և քերականությունը իր ընկեր աշակերտներին դասավանդեց։ Անկիրթ ու անհմուտ մանուկների և բռի միտք ունեցող մարկանց համար գրեց հեշտ հասկանալի նոր քերականություն իբրև հին քերականության ներածություն, որ թարգմանիչների կողմից թարգմանված է, որպեսզի սրանով դյուրությամբ հասնեն հնի գիտությանը։ Սրա օրինակները բազմացան, քանզի շատերը օրինակեցին։

Ապա Սպահանից ելավ եկավ գերադիր, բարձրագահ և քրիստոսաբնակ Սուրբ աթոռ Էջմիածին. սրա գալստյամբ անպատմելի ուրախություն եղավ այնտեղ գտնվող աշակերտների համար։ Անմիջապես պատրաստվեցին դաս առնելու ոչ միայն Էջմիածնի միաբանները, այլև բոլոր վանքերի աբեղաները, որոնք աշակերտում էին Աստվածաշնչին: Եվ միահահուռ հավաքվեցին երեսուն հոգի, սկսեցին դաս առնել: Նախ սկսեցին քերականությունից, ապա բովանդակ փիլիսոփայական գրքերը մինչև վերջ։ Դրանից հետո կարդացին Պողոսի թղթի եբրայեցիների գլուխը, և ամենքը օգտված, լուսավորված սրա գիտությունից, որ բավական էր իրենց և այլոց։

Երևան քաղաքի քահանտներին ու ժողովրդին չափազանց դուր եկան սրա բարքն ու բնավորությունը, որովհետև չափազանց մեղմ, հեզասիրտ, աննյութասեր բարք ուներ։ Եկան Փիլիպոս կաթողիկոսի մոտ և մեծ թախանձանքով խնդրեցին, որ նրան իրենց առաջնորդ նշանակի։ Նա ըստ նրանց խնդրանքի այդպես արեց, ուղարկեց նրանց վանքը, որ Գառնիի գավառում էր Ամենափրկիչի[19] անունով, որ կոչվում է նաև Հավուց Թառ։

Տարիներ հետո մի գիրք գրեց և անվանեց «Տրամաբանություն»․ այս գիրքը իրրև ներածություն էր փիլիսոփայական գրքերի, քանզի փիլիսոփայական գրքերի շարադրված բառերն ու խոսքերը, միտքն ու ոճը մարդկանց միտքը դժվարությամբ է ըմբռնում, շատ աշխատանք է անհրաժեշտ։ Իսկ Սիմոն վարդապետի այս արածը իբրև ներածություն վերաբերում է բոլոր փիլիսոփայական գրքերին և նրանց, որ մոտ են այս վերջիններին: Երբ լինի ժամանակ ապագայում, որ փիլիսոփայական գրքերի գիտությունը վերանա հայոց ազգի միջից, ինչպես օրինակ անցյալ և մեր ժամանակներում էր եղել, որպես պատմեցինք, այս Սիմոն վարդապետի արածը, որ «Տրամաբանություն» անվանեց, առանց սովորեցնողի, եթե մեկը կարդա, կարող է հեշտությամբ հասկանալ, վերահասու լինել, ապա սրանով փիլիսոփայական գրքերին ձեռք զարկել։

Նաև Պրոկղ[20] իմաստասերի գիրքը, որ վրացերենից թարգմանված է մեր լեզվին, այլ նախապես եղած ոմն Սիմոն անունով քահանայի կողմից, այս Սիմոն վարդապետը այդ գիրքն էլ ուղղեց, որովհետև առաջին թարգմանությունը բազմաթիվ դժվարություններ էր պատճառում ընթերցողին։ Անունների հոլովումը, բայերի խոնարհումը և բառերի շարադասությունը ըստ պատշաճի և ըստ քերականության չէր, որի պատճառով խոսքի միտքը աղավաղվում էր, այլև շատ տեղերում միևնույն խոսքի կրկնություններ կային, մի խոսքով ընթերցողը ծանր աշխատանք էր կատարում, բայց օգուտ քիչ էր ստանում։ Իսկ սա ըստ քերականական գիտության բոլորը ուղղեց, հարդարեց, որ կարդացողին դյուրին հասկանալի լինի և մարդու մտքին շատ օգուտ տա։

Սրանից հետո ձեռքն առավ «Հոգյաց գիրքը»[21], որպեսզի այն ևս ուղղելով դյուրացնի։ Եվ մինչդեռ այն նոր էր սկսել, քարոզության համար ելավ գնաց Հունաստան. հասավ Եվդոկիա քաղաքը, որ այժմ կոչվում Է Թոքաթ. այնտեղ տկարացավ ըստ մարդկային հյուծական էության և այդ հիվանդությամբ վախճանվեց ու այնտեղ թաղվեց։ Նրա պակասելը հայոց ազգից բոլոր հայերին անմխիթար սուգ և անփարատ տրտմություն պատեց, մանավանդ նրա ընկերներին ու աշակերտներին, որոնք այժմ հոգոց հանելով հիշում են, փնտրում, բայց չեն գտնում։

Սրա վախճանը եղավ մեր թվականության 1106 [1657]-ի փետրվար ամսի քսանյոթին՝ աղուհացքի պասին, որի հիշատակը թող օրհնությամբ լինի և նրա աղոթքներով տերը մեզ թողություն տա. ամեն։

Սրանից հետո կպատմենք մի այլ մաքրակենցաղ մարդու արդյունավետ գործունեությունը, որը կոչվում Է Ստեփանոս վարդապետ։

Սա Լվով մայրաքաղաքից էր, ազգությամբ հայ, ազնվական ու հարուստ տանից, բարեպաշտ ծնողների զավակ, որ մանուկ հասակում սովորեց Լվովի դպրոցներում լատիներեն լեզվով ու գրով, սովորեց քերականական գիտությունը, և փիլիսոփաների գրքերը:

Այն ժամանակ, երբ Լվովի Նիկոլ եպիսկոպոսը նեղում ու վնասում էր Լվովի հայ ժողովրդին, Ստեփանոսի ծնողները բարեպաշտության և ուղղափառության դրդումներով սրան հանեցին Լվովից և ուղարկեցին Սուրբ Էջմիածին Փիլիպոս կաթողիկոսի ժամանակներում։ Երբ Ստեփանոսը հասավ Էջմիածին, սովորեց հայոց լեզուն ու գիրը, անգիր արեց սաղմոս ու շարական և այլ եկեղեցական ուսմունքներ։

Այնուհետև սկսեց կարդալ Աստվածաշունչը, տասներկու վարդապետների ու փիլիսոփաների գրքերը։ Եվ որովհետև նախապես գիտեր լատիներեն լեզուն ու գիրը, հետո սովորեց նաև մերը և երկուսը միմյանց համեմատելով՝ նույնն էր խորհում ու մտավարժվում: Այս պատաճառով իր ընկերներից առաջ անցավ, նաև մտքով սուր էր և հղացող, ստացող [գիտություն] ու պահող, միշտ ընթերցող, վարքով մաքրակենցաղ ու պարկեշտ։ Սրա գիտությունն ու վարքի մաքրությունը բոլոր վարդապետները տեսնելով՝ վկայեցին Փիլիպոս կաթողիկոսի առջև, այլ հենց ինքը տեր Փիլիպոսը տեսնելով նրա արժանավորությունը, կանչեց ավելի գերադրական փառքի, որովհետև նրան կուսակրոն քահանան օրհնելուց հետո տվեց վարդապետական իշխանություն՝ ասելով. «Բարեկամ վեր բարձրացիր[Ն 8] ըստ տերունական առակի»:

Ինքը Ստեփանոս վարդապետը օրըստօրե իրեն վարժում ու կրթում էր ուսումով ու պարկեշտ վարքով, որի համար ընդունեց սուրբ հոգու շնորհները և նույնի պարգևներով լատիներեն գրից ու լեզվից հայերեն գրի ու լեզվի թարգմանեց չորս գիրք, որոնցից մեկն է Հովսեպոս[22] պատմագիրքը, բայց ոչ ամբողջը, այլ այն մասը, որտեղ խոսվում է Երուսաղեմ քաղաքի ու հրեական ազգի վրա հառնող պատերազմների մասին, որ վեց հատոր է։ Երկրորդ՝ Դիոնիսիոս Արիոպագացու[23] գիրքը, թեպետ Ստեփասնոս Սյունեցու[24][25] առաջին թարգմանությունը կար մեր մեջ, բայց այն համառոտ ու դժվար հասկանալի էր։ Սրա թարգմանությունն էլ նորից նույնն է, բայց այնքան դյուրըմբռնելի է, որ անհասկանալի ոչինչ չի մնում ընթերցողին, որովհետև մեկնությունը շատ է և դյուրահասկանալի։ Երրորդը մի գիրք է, որի անունն է «Գիրք պատճառաց»[26]. նաև այն կոչում են վեր բնականներից, քանի որ ինքնին աստվածաբանության գիրք է, որովհետև նրա բոլոր խոսքերը աստվածաբանություն են և կազմված է երեսունվեց պրակներից։ Չորրորդ գիրքը՝ առակավոր խոսքեր, որ պատմում է մարդանց վարքի ու կենցաղավարության մասին որպես օրինակ ամեն մարդու համար, որի լատիներեն վերնագիրն էր «Վարքի հայելի», բայց երբ հայերեն թարգմանեցին, նորից գրեցին նույն «Հայելի վարուց» վերնագիրը։ Չափազանց հաճելի ու դուրեկան են այս գրքի խոսքերը։

Արդ մինչև այժմ սա այսքան վաստակ ստեղծեց հայոց եկեղեցում։ Կխնդրենք բարեպարգև տիրոջից՝ աստծուց, որ սրան պահի երկար կյանքով, առանց որևէ վարձանքի, որպեսզի այլ վաստակներ ևս ավելացնի հայոց ազգին ու եկեղեցուն։

Նաև պարտքս եմ համարում այլ արժանիքներով շնորհալից մարդկանց, որոնց ես տեսել եմ, նույնպես աչքաթող չանել, թեպետ նրանք աշխարհականներ են, բայց հավատքով քրիստոնյա են և հայազգի, որոնք մեր ազգի համար պարծանք են և օգտաակար, որոնց անուններն են Վարպետ Մինաս[27] և Վարպետ Հակոբջան[28], սրանք երկուսն էլ ծագումով ջուղայեցիներ են։

Այս վարպետ Մինասը իր համար արվեստ ընտրեց նկարչությունն ու ծաղկարարությունը։ Քանզի մանուկ հասակում ինչ-որ պատճառով սրան պատահեց գնալ Բերիտ քաղաքը, որ Հալեպն է։ Այնտեղ գտավ ոմն նկարիչ վարպետ, որ ազգով ֆռանկ էր։ Աշակերտեց ֆռանկ վարպետին և նրանից սովորեց։ Ուսանելուց հետո դարձավ ինքնուրույն և եկավ Սպահան, բնակվեց իր տանը, որ ջուղայեցիների մեջ էր։ Սա բանեցնում էր իր նկարչության արվեստը։ Արվեստի առավել վայելչակերտ, գեղեցկատիպ, չքնաղատես հորինվածքի համար ջուղայեցի մեծամեծները (Մինասին) տանում էին իրենց ապարանքների, տների հարկերը ծաղկելու և նկարազարդելու։ Այսպես նաև խոջա Սաֆրազը տարավ իր տունը իր ապարանքը ծաղիկներով ու պատկերներով զարդարելու։ Եվ մինչ տակավին տների ծաղկազարդումը չէր ավարտել, այնպես եղավ, որ պարսից թագավոր Շահսեֆին եկավ խոջա Սաֆրազի տունը։ Սա նստելով երբ զննեց, նայեց ծաղիկներին ու նկարներին, որ նկարված էին, տեսավ, որ բոլորը չքնաղ, գեղապանծ և չափազանց նման են նկարված։ Թագավորը սկսեց հարցնել խոջա Սաֆրազին նկարիչ վարպետի մասին, թե որտեղից է։ Նա ասաց. «Մեր ժողովրդից, մեր հայոց ազգից է և ահա այժմ այն ինչ֊որ տան աշխատում է։ Թագավորը հրամայեց կանչել նրան։ Եվ երբ եկավ, թագավորը հարցրեց, տեղեկացավ ամեն որպիսությունը։ Եվ այնտեղ նույն խնջույքի մեջ, որտեղ բազմել Էին, արքան հրամայեց Վարպետ Մինասին և ցույց տվեց իր նախարարներից մեկին, որի անունն Էր Չբաղ խան՝ կերպարանքով չափավանց տգեղ, դժնատես և ասաց. «Սրա պատկերը այժմ այստեղ նստած Նկարիր»։ (Այս ասվեց) իրենց զվարճության ծաղրի և ուրախության համար։

Իսկ Չբաղ խանը երբ տեսավ, թե ձեռք առնելու համար են նկարում իր պատկերը, ուստի սկսեց աչքերը և բերանը ծռմռել, կերպարանքը այլայլել և շրջմրջել կողմից կողմ, որ թերևս նկարված պատկերը համանման չլինի։ Բայց Վարպետ Մինասը ըստ թագավորի հրամանի անմիջապես նույն տեղում, խնջույքի մեջ հիշատակված մարդու պատկեր նկարեց, որ այնքան հար և նման Էր համեմատությամբ, որ թագավորի հետ հանդեսում գտնվողները մեծ հիացումով զարմացան առավել նմանության համար և փառք վեր առաքեցին աստծուն՝ մարդկանց այդպիսի շնորհներ տվողին։ Այդ օրից սկսած և ապագայում թագավորն ու իր նախարարները նրան ձեռքից բաց չթողին, այլ մշտապես իրենց տներն էին պահում նկարակերտության համար։

Այնպես եղավ, որ ռուսաց թագավորը սիրալիրության համար խաղաղության մունետիկ ուղարկեց պարսից թագավոր Շահսեֆիի մոտ, բազմազան նվերների հետ կար նաև մի բազե թռչուն, որ պարսիկները իրենց բառով շունղար են կոչում։ Կար նաև մի մարդ, որ ռուսաց ազգից ու երկրից էր և եկել Էր թռչունին սպասավորելու համար։ Այս թռչունը և սրա սպասավոր մարդը խիստ առավել հաճելի ու դուրեկան թվացին Շահսեֆի թագավորին, որի պատճառով թագավորը հրամայեց նկարիչ Մահմադ բեկին, թե սրանց երկուսի՝ բազեի ու սրա պահող սպասավորի պատկերները նկարիր, ինչպես որ տեսնում ես։ Այս նկարիչ բեկը ազգով պարսիկ էր, գլխավորն էր բոլոր պատկերահան ու նկարիչ արվեստավորների և անվանի էր ողջ պարսից ազգի մեջ, որ միայն թագավորի և մեծամեծ իշխանների գործերն էր անում: Այս Մահմադ բեկը շատ օրեր նկարեց, բայց ոչ որակով և անդամների ոչ համեմատ ու նման: Ապա արքան հրամայեց վարպետ Մինասին՝ նկարել բազեի և սրա սպասավորի կերպարանքները։ Նա ըստ աստվածատուր շնորհների քիչ օրերի ընթացքում նկարեց նրանց կերպարանքները, և այնքան համապատասխան, որ թագավորն ու իր նախարարները անպատմելի հիացումով սքանչացած, զարմացած էին նկարի վրա։ Այն բանի համար, որ թագավորը չափազանց հավանեց, հրամայեց պարգևներ տալ վարպետ Մինասին՝ տասներկու թուման դրամ պարգև և ոտից գլուխ հագուստ: [Հրամայեց] նաև գրել թագավորի զինվորների շարքում, որպեսզի տարեցտարի նրան արքունական գանձարանից ռոճիկ տան, ինչպես թագավորի այլ զինվորներին։ Բայց Մինասը քրիստոնեական հավատքի համար հրաժարվեց զինվորական անունից, նրանց արդյունքից և այլազգիների մերձակայությունից. եկավ, իր տանը զբաղվում էր իր արվեստով։

Առավել չքնաղ և նմանագիր նկարակերտության համար շատերը աշակերտելով սովորեցին նրանից, բայց նրան ոչ մեկը չհավասարվեց, որովհետև բնական ձիրք ուներ և մտքի տեսողություն, որ նախապես կերպարանքների և ամեն իրերի որպիսին լինելը, հանգամանքները, որակը, քանակը ճշգրիտ կերպով պատկերացնում էր իր մտքում և ապա նկարում էր թե բույսերի, թե տունկերի, թե անասունների, թե գազանների, թե թռչունների և թե մարդկանց կերպարանքները: [Նկարում էր] ինչ ազգից որ լիներ, թե պարսից, թե հայոց, թե եբրայեցիների, թե հնդիկների, թե ֆռանկների, թե ռուսների, թե վրացիների։ Քանզի ինչ ազգի կերպարանք որ նկարում էր, հար ու նման էր նկարում։ Սույնպես էլ մարդու հոգեկան վիճակները, ինչ հոգեկան վիճակում էլ լիներ մարդը՝ ծիծաղելիս, բարկանալիս, տրտմության մեջ հարբած, հորանջելիս, թե խրախճանքի մեջ, թե կռվի, թե որևիցե վիճակում, այդպես էլ մարդու կերպարանքը նկարում էր, որ ազգին էլ պատկաներ, բոլորովին հար ու նման էր նկարում։

Այլև մտքով մարդու կյանքի ժամանակը պատկերացնում էր, ըստ այդմ էլ նկարում էր տեսքն ու գույնը, մարդու կերպարանքը նկարում էր ըստ հասակի, ըստ տարիքների բաժանման, թե ինչպես բաժանելով զանազանում են միմյանցից՝ տասնամյային, քսանամյային, երեսունամյային, քառասունամյային, ինչ հասակի որ չլիներ օրինակը, այդ հասակին էլ հարմարեցնելով նմանեցնում էր նկարված պատկերը։ Նկարում էր թե յուղաներկ, թե ջրաներկ, թղթի վրա, կտավի, տախտակի, պղնձի, պատի և այլ ինչի վրա, որ պետք գար։ Նաև գրքերի ծաղկող էր. ինչ գիրք պատահեր, ոսկով, լաջվարդով ծաղկում, զարդարում էր, քանզի ամեն մասնակի արհեստ, որ այս նկարչական արվեստի հետ առնչվում էր, բոլորը անթերի գիտեր։

Նաև հմուտ էր բժշկագիտության մեջ, մարդկանց հակառակ ներգործության և հիվանդության, չորս տարրերի խառնվածքի, դեղերի բնույթի, կազմության առավել սպեղանիներ կազմելու և վերքեր բժշկելու մեջ։ Նաև շատ ու բազմազան արվեստների մեջ հմուտ էր սա, ուստի հիշատակության արժանի համարելով դրեցինք, որին թող տեր աստված քրիստոնեության հավատի մեջ հաստատուն պահի անփորձանք կյանքով, իր զավակներով երկար օրեր. ամեն։

Նշումներ
  1. Ղուկ ԺԱ 8:
  2. Մատք․ է 7, Ղուկ․ ԺԱ 9:
  3. Գաղ․ Ե 16։
  4. Դավրիժեցին նկատի ունի Ղուկասու Ավետարանից հետևյալը. Այլ յորժամ կոչիցիս, երթիջիր բազմիջիր ի յետին տեղւոջ. զի յորժամ զայցէ, որ կոչեացն զքեզ, ասիցէ քեզ, բարեկամ, ի վեր մատիր։ (Ղուկ. ԺԴ 10)։ — Երբ կանչվես, գնա, բազմիր վերջին տեղում, որ երբ քեզ կանչողը գա, ասի քեզ, բարեկամ, վեր գնա։
  5. Նկատի ունի. Պարտ էր քեզ արկանել զարթածդ իմ ի սեղանաւորս: Մատթ. ԻԵ 27:
  6. Այս նախադասության մեջ մի բառ կա՝ իբն, որ չգիտենք իմն է, թե ի բնէ, մենք թարգմանեցինք իբրև իմն:
  7. Ա. Կորնթ. ԺԲ 8:
  8. Ղուկ. ԺԴ 10:
Ծանոթագրություններ
  1. Բաղեշը հայկական Բիթլիս քաղաքն է, որ գտնվում է Մեծ Հայքի Աղձնյաց նահանգի Սալնոձոր գավառում, Վանա լճից 18 կմ հարավ֊ արևմուտք։ Ամրդոլու վանքը կառուցված է Բիթլիսի մեջ, այս վանքում 15-րդ դարում եղել է գրչության դպրոց։ Դարի վերջում հիմնադրվեց հոգևոր դպրոց։ Այստեղ Բարսեղ Աղբակեցին վերծանեց վանքի մատենադարանի փիլիսոփայական գրքերը։ 17-րդ դարի առաջին կեսին սկսեցին դասավանդել փիլիսոփայություն, ճարտասանություն, քերականություն, դպրոցը մեծ անուն հանեց Ներսես Մոկացու ժամանակ և ավելի ծաղկեց Վարդան Բաղիշեցի վարդապետի օրոք [մահը՝ 1704 թ.]
  2. Ասկնջավորը Մոկսի հայաբնակ գյուղերից էր, դարասկզբին ուներ 150 հայ բնակիչ։
  3. Վժանը Մեծ Հայքի Այրարատյան նահանգի Արագածոտն գավառի հնագույն գյուղերից է։ Այժմ Աշտարակի շրջանի Ուջան գյուղն է, որ սպառնում է իր հին անվան վերականգնումին, շրջկենտրոնից հեռու է 14 կմ։ [Ուջան-ը Վժան-ի հետագա, ըստ որում այլ արտասանության արդյունքն է՝ հիմնված վ-ու և ժ-ջ հնչյունական անցումների վրա-Խմբ.]:
  4. «Գիրք սահմանաց» կամ «Սահմանք իմաստասիրութեան» 5-րդ դարի հայ մեծ փիլիսոփա Դավիթ Անհաղթի աշխատությունն է, որ գրված է հունաբանական հայերենով։ Դավիթը իր այս գրքում տալիս է փիլիսոփայության վեց սահմանում։ 1) Աոաջին սահմանումն այն է, որ փիլիսոփայությունը գիտություն է գոյի մասին որպես այդպիսին։ 2) Փիլիսոփայաթյունը գիտություն է աստվածային ու մարդկային իրերի մասին։ 3) Փիլիսոփայությունը հոգածություն է մահվան մասին։ 4) Փիլիսոփայությունը նմանեցումն է աստծու մարդկային հնարավորությունների չափով։ 5) Փիլիսոփայությունը արվեստների արվեստն է և գիտությունների գիտությունը։ 6) Փիլիսոփայությունը սեր է իմաստության նկատմամբ: Ըստ Դավիթ Անհաղթի, այս վեց սահմանումները լրացնում են միմյանց և միատեղ սպառիչ կերպով սահմանում են փիլիսոփայությունը։ Դավիթ Անհաղթի այս գիրքը, թե հնում և թե այժմ իր գիտական ու պատմական արժեքը անխաթար պահպանում Է: Հնում այն ծառայել Է հայկական ուսումնական հաստատություններում իբրև դասագիրք։ Գիրքը բաժանված Է քսանմեկ պրակների (գլուխների)։
  5. Պորփյուրը հույն փիլիսոփա Է, սկզբնապես զբաղվում Էր Պլատոնի ու Արիստոտելի գրքերի մեկնությամբ, իսկ հետո գրեց նաև փիլիսոփայական ինքնուրույն երկեր։ Նրա գրքերից հայերեն Է թարգմանված «Վերլուծութիւն ներածության Պորփիւրի», որ հրատարակված Է Վենետիկում, 1833 թ։ Դավրիժեցին ակնարկում Է Պորփյուրի այս գիրքը։
  6. «Պարապմանց գիրք» ասելով Դավրիժեցին ակնարկում Է Կյուրեղ Աղեքսան դրացի հայրապետի (5֊րդ դար) «Պարապմունք» գիրքը, որ վերաբերում Է Քրիստոսի մարդեղությանը (մարդանալուն)։
  7. Նկատի ունի Կյուրեղ Աղեքսանդրացու «Գիրք գանձուց»֊ը, որը գրված Է Արիանոսների, հոգեմարտների ու այլ աղանդավորների դեմ:
  8. Նրբից (գրականությունը)֊ը մենք թարգմանել ենք փիլիսոփայական բառերով, իսկ արտաքնոց (գրականությունը)֊ը՝ հեթանոսական։ Նրբիցը, օրինակ, զանազան ուսումնասիրողներ այլևայլ կերպ են բացատրում։ Ըստ Ն. Ակինյանի այդ տերմինը պետք Է հասկանալ զուտ ոճաբանական կողմից։ Այդ գրվածքներում, ըստ Ակինյանի, «կը տեսնուի խոսքերու. «նրբութիւն», խոր ոճ մը». Օ. Կարիերը թարգմանում Է ֆր.livres subtils (նուրբ գրքեր) և հասկանում Է այն գրքերը, որոնք թույլ Էին տրվում կամ հանձնարարվում հավատացյալներին։ Ալիշանը հասկանում Է իբրև հայրերի խրթնարան գրքեր։ Ք. Պատկանյանը, Տեր֊Մովսիսյանը հասկանում են իբրև փիլիսոփայական։ Ինչ Էլ որ հասկանան նուրբ բառի տակ, տվյալ դեպքում մեզ համար կարևորը այն Է, որ Դավրիժեցին նուրբ ասելով հասկանում Է փիլիսոփայական, իմաստասիրական։
  9. Ոզմ կամ Ոզմի Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Մոկս գավառի լճափնյա գյուղերից մեկը։
  10. Խոսքը Արիստոտելի «Կատեգորիաների» մասին Է, որ 5֊րդ դարի վերջում թարգմանված Է հայերենի։
  11. «Պերիարմենիասը» Արիստոտելի գրքերից Է, որ թարգմանված Է հայերեն «Յաղագո մեկնութեան» վերնագրով։ Այստեղ Արիստոտելը բացատրում Է քերականության խոսքի մասերը։
  12. «Աշխարհաց և առասպելաբանութեանց» գիրքը աշխարհագրական նյութերի և առակների ժողովածու Է, որ կազմված Է երկու մասից։ Առաջին մասը կոչվում Է «Գիրք աշխարհաց», պարունակում Է «Աշխարհացոյց Մովսեսի Խորենացւոյ», «Մղոնաչափք», «Չորս գետք», «Գետք և գնացք նոցա մեծ և անուանիք քառասուն և երկու» և «Անուանք քաղաքացն Հնդկաց և Պարսից»։ Առաքել Դավրիժեցին ակնարկում Է գրքի այդ մասը։
  13. 13֊րդ դարի փիլիսոփա-աստվածաբան Ալբերտ Մեծի գիրքն Է, որ կոչվում Է «Դրախտ հոգւոյ յադագս աոաքինութեանց»։ Թարգմանել Է Մխիթար Սեբաստացին լատիներենից։
  14. Արիստոտելի «Անալիտիկա» գիրքն Է «Վերլուծականը», որ Անհաղթը մասամբ մեկնաբանել է․ հավանորեն նկատի ունի այս մեկնաբանությունը: Արիստոտելի գիրքը նույնպես 5-6-րդ դարերի թարգմանություն է:
  15. Հայերեն մի թարգմանություն կա, որ կոչվում է «Գովելի են գեղեցիկք և պառաւելի գարշելիքն». համարվում է Արիստոտելի հեղինակությունը:
  16. Հովհաննես վարդապետ Կողեռն է, որ կոչվում է նաև Տարոնացի: Նշանավոր տոմարագետ էր: Ապրել է 10-րդ դարի վերջերին և 11-ի սկզբներին, գրել է մի քանի գրքեր, որոնք շատ էլ հայտնի չեն: Թաղված է եղել Երևանի Կոնդի գերեզմանատանը, որ նրա անունով կոչվել է Կոզեռի գերեզմանոց: Այժմ այդ գերեզմանոցը չկա:
  17. «Քարոզգիրքը» մի ժողովածու է, որ քաղված է Սուրբ գրքից, եկեղեցական հայրերի իմատություններից և այլ մատենագիրներից: Կազմված է երեք հատորից: Հայերենի է թարգմանել Վրթանես վարդապետ Ասկերյանցը:
  18. Հարցնտեսը հավանորեն «Գիրք հայելի վարուց», որ ասի «Հարանց վարք» գիրքն է:
  19. տես ծան. 6:
  20. Պրոկլեսը [Պրոկղ] հին հունական իդեալիստ փիլիսոփա է, ապրել է մոտավորապես 410-485 թվականներին: Մեզ է հասել նրա «Աստվածաբանության նախահիմքերը» աշխատությունը:
  21. «Հոգեաց գիրքը», Թովմա Աքվինացու հեղինակությունն է, որ 14-րդ դարում թարգմանել են ունիթոռ աղանդավորները: Վերաբերում է հոգու և մարմնի փոխհարաբերությանը: Ունիթոռները գիրքը մեկնաբանել են կաթոլիկական ոգով, իսկ Լեհացին, որ այդ գիրքը թարգմանեց 1668 թվականին, մեկնաբանել է հայ եկեղեցու դիրքերից:
  22. Հովսեպոս Փլավիոսը հրեական պատմիչ է, որ գրել է Իսրայելի ողջ պատմությունը: Ստեփանոս Լեհացին թարգմանել է պատմության այն մասը, որ վերաբերում է հրեաների ապստամբությանը Հռոմի դեմ մեր թվ. առաջին դարում: Հոսեսլոսը Լեհացու թարգմանության այդ մասում փառաբանում է Տիգրան Մեծին իբրև հռոմեական կայսրության դեմ պայքարող անկախ թագավորի՝ անուղղակի կերպով պայքարի կոչելով հրեաներին:
  23. Դավրիժեցին նկատի ունի Դիոնիսոս Արիոսպադացու «Յազագս-երկնայնոց քահանայապետութեանց» գիրքը, որ հայերեն թարգմանված է եղել դեռևս 8-րդ դարում, բայց որովհետև թարգմանված է խրթին լեզվով, լեհացին ճշտել ու պարզ լեզվով է թարգմանել:
  24. Ստեփանոս Սյունեցին սովորել է Սյունիքում, Պոլսում, Աթենքում, Հռոմում: Թողել է բազմաթիվ ինքնուրույն ու թարգմանական աշխատություններ, որոնցից մեկն էլ Արիոսապագացու վերոհիշյալ գիրքն է, որ թարգմանել է 712 թվականին:
  25. Դավրիժեցու ակնարկած գիրքը վերագրվում է Արիստոտելին կամ Պրոկլեսին, հայերեն հրատարակված է «Գրքուկ որ կոչի պատճառաց» 1750թ.: Իսկ Լեհացին թարգմանել է 1660-62 թվականների ընթացքում:
  26. Տես ծանոթ. 169։
  27. Վարպետ Մինասը նորջուղայեցի նկարիչ է եղել։ Ըստ Տեր Հովհանեանցի՝ Մինասը եղել է Զոհրաբյան Մկրտչի որդին, որ ինքնապարապումով դարձել է այնպիսի նկարիչ, որ արվեստով Պարսկաստանի ոչ մի նկարչի չի զիջեր: Տե՛ս Հարութիւն Տէր Հովհանեանց, Պատմութիւն նոր Ջուղայեցու, Նոր Ջուղա, 1880, էջ 154։
  28. Վարպետ Հակոբջանի հիշատակությամբ Դավրիժեցին իր խոսքը ավարտում է նրա մասին։ Բացի Դավրիժեցու հիշատակումից, այլ տեղեկություն նրա մասին չկա: