Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԽԷ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գլուխ ԽԶ Պատմություն

Առաքել Դավրիժեցի

Գլուխ ԽԸ
ԳԼՈԻԽ ԽԷ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԽԻԹԱՐ ԱՆՈՒՆՈՎ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ

Մխիթար անունով քրիստոնյա մի մարդ, որ Վան քաղաքից էր, ազգությամբ հայ, քրիստոնյա ծնողների զավակ էր։ Այս Մխիթարը նշանավոր էր Վան քաղաքում փաշայի, ղադիի և ենիչեր զորապետի և այլ բոլոր իշխանների աչքում, որովհետև լավ ձիավար էր, զինախաղաց և զորեղ։ Նաև խելոք էր, մտքով խոհուն, խոսքով ճարտասան, ուստի բոլոր ենիչերիները, սպաները և իշխաններից շատերը նրան բարեկամներ էին:

Եղավ, որ հիշատակածս Մխիթարը մի օր իր ընկերակից մարդկանց հետ իր տանը նստած քնարներով ու երաժշտական նվագարաններով գինեխմությամբ ուրախանում էին։ Երաժշտության եղանակը լսելու համար մահմեդական շատ տղաներ դռներին, երդիկներին, պատերի վրա զվարճանում էին։ Իսկ Մխիթարի հայրը, ելնելով տղաների մոտ՝ տեղներից քշում էր նրանց: Տղաներից ոմանք հակառակվելով խփեցին նրան։ Նա գնաց տուն և պատմեց, թե տղաները խփեցին իրեն։ Այդ ժամանակ Մխիթարը իր արի քաշությամբ համապատասխան բարկությամբ ու ցասումով լցվեց, տանից ելավ, դաշույնը մերկ ձեռքում բռնած, և սկսեց հետամտել տղաներին: Նա հալածելով հայհոյությամբ անարգում էր մահմեդականների հավատն ու կրոնը: Նույն ժամին մի մահմեդական էիր անունով հաջի[Ն 1], որ Մխիթարի մոտիկ դրացին էր, տեսնում ու լսում էր հայհոյանքներն ու անարգանքները, որ Մխիթարը ասում էր մահմեդական տղաներին: Նա Մխիթաին մեղադրելով ասաց. «Դադարեցրու հայհոյանքներդ, քանի որ անպատշաճ է այդքան հայհոյանքներ տալ տղաներին, որոնք հավատով մահմեդական են»։ Իսկ Մխիթարը թողեց տղաներին, սկսեց հետապնդել հաջի էիբին և հալածելով հայհոյում էր։ Այդ հալածելու ժամանակ այնտեղ պատահեց դուլլար ադասու ենիչերիների զորապետի եղբայրը․ նա ևս Մխիթարին մեղադրելով ասաց. «Մի անիր այդպիսի անպատշաճ բան»։ Իսկ Մխիթարը դարձավ դեպի նա և սկսեց բարկությամբ նրան ևս հայհոյել:

Իսկ ինչ հաջի էիբն էր, գնացել էր սուխտաների մոտ, Մխիթարին ամբաստանելով սկսեց վշտագին սրտով նրանց պատմել Մխիթարի խոսքերն ու գործերը։ Այդ ժամանակ շատ սուխտաներ հավաքվեցին միասին և վրեժխնդիր եղան Մահմադի հավատի անարգանքի համար։ Գնացին փաշային հայտնեցին, նրանից զորականներ վերցրին և եկան Մխիթարին բռնեցին, կապեցին, տարան փաշայի բանտը և արգելափակեցին։ Իսկ Վանի բերդի ենիչերիները, որոնք Մխիթարին բարեկամ էին, անտեղյակ էին սրանց, և երբ լսեցին, թե բռնեցին Մխիթարին և բանտ գցեցին, այդ ժամանակ հիսուն ենիչների և երկու չորվաջի[Ն 2] եկան, Մխիթարին բանտից դուրս բերին և առան, տարան վերի բերդը իրենց մոտ. այնտեղ պահեցին երկու օր։ Երբ տեսան, թե սուխտաները և այլ մահմեդականները խաղաղվել են և ոչինչ չեն խոսում Մխիթարի մասին, նրան թողին, որ գնա իր տունը։

Իսկ անօրեն սուխտաներր վերստին հավաքվեցին, գնացին, Մխիթարին բռնեցին, կապեցին, տարան փաշայի մոտ, իսկ փաշան ուղարկեց մուֆտիի և ղադիի մոտ, թե ինչ է հրամայում Մահմեդի կրոնը այս մարդու համար՝ սպանել, թե ոչ։ Նրանք սպանելու հրաման չտվին, ուստի փաշան չսպանեց, այլ հրամայեց ազատ թողնել։ Իսկ ինչ սուխտաներն էին, չթողին, այլ ձեռքերը հետևը կապեցին, գլխաբաց, բոբիկ այստեղ-այնտեղ շրջեցնում էին իշխանների դռները, ծեծում, գլխին հարվածում էին, թքում և զանազան ձևերով տանջում և ասում էին. «Ուրացիր քո հավատը, պաշտիր մեր հավատը, ապա թե ոչ սրախողխող լինելով ու քարկոծվելով կմեռնես մեր ձեռքից»։ Այսպիսի խոսքեր ասելով, իրենց ձեռքերում մերկացրած սրեր բռնած խաղացնում էին նրա վրա։ Իսկ Մխիթարը ամեն տեղ, ու էլ որ շրջեցնում էին նրան, բարձրաձայն ու համարձակ ամենքի առջև հայհոյում է Մահմեդին, սրա հավատն ու կրոնը և շատ խոսրերով անարգում էր ոչ թե մի օր, այլ ամեն օր և իր սրտի քաջությամբ ասում էր, «Դատարկ ու չնչին մահվան համար միթե վախենալով ձեզնից՝ կուրանամ իմ ճշմարիտ հավատը, տեր աստծուն ու իմ Քրիստոսին»:

Նաև Մխիթարի բոլոր բարեկամները, ծնողները և ընկերակից երիտասարդները եկան նրա մոտ, աղաչելով ասում էին, թե սուխտաներին դուր գալու համար առերես ու առժամ այն ասա ինչ-որ խոսք և հետո, գնալով այլ երկիր, կպաշտես քո հավատը։ Իսկ Մխիթարը բոլորովին չընդունեց նրանց խոսքերը, այլ քաջ սրտով, պայծառ դեմքով և համարձակ աուխտաների առջև դավանում էր Քրիստոս աստծուն և անարգում Մահմեդի օրենքը։

Նաև փաշան և ենիչերի զորապետը ուղարկեցին Մխիթարի մոտ և խոստացան տալ նրան շատ գանձեր և ունեցվածք, ազնվացեղ ձիեր, զենքեր, պետական պաշսւոններ, որ գուցե թերևս սախտաներին հաճելի որևէ խոսք ասի և իրեն մահվանից փրկի, որովհետև խիստ հոժար կամքով խնայում էին նրան նրա ամենաարի ու զարմանալի քաջության համար։ Իսկ Մխիթարը չընդունեց նրանց ասածը քրիստոնեական հավատի համար։

Իսկ սուխտաները մշտապես այստեղ-այնտեղ իշխանների դռները շրջեցնում էին. որովհետև փաշան, ղագին և մուֆտին սպանելու հրաման չտվին, ուստի սուխտաները զայրացան և բոլոր մզկիթներից կանչելը արգելեցին, որ իրենց աղոթքի ժամին ելնելով մինարեի գլուխը՝ կանչում են։ Այս կանչելը երեք օր խափանեցին՝ ասելով, թե Մահմեդի հավատը խանգարելով խափանվեց և սուզվեց գետնի տակ, որովհետև մի անհավատ մարդ մարգարե Մահմեդի հավատը բացահայտ ու համարձակ հայհոյում էր։

Եվ մի օր, մինչդեռ քաղաքի պողոտաներում շրջեցնում էին, սուխտաներից ամենաչար մեկը, որ ձեռքում բռնած էր մերկ դաշույնը, ուժգին հարվածով խրեց Մխիթարի թիկունքի մեջը. արյունը ցայտեց մոտիկ պատի երեսը. այս հարվածից Մխիթարը ընկավ երեսնիվայր։ Իսկ մյուս սուխտանները հարձակվելով վրան սրախողխող ծակոտեցին նրան, որ անմիջապես մեռավ։ Ապա պարանը կապեցին ոտքերից և քաշելով տարան քաղաքից դուրս, այնտեղ, որտեղ բոլոր մահապարտներին սպանում են։ Այնտեղ հավաքված բազմաթիվ մահմեդականներ այնքան քարկոծեցին մեռած մարմինը, որ մարմինը քարերով ծածկվեց, անհայտացավ, և ապա թողին, գնացին արյունարբու և մարդադեմ գազան սուխտաները։

Իսկ նույն գիշերը ենիչերի գիշերապահները, որ վերին բերդում էին, տեսնում էին, որ մի մեծ լույս փայլատակելով ու ճառագայթելով կանգնած էր նրա վրա։ Սրանք առավոտյան լուսանալիս եկան քաղաքամեջ պատմեցին այս տեսիլքը։ Մյուս օրը քրիստոնյաները գնացին փաշայի ու ղադու մոտ և սրբին թաղելու թույլտվություն խնդրեցին, իսկ նրանք թուլյատրեցին. ուստի բոլոր եկեղեցիների քահանաներն ու ժողովուրդը հավաքվելով բազմախուռն հանդեսով վերցրին նրա թանկագին մարմինը և տարան հայոց գերեզմանոց և քրիստոնեական կարգով նրան թաղեցին սաղմոսերգությամբ և նրան պսակող Քրիստոսի փառքի օրհնությամբ։

Սրա նահատակությունը կատարվեց մեր 1105 [1656] թվականի նոյեմբերի տասներկուսին տեր Հակոբի Սուրբ Էջմիածնի մեծափառ աթոռի կաթողիկոսության և օսմանցիների սուլթան Մահմեդի թագավորության ժամանակ, որ նստում է Կոստանդնուպոլիս մեծ քաղաքում։

Այժմ կխնդրենք Քրիստոսից, որպեսզի սրբերի բարեխոսությամբ ողորմի բոլոր քրիստոնյաներին, և նրան փառք հավիտյանս, ամեն։

Նշումներ
  1. Հաջի արաբերեն նշանակում է Մեքա [մահմեդակն սրբավայր] ուխտագնացություն կատարած անձ: Մենք՝ հայերս մահտեսի ենք ասում Երուսաղեմ գնացածներին:
  2. Երնիչների հարյուրապետ: