Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԽԸ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գլուխ ԽԷ Պատմություն

Առաքել Դավրիժեցի

Գլուխ ԽԹ
ԳԼՈՒԽ ԽԸ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՎԵՏԻՍ ԱՆՈՒՆՈՎ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ազգով հայ, հավատով քրիստոնյա Ավետիս անունով մի մարդ, որ Ոստանի գավառից էր, իրենց աղքատության կարիքների համար ողջ ընտանիքով ելան, գնացին Բարմ երկիրը, որ այժմ Աղբակ238 է կոչվում, և բնակվեցին Բաբլասան գյուղում։ Ավետիս անունով այս մարդը իր տնտեսական կարիքների համար վարձվեց Բաքդար անունով մի քուրդ իշխանի մոտ, որ Լոռիքան[Ն 1] կոչված բերդի իշխանավորն էր: Ավետիսը Բաքդար աղայի ծառայության մեջ մնաց երկու տարի։

Բաքդար աղայի՝ հավատով մահմեդական, ազգով քուրդ ծառաներից ոմանք, որ Ավետիսի ծառայակիցներն էին, նախանձելով նրան՝ օրերից մի օր կանգնեցին Բաքդար աղայի առջև Ավետիսի մասին ասացին, թե իրենք շատ անգամ լսել են նրանից, որ ասում էր դառնում եմ քրիստոնեական հավատից և լինում մահմեդական։ Խիստ ճշտիվ վրեժխնդիր էին լինում և տիրոջը ստիպում էին՝ քրիստոնեական հավատից Ավետիսին հանել։ Իսկ Բաքդար աղա իշխանը Ավետիսին հարցրեց իրողության ճշտության մասին և պատասխան լսեց, թե ինքը չի ուրանա իր քրիստոնեական հավատը, նրանք զուր են իր վրա այդ խոսքերը ասում։ Ուստի Բաքդար աղան չլսեց իր ծառաների վկայությունները, այլ սաստեց իր ծառաներին, որ լռեն. ներեց Ավետիսին, ասելով՝ «Թույլ տվեք ապրի իր հավատով»:

Եվ թեպետ Բաքդար աղան սաստեց չարախոսներին, որ խոսքը չտարածվի, սակայն չկանխվեց, այլ օրավուր խոսքը ավելի տարածվեց, մինչև հասավ մեծ իշխան Խոսրով փաշային։

Խոսրով փաշան Եղդիշեր մեծ պարոնի եղբայրն էր, երկրի տերը և Բաքդար աղայի վրա իշխողը։ Չար վկաները բռնեցին Ավետիսին, տարան Խոսրով փաշայի մոտ, որ բնակվում էր Փիզան[Ն 2] կոչվող բերդում, և միևնույն վկայությունը տվին նրա առջև։ Խոսրով փաշան Ավետիսին հարցըեց գործի ճշտության մասին, բայց նա դավանեց քրիստոնեական հավատը։ Խոսրով փաշան հրամայեց նրան կալանավորել և օրեր հետո բերեց իր առջև և հարցրեց նրան ու գտավ հաստատուն Քրիստոսի հավատի մեջ՝ իրեն քրիստոնյա խոստովանելով: Եվ իր պատասխանի մեջ ասում էր, թե՝ «Ինչպե՞ս կարող եմ թողնել իմ լույս հավատը և գնալ խավարի հետևից, որովհետև Քրիստոսը ինքը լույս է, այդպես է և հավատը, որ նրանն է։ Իսկ ձեր առաջնորդը, որին մարգարե եք ասում, ինքը պատրող է ու խաբեբա, և նրա բոլոր խոսքերը սուտ են»։

Այնուհետև կամեցան աղաչական խոսքերով ու հնարներով նրան որսալ, որովհետև Խոսրով փաշան ասաց. «Կտամ քեզ պարոնություն ու գյուղ, իշխանի աղջիկ, որին որ դու հավանես»։ Եվ բերելով իր ազնվավայել ձին ամեն ոսկիակազմ սարքով և կանգնեցրեց նրա առջև և ասաց. «Ինձ հետ մշտապես փառավոր կպահեմ և մեծապատիվ իշխան կանեմ քեզ, եթե համաձայն ես իմ խոսքերին»։ Բայց Ավետիսը չհամաձայնեց:

Ապա Խոսրով փաշան կանչեց իրենց դատարկ կրոնի առաջնորդներին և նրանց հարցրեց, թե ի՞նչպես են հրամայում ձեր գրքերի օրենքները այս մարդու համար: Նրանք պատասխանեցին, թե՝ «Դրա արած խոսքերը եթե հաստատվեն վկաներով, անհնարին է, որ դա ապրի ոչ Մահմեդի հավատով, այլապես անպատճառ պետք է մեռնի»:

Նախկին սուտ վկաները այս խոսքի վրա եկան այնտեղ նրանց առջև նույնպես հաստատեցին իրենց առաջին սուտ վկայությունը։ Խոսրով փաշան շատ անգամ իր առջև բերեց Ավետիսին և նույն բանը հրամայեց նրան, թե ուրացիր քրիստոնեական հավատը և ընդունիր մահմեդական հավատը, և ես ինչ բարիքներ, որ խոստացել եմ, ավելուրդով կտամ քեզ։ Բայց Ավետիսը չուրացավ իր քրիստոնեական հավատը: Իսկ Խոսրով փաշան երբ տեսավ, որ Ավետիսը ամուր է կանգնած քրիստոնեական հավատին և չի կամենում նրանից հետ կանգնել, ուստի հրամայեց կապանքներից արձակել և թողնել իր կամքին, որ ապրի քրիստոնեական հավատով։ Իսկ Մահմեդի օրենքների կարդացողները՝ մոլլաները, մուդառիսները[Ն 3] հավաքվեցին Խոսրով փաշայի մոտ և իրենց գրքերի խոսքերից էին ասում նրան, թե՝ «Դու պարտավոր ես բռնի կերպով նրան մեր ճշմարիտ հավատքին բերել, իսկ եթե չհամաձայնվի, սպանել»։ Իսկ Խոսրով փաշան իր օձիքը թափ տալով ասաց. «Այդ մարդու արյան հանդեպ ես անպարտ եմ և այդ դատաստանից անմասն, եթե իմ խոսքին լսեք, կթողնեք դրան, որովհետև անմեղ է, իսկ եթե չեք թողնում, դուք գիտեք»:

Իսկ մոլլաներն ու մուդառիսները բոլորը հարձակվեցին Ավետիսի վրա, հափշտակեցին և տարան իրենց մեջ, սկսեցին նրան զարդարել ազնիվ և թանկագին հագուստով, անուշահամ կերակուրներով, ըմպելիքներով և հաճելի խոսքերով զվարճացնել նրան և Խոսրով փաշայի բոլոր խոստացածների կրկնակին խոստացան տալ նրան, բայց Ավետիսը չուրացավ քրիստոնեական կրոնը։ Այնուհետև, երբ տեսան չուրացավ, սկսեցին նրան չարչարել պեսպես ձևերով. և մանավանդ որ պարանոցից մինչև ոտքերը մարմնի փափուկ տեղերը սրի ծայրով ծակոտեցին: Նրա մարմինը մի ձեռնաչափ տեղ անծակ չմնաց, արյունից ներկվեց ողջ մարմինը և զգեստը այնպես, որ տեսնողների մարմինները սարսռեցնում Էր։ Իսկ Խոսրով փաշան մի անգամ ևս խնդրեց Ավետիսին, երբ նրան բերին նրա առջև և տեսավ այդպիսի արյունաշաղախ մարմնով, սոսկալով զարմացավ և խիստ ցասումով մեղադրեց մոլլաներին և այդ ժամանակ նույնպես հրամայեց Ավետիսին թողնել, որ ապրի իր հավատով. իսկ արյունարբու մոլլաները չթողին, այլ առան-տարան բերդից դուրս հրապարակի մեջ, այնտեղ ևս շատ անգամ ստիպեցին, նրան, ասելով. «Ուրացիր քո հավատը և ընդունիր մեր հավատը, ապա թե ոչ գլուխդ կկտրենք։ Բայց նա չհամաձայնվեց և չուրացավ, ուստի սրով կտրեցին երանյալ Ավետիսի գլուխը։ Իսկ իր նահատակության ժամին Ավետիսը իր դեմքը դեպի արևելք էր բռնել, բայց չարիքների ծառա մոլլաները բռնի կերպով նրա դեմքը դարձրին հարավային կողմը, սակայն սուրբը նրանց չենթարկվեց, այլ դեմքը ուղղեց դեպ արևելք և այդպես մեռավ Քրիստոսի հավատի համար՝ դավանելով ճշմարիտ Քրիստոս աստծուն։

Այն գիշեր տեր Քրիստոսը փառավորեց իր նահատակներին երկնային լույսի նշանով, որ իջավ նրա վրա. սրան ականատես եղան Փիղան բերդի բոլոր բնակիչները, և նրանք, որ բերդի շուրջն էին, նաև ինքը Խոսրով փաշան, որ իր տան բարձր շենքից նայելով՝ տեսնում էր սյունաձև ճառագայթած լույսը նրա [Ավետիսի] վրա, նաև (տեսան) սպանող մոլլաները, ուստի սպանող մոլլաները շտապելով այնտեղից վերցրին Ավետիսի մարմինը և տարան ինչ֊որ ուրիշ տեղ, մեկի տան մեջ պահեցին. մինչև օրը լուսացավ, ապա կանչեցին Ավետիսի եղբորը, որի անունն էր Թաբառուկ. սրան հրամայեցին՝ վերցնել Ավետիսի մարմինը և տանել թաղելու հավատքը:

Հավաքվեցին քրիստոնյա մարդիկ՝ քահանաներ, աշխարհականներ, նահատակին վերցրին, տարան այն գյուղը, որ կոչում են Առակ և այնտեղ նրան հանգիստ դրին գերեզմանում սաղմոսերգությամբ, օրհնությամբ և հոգևոր երգերով։

Այս երանելի մարդու՝ Ավետիսի նահատակությունը կատարվեց մեր 1105 [1656] թվականի մարտի քսանին մեր հավիտյանս հավիատենից օրհնված Քրիստոս աստծու փառքի համար. ամեն:

Նշումներ
  1. Այս բերդը, որը գտնվում է Աղբակ գավառում [Վասպուրականի նահանգ] Մ. Հովհաննիսյանի «Հայաստանի բերդերը» (Վենետիկ, 1970 թ.) հոյակապ աշխատության մեջ չի հիշատակված։
  2. Փիզան բերդը նույնպես չկա հիշյալ գրքում
  3. Արաբերեն ուսուցչապետ, այստեղ նշանակում է աստվածաբան