Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԾԷ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գլուխ ԾԶ Պատմություն

Առաքել Դավրիժեցի

Գլուխ ԾԸ (ըստ բնագրի ԾԶ)
ԳԼՈՒԽ ԾԷ
ՀՐԵԱ ԱԶԳԻ ՀԵՏ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՆՑՔԵՐԻ ԵՎ ՍԱԲԵԹԱ ԱՆՈՒՆՈՎ ՀՐԵԱՅԻ, ՈՐՆ ԱՍՈԻՄ ԷՐ, ԹԵ ԻՆՔԸ ՀՐԵԱԿԱՆ ԱԶԳԻ ՔՐԻՍՏՈՍ ՓՐԿԻՉՆ է ԵՎ ԱՐԴ ԵԿԵԼ Է ԵՎ ՀԱՅՏՆՎԵԼ, ՈՐ ՓՐԿԻ ՆՐԱՆՑ, ԵՎ ԱՅԼ ԻՐՈՂՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՀԱՋՈՐԴԵՑ ՍՐԱՆՑ

Մեր կենարար Քրիստոս աստծու 1666 և հայոց 1115 թվին՝ գերագույն և բարձրագահ աթոռ Սուրբ Էջմիածնի տեր Հակոբ Ջուղայեցու կաթողիկոսության, օսմանցիների սուլթան Իբրահիմի որդի սուլթան Մահմադի թագավորության Ժամանակ հայտնվեց Սաբեթա անունով մի ոմն ճարտար հրեա, որ ծնվել և ապրել էր Զմյուռնիա քաղաքում, լավ վարժվել էր հրեական գրի ու ուսման մեջ։ Նաև ինքը բնականից հրաշալի ճարտասան էր։ Օրավուր առաջադիմում և կատարելագործվում էր ուսման մեջ։ Սրա այս առաջադիմությունը տեսնելով շատերը աշակերտում էին նրան, իսկ նա ինքնաստեղծ ու հնարամիտ բաներ էր ուսուցանում իրեն հետևողներին, քանզի աստծու անունը հակառակն էր գրում և իրեն աշակերտածներին սովորեցնում էր կարդալ: Ապա գրքերը բացում, մրցահանդես էր սարքում, իրենց օրենքների գիտունների հետ քննության էր մտնում և խոսքի ճարտասանությամբ նրանց հաղթում էր[Ն 1] աստծու անունը հակառակն էր գրում, դնում էր նրանց առջև կարդալու համար, իսկ նրանք չէին կարողանում. ապա կանչում էր իր աշակերտներին և հրամայում էր կարդալ, և քանի որ նրանք նախապես սովորել էին, վարժ խոսքով ու խրոխտ ձայնով համարձակ կարդում էին, որի վրա հանդեսի ամբողջ ժողովուրղը հիացած, զարմացած ապուշ էր կտրում։ Գրված գիրքը կարդալուց հետո գրի կարդացողը սկսում էր սահմռկել ու դողալ, տանջվել, գետնին զարկվել, խեղդոտվել և տարօրինակ ձայներ արձակել։ Իսկ Սաբեթան վեր էր կենում, հրեաների ունեցած սրսկման ջուրը առնում, սրսկում էր հիվանդի վրա և տեղնուտեղը անմիջապես նրան բուժում էր հիվանդությունից։ Ուստի բոլոր տեսնողները զարմանում, ապուշ էին կտրում. Սարեթայի կողմից արվածը զարմանալի ու ամենամեծ հրաշագործությունն էին համարում: (Սա) իրեն հրաշագործ էր ցույց տալիս նրանց և աստծու կողմից առաքված ու օծված, իսկ մարգարեների վկայությունները, որ Քրիստոսի գալստյան համար ասել են, որը կարողանում էր, վերագրում էր իրեն և մեկնաբանում։ Ասում էր, թե մարգարեների կանխագուշակած մեսիան, որ գալու է փրկելու Իսրայելը, այդ ես եմ, որ եկել եմ Իսրայելը փրկելու։ Ժողովրդին ասում էր, պետք է վերացնել շաբաթներն ու պասերը և մշտապես ապրել ուրախության մեջ, իր անվան գիրն ու կնիքը հռչակել ու իրեն փառավորել աստծու կողմից օծյալ և հրեա ազգի համար ուղարկված փրկիչ (հայտարայրել)։

Մեծ փառքով ու մեծարանքներով պատվում էին նրան, տնից տուն պատիվ տալու հրավերք էին անում նրան և գնալիս ճանապարհին հովանի էին բռնում նրա գլխին, իսկ ոմանք հագուստի փեշերը վեր բարձրացրած բռնում էին, ճտքերի առջև և տակը բեհեզ ու կերպաս էին տարածում։ Նրան երեք կույս աղջիկներ հանձնեցին, իսկ նա միառժամանակ իր մոտ պահեց, ապա բաց թողեց։ Իր ազգի բոլոր մարդիկ նրա հետևից էին գնում։ Հիվանդացածների խոսքերը, որոնք նախապես հիշեցինք, թե ընկնում էին ու խեղդվում, ըստ դևի տանջանքի և խոսեցնելու դիվահարները վայրիվերտ ցնդարանում էին։ Դիվահարների այդ խոսքերը և ուրիշ աչքակապուկ գործեր, որ իրենք տեսել էին մոլորեցուցիչ Սաբեթայից, նաև ուրիշ խոսքեր, որ իրենք իրենցից կցմցում էին, բոլորը թղթի վրա գրած, թերթի վրա շարահյուսած հյուսած իբրև ավետավոր խոսքեր ուղարկեցին հեռավոր տեղեր, թե ավետիս ձեզ, ցրվածներ ու տառապածներ, Սաբեթան՝ մեր ազգի փրկիչը լինելով Իզմիրում թագավոր արդ երևացել, օրենքներ է նորոգել, գավազան ծաղկել[Ն 2], մեզ ազատել, ազգերով ճոխացել և Իսրայելի ցրվածներին հավաքել։ Իսկ նրանք հրեաներից, որոնք գիտուններ, իմաստուններ ու կարդացողներ էին, տեսնում էին, ողջ ազգը նրա հետևից է գնում, իսկ ոմանք նրանցից ակամա կամ պատկառելով են գնացած եղել իբրև նրան հնազանդվածների, ոմանք էլ պատրվակելով գնացին օտար աշխարհ, հեռացան նրանից, իսկ նրանք, որ խելացի էին, վախենում էին, թե գուցե այս լուրը այլազգի մահմեդականների ականջն ընկնի, ազգովին մեզ բնաջնջեն։ Այդ ազգի խաժամուժ ամբոխը այնքան միմյանց ասացին, մինչև լուրը հասավ Իզմիր քաղաքի մահմեդական իշխանների ականջը։ Իշխանները միմյանց հետ մտածեցին, թե գրենք և վեզիրին հայտնենք. բայց հետո թեթևամտություն ու վայրիվերոյություն համարելով այդ, թողին և վեզիրին չհայտնեցին, այլ հրեաներին բռնելով ծանր տուգանք առան, բաց թողեցին։ Բայց սուտ մարգարեի հռչակն ու համբավը օրավուր ավելանում էր և հասնում հեռավոր երկրներ, մանավանդ Կոստնանդնուպոլիս։ Նրանք, ովքեր լսում էին, ջերմեռանդ սիրով տարվում, բորբոքվում էին, ոմանք ճանապարհ ընկնելով գալիս էին նրան ընծայաբերության, ուխտի, երկրպագության. իսկ ոմանք թանկագին իրեր, ոսկի ու արծաթ էին ուղարկում նրան, ոմանք էլ իրենց տներն ու կարասիները թեթև գնով վաճառում էին և ասում, թե գնում են Երուսաղեմ, որովհետև ասում էին նրանք, թե այնտեղ է գալու Սաբեթան, թագավորելու է, ցրված ազգը հավաքելու է։ Այս լուրը ավելի տարածվելով՝ ամեն ոք զարմանում էր, ուստի բոլոր ազգերի՝ մահմեդականների ու քրիստոնյաների, մանուկներն ու փոքրերը, Պոլիս քաղաքի հարուստներն ու ռամիկները հարցնում, նեղում են հրեաներին. «Չֆուտ գելդի մի՞[Ն 3], խախամ գելդի մի՞[Ն 4]»։ Կանայք տղամարդկանց հետ, երիտասարդները, մեծամեծները, փոքրերը, ծերերը երեխաների հետ (ուր պատահի) հարցնում են հրեաներին. «Նավի գելդի մի՞, թե ճալ գելդի մի՞[Ն 5]»։ Այս բանը առակ են դարձրել ամբողջ աշխարհում, ծաղրում, կատակում են ճանապարհին, փողոցում. բերան ու լեզու այս բանում վարժվում է. «Նեպի գելդի մի՞[Ն 6], մսեհ գելդի մի՞[Ն 7]: Տանն ու փողոցում այս է հիշվելով ասվում, երգեր ու խաղեր շինելով սրան են հարմարվում, սուտ մարգարեին ուղղված ծաղրն ու շշունջը հրեաներին են կշտամբում. «Թեճալ գելդի մի՞»։

Նաև Նաթան անունով մի հրեա տղամարդ, որ նախապես ուխտադիր, դաշնագիր և ընկեր էր այս Սաբեթայի հետ և Գազա քաղաքում էր, այնտեղից գրում է Կոստանդնուպոլսի հրեաներին Սաբեթայի մասին և վկայություն տալիս, թե նա է մեսիան և օծյալը, որ արդ գտնվում է Զմուռնիայում։ Այս խոսքի վրա չափազանց բորբոքվեցին Պոլսի հրեաները, և հռչակվելով բարձրացավ նրա համբավը, մինչև որ հասավ Պոլիս քաղաքի մահմեդական իշխաններին։ Իսկ Պոլսի ղին ու սարդարը մարդիկ պատրաստեցին, որ գնան Սաբեթային բռնեն և բերեն։ Սաբեթան՝ այս լսելով, ելնում է, որ փախչի, գնա Թեսաղոնիկե։ Իսկ ճանապարհի պահապանները բռնեցին նրան ծովում և բերին Պոլիս, հանեցին ցամաք, տարան Գոմրուկ խանի առջև։ Երբ տարածվեց, թե հրեաների մեսիային բերին, հազար-հազարներ և բյուր-բյուրեր շտապում էին տեսնելու Սաբեթային։ Եվ Սաբեթային տեսնելիս ամենքը հայհոյում, ծանակում, ծաղրում ու ձեռք էին առնում հրեաներին նրանց մոլորության համար։

Ապա տարան վեզիրի մոտ, որին (վեզիրը) հարցնում է անվան ու համբավի մասին, իսկ նա ամեն ինչից հրաժարվում և ուրանում է. ինքն իր մասին ասում է, թե ես վերծանող, օրինապահ ու աղոթարար մի մարդ եմ։ Իսկ՝ վեզիրը պատասխանում է, թե՝ «Կաց կալանքի տակ մինչև Իզմիրից քո մասին վկայություն ստանանք և իմանանք քո խոսքերի ստույգությունը»։ Այդ ժամանակ վերակացուն ապտակել է Սաբեթային և գլուխը ծեծելով տարել բանտարկելու։ Հայոց 1115 (1666) թվի հունվար ամսի քսանութին նրան բանտ դրին։ Իսկ հրեաները ամոթից ոչ շուկա դուրս եկան, ոչ խանութում նստեցին։ Մահմեդականների երիտասարդները, ուր հասնում, ծանակում էին՝ ասելով․ «Ջուհուդ գելդի մի՝, թեջալ գելդի մի՞»։ Այս ծաղրուծանակի համար հրեաները շատ կաշառք տվին ենիչերիների պետին, որպեսզի կարգագրի իր պաշտոնյաներին ու զինվորներին, որ արգելեն այդ բաները, որ «գելդին» չասեն։ Իսկ այդպես ասողները հազարապատիկ և ավելի շատացան։

Երբ Սաբեթային արգելափակեցին բանտում, մարդ ուղարկեցին, նրա ունեցվածքը բերեցին, քանի որ մեծ հարստություն էր հավաքել, որ հրեաները շատ ավելի էին նրան տալիս։ Երբ նրա հարստությունը Խասքո բերին, մոլորյալ հրեաները բոլորը ընդառաջ էին գնում և ողջագուրում էին հեռվից, մոտիկից ձեռքերը տարածելով իրենց համար փրկություն էին խնդրում։

Սրանից հետո մահմեդական իշխաններից դատավորի տեղակալը, քննիչը գնացին բանտ և Սաբեթային հարցրին, թե մեզ ստույգը ասա, իրո՞ք դու թագավոր ես, ինչպես որ քո ժողովուրդն է ասում քո մասին, ինչ որ քո մասին ասում ես, ճիշտն ասա։ Իսկ նա ամեն ինչից հրաժարվում է, թե՝ «Ոչ թագավոր եմ, ոչ մարգարե, ոչ էլ նշանավորներից, այլ մի գռեհիկ մարդ եմ և մասնագիտությամբ կարդացող»։ Իսկ նրանք Աաբեթայի խոսքերը գրեցին, արձանագրեցին ու տարան վեզիրին հայտնեցին։ Իսկ ինչ հրեաներն էին, չէին դադարում Սաբեթայի մոտ երթևեկելուց. և քանի որ բանտը Պոլիս քաղաքում էր, հրեաները չէին կարող համարձակ նրա մոտ գնալ ու գալ, ուստի վերակացուին կաշառեցին, որպեսզի նա գուցե իրենց համար մի հնար գտնի, որ գնալ-գալիս համարձակ լինեն։ Իսկ նա վեզիրին ասում է, թե հրեաները բանտը ոտքի կոխան դարձրին հաճախ երթևեկելով։ Այդ ժամանակ վեզիրը խստիվ հրամայում է, թե տարեք Բողաղ բերդի մեջ և այնտեղ բանտում պահեք նրան։ Օրեր հետո վեզիրը դուրս եկավ Պոլսից, գնաց արևմուտք, որովհետև մեծ պատերազմ կար նրա դեմ: Երբ վեզիրը գնաց, հրեաները էլ ավելի համարձակություն աոան, սկսեցին չափազանց հաճախ երթևեկել նրա մոտ կանանցով ու որդիներով։ Ծերեր, երիտասարդներ, աղքատներ, հարուստներ, մինչև անգամ աղջիկներ, հարսներ, անարգել ուխտի ու երկրպագության էին գնում նրան ոչ միայն մերձակա գավառներից, այլև հեռու երկրներից Բուզդանից (Մոլդավիա), Լվովից, Կաֆայից (Թեոդոսիա), Երուսաղեմից, Անատոլուից։ էլ ավելի Պոլսից էին գալիս նրա մոտ, առնում նրա օրհնությունը և արտասուքով աղաչում․ թև ե՞րբ կլինի, որ ելնես, թագավորես և մեզ փրկես։ Նրանց երթևեկության համար մահմեդականները նախանձով գրգռվեցին, և այն իշխանը, որին Բոստանչի բաշի են կոչում, սկսեց նրանց ճանապարհը կտրել և հրեաներից նշանավոր ոմանց, որ գնում էին Սաբեթայի մոտ, բռնեց, տարավ տեղապահի (գայմագամի) մոտ։ Եվ երբ տեղապահը հարցրեց. «Թե ինչու՞ եք գնում նրա մոտ, ստույգ ասեք․ մարգարե՞ է նա, թե՞ թագավոր, ի՞նչ է, ճիշտն ասեք»: Հրեաները թաքցրին և ճիշտը չասացին, այլ պատճառներ հնարեցին, թե անմեղ է և իզուր դատապարտված և բանտ է մտած, մեր ազգից աղոթավոր ու կարդացող մեկն է. նրան մխիթարելու և նրա օրհնությունը ստանալու համար գնում ենք նրա մոտ։ Այս խոսքի համար տեղապահը ոչինչ չի ասում նրանց, այլ ազատ է արձակում, որ ելնում ու գնում են։ Իսկ դռանը կանգնած մահմեդականները բարկությամբ ու ծաղրանքով հրեաներին ասում են, թե «Մոլորյալներ, ի՞նչ ունեք այդ մարդուց, որ այդքան մոլորվել եք նրա նկատմամբ»։ Հրեաները պատասխանում են, թե՝ «Քիչ օրեր հետո ձեր աչքերը կտեսնեն»։ Մահմեդականները իսկույն զեկուցեցին տեղապահին։ Հրեաներին շտապով հետ դարձրին և սաստիկ ծեծեցին, ապա բաց թողեցին։ Թեպետ այս բանը այլ հրեաներ լսեցին և վախեցան, բայց իրենց դատարկ հույսի մեջ չթուլացան։

Եվ հրեաների նախնիների ժամանակ, երր Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքան գերեց հրեաներին և տարավ Բաբելոն, այդ օրը նրանց նախնիները սգո ամենամեծ տոնը նշանակեցին։ Այդ օրվանից մինչև այժմ պասով, ծոմով, սղով, ապաշխարանքով ու իրենց կոծելով կատարում են այն սգո օրերը։ Նաև այդ օրերին Երեմիա մարգարեի ողբն են կարդում։ Օգոստոս ամսին, երբ լուսինը տասնհինգ օրական է լինում, այդ տոնը կատարում են, իսկ մահմեդականները այդ տոնը կոչում են ղարաբայրամ։

Իսկ դիվաբնակ Սաբեթան երբ տեսավ, որ կուրացած ժողովուրդը իր նկատմամբ մոլի սեր ունի, սկսեց նրան էլ ավելի մոլորեցնել իր հանդեպ, քանզի շատ թղթեր գրեց և ամեն տեղ ուղարկեց հրեաներին՝ հրաշալի բան հաղորդելով նրանց, ասում է․ «Ծնված եմ աստծու որդի, ձեզ ազատող [ճիշտ] ժամանակին հասած»։ Նույնի գրության պատճենն ու օրինակը այս է. «Աստծու միածին որդի և անդրանիկ՝ Ցոսամպեսնի Իսրայելի մեսիա փրկիչ: Իսրայելի համայն որդիներիդ՝ աստծու սիրելիներիդ, խաղաղություն։ Ինչպես տիրոջ օրը, որ ցանկանում էին տեսնել երանելի Աբրահամը, Իսահակը և Հակոբը, այս օրերին մենք արժանավորվեցինք տեսության. ինձ ընդունեց Իսրայելի ազատության ու փրկության համար ըստ մեր տիրոջ ուխտի, որ ուխտեց մարգարեների և Իսրայելի սիրելիներիդ մեր հայրերի խոսքերով։ Այդ՝ ձեր ամբողջ սուգը թող վերածվի ուրախության և ձեր պասը լինի տոն ու բանայիրս․ քանզի այսուհետև այլևս չեք լա, ով իմ զավակներ Իսրայելի. ձեր անցյալի մասին այլևս չհոգաք, քանզի ուրախ ությակ փրկություն տվեց, որ անպատմելի է։ Արդ ձեր աղոթքի ժամանակ երաժշտական արվեստի թմբուկներով ու նվագներով, բարձր ցնծությամբ գոհացեք նրանից, որ իր հավիտենական ուխտը կատարեց, որ ուխտել էր մեր հայրերի հետ. ամեն օր և ամսագլուխներին նույնանման ցնծացեք։ Ձեր ցերեկվա ու գիշերվա սուգը, որ կոչվում է բուրիմ, դարձրեք ցնծության (ամբրան) օր՝ լուսաբեր ուրախության, որ եղավ իմ հայտնությամբ։ Ձեզանից ոչ ոք ուրիշ գործերով թող չզբաղվի, այլ միայն ուրախությամբ ու ցնծությամբ, քանզի ձեզ տրվեցին իբրև վայելչություն ազգերի ու հեթանոսների բոլոր օրերը, որ ոչ միայն երկրի երեսին է տեսնվում, այլ որ ծովի խորքերում ձեզ համար պահված են իբրև խնդության վայելչություն. ողջ եղեք»։

Մոլորված ու դիվաբնակ Սաբեթան այս գրությունը հրեական լեզվով ու գրով գրեց և ուղարկեց ամեն տեղ, որ հետո հրեերենից թարգմանվեց լատիներենի, իսկ լատիներենից թարգմանվեց օսմաներենի սուլթան Իբրահիմի որդու՝ սուլթան Մահմադ թագավորի մի իմաստուն ու մեծ թարգմանչի ձեռքով։ Նաև լատիներենից թարգմանվեց հայերեն լեզվի ու գրի Երեմիա կոչված ոմն ճարտար դպրի ձեռքով, որ նույն Պոլիս քաղաքից էր։ Իսկ մոլորվածի գրությունը ինչ վայր էլ հասավ, այն սգատոնը ցնծությամբ տոնեցին, մինչև իսկ հանդգնեցին թմբուկներով ու նվագներով, որ երբեք հրեաներին այդպես չէին տեսել։ Քանզի Սաբեթան հրամայեց այն մեծ սգի օրը և հիշատակը, որ նրանց նախնիները նշանակեցին Բաբելոն գերի գնալու առիթով դարձնել ցնծության ու ուրախության տոն՝ ուտելով ու խմելով, պեսպես զարդերով զարդարվելով, ուրախության գալով ու կատարելով, որովհետև սգո օրերը վերացան և ուրախության օրերը եկան հասան։

Ոմանք մեր հայոց ազգից Սաբեթայի մասին գաղտնի հարցում արին հրեաների գիտուններին ու խախամին, թե՝ «Ի՞նչ կասեք, թերևս ինչ–որ մարգարե է, կամ իրոք մեսիան է, կամ Քրիստոսն է, և կամ այլ ոք աստծու արժանավոր ծառաներից է»։ Նրանք ասացին. թե՝ «Բոլորովին ստախոս է ու խաբեբա, մոլորեցուցիչ է ու դիվաբնակ. ահա մեզանից ութսուն ու ավելի մարդ, որ միաբանված ենք և նրան չենք ընդունում, որովհետև հակառակ է մեր հայրենի օրենքներին»։ Այս միաբանված մարդիկ գնացին հրեաների մոտ և սկսեցին կռվել, վիճել և հանդիմանել Սաբեթայի համար և ասել, ինչո՞ւ եք ընդունում նրան, ինչու՞ եք լսում նրան և ինչպե՞ս եք հետևել նրան, քանի որ խաբեբա է ու մոլորեցուցիչ է և հակառակ մեր հայրենի օրենքներին։ Որովհետև այսքան ժամանակ է, որ մեր նախնիները եկան այս աշխարհն ու գնացին, ոչ ոք նրանցից որևէ կարգ, որ փռոֆիդների օրենքներով էր դրված, չխախտեց, կամ լուծեց, իսկ դա մեծ սգո շաբաթներն ու տոնը լուծել է հրամայում և ինչ որ խոսում ու գործում է, կեղծիքով ու ստությամբ է լի։ Մարգարեական ի՞նչ նշան, կամ հրաշագործություն տեսաք նրանից։ Թեպետ սրանք այսպես հակառակվում էին հրեաներին, սակայն հրեաները ըմբոստացան սրանց դեմ, սրանց հայհոյում, վիճում և մտադրվում էին ծեծել, գնում էին Սաբեթայի մոտ, նրանց ամբաստանում։ Մեծ հակառակություն ու պառակտում ընկան հրեաների մեջ՝ ոմանք ասում էին՝ պետք է ընդունել, ոմանք՝ ոչ, ուստի բաժանվեցին որդին հորից, եղբայրը եղբորից և սիրելիները միմյանցից։ Իսկ նրանք, որոնք ընդունում էին, սիրով կապված էին սրա հետ, գնում-գալիս էին և ողջունում։ Շատերը ցերեկը չէին կարողանում մտնել նրա մոտ, մեծ չարչարանքով սպասում, գիշերն էին մտնում և ողջունում։ Եվ այնտեղից ելնելով զարմացուցիչ ու հիացական խոսքեր էին սարքում ու տարածում նրա մասին և միմյանց ավետիս էին տալիս, թե Սաբեթան մեսիա, ազատիչ ու փրկիչ է եկել, մեզ հասել։ Ինքնիրեն նրա համար թագավորական գահույք է պատրաստվում, շտկվում է դատելու աթոռ և հաջողվում է արքայության գավազան. քրիստոնյաներին իսպառ բնաջնջելու է, մահմեդականներին հարկատու է դարձնելու։

Եվ այսպիսի սուտ ու սնոտի հույսի աչք տնկելով սպասում էին նրան։ Նրա գալստյան համար ոմանք դեպի երկինք էին պլշած նայում, ծովի վրա էին շրջում, ոմանք էլ ասում էին՝ թե երկնքով պիտի թռչի գա և մեզ համար լույս ծագեցնի։ Ամեն մարդ նրան մեծ մեկն էր համարում և աստծուց ուղարկված, որովհետև նրան էին վերագրում Հովել մարգարեի խոսքը[Ն 8], որ ասում է. «Վերջին օրերում, ասում է աստված, բոլոր մարմինները իմ հոգուց կլցնեմ, և կմարգարեանան ձեր ուստրերը, ձեր դուստրերը. ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն, իսկ ծերերը երազներով կերազեն և այլն»։

Նաև այս տարվա հունիս ամսի երկուսին արեգակը խավարեց. սա այն բնական խավարումն էր, որ պատահում է լուսնի ծնունդին, իսկ հրեաների խաբված ազգը այդ համարեց նշան. ասում էին, «Տեսեք, որ երկնքից նույնպես նշան երևաց սրա համար»։ Միմյանց հացկերույթի ու կոչունքի էին հրավիրում։ Ոմանք էլ ասում էին, թե հրեաները զենքեր ու սրեր են պատրաստի պահում, որ մեսիայի ելնելուն պես այլ ազգերին բնաջնջեն։

Երբ շատ տարածվեց սուտ Քրիստոս Սաբեթայի համբավը և հասավ քրիստոնյաների թագավորության աշխարհը, և որովհետև քրիստոնյաները իրենց երկրներում ապրող հրեաների հետ կռվելով վիճում էին, ուստի իրենց միջև գրազ բռնեցին։ Քրիստոնյաները ասում էին, թե Սաբեթայի արարքները ճշմարտացի լինեն, մենք բոլորս հրեություն կընդունենք, իսկ հրեաները ասում էին, եթե Սաբեթայի խոսքերը սուտ լինեն, մեզ բոլորիս ազգովին սրով բնաջնջեք։ Այս բանը ուխտելով պայմանավորվեցին և ժամանակ նշանակեցին, դատական ատյանում կանգնելով գրեցին, վճռեցին, դատավորների ու իշխանների կնիքով կնքեցին և սպասում էին պայմանավորվածությանը։ Սակայն լեհերի երկրում հրեաներից շատերին կոտորեցին. սրանցից շատերը փախան և գնացին այլ երկիր, ոմանք էլ եկան նույն իր՝ Սաբեթայի մոտ։ Սույն օրերում լեհերի երկրում գտնվում էր մի հրեա, որ խախամ էր․ սա Սաբեթայի համբավը լսում է ու չի հավատում, այլ ասում է․ «Ես գնում եմ այդ Սաբեթայի մոտ և նրա բոլոր հանգամանքներին ստույգ կերպով հասու լինեմ»։ Սա գալիս մտնում է Սաբեթայի մոտ. շատ օրեր դիտեց, տեսավ, խոսեց նրա հետ և հավաստի կերպով վերահասու եղավ, որ նրա խոսքերը կեղծիք էին, ուստի համարձակ ասում է. «Ինչու՞ մեր տառապած ու խեղճ ազգը մոլորեցրիր և քեզ Քրիստոս ու մեսիա հռչակեցիր, դու երկնքից կամ երկրից ի՞նչ հրաշք ցույց տվիր, փրկության ի՞նչ գործ արիր, որ մեր օրենքների խոսքերը վկայում են, և ի՞նչ հրաշք արիր քո ծնունդի ու սնունդների մեջ, ահա քո ծնողները և քո սնունդը, ահա քո եղբայրները, ահա քո կինը և որդիները, որոնց զարդերով լցրել ես, ահա քո կյանքը և վարքը հավասար են մերին, ուտում ես, խմում, վախենում, բռնվում, ինչպես որ ելար փախչելու և բռնվեցիր, բանտ մտար և կապանքներով արգելափակվեցիր»։ Եվ շատ ուրիշ խոսքերով Սաբեթային կշտամբեց։ Իսկ Սաբեթայի հետևողները ըմբոստանալով ընդդիմացան այն խախամին և վրան հարձակվեցին հայհոյանքներով ու անարգանքներով. կամենում էին ոտքերի տակ գցել։ Շատ ու շատ վիրավորական խոսքեր ասացին նրան և իրենց ժողովի կողմից նզովեցին ու դուրս արին։ Իսկ այն խախամը կսկծալի սրտով, զայրացած հրեաների կուրության ու արարքների վրա, այդպիսի սաստիկ զայրագին սրտով գնաց մահմեդականների մոտ, ուրացավ հրեությունը և դավանությամբ դարձավ մահմեդական։ Սաստիկ զայրագին սրտով ամբաստանում է հրեաներին ու Սաբեթային, իսկ մահմեդական իշխանները նրա ամբաստանությունը հայտնում են տեղապահին [գայմադամին]։ Այս ամբաստանության վրա, որ խախամը արեց հրեաների ու Սաբեթայի մասին, առավել ավելի մեծ ամբաստանություն Սաբեթայի վերաբերյալ արեց Մահմուդ անունով մի շեյխ, որ բնակվում էր Բողազում։ Սա մշտապես տեսնում էր հրեաների համարձակությունը, որ գնում գալիս էին Սաբեթայի մոտ, նաև այն փառքն ու պատիվը, որ կանանցով ու սիրելիներով հանգիստ ապրում էր։ Նա գնաց ղադիի մոտ և հայտնեց Սաբեթայի հանգամանքները և մեծամեծ տաճիկներ բերեց, վկա կանգնեցրեց, ամբաստանագիր և խնդրագիր առավ ղադիից, և այն խնդրագիրը, նաև տաճիկներից մարդիկ առավ, գնաց Ատրանա քաղաքը, քանզի այն օրերին թագավորն ու տեղապահը (գայմադամը) և այլ ամեն մեծամեծներ այնտեղ էին։ Մտնում է տեղապահի (գայմադամի) մոտ և ամբաստանում Սաբեթային ու հրեաներին, ուստի տեղապահը (գայմադամը) զայրանում է և հրամայում սենեկապետին՝ գնալ և այնտեղ Բողազում նրան կախել։ Եվ քանի որ այլ մարդիկ տեղապահին Սաբեթայի մասին ուրիշ բաներ էլ հայտնեցին, ուստի կրկնակի ու շտապ մի այլ դռնապանի է ուղարկում Սաբեթայի հետևից, թե՝ չկախել, այլ բերել Ատրանա, որը և կատարեցին այդպես։ Նրան առան, տարան Ատրանա տեղապահի մոտ, իսկ նա այդ ժամանակ ոչինչ չխոսեց նրա հետ, այլ ուղարկեց արքայի պալատ, որ պահպանեն նրան, մինչև արքան իմանա և նրա մասին որևէ հրաման արձակի։

Եվ երբ Սաբեթայի հանգամանքները հայտնեցին թագավորին, որ սուլթան Իբրահիմի որդի սուլթան Մահմադ խոնդկարն էր, թագավորը ինքը նստեց դատաստանի։ Ատրանում էին նաև ղազիասկյարը, կրոնապետը, տեղապահը և արքայի բոլոր իշխանները։

Իսկ հեծյալների, ռամիկների բազմության թիվը որչա՞փ էր, ինչքան երկնքի աստղերը և ծովի ավազը. դրանք հավաքվել էին զվարճանալու։ Այնտեղ կանգնեցրին բազմտթիվ զորականներ՝ աղեղներով, նետերով ու հրացաններով։ Կրակ էին բորբոքել, ճրագներ էին վառել և այլ պատրաստություններ էին տեսել Սաբեթայի տանջանքների համար։ Ատյանում առաջ բերին մի մարդու, որին կոչում էին Հայաթիզադա. այս մարդը նախապես ազգությամբ ու հավատաքով հրեա էր, բայց հետո հրեությունը թողել և ընդունել էր Մահմեդի կրոնը, դարձել էր տաճիկ։ Սրան աոաջ բերին, որ դառնա թարգման Սաբեթայի ու թագավորի միջև։ Այնտեղ ատյանում Հայաթիզադան ասում է Սաբեթային. «Տեսնում ես զենքերի ու տանջանքների այս ողջ պատրաստությունները, այս բոլորը քեզ համար են պատրաստել։ Արդ՝ ինչպես է, որ դու համբավ հանիր ու երկիրը դղդացրիր. նորագույն տանջանքներով ու մահով քեզ խայտառակելու և սպանելու է արքան, եթե դու որևէ զորություն և ուժ ունես, հրաշք գործիր, ցույց տուր զորությունդ և փրկիր քեզ ու քո ազգը»։ Իսկ Սաբեթան ահից ու երկյուղից այնքան սարսափեց, որ համարյա թե սիրտը արյուն կտրեց, ուստի սկսեց ուրանալ և իր ազգը մեղադրել, թե՝ «Իմ կույր ու մոլորված ազգը այս անպատեհ անունը իմ մասին հռչակեց, իսկ ես այդ չեմ, ինչ որ նրանք ասում են, այլ ես մի վերծանող եմ, ամեն գիրք կարդացի ու վերահասու եղա, որ միայն ձեր մարգարեն է ճշմարիտ մարգարե և աշխարհ է եկել բոլոր մարդկանց ուղղելու համար։ Ահա այս քսան տարի է, որ ես նրան հետևել եմ և նրան ընդունել»։ Այնտեղ ատյանի մեջ ուրացավ հրեության հավատքը, և դավանեցրին Մահմեդի հավատը, և այսպես թողեց իր հավատը և տաճկացավ։ Այդ ժամանակ բոլոր ազգերն ու ցեղերը սկսեցին այդ Սաբեթային և հրեաների ամբողջ ազգը անարգել ու հայհոյել, նախատել ու թքել։ Նաև հենց իրենք հրեաները ամաչեցին ու կորագլուխ եղան, ամոթից իրենց տներից դուրս չէին գալիս։ Իսկ Սաբեթան, որ երբեմն պարծենում էր, թե երկինք պետք է ելնի, այժմ իջավ անդունդները։ Նա որ Աբրահամով, Իսահակով, Հակոբով, Մովսեսով խրախուսվում էր, այժմ նրանց ուրացավ ու դարձավ Մահմեդի հպատակ։ Նա, որ ասում էր, թե ամբողջ աշխարհը կդարձնեմ իմ հավատին, ինքն իր հայրենի ու աստվածատուր հավատը ուրացավ, քանի որ նրա միտքը կառավարող սատանան նրան այսպիսի փառքի հասցրեց։ Նա, որ սուտ էր համարում ճշմարտապես եկած մեր Քրիստոսին, ինքը խայտառակվեց մեր Քրիստոս-աստծու զորությամբ։ Եվ Քրիստոսի խոսքը կատարվեց, որ և ասաց, թե՝ «Կգան Քրիստոսներ ու սուտ մարգարեներ»։ Եվ ահավասիկ տեսանք մեր ժամանակ, և փառավորվեց մեր տեր Հիսուս Քրիստոսի անունը իր շնորհներով ու զորությամբ, ուստի նրա անունը թող օրհնվի ու փառավորվի ամեն ժամանակ հավիտյանս հավիտենից. ամեն։

1116 (1667) թվի նոյեմբերի 14-ին չորեքշաբթի ժամը իննին Երզնկա քաղաքում երկրաշարժ եղավ։ Նախապես խոր անդունդներից դղրդոցի ձայն լսվեց, ապա հանկարծակի ակնթարթում երկրաշարժ եղավ։ Բազմաթիվ շինվածքներ, տներ, մզկիթներ, եկեղեցիներ, բաղնիքներ, իջևանատներ, քաղաքի պարիսպը և այլ կառույցներ փլվեցին, ու շատ մարդիկ սպանեցին. սրանց որբանությունը միայն աստված գիտի։

1117 (1668) թվի հունվար ամսի 4-ին սաստիկ ահավոր երկրաշարժ եղավ Ատրպատականի բոլոր սահմաններում առավոտյան մինչ հարցի ժամն էինք ասում[Ն 9] եղավ թնդյուն և սրանից հետո տեղի ունեցավ երկրաշարժը։ Երկրաշարժը այնքան ուժեղ էր, որ մինչև անգամ եկեղեցում -ախված բոլոր կանթեղներն ու ջահերը տարուբերվելով գնում֊գալիս էին, իսկ մարդկանց, որ հենվել կանգնել էին պատերին կպած, հեռու շպրտեց։ Այս երկրաշարժը եղավ Արտարիլ քաղաքում, Թավրիզում, Երևանում, Տփխիսում, Գանձակում, Շամախիում, Դամուրղափունում և սրանց բոլոր սահմաններում։ Այս երկրաշարժից Հաղպատի վանքի եկեղեցու ներսի երեսից որմնաքարերը թափվեցին, և եկեղեցին, որի անունն էր Տեսևանց՝ շինված Հաղպատի ու Սանահնի միջև, ամբողջովին փլվեց, իսկ Տփխիս քաղաքում նոր շինված մի եկեղեցու պատը և Վերին բերդի պալատը խախտվեցին։ Շամախի քաղաքը ամբողջովին հիմն ի վեր տապալվեց այնպես, որ ոչ մի շինվածք չմնաց, իսկ անթիվ մարդիկ մեռան, որոնց թիվը միայն Աստված գիտի։

Նշումներ
  1. Բնագրում հիշյալ թվերը իրար չեն բռնում. հավանաբար ՌՈԿԵ-ի փոխարեն վրիպակով տպագրված է ՌՈԿԷ [Խմբ.]:
  2. Տես Թիւք ԺԷ 5 («Եւ եղիցի մարդոյ զօր ընտրեցից գաւազան իւր ծաղկեսցի»)։ Վկայության խորանում Ահարոնի գավազանը կանաչում է, և Ահարոնը դառնում է աստծու ընտրյալը։
  3. Հրեան եկա՞վ:
  4. Քահանան եկա՞վ:
  5. Թագավորը եկա՞վ:
  6. Մարգարեն եկա՞վ:
  7. Մեսիան եկա՞վ:
  8. Յովել Բ 28։
  9. «Օրհնյալ ես, Աստուած հարցն մերոց» շարականը։