Պոեզիայի կենսունակության ակունքներում (Անդրադարձումներ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Որպես սկիզբ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ե (Պոեզիայի կենսունակության ակունքներում (Անդրադարձումներ))

Վարդան Հակոբյան

«Տաղերի» ու քնարական մյուս գործերի պատմափիլիսոփայական բովանդակությունը եւ գաղերվեստական ու լեզվաոճական առանձնահատկությունները

ՊՈԵԶԻԱՅԻ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ

ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄՆԵՐ

Ճշմարիտ պոեզիան, արվեստն ընդհանրապես, ժամանակի գեղարվեստական տարերգությունն է։ Վահագն Դավթյանի բանաստեղծությունը ներկայացնում է նրա ոգու հայրենիքը։ Այո, ամենից առաջ՝ ոգու, որովհետեւ դա է կազմում հայրենասիրության էությունը, իսկ առանց դրա չկա ու չի կարող լինել քաղաքացիականություն, ուրեմն՝ եւ մարդ։ Ահա Դավթյանի դավանանքը. «Իսկ հայրենիքի զգացողությունը պոեզիայի քաղաքացիականության հենց առաջին հատկանիշը չէ՞, արդյոք»։

Յուրաքանչյուր արվեստագետ, անկախ նրանից՝ իր ստեղծագործության մեջ օրվա թեմաներն է շոշափում, թե ձեռք է մեկնում պատմականին, նախ եւ առաջ ցույց է տալիս իր ժամանակը, ապրած օրվա դիտակետից է հայացքի մեջ առնում այս կամ այն ժամանակահատվածը, դեպքերն ու դեմքերը, բոլոր այն երեւույթները, որոնք պետք է անցկացնի իր սրտի ու մտքի պրիզմայով։

Աշխարհի ընկալման իր ուրույն ձեւն ունի Վահագն Դավթյանը, որը ոչ միայն ցույց է տալիս երեւույթը, այլեւ այն բացում-ներկայացնում է խորքից, լույսն ուժեղացնում է աչքերիդ մեջ, ինչպես ասում են՝ սրում դիտողականությունդ, ամենաանտեսանելին անգամ դարձնում տեսանելի։ Նրա քերթվածներն իրենց մեջ լույսի խորհուրդ ունեն, որով լուսավորում են ճանապարհիդ հեռուները։ Եվ սա է Դավթյանի բանաստեղծության արժեքավորման առաջին չափանիշը։

«Այն պոզիան, որ չի ազդում կյանքի վրա, պարզապես պոեզիա չէ» (Էլիոթ)։ Դավթյանի պոեզիան ոչ միայն ազդում է, այլեւ նպաստում, օգնում, մարդու հետ քայլում, մաքառում։ Հայրենականի տարիներին Դավթյանի մի ձեռքին, ինչպես ասում են, սուր էր, մի ձեռքին՝ քնար։ Եվ այդ քնարը ոչ թե իր բազմալարությամբ, այլ նաեւ լարերի բազմաձայնությամբ հնչեց այդ դաժան ու ծանր օրերին, երբ «արեգակն անգամ լացով էր ծագում», «երբ օդում սառչում էին անգամ բառերը».

Ոչ, ես չեմ կարող մոռանալ նրան,
Այն խարտիշահեր, ջահել զինվորին...
Նա ընկած էր բաց դաշտի մեջ գարնան՝
Գլուխը դրած հայրենի հողին։
Սրտին էր դիպել գնդակն արճիճե,
Ճակատի վրա դեռ քրտինք կար պաղ,
Եվ ինձ թվում էր, թե նինջն է իջել
Նրա կոպերին՝ մանկորեն խաղաղ,
Եվ ինձ թվում էր, թե նա չի մեռել,
Թե պառկել է նա ծաղկունքի մեջ սուրբ
Ու իր ականջը մայր հողին դրել,
Ինչ-որ հեռավոր քայլեր է լսում...

Զինվորի հայրենասիրությունը, անձնազոհ պայքարն ու սպասումը, նրա անհաղթելիությունը՝ անգամ մահից հետո, իր անվրեպ բառերով գրեթե տեսանելի է դարձնում բանաստեղծը։ Մի փոքրիկ բանաստեղծություն, բայց ինչպիսի՜ դրամատիզմ, որի խորությունն ավելի է ընդգծում Դավթյանը «թվում է» բառի կրկնությամբ, չէ՞ որ «մանկորեն խաղաղ» այդ մարդն, իսկապես, կարող էր եւ այդպես «ննջած» լինել, «ծաղկունքի մեջ սուրբ»։ Եվ այդ դեպքում նա կունկնդրեր՝ գլուխը հողին դրած, ոչ թե հրի ու սրի միջով մոտեցող հաղթանակի, այլ սիրածի, մոր, զավակի քայլերի ձայնը։ Գրողը ընթերցողի մեջ ատելություն է սերմանում պատերազմի հրձիգների նկատմամբ։

Սակայն, ինչ խոսք, որ Վահագն Դավթյանի պատերազմական թեմաներով գրված վաղ շրջանի գործերի պսակը նրա «Ճանապարհ սրտի միջով» պոեմն է՝ նվիրված մեր ժողովրդի հերոս զավակ Հունան Ավետիսյանին։ Պատերազմի բերած արհավիրքները, ժողովրդի խիզախությունն է ցույց տալիս բանաստեղծն իր այդ երկի մեջ։ Պոեմի ոճը թելադրվում է զինվորի գործի հերոսականությունից։

Մեծ է պոեմի ոչ միայն ճանաչողական, այլեւ դաստիարակչական նշանակությունը։ Պոետն իր հերոսի կերպարը կերտելու համար ընտրում է խիստ խարակտերային նրբերանգներ` պոեմի մեջ Հունանի հերոսականության հիմքում դնելով հայրենի հողի, հայոց աշխարհի սերը։ Իսկ դա բանաստեղծն անում է բարձր արվեստով, գտնված նոր ու չմաշված հնարքներով, բնականորեն համոզիչ ձեւով։ Ճանապարհը, սկսած «մանկության ձորից», Հունանին տանում է դեպի հերոսացում։ Բառերը բանաստեղծին հնազանդվում են խոնարհությամբ, թարմությամբ, մտքի ու զգացումի ունեցած «ամբողջ պաշարով»։

Վահագն Դավթյանի «անգերազանցելիությունը պոեմների մեջ» (Պ. Սեւակ) ավելի շատ երեւաց նրա «Ծուխ ծխանի» անզուգական գրքում, որի ամեն մի բառը, ամեն մի տողն ասես լույս են ցոլում անմարելի աստղերի պես` իրենց շուրջը փռելով խորհուրդ ու իմաստնություն։ Եվ «Ճանապարհ սրտի միջովը», լինելով դրանց արժանվույն առաջնեկը, չէր կարող զերծ լինել նման բարեմասնություններից։

Պոեմի տողերում հետաքրքիր արտացոլումներ է գտնում Դավթյանի մարդասիրությունը։ Հունան Ավետիսյանը կրծքով փակում է հրակնատը, որ փրկի խաղաղությունը, հայրենիքը։ Եվ փրկում է, գալիք սերունդներին ճանապարհ տալով «իր սրտի միջով», անմահանալով գալիք սերունդների սրտում...

Մատրոսովի հուշաղբյուրի մոտ Հունանի հուշաղբյուրն է կանգնում։ Եվ անմահների «հերոսության փառքի այդ ջինջ աղբյուրներից» ջուր են խմում «մանուկներն անթիվ»։

Պոետը իր «Զինվորը» բանաստեղծության մեջ շեշտված պարզությամբ ու խորությամբ է ներկայացնում արդեն թշնամուն ծնկի բերած մարդու հոգեբանությունը, նրա ապրումներն ու մտածումները։ Ահա.

Նա, որ անցավ բոլոր կածաններով վշտի,
Նա, որ տեսավ այնքան մահ ու անկում,
Նա, որ զսպեց հեղեղն իր ացունքի
Եվ մոռացավ անգամ, որ քնքշանք կա կյանքում,
Հիմա կանգնած վերջին խրամատի վրա՝
Շնչում է բույրն անհագ ծաղիկների, հողի
Եվ ժպտում է մաքուր արցունքների միջից
Թեթեւությամբ մանկան,
Հաղթողի սեգ փառքով
Եվ վեհությամբ պայծառ՝ արարողի։

Վահագն Դավթյանի պոետական քնարի ամենախոսուն ու հնչող լարերից մեկը բարձր քաղաքացիականության լարն է։ Պոետի խոսքը համոզիչ է, բնական, «ոչ բանաստեղծական» թեմաներն էլ նրա գրչի տակ քնարականություն են ձեռք բերում։

Անխառն զգացումներով է շնչում պոետի «Երգեր՝ գրված Վրաստանում» շարքը, որը բացվում է «Թեյ հավաքող աղջիկը» գողտրիկ բանաստեղծությամբ։ Վրացուհին ներկայանում է իր երգով, երգով է ճանաչվում։ Եվ մեզ «թեյի դաշտն է» տանում «այդ լուսավոր երգի ուղին», ու մենք տեսնում ենք սխրանքը, հաղորդակցվում խիզախությանը, քնքշությանը. «Եվ ո՞ր մուսան ունի, արդյոք, այսքան հմայք ու կախարդանք»։

Քսաներորդ դարը ատոմի դար է, դրա համար էլ այն «խռով ու ծանր է շնչում», չէ՞ որ ծանրացող ամեն մի ամպ կարող է հղի լինել վտանգներով ու սպառնալիքներով։ Սակայն բանաստեղծն իր երգում կոնտրաստային ցայտուն պատկերներով իրար մոտ է «դնում» ատոմն ու բողբոջը, եւ հաղթանակը տալիս է ոչ թե ատոմին, այլեւ բողբոջի պայթյունին։ Սա բանաստեղծական խաղ չէ, ոչ էլ գտնված միջոց՝ միտքն ավելի զուգելու համար (մի բան, որից այնքան հեռու է Դավթյանի ստեղծագործությունը), այլեւ քաղաքացու դավանանք է, դարի մարդու հավատամք, մարդ, որ հավատում ու ապավինում է «Առանց շշուկի պայթող բողբոջին»։ Եվ աշխարհի գարունացումը սկսվում է այդ բողբոջի բացվելուց, որից ավելի մեծ ու սքանչելի, ավելի գեղեցիկ հրաշք չկա ու չի կարող լինել։

Իր խոսքն ասելու համար Դավթյանը երբեք չի դիմում մաշված բառերի ու պատկերների, նրա տողը յուրովի ու թարմ է։ Նա ընթերցողի համար միանգամայն անսպասելի դիտանկյունից է բացում երեւույթի ներսը՝ բնությունից գալով դեպի ինքն իրեն, դեպի մարդը, որի հայրենասիրությունն անպայման զուգակցվում է ժամանակի համար ու ժամանակի առաջ պատասխանատվությամբ, որի համար մարդասիրությունը միայն գրական թեմա չէ, այլեւ էություն ու սկզբունք, սեր, նպատակ ու գոյություն։

Պոետի սիրտը լի է աշխարհի բոլոր գույներով, ինչպես ինքն է խոստովանում իր «Ու ցավում ես, սիրտ» բանաստեղծության մեջ, բոլոր ձայներով, ծիածաններով, աշխարհի լավով ու ցավով։

Կարդալով Դավթյանի ստեղծագործություններն, ասես, շոշափում ես ժամանակի զարկերակը։ Ավելին, նրա բանաստեղծությունը մի ամբողջ սերնդի կենսագրություն է ներկայացնում, կենսագրություն, որ գրվել է արյամբ, գրվել է դժվար մաքառումներով, որովհետեւ այդ սերնդին կյանքը «չի տրվել իբրեւ շռայլ վայելք», որովհետեւ այդ սերունդը «դեռ չնայած սիրո զուլալ աչքերի մեջ» դավադիր մահի աչքերին է նայել.

Մենք դեռ տասնութամյա - մեր ուսերին, սակայն,
Ծանր բախտն ենք կրել ծանր հողագնդի։

Դավթյանի բանաստեղծական աշխարհի ամենաբնորոշ հատկանիշներից մեկն էլ զգացումների նրբությունն է։ Նրա ամեն մի տող, ամեն մի բանաստեղծություն սրտի պես բաբախում է։

Սակայն որո՞նք են Դավթյանի պոեզիայի կենսունակության աղբյուրները, ի՞նչ ակունքներից են բխում դրանք։ Առաջադրված այս հարցերի պատասխանը կարելի է գտնել Դավթյանի բոլոր հաջողված գործերում, որոնք ապրում են լիարժեք կյանքով, իրենց մեջ ամփոփած այն երազանքները, նպատակներն ու խոհերը, որոնցով շնչում է հայ ժողովուրդը։ Բարձր քաղաքացիականությունից է բխում դավթյանական պոեզիայի կենսունակությունը։ Իսկ դրա ակունքը պետք է փնտրել ժողովրդի մեջ, նրա մտածողության, բանահյուսության մեջ։ Հենց այս առումով էլ ավելի հատկանշական են նրա էպիկական շնչով գրված պոեմները, որոնց մեջ Դավթյանի բանաստեղծական տաղանդի առանձնահատկությունների դրսեւորման համար հնարավորություններն անհամեմատ մեծ են։ Բյուրեղացումը եւ զգացմունքի խորությունը, պատկերի եւ մտքի դինամիզմը նրան տանում են դեպի ժողովրդայնություն, ցույց տալով մի պարզ ճշմարտություն, այն, որ Դավթյանը մեր նորօրյա պոեզիայում հանդիսանում է ոչ միայն Թումանյանական լավագույն ավանդույթների շարունակողներից, այլ՝ ավելին, դրանք զարգացնող-հարստացնողներից մեկը։ Դավթյանի պոեզիային բնորոշ է նաեւ այն, որ նրա բարձր քաղաքացիականությունը արտահայտվում է «գրչի տակից դուրս եկած», ինչպես ասում են, ցանկացածդ բանաստեղծության մեջ։ Իսկ դա խոսում է նրա հայրենասիրական քնարերգության արմատների խորության մասին, մտքերի բնականության ու անմիջականության մասին։ Եվ միանգամայն իրավացի է Հրանտ Թամրազյանը, երբ նշում է, որ Վահագն Դավթյանի քաղաքացիական լիրիկան ունի իսկական արվեստի որակ։

Պոետի քաղաքացիական լիրիկայի լավագույն նմուշներից է «Հուշ» բանաստեղծությունը, որտեղ հոգեբանական դրամայի խորությունը, հիրավի, սահմաններ չի ճանաչում եւ իր մեջ ներհյուսում է մտքի նպատակասլացությունն ու տրամադրությունների խորությունը։ Անցած մեծ ու հերոսական ճանապարհի դժվարին մի հատված է ներկայացվում այդ ապրումներով հագեցված բանաստեղծության մեջ, որի քնարական հերոսի կրծքի տակ, սրտի մի անկյունում ապրում է հուշը։ Հուշ, որ տվյալ դեպքում հանդես է գալիս արդեն որպես լավի ու գեղեցիկի համար մարտնչող մարտիկ։ Բանաստեղծը ցույց է տալիս ավերված մի քաղաք, մի տխուր այգի, այգու մեջ՝ «հրաշքով փրկված մի մանկան արձան», որը մերկ էր, ձյուների մեջ սարսռում էր ասես.

Ու ես ուզեցի Շինելս հանել, Փաթաթել նրան Ու ինձ հետ տանել։

Ծավալով փոքրիկ ու խորքով մեծ այս բանաստեղծությունը ոչ միայն իր մեջ «հոգեբանական դրամա» է պարունակում, այլեւ հանդիսանում է անսքող մարդասիրության ու հայրենասիրության լավագույն արտահայտություն։ Այստեղ տողերի ենթատեքստում հստակորեն առաջին պլան է մղվում եւ շեշտվում խաղաղության գաղափարը, իսկ դա հնարավոր է դառնում միայն մարդու հանդեպ մեծ սիրո միջոցով, հավատի ու նպատակների միասնականության միջոցով։ Բանաստեղծն այս ամենն ասում է առանց դրանց մասին խոսելու, պարզապես նա կարմիրի հանդեպ այնպիսի սիրով է արտահայտվում, ինչպես Համո Սահյանը կասեր, որ զգացվում է ատելությունը սեւի նկատմամբ։ Եվ սա է արվեստագետի վարպետության ամեաառաջին պայմաններից մեկը, որին Վահագն Դավթյանը այնքան լավ է տիրապետում։ Նրա տողերը կյանքի կենդանի ու միշտ կենսունակ թրթիռներ են, որոնք հուզական են այնքա՜ն ու տրամաբանորեն գեղեցիկ։ Նրա երգերում «երգում են կապույտն ու լույսը»։

Դավթյանի պոեզիան «ոտից գլուխ կապույտ հագած, ամառային այն արշալույսն է, որ «քայլ է առնում ճամփաներով եւ բաժանում լույսն իբրեւ հաց, դառնալով բարության ու բերրիության մարմնացում, խտացնելով ապրումների ու երազանքների գեղեցկությունը, չխամրող գույներով ներկայացնելով ժամանակի կենդանի դիմանկարը։ Ատոմի «ահեղ դարում» նրա բանաստեղծությունները ներկան ու ապագան իրար կապող միևմի կամուրջներ են, լուսե կամուրջներ։ Այդ երգերի քնարական հերոսը զրուցում է բողբոջների ու ծաղիկների, բարդիների ու դրանց սաղարթներն ի վար ծորացող աստղերի, կապույտի ու լույսի լեզվով եւ պատգամում է՝ ապրել այնպես, որ հեռախոսի մի փոքրիկ զանգից, մարդկային մի «բարի լույսից» անգամ հոգի պայծառանա, սերը դառնա աշխարհներ լուսավորող անմարելի արեւ.

Այսօր առավոտ զանգ տվեց նա ինձ.
-Բարի լույս,- ասաց։
Եվ իմ սենյակում, ուր լույս էր արդեն,
Լույսի տոն եղավ
Ու եղավ լույսի արարողություն։
                        («Կարմիրն ու սեւը»)

Վահագն Դավթյանի բանաստեղծական մտածողության արմատները, անշուշտ, ժողովրդական հարուստ բանահյուսության մեջ են։ Այդպես է, բոլոր ճշմարիտ արվեստագետների գործերը սնվում են ժողովրդական պարզկա ակունքներից։

Բանաստեղծը որքան մոտենում է ժողովրդական մտածողության ակունքներին, նրա երգը այնքան խորություն է ձեռք բերում։ Դրա վկայություններից մեկն է «Ամռան գիշեր» բանաստեղծությունը։ Ահա.

Քո ձեռքով պաղ ջրիկ տուր ինձ,
Ծարավ եմ, սրտիկս է մարում։

Կամ՝

Ծառերը ծիծաղում մանրիկ, Խփում են լուսնյակի լարին, Առվակը աստղեր է առել, Զնգոցով զարկում է քարին, Հայրենը տանիքից տանիք Շշուկ ու ծիծաղ է տանում, Տանում է, լույսի պես փռում Հանդերին, լանջերին, սարին։ -Երդիկից կհանեմ քեզ դուրս Ու բարձրիկ լեռներս կելնեմ, Վախվորած տատրակի նման Քեզ կառնեմ ձեռներս, կելնեմ։ Խոցոտ է, ախ, շատ է խոցոտ Սրտիկը սիրուտեր մարդու, Ով էլ գա ու դեմս ելնի, Իմանամ մեռնելս, կելնեմ։

Վահագն Դավթյանն այն բանաստեղծն է, որի երգից կարելի է ճանաչել նրա հայրենիքը, ասել է թե՝ նրա «երգը իր երկրից է աճում» (Ե. Չարենց)։ Հենց դրա մեջ պետք է փնտրել Դավթյանի ստեղծագործություններին առանձնահատուկ ակտիվ կենսունակությունը։

«Ամեն մի նոր բանաստեղծ, շարունակելով նախորդներին, նույն ժամանակ իր ողջ ստեղծագործությամբ «շեղվում» է այդ ճանապարհից, լայնացնում հունը, նվաճում մինչ այդ անհայտ մի աշխարհ»,- խոսելով Չարենցի մասին` գրում է Հր. Թամրազյանը11։

Դավթյանի նվաճած աշխարհի նկարագրում կարոտը կարեւոր տեղ է գրավում։ Սա արդեն այն կարոտն է, որ դարձել է հայի արյան բաղադրամասը, զգացում, որ ազգային բանաստեղծության հենքում միշտ առկա է՝ բանաստեղծից անկախ։

Դավթյանի համար կարոտը նախ անկումների չափման միջոց է, ինչպես ինքն է խոստովանում «Կարոտ» բանաստեղծության մեջ։ Ավելին, կարոտը նրա համար եւ այն ծաղիկն է, «որ գույն ունի կրակի։ Եվ հուրհուրում է հանկարծ հրաբուխի շուրթերին»։

Զգացումների թեժությունից շիկանում է պոետի տողը։

Կարոտը «քարի մեջ նիրհող» մի փունջ է դարավոր, որ հանկարծ արթնանում է ու զրնգում Գեղարդում։ Այն ձայն եւ ճշմարտություն է՝ տրված բանաստեղծին.

Ամեն ինչից ավելի դու տրվեցիր ինձ կյանքում,
Դու արյան հետ տրվեցիր, արյան պես...
Դու տրվեցիր որպես ձայն ու տրվեցիր որպես գույն,
Որպես կապույտ տրվեցիր, որ անկումներն իմ չափես։

Դավթյանի կարոտը ներկայացնում է մի ուրույն աշխարհ։

Ավելին, այն ժողովուրդ ու պատմություն է ներկայացնում։

Այդքանով էլ ազգային ու համամարդկային է։

Դավթյանական կարոտի ամեն մի կաթիլի մեջ արտացոլվում են նրա պոեզիայի ամբողջական գեղեցկությունները, հմայքը, խորհուրդները՝ շաղախված պատմության կենսափիլիսոփայությամբ։ Բանաստեղծի քնարական հերոսը որքան զգայուն ու հայրենասեր, նույնքան էլ հեռատես է։ Նրա ապրումները խորն են. ամենուրեք խոսում է այն մարդը, որ ոչ միայն հող է կորցրել, այլեւ ծննդավայր, մանկություն, այն մարդը, որ հայրենական քարի մեջ անգամ տեսնում է ոգեղենություն։ Ու սիրում ես նրա հոգու ընդվզումները, նրա խռովքը, ամենաուրախ պահին անգամ արձակած այն հառաչը, որ ետադարձ սլաքներ ունի.

Ախ, այս քարերը,
Ծանր քարերը...

Ամռան արեւից շիկացել, կիզվել,
Մի կաթիլ ջրի տենչից այրվել են,
Սառնամանիքից ճաքճքել, կիսվել
Ձյունամրրիկից հողմահարվել են։

Ախ, այն քարերը,
Համր քարերը...

Ես հեռու-հեռվից լսում եմ ասես
Նրանց հառաչն ու ցավի քրքիջը...
Ինչ ահավոր է
Համրերի ճիչը...

Բանաստեղծը հոգով կապված է ծննդավայրի ամեն մի քարի հետ։ Քարը նրա համար շունչ է, կյանք, որ կարող է կիզվել, կիսվել, հառաչել ու անլուր ցավից քրքջալ։ Նա իր շիկացած ապրումները հաղորդում է քարերին, ստեղծում սիրո եւ կարոտի փոխադարձության այնպիսի մի հարաբերություն, որտեղ ոչ միայն ասված բառերը, այլ լռությունն անգամ դառնում է խոսուն ու հնչեղ։ Հասկանալի է, թե խոսքը որ քարերի մասին է, հետեւապես եւ պարզ է դառնում նրանց «համրության» պատճառը։

Հայաստանը քարաշատ երկիր է։ Եվ այդ երկրի արժանի որդու գրիչը չէր կարող չերգել այդ քարերը, նրանց գեղեցկությունը, նրանց ոգեղենությունը։ Չէ՞ որ քարն այս դեպքում արդեն դադարում է քար լինելուց, դառնում է Զվարթնոց ու Գեղարդ, կոթող եւ աղբյուր, նուռ ու քանդակ, սեր ու երազանքների մարմնավորում, դառնում է հայրենիք։ Ու քարերի հետ ունեցած ներքին հոգեհարազատության առումով Դավթյանը Սահյանի հետ կանգնած է գրեթե նույն զուգահեռականի վրա. «Ու կապված է սիրտս շան պես նրա ամեն քարին»...

Սակայն «քարի թեմային» մեկ այլ տեսանկյունից է մոտենում Դավթյանը «Լեռներն ի վար» ութնյակում, որի շուրջ գրականագիտական քիչ վեճեր չեն եղել.

Լեռներդ ի վար քարե հեղեղ,
Քարե հեղեղ ձորերդ ի վար,
Վիշտն էլ սրտիդ քար է եղել,
Քարերի մեջ՝ ծանր մի քար։
Ծանրության տակ այդքան քարի,
Ծանրության տակ այդքան չարի,
Ինչպե՞ս է որ, իմ Հայաստան,
Չի քարացել սիրտդ բարի։

Մի փոքրիկ ութնյակի մեջ գրեթե խտացված է մի ամբողջ ժողովրդի պատմություն։ Քարերի հեղեղը սիմվոլիկ իմաստ է առնում. «Վիշտդ էլ սրտիդ քար է եղել» տողով... Ուրեմն, եթե վիշտն էլ քար է, ապա նշանակում է քարերը կրկնակի քար են եղել Հայաստանի սրտին, մանավանդ քարության մեջ բանաստեղծը ամբողջականացնում է նաեւ ժողովրդի տեսած արհավիրքները։ Բանաստեղծության ամեն մի տողը թաթախված է հույզի, ափսոսանքի, ցավի ու բերկրանքի շաղախի մեջ։ Ընդամենը ութ տող եւ հուզական մտքի այդքան մեծ լարում։

Ժողովրդի պատմության այս կամ այն դրվագների անդրադարձումները կան Վահագն Դավթյանի գրեթե բոլոր ստեղծագործություններում։ Պատմության «մատը խառն» է անգամ նրա սիրային երգերի մեջ, իհարկե՝ ամենատարբեր ու բազմազան դրսեւորումների մեջ.

Քո աչքերը ասես սեպագրեր էին,
Անմեկնելի, խրթին սեպագրեր,
Որ հայացքիս հանդեպ լռել էին,
Իրենց առեղծվածով այդպես լռել։

Ուրիշ կերպ լինել չէր կարող։ Պատմությունը ժողովրդի արյան, էության մեջ է արդեն։ Իսկ ժողովրդական բանաստեղծի երգը չի կարող չլինել այդ արյան ճշմարիտ կանչը, այդ արյան խորհուրդը, որ միաժամանակ «խորհուրդն է պատմության»։

Բանաստեղծը, դիմելով հայրենի հողին, ասում է. «Նահատակներիդ սրբության վրա ծխացող խունկի Հին տառապանքը, այս հին մխանքը տվեցիր դու ինձ»։ Եվ ոչ միայն դա, նա ժառանգեց «հողերի հետ պատառոտվելու ու ծվատվելու» տվայտանքը, «լուսնյակի տակ տխրորեն թեւող անտունիների, բեկված խաչքարի, փլված կամարի, խախտած սյուների, «ծաղկի վրա ձյուների» թախծությունն ու խստությունը, այդ ամենի հետ եւ այդ ամենից շատ նաեւ՝ «Արշալույսի դեմ ծունկ չոքելու եւ հավատալու» տառապագին հարստությունը («Հարստություն»)։ Սա միայն բանաստեղծություն չէ, իհարկե, այլ նաեւ կենսագրություն է ու հիշողություն։

Հավատ է, մեծ հավատ։

Բանաստեղծը հավատում է իր ժողովրդի պայծառ ապագային։

Դա այն ժողովուրդն է, որ «դարեր ի վեր» քարեր է ձեւել ու «պեղել ժայռեր», «քարի քար խղճից հանել» բարին, ազնվությունը խաչքարին տվել, կոթողներով, մատյաններով ու «սիրո տողերով, գողթան երգերով, խորունկ վերքերով ու խոյանքներով լույս հանճարի», կանգնել է անվեհեր չարության ու բռնության դեմ, սրի ու հրի դեմ («Հավատում եմ քեզ»)։

Հավատում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ,
Քեզ, իմ տառապանք, իմ խորին խորհուրդ,
Քեզ, որ Դեր-Զորի խորշակով կիզված,
Եվ այդպես ցրիվ, եւ այդպես կիսված,
Ապրեցիր նորից, նորից տեւեցիր,
Դեպի երազդ նորից թեւեցիր,
Հավատում եմ քեզ, քո արմատներին,
Քո հոգու թաքուն խորխորատներին,
Բիրտ ու բարբարոս քո կարծրությանը,
Խոնարհ ու փխրուն քո թախծությանը,
Քո հին արյանը, քո արյան կանչին,
Քո հզոր լեզվին՝ մեծասքանչին,
Քո մաքուր գինուն, քո արդար հացին,
Հարատեւության քո առեղծվածին...

Ինչպես տեսնում ենք, բանաստեղծը ոչ միայն անդրադառնում է իր բանաստեղծություններում պատմական թեմատիկային, այլ որպես գեղագետ աճել-արմատավորվել-զորացել է հենց այդ պատմության հողի վրա։

Դավթյանը ձուլված է իր ժողովրդի խոյանքներին, հողի «արարման հրաշքին»։ Եվ միանգամայն հավաստի է նրա խոստովանությունը. «Երբ կարոտել եմ խոյանքի՝ Արարատիդ եմ նայել, լույսերի մեջ հավերժացող բաց ճակատիդ եմ ես նայել»։ Բանաստեղծության մեջ հավատավոր մարդը մեծ կենսափորձի անունից է խոսում. նա ունի իր համոզմունքները, ճշգրտված աշխարհայացքը («Երբ կարոտել եմ խոյանքի»)։ Այստեղ Արարատ, Զվարթնոց ու Հաղպատ բառերը զուտ աշխարհագրական անուններ չեն, նրանք ներկայացնում են ազգային բնավորություն, ոչ մեկ անհատի, այլեւ ժողովրդի խարակտերային շատ գծեր ու ընդհանրություններ։ Ուշադրություն դարձնենք բանաստեղծի խոսքի ներքին շարժումներին, դինամիկային։

Եվ սակայն կարծր ես դու եղել բիրտ սրի դեմ, նիզակի,
Որձաքարե հիմունքներիդ, սյուն ու պատիդ են նայել։

«Որձաքարի» մեջ Դավթյանը խտացնում է տոկունություն ու կամք, ուժ եւ գեղեցկություն։ Եթե նա այդ ամենը «դժվարությամբ» չէ ներամփոփում որձաքարի մեջ, մանավանդ՝ ուժը, ապա ծիրանու մեջ դրանք բովանդակելն այնքան էլ դյուրին չէ։ Սակայն այդ «ոչ դյուրինությունն» էլ գեղեցիկ ձեւով է հաղթահարել բանաստեղծը.

«Սառն ու ահեղ հողմերի դեմ պտղավորված դու ծիրանի...»։ Հուզական մեծ լիցքեր է պարունակում Վահագն Դավթյանի «Հայոց լեզու» բանաստեղծությունը, որը, անսխալորեն, կարելի է համարել այդ թեմայով գրված հայ պոեզիայի լավագույն նմուշներից մեկը։ Բանաստեղծական գեղեցիկ միջոցի է դիմել հեղինակը այս ստեղծագործության մեջ։ Նա ոգու նյութ է դարձրել հող, մայր, սեր, արյուն, ցորյան, ողկույզ, հավատ եւ երդում բառերը եւ յուրօրինակ ձեւով դրանցից յուրաքանչյուրի մեջ հայտնաբերել իր աշխարհը, իր Հայաստանը, իր լեզուն, մեր սուրբ մայրենին.

Քանի գնում, այնքան քաղցրանում ես քիմքիս,
Հին գինի ես դառնում, արշալույսի տաք հաց...
Իմ մայրենի բարբառ՝ որձաքարը հիմքիս,
Դու սրբազան իմ հող, ակոս իմ բաց...
«Հող» եմ ասում ահա, եւ դու մխում ես լուռ,
Եվ մխանքից քո տաք նախնյաց հոտ է գալիս,
Եվ մխում են նորից սպիներդ տխուր,
Եվ մխում է ցավը կորուսյալի։

Հայոց լեզուն ներկայացվում է որպես հող ու մայր, որպես սեր ու արյուն, որպես ցորյան ու ողկույզ, որպես հավատ ու երդում։ Ամեն մի բառ մի խորհրդանիշ է դառնում, արտացոլելով պատմական որոշակի ժամանակաշրջան եւ... հավերժություն։

Ժողովրդի լեզվի հավերժություն։

Այդպես, մի քանի տողում բանաստեղծը վարպետորեն է «տեղադրում» եւ պատմությունը, եւ նրա խորհուրդը։ Ահա մեծարժեք բանաստեղծության քառատողերից մեկը.

Ես «Արյուն» եմ ասում, եւ դու այրվում ես հիմի,
Բոցկլտում ես հեռու մուժից նախնադարյան,
Զոհասեղան դառնում Ավարայրում կարմիր,
Խենթ ոգի ես դառնում, երդում «հարյավ»...

Բանաստեղծը լեզվի մաքրության, «շիկացած հնչյունների» ուժի մեջ է տեսնում ժողովրդի հարատեւության գաղտնիքը, տեսնում է հողի ու սիրո դաշնության, ազնիվ արյան կանչի ու հավատի մեջ։ Եվ եթե հայրենիքը նկարագրելիս, աշխարհագրական առումով, նա դիմում է քարին ու ժայռին, ապա այս դեպքում՝ ոգու հայրենիքը ներկայացնելիս, ինչպես ասում են, դիմում է հավատին, սիրուն, երդմանը, լույսին ու բարությանը...

Ստեղծագործական իր այս ըմբռնումով ու աշխարհայեցողությամբ էլ Դավթյանը շարունակում է դավանել մեր դասականների սկզբունքին, ամենից շատ՝ Դեմիրճյանի, որի մասին Ս. Աղաբաբյանի ասած խոսքերը հիմնավորապես կարող են վերաբերվել եւ ժողովրդի կյանքին ու պատմությանն այնքան շատ դիմող Դավթյանին. «Հող, հատիկ, հաց, սրանք, Դեմիրճյանի ըմբռնումով, կենցաղային սովորական հասկացություններ չեն, այլ մարդու բարոյական որակը, կեցության դաշնությունը, զարգացման լրիվությունը սահմանող չափ ու չափանիշներ են։

Հասկացությունների այդ շղթան կրում է Դեմիրճյանի փիլիսոփայական սուզումների ծանրությունը։ Դա մի ամբողջական աշխարհայացք է, որի ծայրերը պատմական հեռավորությունից ձգվում են մինչեւ ժամանակակից կյանքի Սկզբները։

...Հողից դեպի հատիկ, հատիկից դեպի հաց ձգվող տարածությունը ժողովրդական աշխարհի «տիեզերքն է», «հող հայրենիի ամրության, հետեւաբար նաեւ կյանքային դաշնության գործարար սկզբունքը»։

Դավթյանի նկարագրած քարե արծիվն անգամ թեւերը բացում ու թռչում է։

Նրա երգած արծիվն ասես ավելի արծիվ է, քան արծիվը։ Այդ է վկայում եւ պոեմի «Զվարթնոցի արծիվը», որի մեջ Դավթյանը մարմնավորել է ժողովրդի անպարտելիության ոգին։

Այդ արծիվը յուրաքանչյուր հայ հոգու եւ սրտի մեջ է։

Դա արծիվ չէ, դա մաքառում է եւ հարատեւություն։

Դարեր ու դարեր
Թեւեր բացած
Նա դեպի վերին
Երազն է միտել,
Փետուրների մեջ
Դեռ հողմ կա ու կայծ
Ու կեռ կտուցին՝
Շանթի շեկ մի թել...

Մայր ժողովրդի պատմության լույսի տակ նոր իմաստով է բացվում «Մորս հիշատակին» երկու մասից բաղկացած բանաստեղծությունը, որը թեմատիկ առումով, նոր երանգներ է ավելացնում բանաստեղծի պոեզիային։

Մայրական սիրո գեղեցիկ ու անթառամ էջերով է հարուստ հայ գրականությունը, մանավանդ՝ քնարերգությունը։ Սմբատ Շահազիզի «Երազ» բանաստեղծությունն արեւային ճառագայթներ ունի ժամանակների մեջ։ Եվ այդ ճառագայթների լույսի տակ սերվել են մայրական սիրո մասին խոսող շատ ու շատ երգեր։

Իսահակյանի մայրական թեմայով գրված բանաստեղծությունները նաեւ գեղարվեստական բարձր որակ բերեցին մեր պոեզիային։ Վարպետի ավանդույթները շարունակեց, զարգացրեց ու խորացրեց Հովհաննես Շիրազը, որի «Հուշարձան մայրիկիս» գիրքը, ամբողջության մեջ, դարձավ համաշխարհային մայրերգության նվաճումներից մեկը։

Մայրական սիրո մոտիվները միանգամայն ուրիշ գույներով են հնչում Դավթյանի մոտ։ Բանաստեղծության մեջ օգտագործվող նովելային տարրերը խորացնում են մոր կերպարը, այն դարձնում կոլորիտային ու ավելի հարուստ։ Մայրը հանդես է գալիս մայր հողի, հայրենիքի հետ միաձույլ, մի ընդհանուր ներդաշնակության մեջ։ Մայրը բանաստեղծի համար աշխարհի ամենաբարի ու ամենատառապած էակն է։ Եվ բացի դա, նա ներկայացնում է մայր ժողովուրդ. «Երեկ կանչեցիր, որ նստեմ կողքիդ ու Նարեկ կարդամ...»։ Բնական է ու օրինաչափ, երբ բանաստեղծը մոր ճակատին տեսնում է այն «լույսը արդար, որ տեսել է լոկ վանքերում մեր սուրբ»։

Ու երբ մեր շեմքին կանգ առնի հանկարծ վիշտ մի անանուն,
Ով պիտի դեմը մեր դուռը, սիրտը, մեր խիղճը բանա...
Մարում ես, մայրիկ... Լսո՞ւմ ես, սակայն, այդ ի՞նչ ես անում
Ես՝ ոչինչ, Խիղճը պիտի որբանա...

Բանաստեղծը զրուցում է մոր հետ, բացում է իր սիրտը նրան։ Ու մոր տառապանքը փոխվում է մի թեթեւ, ներող մի լույսի, եւ նրա դեմքին ցոլում է պայծառ։ Բանաստեղծի եզրահանգումներով ավելի է իմաստնանում երգը։ Մոր մահից հետո որդին հարցնում է ինքն իրեն՝ ինչ քնքշանքներ կարող էր տալ, որ չի տվել մորը... Եվ տալիքը ահա տալիս է մայր հող դարձած մորը...

Մայր, հող ես դառնում... Ու ես քնքշանքս հողին պիտի տամ,
Մայր, հող ես դառնում... Պիտի քնքշանքս ստանամ հողից...

Խիստ հուզական են նաեւ Մուշեղ Գալշոյանին նվիրված «Ուր ես գնում», «Սերգեյ Եսենին», «Կա մի հայ աղջիկ» բանաստեղծությունները։

Երիտասարդ արձակագրի ողբերգական մահը ցնցել է այդպիսի քանի-քանի տաղանդների ջահել հասակում կորցրած հայ ժողովրդին, վերքի մրմուռներից է խոսեցրել ժողովրդի բանաստեղծին։ Ու նա իր վիշտը, ժողովրդի ցավը հաղորդել է բառերին։ Որքան պատկերավոր է գրում բանաստեղծը։

Այդ առավոտ Սասնա սարում,
Մի աստղ ընկավ հանգած,
Լացն իր լացեց մի ջինջ աղբյուր
Ու չորացավ հանկարծ։

Դավթյանի ծննդավայրի կորուստների ողբերգական պատմությունը նորովի է երեւում Ս. Եսենինին նվիրված բանաստեղծության մեջ։ Ու կա՞ ավելի մեծ փառք, քան այն, երբ զոհված բանաստեղծի շիրիմին դնում են նրա երգած ու նրա ծննդավայրից բերած ծաղիկը... Եվ, անկասկած, հասկանալի է դառնում մեզ Դավթյանի հարցումը. «...Ու ես չգիտեմ, ինչու է հանկարծ արթնանում ցավն իմ ծննդավայրի»։ Սակայն հայ մարդու հոգին միայն կորուստների ցավից չէ, որ կիզվում է։ Կա՞ ավելի ահավոր ցավ. այն, որ կորսվել է ոչ միայն ծննդավայրում, այլ նաեւ հայրենիքում լինելու հնարքը։ Ահա «Կա մի հայ աղջիկ» բանաստեղծությունը, որտեղ բանաստեղծը խոսք է ասում ոչ միայն տաղանդաշատ բանաստեղծուհի Ալիսա Կիրակոսյանի, այլեւ ժողովրդի բոլոր այն զավակների մասին, որոնց մշտապես վառում է մայր հայրենիքի կարոտը, որոնք դեռ չեն վերադարձել եղեռնի դժնի օրերից սկիզբ առած ճանապարհներից։ Եվ հեռավոր Բուենոս-Այրես քաղաքում ապրող հայ աղջիկը օտարության մեջ ինչքան էլ որոնի «դեմքն իր մանկության», մեկ է, չի գտնի... Մինչդեռ նրա հայրենիքում, «ամեն մի թփի տակ ցողի, ճաճանչի, թարմ խոտի տեսքով մանկություններ են անփույթ թափթփված»։

Հայ աղջիկը օտար մայթերով անցնում է որպես «արյան աղերսանք ու հիշողություն»։ Եվ որովհետեւ այդ աղջիկը հայրենիքից հեռու չի գտնում իր սկիզբը, արմատն ու էությունը, բացում է «աստծո տան դուռը», որ խոսք ասի աստծուն։

Եվ այդ զրույցը գանգատ է ու քեն, Եվ այդ զրույցը՝ հնամյա արյան ծնկաչոք աղերս, Եվ այդ զրույցը՝ Գեղարդա վանքի կամարների տակ Դարեր տվայտող նույն պաղատաքը, Հրե արցունքով լացող նույն մոմը, Բեկված խաչքարի նույն տխրությունը Եվ Արտամետի հին խնձորենու ծաղկաթերթերի Նույն սուգն սպիտակ...

Զրուցում է աստծո հետ եւ, սակայն, նորից անպատասխան քայլում Բուենոս-Այրես քաղաքի մայթերով. «Ու չի հասկանում, թե այդ ինչպես է աշխարհում եղել, որ ինքն իրենից զատել են այնպես եւ օվկիանոսներ դրել արանքում»։

Դավթյանը եթե Եսենինի շիրիմին դրված ծաղկի մեջ մխիթարություն է տեսնում, ապա ի՞նչ պիտի ասել Չարենցի շիրիմի մասին։ Եվ դրանից ավելի է խտանում թախիծը, որովհետեւ երկու մեծ բանաստեղծներն էլ ժամանակների զոհեր են, սրբազան նահատակներ։ Եվ Դավթյանի ձայնը դողոցքի պես այրում է. «Մի գանգրահեր տղա շիրիմների մեջ հին քո շիրիմն է փնտրում ու չի գտնում սակայն...»։

Սա միայն Չարենցի մասին չէ, ոչ։ Անթիվ են զոհվածներն անշիրիմ։ Եվ մնում է մտածել միայն, ինչպես Գ. Էմինն է ասում Աբովյանի մասին, որ նրանք չեն մեռել, որ նրանք դեռ կենդանի են, ապրում են ու կան...

Չարենցը անմեռ է...

Եվ պատահական չէ, որ նրան նվիրված երգով Դավթյանը ոչ միայն մեծ բանաստեղծի գովքն է երգում ու անմահությունը, այլ միաժամանակ ժողովրդի պատմության քառուղիներին է հայացք ձգում։ Ցավի մրմուռով է ներկայացնում Չարենցի կյանքի ողբերգությունը։ Ու բնական է, որ Գարսիա Լորկայի մեջ էլ նա հարազատության երանգներ է տեսնում. նա էլ Չարենցի պես զոհվեց, նրան էլ մարդկության թշնամիները մի խավար գիշերի մեջ անհետացրին։ Ու հազար անգամ ճշմարտացի է Դավթյանը, երբ գրում է «Գարսիա Լորկայի հետ» բանաստեղծության մեջ.

Բանաստեղծների
Սիրտը երեւի
Լույսով է հունցել
Երկնային տերը...
Սեւ խավարի մեջ
Գնդակները սեւ
Ինչ հեշտ են գտնում
Նրանց սրտերը...

Այս տողերի մեջ մեկ ժողովրդի ճակտագիր չէ, որ խոսում է։

Դավթյանի այս կարգի գործերում առանձնանում է «Գուրգեն Մահարու հետ» բանաստեղծությունը։ Այստեղ էլ նա առիթը բաց չի թողնում հիշելու կորած Վանը, սակայն ոչ որպես աշխարհագրական անուն, այլ որպես կարոտի ու էության հայրենիք, որպես... դրախտ։

Մեր ժողովրդի պատմության ողբերգական դրվագների անդրադարձները կան այդ երգի մեջ, որտեղ «Գուրգեն խանը» հանդիպում է Չարենցի ու Բակունցի հետ։ Տողից տող հյուսվում է նաեւ հայ ժողովրդի այդ երեք մեծերի ապրած դառն օրերի դաժան պատմությունը։

Վահագն Դավթյանի քնարական փոքրակտավ գործերի պսակը, անշուշտ, «Երբ վերջին անգամ», հիրավի, հրաշալի բանաստեղծությունն է.

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ,
Եվ հայացքիս դեմ թրթռա վերջին ճառագայթը ջինջ,
Կոպերիս տակով մի վերջին անգամ կվազի, գիտեմ,
Մի ոտաբոբիկ, բարակ մի աղջիկ։

Նա, որ աչքերի առեղծվածներում լույս ուներ ու սեւ,
Նա, որ անմեղ էր եւ անմեղորեն չար ու մեղսական,
Նա, որի հետքով պատանությունս վազեց հեւիհեւ,
Վազեց կարոտով, չհասավ սակայն...

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ
Ու երբ ճակատիս թրթռա շունչը ուրիշ մի հովի,
Իմ կոպերի տակ մի վերջին անգամ կփռվի, գիտեմ,
Մի արեւավոր, հեռավոր հովիտ։

Կխշշա խաղաղ ոսկե մի գետակ ու բարդի մի զով,
Կթախծի լռին կտուրն արեւոտ տունն իմ հայրական,
Հեռու մի հովիտ, ուր կարոտներիս արահետներով
Քայլեցի անվերջ, չհասա սակայն...

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ,
Ու փռվի իմ դեմ անհուն լռության ուրիշ մի եզերք,
Ծարավից ճաքած շուրթերիս վրա կդողա, գիտեմ,
Մի զարմանալի, պարզ ու տաք մի երգ։

Երգ, որ անբառ է իբրեւ թախծություն ու իբրեւ հառաչ,
Երգ, որ անհուն է, անմեկնելի ու անեզրական,
Երգ, որ ողջ կյանքում իմ շրթունքների կարոտին թառած,
Թրթռաց, դողաց, չծնվեց սակայն...

Սա, արդյոք, հենց այդ երգը չէ՞, զարմանալի պարզ ու տաք, անբառ ու անմեկնելի... Դավթյանի՝ աշխարհին հառած փիլիսոփայական հայացքն այստեղ ավելի խորն է ու խոհով ծանրաբեռ։ Բանաստեղծի կյանքի վերջին պահն անգամ, ինչպես նշված է բանաստեղծության մեջ, լի է կարոտով. «Իմ կոպերի տակ մի վերջին անգամ կփռվի, գիտեմ, մի արեւավոր, հեռավոր հովիտ»։

Բանաստեղծի սերն ու ծննդավայրը հանդես են գալիս մի մեծ, անհուն սիրո մեջ, միասնական։

Դավթյանի պոեզիայի մասին դիպուկ է ասել Սուրեն Աղաբաբյանը. «Դավթյանի պատկերային ճկուն շրջապտույտները բառացիորեն ողողված են հայոց պատմության, բնության, ճակատագրի ու հոգեբանության մասունքներով, մանավանդ՝ գունային զուգահեռներով ու գունային պայթյուններով.

Կանաչի մեջ արածում են լուռ
Կրակի նման կարմիր
Նժույգներ...

...Վ. Դավթյանը բանաստեղծության գերազանց կառուցող է, նյութին «վսեմ կերպարանք ու ձեւ» տվող, Չարենցի բառապաշարով ասած՝ իր տողերը հին վարպետների դաշնության արվեստի «ոսկյա օրենքով» հատող բանաստեղծ։

Հատկապես նրա վերջին կառուցվածքներում համարյա թե չկան երերվող հիմքեր, ճաք տվող պատեր, անճաշակ քիվեր։ Սա այն բարձր տեխնիկան է, ուր «արհեստի» հետ հավասար ուժով խոսում է «արյան շունչը»՝ խտացած «զգացմունքը»։

Վահագն Դավթյանի խոհափիլիսոփայական գործերի մեջ առանձնահատուկ տեղ ունի «Հայերգություն» փոքրածավալ պոեմը, որտեղ նա զրույց է բացում Հայաստան աշխարհի հետ, այնպես, ինչպես որդին կխոսի սիրասուն մոր հետ։ Այստեղ էլ բանաստեղծը, խոսելով հայրենիքի տեսած ցավերի, դավերի մասին, ակնարկում է՝ ինձ ուշ ծնեցիր, կրկնելով իր մեկ ուրիշ բանաստեղծության մեջ արտահայտած միտքը. «Ախ, ինչ ասեմ, ուշ ծնեցիր, ես քեզ արյուն պիտի տայի»։ Սա իր իսկ խոստովանությունն է, որի հետ, իհարկե, համամիտ չէ ընթերցողը, մանավանդ, որ լավ երգն էլ, ինչպես ասում են, նույն արյան հետ հավասարազոր է։ Եվ բացի դա, բանաստեղծի արյան մաքրությունը կա բոլոր այն հայորդիների արյան մեջ, որոնք զոհվել են «հանուն հայրենյաց...»։ Այսօր բանաստեղծի շուրթերին այն երգն է թրթռում, որ պիտի թրթռար սուրբ նահատակների շուրթերին... Ուրեմն՝ ճիշտ ժամանակին է ծնվել բանաստեղծը, եւ շարունակվում է երգը, երգի մեջ՝ ժողովրդի խոհն ու խորհուրդը։

«Հայրենասիրությունը» հնչում է որպես հոգու անզուսպ մռունչ՝ առ աշխարհ.

Հայաստան աշխարհ,
Բիրտ խռովքների ու քնքշանքների
Անվերջանալի ալեբախություն,
Բարբարոս բարբառ ու զտված հնչյուն,
Դու անմեկնելի ու մեծ ներշնչում,
Որ մերթ հանում ու թաթախում է քեզ
Աստղալույսի մեջ ու արշալույսի
Եվ մերթ տապալում անդունդներն ի վար...
Դու՝ լույս, դու՝ խավար,
Դու՝ խառն ու խրթին,
Որպես խավարով ու մառախուղով
Խմորվող խռով նախաստեղծություն,
Եվ դու՝ դաշնավոր բանաստեղծություն,
Որ աղոթում է լույսի, բարության,
Քո խաղաղության ու հացի համար...
Եվ բուրում է քո հոգեւոր հացը...

Բանաստեղծի հոգեկան ապրումներն ավելի խորը հնչեղություն են ստանում հատկապես 80-ական թվականների ստեղծագործությունների մեջ։ Դարի մարդը իր կորուստների միջով աշխարհին նայում է ավելի սթափ։ Այդ կորուստների ցավն է նրան մշտապես արթուն պահողը։ Իսկ նման խոհեմության ու զգոնության կարիք ոչ մի ժամանակաշրջան այնքան չի զգում, որքան 20-րդ դարը։