Jump to content

Պուղուն թուրքի գնդակ չի դիպչում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ճանապարհը անցնում էր խաղաղ։ Հանկարծ սկսեցին թուրքի թաղից կրակել։ Մելիքի դրածո Փանահ խանի «ստվերներն էին»։ Պուղին աչքն անգամ չճպեց.

-Պուղի ապեր, կրակում են,- դիմում է ուղեկիցը,- ոնց որ քեզ են ուզում մեջտեղից հանել։

-Չէ,- դանդաղ խոսում է Պուղին,- Պուղուն թուրքի գնդակ չի դիպչում։

Այդ պահին մի գնդակ կտրեց Պուղու ճամփան, նրանից մի քանի քայլ առաջ մտավ ճամփեզրի կաղնի ծառի մեջ։ Պուղին հանկարծակի սկսեց լաց ու կոծ անել։

-Ի՞նչ պատահեց, Պուղի ապեր... Հո գնդակ չդիպա՞վ։

-Վայ, Մելիք, վայ,- շարունակում է կոծել Պուղին։

Տեսնելով, որ Պուղին չի լռում, ուղեկիցն էլ սկսեց նրա հետ լացել ու անընդհատ կրկնել.

-Վայ, Մելիք, վայ։

Այդպես տեղ հասան։ Մելիքը տեսնելով սրանց լացն ու կոծը, ընդառաջ եկավ.

-Պուղի ջան, ի՞նչ է եղել, ես հո մեռել չեմ, որ լաց ես լինում։

-Չէ, Մելիք ջան, մեռել ես, վայ, Մելիք, վայ...

Մելիքը կարծում է, թե Պուղին խելքը թռցրել է.

-Պուղի լաց մի լինի, ես կենդանի եմ։

-Չէ, Մելիք, քո էշը իմ էշից միշտ մի քանի քայլ առաջ է գնում, ճանապարհին գնդակը հենց անցավ այնտեղով, ուր դու էիր լինում, ուրեմն՝ քեզ է դիպել։

-Ո՞ւմ գնդակն էր...

-Հենց էն է որ՝ քո դրածո Փանահ խանի... Ուրիշին որ դիպչի էլ՝ չի սազի։ Ուրեմն՝ քեզ է կպել։ Որովհետեւ մեղքերդ շատ են։

Մեղքերի անունը որ տալիս է Պուղին, Մելիքը հուսաթափ կողքին նստում է ու սկսում ձայնակցել Պուղուն.

-Վայ, Մելիք, վայ...

Պուղին հանձնարարում է՝ մի լավ քելեխ պատրաստել։ Ինքն իր քելեխին Մելիքն էլ է մասնակցում։ Պուղին բաժակ է վերցնում ու թե.

-Ա ժողովուրդ, Մելիքը ուզում է, որ քեֆ անեք... Նա արդեն իր լացը լացել, իր դասն առել է։ Տեսնո՞ւմ եք, կենդանացել ու հիմա կողքիս նստած է։ Ես ուզում էի, որ նա տեսնի, թե իր մահը ում ձեռքից է գալու։ Տեսավ։ Որ տեսավ, ուրեմն, էլ մենք մահ չունենք։ Կերեք ու քեֆ արեք սրտներդ ուզածի պես։