Jump to content

Պրինցեսա մահ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պրինցեսա մահ

Պրինցեսա մահ


Նվարդին ու Գոհարին
Սպիտակ վարդեր կան շրթերի վրա քո,
Աչքերիդ լճի մեջ — մոռացման թերթեր:
Հավիտյան հանգել է աչքերիդ կրակը
Ու բացվել են տեղը սպիտակ վարդեր:

Դու խաղաղ նիրհել ես, հավիտյան լռել ես
Եվ այնպե՛ս է քաղցր լռությունը քո,
Որ մի պահ մարել եմ առաջվա հրերս
Ու խմում եմ նիրհդ` լուսավոր ու գոհ:

Ախ, կարծես թե սիրտս քեզ դարե՛ր սիրել է
Ու գտել է լույսդ դագաղում հիմա.
Քո գունատ աչքերը, քո մաքո՛ւր աչքերը
Իմ հոգին գերել են, օ, պրինցեսա Մահ...

Եվ ահա թեքվել եմ ու դողդոջ շրթերս
Համբուրում են կարծր քո ճակատը սառ —
Համբույրով տալիս եմ կարոտի վարդերս՝
Քո լուսե հուշի հետ մոռացմա՜նը տար...

1921