Ջան-Փոլատ
Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի թագավոր, ունենում ա օխտը տղա. վեցը մենծ են ըլնում, մինը քոմմքից պուճուր, ըսենց՝ տասը-տասնէրկու տարեկան։ Էդ վեցը, չունքի լավ հասել ին, ընենց որ աշխար մննելու վախտն էր, էթում են իրանց հորն ասում.— Թագա՛վորն ապրած կենա, ուզում ենք պսակվի, ի՞նչ կասես։
— Լա՛վ, ո՛րդիք,— ասում ա հերը,— ասեք տենամ ո՞րդ ում աղջիկն ա սիրե՝ էթամ ուզեմ, բերեմ պսակեմ։
— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում են,— մենք օխտն աղպեր ենք, օխտս էլ մի տանից պտի աղջիկ ուզենք, օխտն էլ մի հալալ մոր կաթնակեր, որ մեր մեջը խորթ ու փորթ չըլնի ու քեզանից եդը մեր թագավորությունը չքանդվի, չկործանվի։
— Ա՛յ որդիք, հմի ո՞րդիան բերեմ ընենց աղջկեք, որ օխտն էլ մի տանից ըլնեն, մի հալալ մոր կաթնակեր։
— Թագավորն ապրած կենա,— ասում են,— մեզ հրաման տո՛ւ, էթանք գտնենք․ աշխարե-աշխար, երկրե-երկիր ընկնենք, ճարենք, բերենք։
— Լա՛վ, կարաք՝ գնացե՛ք,— ասում ա թագավորը,— աստոծ ձեզ բարի ճամփա տա, բա՛րով էթաք, բա՛րով գաք։
Էս վեց տղեն ա՝ տասնըհինգ տարվա ճամփի պաշար են վեր [ 34 ] ունում, էթում իրանց հոր ձեռը պաչում, մոր ծիծը պաչում, ընկնում ճամփա։
Գալիս են գալիս, շատն ու քիչն աստոծ գիտա, մի սարի դոշի, մի չայիր–չիման տեղ վեր են գալի, չադիր տալի, որ գշերն ըտե մնան, մի քիչ հաց-մաց ուտեն, առավոտն էլի վե կենան էթան իրանց ճամփեն։
Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք պուճուր աղպորիցը։
Խեղճ էրեխեն խաբար չիլնում աղպորտանց գնալը. իրիկունը գալիս ա տուն, տենում չկան։
Էթում ա մորն ա հարցնում. մերն ասում ա.— Բա չե՞ս ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, գնացել են աղջիկ բերելու։
— Ղո՞րթ։
— Ղո՛րթ. տասնըհինգ տարվա ճամփի պաշար են վե կալե գնացե։
— Բաս ե՛ս էլ եմ էթում։
— Ո՞ւր։
— Նրանց կուշտը։
— Ա՛յ որդի, դեռ հլա էրեխա ես, ճամփա չես գիտա, զադ չես գիտա, ո՞ւր ես էթում։
— Չէ՛, որ չէ՛,— ասում ա,— պտի էթամ, ո՛ր պտի էթամ։
Վերջը մերը որ շատ զոռում ա, տենում ա չիլնում, մի հետ սատանի ձին նի ա էլե, չի ուզում վե գա, հարցնում ա.— Ո՛րդի, հմի որ էթում ես՝ լա՛վ, ճամփի հմար ասպաբ-մասպաբ ո՞ւնես, բալի ջին-ջանավար ա ռաստ գալի, կա՞րաս ջուղաբը տա։
— Բա ի՞նչ անեմ,— ասում ա։
— Ա՛յ, ինչ արա՝ գնա հորդ կուշտը, ասա. «Թագավորն ապրած կենա, էթում եմ աղպորտանցս եննուցը, Սև թուրդ տա՞ս կապեմ վրես, ճամփին բալի ջին-ջանավար ա ռաստ գալի», տես ինչ կասի։
— Լա՛վ, կէթամ։
Էթում ա հոր կուշտը․— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— էթում եմ աղպորտանցս եննուցը։
— Ա՛յ տղա,— ասում ա թագավորը,— հո չե՞ս գժվե. դու դեռ էրեկվա էրեխեն ես, ճամփա չես գիտա, զադ չես գիտա, էթում ես, ի՛նչ անես։ [ 35 ] — Չէ՛, թագա՛վորն ապրած կենա, չի՛լնի, մի հետ մուրազ եմ արե, պտի էթամ։
— Դո՛ւ գիտաս, որդի, էթում ես՝ գնա՛, մեղքն ու վարձքը քու շլինքը։
— Թագա՛վորն ապրած կենա, էթալը կէթամ, համա ճամփի հմար ասպաբ-մասպաբ չունեմ, ո՛նց անեմ. բալի դուշման, յա ջին-ջանավար ա ռաստ գալի։ Ի՞նչ կըլնի Սև թուրդ տաս՝ կապեմ վրես։
— Ա՛յ քու սարվացնողի շլինքը կոտրվի,— ասում ա թագավորը,— էդ թուրը իմ աչքի լսիցը շատ եմ սիրում, համա որ ուզում ես, ճարս ի՛նչ, պտի տամ։
Էն սհաթն էթում ա, Սև թուրը բերում, կապում տղի մեջքը։
— Ա՛ռ, ո՛րդի,— ասում ա,— քանի էս թուրը վրեդ ա՝ ըսկի մի՛ վախի, քու աղաքին էլ զադ չի դիմանա․ սա՛րի տաս, քա՛րի տաս, քո՛լի տաս՝ կկտրի կանցկենա։ Հեռվանց որ դուշման գալու ըլնի՝ էն սհաթը էդ թուրը ղնիցը դուս կգա, կընկնի աղաքդ, որ իմանաս, քեզ հազիր պահես։
Տղեն հոր ձեռը պաչում ա, էթում մոր կուշտը։
— Հորդ Սև թուրն առա՞ր,— հարցնում ա մերը։
— Հա՛,— ասում ա,— առա։ Էլ ինձ հո զադ չի՞ պակաս։
— Ո՛նց չէ, ձի ո՞ւնես․ էնքամ ճամփեն հո ոտով չպտի էթաս։
— Չէ՛,— ասում ա,— ինձ ո՞րդիան ա ձի։
— Բա՛ս էլի գնա հորդ կուշտը, ասա. «Թագավորն ապրած կենա, էսքամ ճամփա պտի էթամ, ձի չունեմ․ ի՞նչ կըլնի Սև ձիդ տաս, նիլնեմ էթամ»։ Ձի՜, ձի՜, ձի՛ եմ ասում, որ երկնքի աստղերի հեննա ա հաղ անում։
— Լա՛վ, էթամ ըտ էլ ուզեմ։
Էթում ա հոր կուշտը.— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— էսքամ ճամփա պտի էթամ՝ ձի էլ չունեմ․ չի՞լնի Սև ձիդ տաս, նիլնեմ էթամ։
— Ի՛նչ ասեմ, ո՛րդի,– ասում ա թագավորը,— քու սարվացնողի շլինքը կոտրվի։ Սաղ թագավորությունս ուզեիր լավ էր, քան թե իմ Սև ձին, որ էս աչքիցս էն աչքը չեմ փոխում․ համա որ ուզում ես, ճարս ինչ, պտի տամ։ Գնա՛ տար, ո՛րդի․ տա՛ր, ըտ էլ քեզ ղուրբան։
Տղեն ուրախ-ուրախ էթում ա Սև ձին գոմիցը դուս քաշում, [ 36 ] հայաթումը կաննացնում, էթում հոր ձեռը պաչում, մոր ծիծ պաչում, թռնում ձին՝ յա՜լլա։
Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի չայիր-չիման տեղ, մի աղբրի կշտի վեր ա գալի, մի քիչ հաց–մաց ուտի, էլի վե կենա էթա իրա ճամփեն։ Որ հաց կուտի կպրծնի՝ թուրը ղնիցը դուս կգա, կընկնի աղաքը։
— Ա՛յ հարա՜յ,— կասի,— բաս դուշման պտի գա աղաքս, ես վախտով իմ գլխի ճարը տենամ։
Կասի ու թուրը ձեռին տեղն ու տեղը կկաննի։ Կկենա, կկենա մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ՝ կտենա էն դհիցը մի ղո՜վտ ա գալի, մի ղո՜վտ ա գալի, մի ղո՜վտ ա գալի, ոնց որ մի եքա սար։ Չամի գերանը շինել ա թեշի, ե՜քա ջաղացաքար՝ թեշուն գլուխ, մի եքա էրկաթ՝ թեշուն ծիծեռ ու պարան մանելոն գալիս ա դպա իրան։
Տղին որ կտենա թե չէ՝ ձեն կտա.— Ա՛յ հողածին, դո՜ւ ըստերա՞նք, օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը, ընչանք հմի իմ ահիցը ըստերանք ոտ չի կոխե, դու ո՛նց ես սիրտ արե, էկե։ Ո՛նց ես, էս թեշու պոչովը մի դըրբ տամ՝ էթաս, էլ եդ չգաս։
— Լա՛վ,— կասի տղեն,— էլ խի՞ պտի վախենամ. աստոծ մի ֆոգի քեզ ա տվե, մի ֆոգի՝ ինձ։ Ուզո՜ւմ ես, արի կռվենք. էն վախտը մալում կանի՝ ե՞ս եմ ղոչաղ, թե դու։
Ղովտն էս որ լսում ա, դհա՛ ա գժվում, կատաղում։ Ձեռի թեշին վրա ա անում տղին, որ տա բանֆոգի անի՝ նա Սև թուրը աղաքին բռնում ա։ Թեշին ո՛ր չի դիպնում թրին՝ հազար կտոր ա ըլնում, թափում գետինը։ Ջա՜նըմսան տղեն թուրը քաշում ա քյալլի միջիցը ո՛ր չի շեպում, ղովտը արենկոլոլ ընկնում ա գետինը։ Վրա ա հասնում, նրա քիթ ու պռունգը, անկաջները կտրատում, ածում խուրջինը, էլ եդ վե կենում, էթում իրա ճամփեն։
Էթում ա, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, է՛ս սարը դիպնում, է՛ն սարը դիպնում, վերջը էրկու սարի միջի մի չայիր-չիման տեղ վեր ա գալի։ Ոտը ձիու օրզանգուիցը հանում ա թե չէ՝ էն սհաթը թուրը ղնիցը դուս ա գալի, ընկնում աղաքը։
— Ա՛յ հարա՜յ,— ասում ա,— էլի դուշման պտի գա աղաքս։ Թուրը վեր ա ունում, հազիր կաննում, դուշմանի ճամփեն պահում։ Մի քիչ կենում ա, կենում, տենում ա էն դհիցը էլի մի ղո՜վտ ա գալի․ մի ղո՜վտ ա գալի, որ մի պռոշը երկնքումն ա, [ 37 ] մինը՝ գետընքումը. ծծերն էլ էնքամ էրկեն, որ գեննին քաշ ա գալի։ Էկա՛վ, էկա՛վ՝ դուզ դպա տղեն։
― Ա՛յ հողածին, դո՛ւ ըստե՜րանք. օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ընչանք հմի իմ ահիցը չի կարացե ըստե ոտ դնի, դու ո՞նց ես սիրտ արե էկե։
Ղովտն էս ասում ա թե չէ՝ բերանը բաց վրա ա պրծնում, որ տղին փորը քաշի․ տղեն թուրը ո՛ր վրա չի բերում քյալլին ծեփում՝ ղովտը գլխի վրեն յա՛լլա ընկնում ա գետինը, ֆոգին տալի։ Վրա ա հասնում, էս ղովտի էլ քիթ ու պռունգը, անկաջները կտրատում, ածում խուրջինը։ Ըստե մի պուճուր մնում ա, դինջանում, էլ եդ վե կենում, էթում իրա ճամփեն։
Էթում ա, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, հեռվանց տենում ա մի սարի վրա հրեն մի սիպտակ չադիր։ Թուրը հանում ա, ձիու գլուխը բաց թողում։
― Ո՞վ եք,― ձեն ա տալի հեռվանց,― ի՛նս եք, ջի՛նս եք, ջանա՛վար եք՝ դուս էկեք, թե չէ որ էկա, իմաց կացեք մահներդ կտամ։
Չադրի մարդիկը վախլություններից էն սհաթը դուս են գալի։
— Ֆլա՛ն թագավորի տղեքն ենք,— ասում են։
― Բա էդ ո՞ւր եք էթում,— հարցնում ա։
― Մենք օխտն աղպեր ենք, էթում ենք մեզ հմար կնիկ բերենք, որ օխտն էլ մի տանից ըլնեն՝ մի հալալ մոր կաթնակեր։
Էս լսում ա թե չէ՝ ալբիալը ճանանչում ա. էն սհաթը ձիուցը վեր ա գալի, աղպորտանց ճտովը փաթթվում, ուրախությունից լաց ըլնում։
— Ե՛ս,― ասում ա,— ձեր պուճուր աղպերն եմ, բա չե՞ք ճանանչում։
— Ղո՞րթ։
— Ղո՛րթ։
Վարավուրդ են անում տենում, որ դրուստ իրանց պուճուր աղպերն ա, ուրախանում, աշխարով մին են ըլնում։ Նո՛ր նստում են ըստե իրար հեննա զրից՝ անում՝ ըստիան, ընդիան, դաղդան, դաշդան հարցնում, ասում, խոսում, մասլահաթ անում։
— Դո՞ւ խի էկար,― հարցնում են աղպրտինքը։― Մենք մեր հորնըմորը մենակ թողինք՝ հերիք չէ՞ր. խեղճերը, ով գիտա, մեզ վրա էնքամ միտք անեն, միտք անեն, որ օր-ծերություն դարդավարամ [ 38 ] ըլնեն, մեռնեն։ Դու արի՛ եդ դա՛ռ, գնա՛, ընչանք էս ա մընք էլ որդե որի ա կգանք։
Ինչ անում են, չեն անում՝ պուճուր աղպորը չեն կարում ճամփից եդ դարձնի։
— Չէ՛, որ չէ՛— ասում ա,— կուզի մորթեք, կուզի քերթեք. ես եդ դառնողը չեմ: Ո՛ւր էթաք՝ պտի հեններդ գամ. սաղ կմնաք՝ սաղ կմնամ. կմեռնեք՝ կմեռնեմ:
Նրանք էլ տենում են որ չէ՛, չիլնում, ասում են.— Լա՛ վ, դո՛ւ գիտաս, կենում ես՝ կա՛ց. մեղքն ու վարձքը քու շլինքը:
Չադիրը հավաքում են, վեր կենում, որ իրանց ճամփեն էթան:
Ըստե պուճուր աղպերը նրանցից ջոկնվեց.— Ե՛ս,— ասեց,— է՛ս ճամփովը կէթամ, դուք՝ էդ։ Թե իրար գտանք՝ հո գտանք, թե չէ հո՝ աստոծ աջողա, հալբաթ սաղ-սալամաթ կէթանք մեր հորնըմոր կուշտը՝ ընդե կտենանք իրար։
Աղպորտանց հեննա մնաս բարով արեց, էն ճամփեն բռնեց գնաց։
Գնաց, գնաց՝ լի՛ս գնաց, գշե՛ր գնաց, մի օր, էրկու օր, իրեք օր, չորս օր՝ վերջը մի եքա քալավի ռաստ էկավ։
Էս քալավի տեղը աղաք մենծ քաղաք էր էլե. էրկու ղովտ էկել ին քարուքանդ, բրիշակ արե, գնացե ու սաղ նրա խալխը թողե տակին: Էս է՛ն էրկու ղովտն ին, որ ճամփին պուճուր տղին ռաստ էկան, նրանց մենծ թիքեն անկաջը թողաց։
Մտավ էս քալավեն, ասեց. «Տենամ ի՛նչ կա, ինչ չկա»:
Դես գնաց, դեն գնաց, տեհավ մարդ-մագաթ չկա: Վերջը որ շատ դես-դեն ընկավ, ման էկավ՝ տեհավ մի եքա կոլոլ քար։
— Դու արի՛,— ասեց,— սրա տակին խազինա ըլնի. վեր ունեմ տե՞նամ։
Քարը գլորեց, տեհավ, ըհը՜, մի ծակ, գլուխը կռացրեց, որ մտիկ տա, մի ղաֆիլ ոտը սոթ տվեց[1], գըրըմփալեն ընկավ մեջը։ Դու մի ասի՝ ըտե ֆոր ա էլե:
Տղեն ֆորի միջին դե՛ս մտիկ տվեց, դե՛ն մտիկ տվեց, տենա ընդիան դուս գալու ճար, իլլաջ կա՞, թե չէ։ Է՛ս դիհը գնաց, է՛ն դիհը գնաց, տեհավ հրե՜ մի պուճախից ճրագի լիս ա էրևում։
Ասեց.– Բա՛լի, ըստե իսանաորդի ա էլե։ [ 39 ] Թուրը հանեց.— Յա՛ սուրբ Կարապետ, դու ըլնես իմ կռանը,— ձեն տվեց ու գնաց աղաք:
Գնաց, գնաց, տեհավ օղլուշաղի հարա՜յ—հրոցի ձեն ա գալի: Էս որ լսեց` կաննեց:
— Ո՞վ եք,— գոռաց,— ի՛նս եք, ջի՛նս եք, ջանավար եք` ձեն հանեք:
— Մենք ֆլա՛ն թագավորի աղջկեքն ենք,— ձեն տվին ընդիան:— Բա դու ի՛նչ մարդ ես:
— Ես էլ ֆլա՛ն թագավորի տղեն եմ,— ասեց:
Որ իմացավ աղջկեք են, նոր որ սիրտը հանդարտեց: Թուրը խրեց տեղը, գնաց կշտները, տեհավ ղորթ որ օխտն աղջիկ` օխտն էլ մեկ—մեկուց սիրուն:
— Բա՛ մեն—մենակ էս ֆորումը ի՞նչ եք անում,— հարցրեց:
— Մեր հերը էս քաղաքի թագավորն է,— ասեցին աղջկքերը:— Սրանից մի ամիս աղաք, էրկու ղովտ էկան սաղ քաղաքը քարուքանդ արին, տակնուվրա արին, մեր հորնմորն էլ սըպանեցին, թողին, գնացին. մենակ մենք պրծանք էդ արենխում ջանավարների ձեռիցը, փախանք, էկանք մտանք էս ֆորը, տափ կացանք, որ մըզ էլ չգան ուտեն: Թագավորի ցեղ, բա դո՞ւ ո՛նց պըրծար, չե՞ս վախենում, որ գան մենծ թիքեն անկաջդ թողան:
— Հա՛, թե որ սաղ ըլնեն,— ասում ա: Նոր հանում ա խուրջնիցը էրկու ղովտի քիթ ու պռունգը, անկաջները նրանց շանց ա տալի ու մին—մին նաղլ անում, ոնց որ ես ձեզ նաղլ արի:
Աղջկեքը ղովտերի սըպանվիլը որ լսում են` ուրախանում, աշխարով մին են ըլնում: Օխտն էլ վազում են, ընկնում տղի ճտովը:
— Թագա՛վորի ցեղ,— ասում են,— աստոծ քու կռանն ըլնի, որ մեզ ազատեցիր էտ մարդակեր ջանավարների ձեռիցը: Սրանից դենը` մենք քունն ենք, դու` մերը. ի՛նչ կուզես արա՛. կուզես` տար ջուրը քցա՛, կուզես` մորթա՛, կուզես` սաղ թո՛ղ, քեֆը քունն ա:
— Ես էլ հենց ձեզ ի ման գալի,— ասում ա տղեն:— Մենք օխտն աղպեր ենք, ուզում ենք պսակվի: Էս քա՛նի տարի ա, էկել ենք աշխարե—աշխար, երկրե—երկիր, սարե—սարե, քարե—քար ընկել, որ օխտն աղջիկ ճարենք` օխտն էլ մի հալալ մոր կաթնակեր: Որդե գնացինք, որդե հարցրինք` չգտանք ու չգտանք. անջախ որ ասսու [ 40 ] աչքը վրներս քաղցրացավ, ձեզ մեզ ղսմաթ արեց: Դուք հմի էն ասեք, մեզ կա՞ռնեք,— հարցնում ա:
— Խի՞ չենք առնի, դեռ աղաչանք էլ չենք անի՞,— ասում են:
— Դե բա որ[2] ըտենց ա, դուք ըստե կացեք, ես էթամ աղպորտանցս գտնեմ, բերեմ. նոր ըստիան իրար հեննա վե կենանք էթանք մեր հոր քաղաքը, ընդե դափ ու զուռնով, քեֆով, ուրախությունով, օխտն օր, օխտը գշեր հարսանից անենք:
— Լա՛վ,— ասում են աղջկեքը,— գնա՛, աստոծ քեզ հետ, համա տե՛ս` էլի գաս, հա՛:
— Կգա՛մ, արխեին կացեք,— ասում ա ու ճամփա ընկնում:
Պուճուր աղպերն ա` էթում ա, էթում` է՛ս սարը դիպնում, է՛ն սարը դիպնում, վերջը գալիս ա տենում մի սարի դոշի աղպրտինքը վեր են էկե, չադիր տվե:
— Հը՜, աղպրտինք,— ասումա,— գտա՞ք, թե չէ:
— Չէ՛, չգտանք. դո՞ւ:
— Ըսկի մի՛ք ասի, որ ես գտել եմ` լա՛վ եմ գտե: Օխտը քիր, օխտն էլ թագավորի աղջիկ. ընենց էլ մի սի՜րուն, մի նա՜խշուն, որ արևին ասում են` դու մեր մտի, մենք դուս ենք գալի, ընենց մի սիրունիկ զադեր են: Ես էկա ձեզ էլ կանչեմ, տանեմ շանց տամ. թե հավան կկենաք, մարդս մինն առնենք, վեր ունենք էթանք:
— Բա ո՞րդի են,— հարցրին,— էթանք տենանք:
— Էթա՛նք,— ասեց,— հենց էս ճամփեն բռնենք, դուզ էթանք:
Պուճուր աղպոր էկած ճամփեն բռնում են` գալի: Գալիս են գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր` հասնում են էն խարաբա քաղաքը: Ֆորի քարը դեն են քցում, կախ ըլնում ֆորը, օխտը քվորն էլ ընդիան հանում լիս աշխարք:
— Մե՛ծն աղպեր, էս մենծ քիրը քեզ. չունքի ֆու քոմմքիցս էլ մենծ ես: Լա՛վ:
— Նրա՛նից պուճուր աղպեր, ըս էլ քեզ կհասնի: Ըս էլ լա՛վ:
— Ըս էլ սրանից պուճուրին: Լա՛վ:
— Ըս էլ նրան: Լա՛վ:
— Ըս էլ դրան: Լա՛վ:
— Ըս էլ մեկելին: Լա՛վ: [ 41 ] ― Պուճուր քիրն էլ զաթի ինձ կհասնի ու ինձ կհասնի, չունքի քոմմքիդ պուճուրը ես եմ։
Պուճուր քիր մի՛ ասի՝ մի մարգարիտ, արեգակի կտոր, հրեշտակ ասա, քվորտանց քոմմքին էլ գլխում էր իրա սիրունությունովը։
― Է՛, աղպրտի՛նք, հա՞լալ փայ արի, թե չէ՛,― հարցնում ա պուճուր աղպերը։
― Հա՜լալ, հա՜լալ,― ձեն են տալի աղպրտինքը,― քոմմեքս էլ ռազի ենք։
― Դե բաս հմի էթա՛նք։
― Էթա՛նք։
Օխտն աղպեր, օխտը քիր վեր են կենում ըստիան ճամփա ընկնում։ Գալիս են գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի իրեք ճամփի միջի վերջն գալի, չադիր տալի, որ մի պուճուր դինջանան, հաց-մաց ուտեն, էլ եգ վե կենան էթան իրանց ճամփեն։ Ըստե դես են ընկնում, դեն են ընկնում, ըստե էթում, ընդե էթում, ման գալի, որ ասես, մի պուտ ջուր էլա չեն գտնում, որ բերեն կերակուր էփեն, յա խմեն։
― Բա ո՞նց անենք,― ասում են։
― Ո՛նց պտի անենք,― ասում ա պուճուր աղպերը,― դուք ըստե կացեք, ես մի ձիս նիլնեմ, էթամ ըստերանք ման գամ, բալի առու, զադ գտնեմ, մի քիչ ջուր լցնեմ բերեմ։
Սև ձին նիլնում ա՝ թռնում։ Դես ա ընկնում, դենա ընկնում․ է՛ս սարը չափում, է՛ն սարը չափում, որ ասես, ջրի թրիշա չի գտնում։ Վերջը որ շատ ման ա գալի, տենումա մի քարափի տակի, ըհը՛, հրես մի ֆոր։
Ասում ա․ «Կաց քար քցեմ տենամ, բալի միջին ջուր ա ըլնում»։ Վեր ա ունում մի քար քցում ֆորը․ քցելու բաշտան չըրըպալեն դիպնում ա ջրին։
― Էս լավ էլավ,― ասում ա,― էթամ աղպորտանցս իմաց տամ, գանք ըստե չադիր տանք․ հազիր ջուրն էլ մոտիկ՝ կհանենք, կբանացնենք։
Թողում ա գալի։
― Աղպրտի՛նք,― ասում ա,― էկե՛ք որ ֆլան տեղը ջրֆոր եմ գտե․ էթանք ընդե չադիր տանք։
― Լա՛վ,― ասում են,― էթա՛նք։ [ 42 ] Չադրները հավաքում են, բերում են շրֆորի կշտին վե տալի։
― Դե՛,― ասում ա պուճուր աղպերը,― ո՞վ կմտնի ֆորը ջուր հանի։
― Ե՛ս,― էն դհիցը ձեն ա տալի մենծ աղպերը։
Բերում են պարանը կապում մենծ աղպոր մեջքը՝ կախ տալի։
Մի քիչ որ էթում ա, էթում, ձեն ա տալի․― Ա՛յ հարա՜յ, էրվե՜ցի, խաշվե՜ցի, փոթոթվե՜ցի՝ քա՛շեք։
Աղպտրինքը քաշում են հանում։
― Հմի ի՛նձ,― ձեն ա տալի սրանից պուճուրը։
― Լա՛վ, հմի էլ քեզ։
Բերում են սրան կախ տալի։
Սա էլ որ մի պուճուր ներքև ա էթում, ձեն ա տալի․― Ա՛յ հարա՜յ, էրվե՜ցի, կրակվե՜ցի, խաշվե՜ցի, տապակվե՜ցի՝ քա՛շեք։
Պարանը քաշում են, սրան էլ են հանում։
― Հմի էլ ի՛նձ,― ձեն ա տալի նարնից պուճուրը։
― Լա՛վ, հմի էլ քեզ։
Բերում են պարանը կապում մեջքը՝ կախ տալի։
Դա էլ մի պուճուր տեղ էթում ա, չի էթում, գոռում ա․― Ա՛յ, հարա՜յ, էրվե՜ցի, խաշվե՜ցի[3], տապակվե՜ցի[3], փոթոթվե՜ցի, հա՛նեք։
Քաշում են, դրան էլ են հանում։ Մախլա՛ս, գլխներդ ինչ ցավացնեմ, ըսենց վեց աղպերն էլ իրար եննուց կախ են ըլնում ֆորը, վեցն էլ ճամփի կիսին ձեն են տալի․― Էրվեցի՜, խորովվե՜ցի, տապակվե՜ցի՝ հա՛նեք,― քաշում են, հանում։
Վերջը դորը գալիս ա քոմմքից պուճուր աղպորը։
― Աղպրտի՛նք,― ասում ա,― հմի ի՛նձ քաշ արեք, տե՞նամ։
Համա ինձանից ձեզ ամանաթ, ինչքամ ձեն կտամ․ «էրվեցի՜, խորովվե՜ցի, տապակվե՜ցի[3], քա՛շեք», ըսկի անկաջ չեք անի՝ հա՛ պարանը կթողաք, ընչանք հասնեմ։
― Լա՛վ,― ասում են,― արի՛։
Բերում են պարանը կապում պուճուր աղպոր մեջքը, կախ տալի։ [ 43 ] Մի քիչ էթում ա, էթում, ձեն ա տալի․― Ա՛յ, հարա՜յ, էրվե՜ցի, խաշվե՜ցի, փոթոթվե՜ցի[3], քաշե՛ք։
Անկաջ չեն անում, հա՛ կախ են տալի, կախ են տալի՝ ընչանք հասնում ա անտակը։
― Աղպրտի՛նք, հա՛սա,― ձեն ա տալի։― Դե հմի փաչխաջը կախ տվեք, լցնեմ։
Վիրջից փարխաջը թողում են ֆորը։ Նա ընդե լցնում ա՝ քաշում են, լցնում ա՝ քաշում են, լցնում ա՝ քաշում են, ընչանք ձեն են տալի․― Բո՛լ ա, կա՛ց պարանը կախ տանք, դո՛ւս արի։
Պարանը կախ են տալի, կապում ա մեջքը։
― Դե՛, քաշե՛ք,― ձեն ա տալի ֆորիցը։
Քաշում են։ Քաշում են, քաշում են, քաշում են՝ կիսաճամփին աղպորտանց միտքը փոխվում ա։
― Լա՛վ,― ասում են իրար,― հմի որ դրան հանում ենք, ինչ էրեսով պտի էթանք տուն։ Նա պուճուր տեղովը էնքան ղոչաղություններ արեց, չէ՞ կէթա մեր հորը մին-մին նաղլ կանի, կպարծենք, մեզ կթողա նրա կշտին սևէրես․ բա մենք էն վախտը գետինը մտնենք լավ չի՞։ Հազիր լա՛վ ա ռաստ էկե, էկեք պարանը կտրենք, էլ եդ քցենք ֆորը․ թող ընդե մնա, սովածությունից մեռնի։ Տանը որ կհարցնեն, կասենք․ «Չենք տեհե, պրծավ գնաց»։
Վեցով էլ խոսքները մին են անում, դանակը քցում, պարանը կտրում։ Պուճուր աղպերը գըրըմփալեն էլ եդ ընկնում ա ֆորը։ Աղպեր, ըսօր ես մեռե, թե էգուց․ ուշագնա ա ըլնում, մնում։
Նրանք էն սհաթը չադիրը հավաքում են, բեռները կապոտում, ճամփա ըննում դպա իրանց հոր քաղաքը։ Ուզում են պուճուր աղպոր ձին էլ հետները քշեն, տանեն՝ ինչ անում են, չեն անում՝ չեն կարում։ Խեղճ հայվանը ֆորի էս գլխովն էր պտիտ գալի, էն գլխովն էր իրան քցի ֆորը, տիրոնչ կուշտն էթա՝ տենում էր չիլնում, ճար, իլլաջ չկա։
Գալիս են գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, անջախ որ հասնում են իրանց հոր քաղաքը։ Ձիանիքը քշում են դուզ թագավորի պալատի աղաքին վե գալի, դուռը ծեծում։ Նոքարը գալիս ա բաց անում։ [ 44 ] — Ո՞ւմն եք ուզոււմ,— հարցնում ա։
— Թագավորի՛ն,— ասում են։
Էթում ա իմաց տալի։
— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,– վեց մարդ, հենները օխտը սիրուն աղջիկ, քոչով, բարխանով էկել են պալատիդ դռանը վեր էկե, ուզում են քեզ տենա։ Թո՞ղամ գան, թե չէ՛։
— Թո՛ղ գան,— ասում ա թագավորը,— տենանք ի՛նչ մարդ են։
Նոքարն էթում ա կանչում, բերում թագավորի կուշտը։ Թագավորը տենալու բաշտան ճանանչում ա, ընկնում տղերանց ճտովը, պաչպչորում, ուրախանում, աշխարով մին ըլնում։
— Որդի՛ք,— ասում ա,— անջախ էկաք, աչքս ջուր դառավ ձեր ճամփեն պահելոն։ Էս ո՞ւր եք էսքամ վախտ։
— Դե ի՛նչ անենք,— ասում են,— էսքամ տարի մեռանք ման գալոն․ երկրե-երկիր, աշխարե-աշխար ման էկանք՝ անջախ գտանք։ Հրե՛ս օխտն էլ հալալ քվերտինք են՝ մի հորից, մի մորից․ սավայի էդ՝ օխտն էլ թագավորի աղջիկ։
— Լա՛վ,— ասում ա թագավորը,— բա ձեր պուճուր աղպե՞րն ուր ա․ ճամփին նրան ռաստ չէկա՞ք։
— Չէ՛, թագավորն ապրած կենա, մենք պուճուր աղպեր չենք տեհե։
— Ո՛նց չէ, ախա՛ր ձեր եննուցն էկավ։ Հազար հետ ասեցինք․ «Մի՛ էթա, մի՛ էթա», անկաջ չարեց, ասեց, «Պտի էթամ, որ պտի էթամ». վե կացավ էկավ։ Յարաբ ի՞նչ էլավ, ղուշ կերավ նրան, ղուրդ կերավ, ջանավար կերավ, թե ընչանք հմի սաղ ա մնացե։
— Թե ի՛նչ ա էլե՝ չենք գիտա,— ասում են աղպրտինքը համա,— մենք նրան աչքով էլ չենք տեհե։
Թագավորը շատ ա լաց ըլնում, գլխին վա՜յ տալի, համա էլ ո՞ւր՝ բանը բանից անց էր կացե։ Ինքը բեխաբար, ինչ իմանա աղպորտանց մուխաննաթությունը, հենց իմանում ա՝ ղորթ են ասում, բերում ա վեցին էլ պսակում, ամեն մեկին իրա նշանածը տալիս։ Մնում ա քոմմքից պուճուր քիրը։
— Բա՛ դո՞ւ ումն ես ուզում,— հարցնում ա։
— Ըսկի մարդի էլա չեմ ուզում, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա աղջիկր,— թե պուճուր տղեդ սաղ-սալամաթ եդ էկավ՝ հո ես նրանն եմ, նա իմը. թե չէ՝ հո չէ՛, ես ուխտ եմ արե ընչանք վերջը կուս մնամ, կուս էլ մննեմ գերեզման։ [ 45 ] Ասենք սա աղպորտանց արարմունքը լավ գիտար, համա քաշվում էր նրանցից, որ նստեր թագավորին մին-մին նաղլ աներ։
Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք պուճուր աղպորիցը։
Պուճուր աղպերը մի վախտ ուշքի ա գալի, աչքը բաց անում տենում ֆորումն ա։ Ինչքամ ձեն ա տալի. «Աղպրտի՛նք, աղպրտի՛ք, աղպրտի՛նք», լսող չիլնում։
«Հե՛յ գիդի աշխարք,— ասում ա ինքն իրան,– աղպորն էլ էհտիբար չի մնացե։ Նրանց ի՜նչքամ լավություն արի, ի՜նչքամ փորձանքից պրծացրի՝ վերջը գլխիս էս օղիեն բերին։ Է՛, բան չկա․ աստոծ ողորմած ա. հալբաթ ինձ մի լիս ու ճար կանի, էրկու դռնից մի դուռը բաց կանի, էս նեղ տեղիցը կազատի»։
Նրա Սև ձին էլ ֆորի ղրաղին կաննած՝ վախտ-վախտ գլուխը կախ էր անում ֆորը, խրխնջում, ուքուր-ուքուր լաց ըլնում։ Ձիու արտասունքները գըլգըլալեն էթում ին թափում տղի աչքերին, տղեն էլ նրա հեննա ընդե էր լաց ըլնում։
— Ջա՜ն, ա՛նլիզու հայվան ջա՛ն, ջա՜ն,– ձեն էր տալի տղեն ֆորիցը,— դարդ մի՛ անի, ես դեռ հլա սա՛ղ եմ, սա՛ղ։
Թամա՛մ օխտը պոլոլիկ տարի պուճուր աղպերը մնաց ֆորոմը։ Սև ձին ամեն օր էթում էր հանդը, ալապստրակից, յա ղշից դնչով կալնում, բերում քցում ֆորը, որ իրա տերն ուտի, սովածությունից չմեռնի։
Օրեն մի օրը, մի բեզրգյան գալիս ա էս ճամփովն անց կենում։ Գշերը որ վրա ա հասնում, էդ ֆորի կշտին վեր ա գալի, չադիր տալի, մնում, որ առավոտը էլ եդ վե կենա էթա իրա ճամփեն։ Որ լիսը բացվում ա, տենում ա ֆորի ղրաղին հրեն մի ձի։ Էթում ա որ բռնի, փախնում ա։
— Յարաբ էդ ձին խի՞ էր ընդե պտիտ գալի,— միտք ա անում ինքն իրան,— չըլնի՞ ֆորումը զադա տեհե. արի քար քցեմ տենամ։
Վեր ա ունում մի պուճուր քար, քցում ֆորը։
— Էդ ո՞վ եք,— ձեն ա տալի տղեն ֆորիցը։
— Հողածին ենք,– ասում ա բեզրգյանը,— բա դո՞ւ ով ես։
— Ես ֆլա՛ն թագավորի տղեն եմ։
— Բա ըտե ի՞նչ ես շինում։
— Է՜, հողածին, իմ դարդերը շատ ա, մի՛ հարցնի. ինձ մի ըստիան հանա՛, հերիք ա։ [ 46 ] Բեզրգյանը հրամայում ա նոքարներին, պարանը կախ են տալի, տղին ֆորիցը հանում:
— Դու ասում ես՝ ֆլան թագավորի տղեն ե՞ս,— հարցնում ա:
— Հա՛ բեզրգյանը սաղ ըլնի, ֆլա՛ն թագավորի տղեն եմ:
— Չե՞ս գա քեզ տանեմ ինձ տղա շինեմ,— հարցնում ա բեզրգյանը,— հազիր ես էլ տղա չունեմ։
— Չէ՛, բեզրգյանը սաղ ըլնի, չե՛մ կարա. ես դեռ հլա մուրազ ունեմ, պտի էթամ։
— Լա՛վ, դու՛ գիտաս, որ մուրազ ունես՝ գնա՛. աստոծ քեզ հետ։
Բեզրգյանի հեննա մնաս բարով ա անում, նիլնում Սև ձին, էթում։
Էթում ա, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, մի չայիր-չիման տեղ վեր ա գալի, որ մի քիչ դինջանա, էլ եդ վե կենա, էթա։
Մի լավ դինջանում ա, հաց ուտում, վե կենում նիլնում ձին, որ էթա՝ թուրը ղնիցը դուս ա գալի, ընկնում աղաքը.
- ՛Ա՜յ հարա՜յ,— ասում ա,— բաս պտի դուշման գա աղաքս։
Էն սհաթը թուրը վեր ա ունում ձեռը՝ ընդե հազիր կաննում, դուշմանի ճամփեն պահում։
Մի քիչ կենում ա կենում, տենում ա էն դհիցը մի ղո՜վտ ա գալի, մի ղո՜վտ ա գալի, մի ղո՜վտ ա գալի՝ ոնց որ մի եքա սար:
— Հը՜, հողածին,— ձեն ա տալի,— օձն իրա պորտովը, ղուշն նրա թևովը ընչանք հմի իմ ահիցը չի կարացե ըստերանք ոտ դնի, դու ո՞նց ես սիրտ արե, էկե։
— Ղո՛վտ աղպեր,- ասում ա տղեն,– էլ խի՞ ես պարծենամ. աստոծ մի ֆոգի քեզ ա տվե, մի ֆոգի՝ ինձ. ուզու՞մ ես՝ արի մեյդան, կռվենք:
— Լա՛վ,— ասում ա,— արի՛։
Էս ասում են թե չէ, հասնում են իրար։ Կռվում են, կռվում են, կռվում՝ ընչանք իրիկուն կռվում են, իրար արենճեճեխ, արենկոլոլ անում, նրանցից ոչ մինն էլա չի կարում զոռի։
—Թագավորի ցեղ,— ասում ա ղովտը,— ըսօր հե՛չ. արի էթանք իմ ամարաթը, ընդե քնենք, դինջանանք, առավոտը էլի գանք կռվենք. հալբաթ աստոծ յա ինձ կտա, յա քեզ։
— Լա՛վ,— ասում ա,— է՛թանք։
Էթում են ամարաթը: Էդ գշերն ըտե քնում են, առավոտը սուրբ ծեքին էլ եդ գալիս կռվում։ Կռվում են, կռվում են, կռվում՝ [ 47 ] ընչանք իրիկուն կռվում են, իրար յարալու-փարալու անում, արենլվիկ անում, թողում՝ էլի ոչ մինն էլա չի ախտում։
— Թագա՛վորի ցեղ,— ասում ա ղովտը,— արի ըսօր էլ էթանք իմ ամարաթը՝ դինջանանք, առավոտը էլի գանք կռվենք. էս հետ որ աստոծ յա ինձ կտա, յա քեզ։
— Լա՛վ,— ասում ա,- է՛թանք։
Էթում են։ Գշերն ընդե քնում են, առավոտը լիսը բացվում ա թե չէ՝ էլ եդ վե կենում, գալիս են, որ կռվեն։
— Թագա՛վորի ցեղ,— ասում ա ղովտը,— էս չէլավ. ո՛նչ ես եմ քեզ ախտում, ո՛նչ դու՝ ինձ։ Արի էս հետ էլ կոխ պրծնենք. դու քու թուրը դեն քցա, ես էլ իմ զըրխը։ Ո՛վ գեննովը տվեց, նա ախտել ա։
— Լա՛վ,— ասում ա,— արի՛։
Կոխ են պրծնում։ Ղովտը որ չի վրա պրծնում տղին վեր ունում գեննովը տալի՝ ընչանք գոտիկը խրվում ա գետինը։ Հասնում ա, որ շլինքը թռցնի, ջա՜նըմսան տղեն, ինչքամ ջանումը ջան կա, ո՛ր իրան չի թափ տալի՝ էլ եդ դուս ա գալի գեննիցը, վրա հասնում ղովտին․ ո՛ր չի վեր ունում իրա բոյովը մին տալի գեննովը՝ ընչանք ծծերը գեննի միջին տնկվում ա։ Վազում ա թուրը բերում, որ գլուխը թռցնի՝ ղովտը էն սհաթը սիպտակ, կոկոմ ծծերը դուս ա քցում։ Տղի ձեռները թուլանում ա, թուրը վեր ընկնում ձեռիցը. նոր տենում ա՝ ի՜նչ ղովտ… մի սի՜րուն, ջա՜հել-ջի՜վան աղջիկ։ Էթում ա թևիցը բռնում, էլ եդ քաշում, գեննիցը հանում։
— Հո՛ղածին,— հարցնում ա,— դու ա՞ղջիկ ես։
— Հա՛, թագա՛վորի ցեղ, աղջիկ եմ։
— Ո՞ւմ աղջիկն ես, ըստե ի՞նչ ես շինում,— հարցնում ա։
— Ֆլա՛ն թագավորի,— ասում ա։— Հերնըմերս ուզում ին ինձ մարդի տան՝ չուզեցի, ասեցի. «Ընչանք ինձանից ղոչաղ մարդ չըլնի, չեմ առնի»։ Թողի տո՛ւն, տե՛ղ, հե՛ր, մե՛ր էկա ըստե, ղովտի գեյմ մտա, ամարաթ շինեցի, միջին կացա։ Ո՛վ էս ճամփովն անց էր կենում՝ թագավորի ցեղ, բեզրգյանի տղա, մախլա՛ս, հենց ո՛վ ըլնում էր՝ հեննեն կոխ ի պրծնում. ում գեննովն ի տալի՝ գլուխը կտրում ի, քցում էն դիհը։ Էսքամ տարի ես ըստե եմ՝ ի՛նչքամ թագավորի ցեղ, ի՛նչքամ բեզրգյանի տղա ա էկե, որ ըստիան անց կենա, հեննեն կոխ եմ պրծե, զոռե՝ գլուխը թռցրե, թողե. համա ընչանք օրս, քեզանից սավայի դեռ իսանաորդի չի էլե, որ ինձ գեննովը [ 48 ] տա։ Հմի որ՝ խոսք չունեմ, դու իմ մարդն ես, ես քու կնիկը։ Ռա՞զի ես։
― Չէ՛,– ասում ա,— ես նշանած ունեմ, որ օխտը սարի քամակին, գշեր-ցերեկ իմ ճամփեն ա պահում. պտի էթամ հավարին հասնեմ։ Ուզում ես՝ ես կըլնեմ քեզ աղպեր, դու ինձ՝ քիր, ղաբո՞ւլ ես։
— Հա՛, դրան էլ եմ ղաբուլ,— ասում ա աղջիկը,— թող քու ասածն ըլնի՝ քիր ու աղպեր ըլնենք։
— Լա՛վ, ըլնենք,— ասում ա։
Թամամ օխտը պոլորիկ տարի տղեն էս աղջկա կշտին կացավ։ Ասսու իրա օրը ձին նիլնում էր, էթում ավղուշ, իրիկունը գալի տուն․ մըկ էլ տեհար բերեց կաքավ, սարեկ, ես ինչ գիտամ՝ ծիտ, չոբան-խաբուկ, լոր, ծառկուտուտ, տատրակ, օրդակ, ձկնկուլի. մախլաս[3], հենց ինչ ռաստ էր գալի, էլ հալալ-հարամը չէր հարցնում, տալիս էր վե քցում, վեր ունում բերում․ աղջիկն էլ դրանցից կերակուր էր շինում՝ ուտում ին, կշտանում, բերանները սրբում, ղրաղ կաննում[3], ասսուն փառք տալի։
Աղջիկը աղաքուց նրան ղադաղա էր արե, որ ավղուշ էթալիս իրա սնուռիցը դուս չգա։
― Տե՛ս,— ասել էր, իմ հանդը լեն-բոլ, ո՜ւր ուզում ես գնա՛, քեզ հմար ավ արա՝ ձեն, ծպտոն հանող չիլնի. համա խալխի հանդերը չըլնեմ-չիմանամ էթաս հա՞, թե չէ գլուխդ փորձանք կգա։
Նա էլ, թե.— Լա՛վ, որ ասում ես, չեմ էթա։
Օրեն մի օրը, էլի վեր ա կենում, էթում ավղուշ։ Ճամփին ինքն իրան միտք ա անում․ «Յարաբ խի՞ պտի թագավորի աղջիկը ինձ ղադաղա անի, թե իմ սնուռիցը դենը չէթաս, գլուխդ փորձանք կգա։ Կա-չկա, ըստե մի բան կա. դու արի՛ մի փորձեմ, էթամ տենամ ինչ կա, որ ասում ա։ Հը՞․ էթամ՝ չէթամ, էթամ՝ չէթամ, էթամ՝ չէթամ»։ Ըսենց մնում ա շիվարած, չի իմանում ինչ անի. էթա՝ վախում ա. չէթա՝ չիլնում, ուզում ա ո՛նց ըլնի, թեկուզ գլուխը մահի տա, իմանա։
Վերջը. «Ջհա՛նդամը գյոռ,– ասում ա,— մի օր էլել եմ, մի օր էլ պտի մեռնեմ, ի՛նչ ուզում ա ըլնի, պտի էթամ»։ [ 49 ] Էս ասում ա թե չէ, էրեսը խաչակնքում ա, ձիու գլուխը բաց թողում, տալիս սնուռն անց կենում։ Էթում ա, ի՜նչ ա տենում՝ լավ–լավ չայիր-չիման կանանչ տեղեր, որ վրեն նստիլ, մի կտոր հաց ուտիլը հենց ինչ ասես աժի. լավ-լավ անմահական աղբրներ, որ հարիր տարեկան ծերը ընդիանց ջուր խմեր՝ կջահելանար, կդառնար տասնըհինգ տարեկան տղա. հազար մի ռանգ ծաղկներ, որ նրանց անուշ ֆոտը չէր դիպնում մարդի քթի՝ հենց իմանում էր դրախտումն ա. ղշերն էլ հո հալ ու հեսաբ չկար. ամեն դհից ո՛ր չին խոսում, ծըլվըլում՝ մարդի քեֆ ին բերում։ Մախլա՛ս, գլխներդ ինչ ցավացնեմ, տղեն ըստերանք ո՛ր չի տենում՝ բերանը մնում ա բաց։
«Օխա՛յ,— ասում ա,— ֆոգիս փառավորեց. էսթավուր դրախտում կենողն էլ յարաբ դա՞րդ կանի։ Լա՜վ, բա էն աղջիկը խի՞ չէր թողում գամ ըստերանք. հալբաթ ըստե մի բան կա, էթամ տենամ»։
Ձին քշում ա մի քիչ դես ման գալի, դեն ման գալի, ըստե էթում, ընդե էթում, իրա հմար ավ անում, մի քանի ղուշ վե քցում, հավեսը հանում, հենց էն ա ուզում էր էլի եդ դառնա գա իրանց սնուռը, թուրը էն սհաթը ղնիցը դուս ա գալի, ընկնում աղաքը։
«Ա՛յ հարա՜յ,— ասում ա,— բաս պտի դուշման դա աղաքս. ես վախտով իմ գլխի ճարը տենամ»։
Թուրը վեր ա ունում, հազիր կաննում, դուշմանի ճամփեն պահում։ Կենում ա կենում, մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, տենում ա, ըհը՜, հրեն ընդիան մի կոլոտիկ, կարճ մարդ դուս էկավ։
— Հո՛ղածին,— գոռաց,— դո՞ւ ըստերանք։ Օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ընչանք օրս իմ ահիցը սիրտ չի արե ըստերանք ոտ կոխի, դու ո՞նց ես սիրտ արե, էկե. ո՛նց ես մենծ թիքեն անկաջդ թողամ։
— Լա՛վ,— ասեց տղեն,— էլ խի՞ ես ղուդուղանում. աստոծ մի ֆոգի քեզ ա տվե, մի ֆոգի ինձ։ Ուզո՞ւմ ես արի կռվենք, տենանք որս ա ղոչաղ, ե՞ս, թե դու։ Ղա՞բուլ ես։
— Ղա՛բուլ եմ,— ասեց,— արի՛:
Էս ասում են թե չէ, հասնում են իրար։
— Յա՛ սուրբ Կարապետ,— ձեն ա տալի տղեն, թուրը վրա բերում:
Վրա բերելու բաշտան որ չի դիպնում նրա ջանին՝ հազար տեղան կրակ ու բոց ա դուս գալի, քիչ ա մնում տղին էրի, փոթոթի, [ 50 ] քուլ շինի։ Խեղճը մնում ա շիվարած։ «Էս ի՜նչ թավուր իսան ա,— ասում ա ինքն իրան,— որ ջանիցը կրակ ա դուս գալի․ կաց մի հետ էլ տամ, տենամ»։
Թուրը քաշում ա, մին էլ ա տալի, տենում ա էլի կրակ դուս էկավ։ Մի՛ն, է՛րկու, հի՛նգ, տա՛սը, քսա՛ն, մախլա՛ս՝ քանի տվեց, կրակ դուս էկավ նրանից։
Վերջը էն կարճլիկ մարդը տեհավ, որ շատ ա չարչարվում, ասեց.— Տղա՛, բո՛լ չի տաս, խի ես ղուր տեղը չարչարվում. յարաբ գի՞տաս ե՛ս ով եմ։
— Ո՞վ ես,— հարցրեր։
— Ե՞ս, ըհը՜, ես Ջան–Փոլատն եմ,― ասեց,— որ արար աշխարքը իմ ձեռիցը ղվիր ա էկե։ Ըսկի բա չե՞ս լսե անումս։ Ընչանք օրս դեռ ադամաորդի սիրտ չի արե իմ սնուռը ոտ կոխի, քեզանից սավայի, որ գլխիցդ ձեռ ես վե կալե, էկե ինձ կերակուր։ Իմ ջանը որ կա, սաղ փոլատից ա, թուր, թվանք, յարաղ-ասպաբ, որ ասես, քյար չի անի․ հո տված, չտված՝ մին ա։
Տղեն էս որ լսեց, վախլութլունից քիչ մնաց լեղին պատռի։ Ճարը կտրած, նո՛ր օձի նման լիզու հանեց, ընկավ աղաչանք, պաղատանք։
― Ամա՜ն, գիտաս,— ասեց,— Ջա՛ն-Փոլատ, քու ոտն եմ ընկե․ մեղք եմ, ջահել-ջիվան եմ, թող էթամ իմ արևի ձենն ածեմ։
— Լա՛վ, որ թողամ, դո՞ւ ինձ ինչ լավություն կանե՛ս։
— Սրտիդ ինչ մուրազ ունես,— ասեց,— ասա՛, էթամ, գլուխս մահի տամ, կատարեմ․ սրանից էլ լավ բա՞ն։
— Է՜, տղա՛, սաղ աշխարքը որ իմ ձեռին դողում ա՝ ըսկի ես չկարացի սրտիս մուրազը կատարի, դո՞ւ պտի կարենաս, թուհո՜ւ։
— Հա՛, ես կարամ, կարացի՝ կարացի, չկարացի՝ արինս քեզ հալալ ա։
— Ղո՞րթ։
— Ղո՛րթ։
― Լա՛վ, կասեմ։ Պտի էթաս Չինումաչինա քաղաքի թագավորի աղջիկը բերես, կա՞րաս։
— Կա՛րամ. չկարացի՝ արինս քեզ հալալ։
— Լա՛վ, գնա՛,— ասեց Ջան-Փոլատը,— էդ աղջիկը բերիր՝ հո մուրախաս ես, կթողամ կէթաս, թե չէ հո՝ իմաց կաց քեզ էլ պրծնում չկա։ Ղա՞բուլ ես։ [ 51 ] — Ղա’բուլ եմ,— ասեց:— Մնաս բա՛րին։
— Գնաս բա՛րին, աստոծ բարի ճամփա տա։
Տղեն ա՝ էն սհաթը ոտը դնում ա օրզանգուն, թռնում Սև ձին, ասսու անումը տալի, ընկնում ճամփա՝ դպա Չինումաչինա քաղաքը։ Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րեք օր, բիրդան ճամփի վրեն տենում ա հրեն մի փուշ, միջին մի սի՜րուն, նա՜շխուն աղունիկ խրվել ա, չի կարում թռնի։
Ձիու վրիցը ձեռը մեկնում ա, որ բռնի մորթի, էլ ղմիշը չի գալի. ասում ա. «Մե՛ղք ա, հալբաթ ճուտեր կունենա, բաց թողամ էթա»։
— Ազա՜տ, ազա՜տ, քու ասսուն ազատ,— ասում ա ու բաց թողում։
Աղունիկը ուրախ—ուրախ թռնում ա էթում։ Մի քիչ տեղ թռնում ա թռնում՝ էլ եդ գալի կաննում տղի գլխին.
— Թագա՛վորի ցեղ,— ասում ա,— դու ինձ ընենց մի լավություն արիր, որ չեմ գիտա ո՛նց տակիցը դուս գամ։ Իմ բմբլիցը հրես մի հատ կտամ քեզ,— ասում ա,— կշտիդ պահա՛. նեղն ընկած վախտը կրակին տաս թե չէ՝ էն սհաթը քու հավարին կհասնեմ։
Աղունիկն էս ասում ա թե չէ՝ թռնում ա, վրիցը կտցով մի բմբուլ պոկում, քցում գետինը։
Նա էլ վեր ա ունում պահում․ ասում ա. «Մարդ ա, բալի պետքն ա գալի»։ Բմբուլը դնում ա ծոցը, էլ եդ վե կենում էթում։ Էթում ա, էթում ա, էթում ա՝ մի՛ ամիս, է՛րկու ամիս, ի՛րեք ամիս՝ անջախ որ հասնում ա Չինումաչինա քաղաքը։ Էթում ա ղուղ թագավորի խնամաքարի վրեն նստում։
Թագավորի աղջիկը իրա օթախիցը թամաշ ա անում, տենում մի սիրուն, բոյ ու բուսաթով տղա հրե խնամաքարի վրեն նստած։
Ղարավաշին ղրկում ա, ասում ա․— Գնա՛ էն տղին կանչա՝ գա փանջարիս[4] աղաքը։
Ղարավաշն էթում ա. կանչում, բերում։
— Ի՞նչ մարդ ես,— հարցնում ա աղջիկը,— ի՞նչ բանի հմար ես էկե։
— Ֆլա՛ն թագավորի տղեն եմ,— ասում ա,— էկել եմ Չինումաչինի թագավորի աղջիկը տանեմ։ [ 52 ] — Քու ուզած աղջիկը հենց ե՛ս եմ,— ասում ա,— լա՛վ թամաշ արա՛, տես կհավա՞նես։
Գլուխը որ չի բանձրացնում մտիկ տալի, ի՞նչ ա տենում՝ մի ա՜ղջիկ, մի ա՜ղջիկ, մի ա՜ղջիկ։ Էնքա՜մ սիրուն, էնքա՜մ նաշխուն, որ չուտես, չխմես, չհագնես, չմաշես՝ հենց նրա գյուլ-ջամալին թամաշ անես. մի խոսքով՝ արեգակի կտոր, մի՛ հրեշտակ, մի՛ մարալ, մի՛ ջեյրան, մի՛ հուրի-մալաքի մեկը, որ արևին ասում ա՝ դու մեր մտի, ես դուս եմ գալի, էնքա՛մ սիրուն էր[5]։
Նրան ո՛ր չի տենում՝ ջանը մահվան դող ա ընկնում, սրսռթում, լիզուն կապնվում, էլ չի կարում խոսա՝ հենց խելքամաղ ա ըլնում, մնում։
— Հը՜, տղա՛,— մըկ էլ հարցնում ա աղջիկը,— ինձ հա՞վան կացար, թե չէ՛։
— Թագավորի աղջիկը սաղ ըլնի, քեզ աստոծ ա հավանե, ես կա՞րամ չհավանի։
— Լա՛վ,— ասում ա,— որ էկել ես ինձ տանի՝ հերս քեզ իրեք բան կասի՝ կա՛նես։
— Ի՞նչ իրեք բան,— հարցնում ա տղեն։
— Մի՛ն որ,— ասում ա,— փետե կացինը պտի վեր ունես, տաս, էրկաթե սինը կտրես․ կա՞րաս։
— Թագավորի աղջիկը սաղ ըլնի, ըտենց բան կըլնի՞, փետե կացնով էրկաթե սին կկտրվի՞։
— Էդ հո էդ։ Պտի մի տոլու լիքը գինի դնես ծոցդ, նիլնես մեր էրկեն բարդու գլուխը՝ էլի վե գաս, ընենց որ գինուցը մի պուտ էլա չթափի․ կա՞րաս։
― Չէ՛,— ասում ա,— թագավորի աղջիկը սաղ ըլնի, չէ՛, չեմ կարա։
— Ըտ էլ հո էդ։ Վրա իրեքն էլ պտի իրեք օրավար տեղ կորեկ ցանեն, եննա փոցխեն, որ խառնվի ֆողի հեննա։ Մի օրումը պտի էդ կորեկը քոմմա հավաքես, որ մի հատ էլա չմնա․ կարա՞ս։
— Չէ՛, թագավորի աղջիկը սաղ ըլնի, էդ էլ չեմ կարա. բաս ասա հերդ պտի ինձ քյալլա անի, է՞լի։
— Չէ՛, տղա՛,— սիրտ ա տալի աղջիկը,— քանի ջանումս ջան կա՝ չեմ թողա որ քու մի մազն էլա թեքվի։ Էդ իրեքից էրկսի հունարը ես գիտամ, կսովրացնեմ, կէթաս կանես՝ կպրծնես. համա էն [ 53 ] որ պտի իրեք օրավար տեղ կորեկ ցանեն, հավաքես՝ էդ չեմ գիտա․ սուտ ասեմ՝ ի՛նչ։
— Բա՛ն չկա,— ասում ա տղեն,— դեռ մի էն էրկուսն ասա՛ տենամ՝ ո՞նց պտի անեմ, էդ մինն էլ աստոծ ողորմած ա, հալբաթ հավարիս կհասնի։
― Ա՛յ ոնց պտի անես։ Ա՛ռ հրես Մարիամ աստոծածնա աղլուխը․ որ կէթաս թագավորի կուշտը, կասի՝ փետե կացինը վե կալ էրկաթե սինը կտրա․ կտանես էս աղլուխը կքցես սան վրեն, կացինը վե կունես, կասես. «Ո՛վ սուրբ Մարիամ աստոծածին, քեզ եմ ապավինե»։ Կասես ու կտաս․ տալու բաշտան էրկաթե սինը էրկու կըլնի, ընդե վե կընկնի։ Էս ըսենց կանես։ Ըս Էլ Մարիամ աստոծածնա մատանիքն ա, ա՛ռ կշտիդ պահա․ թագավորը տոլուն որ կլցնի, կտա քեզ, կասի. «Ծոցդ դիր, նիլ բարդու գլուխը», էս մատանիքը մի ֆանդով քցա մեջը, եննա նի՛լ, մի՛ վախի, նիլնես, վե գաս՝ մի պուտ էլա չի թափի։ Հրե՛ս, էն էրկու բանի հունարն էս ա․ ոնց որ ասեցի, ընենց էլ կանես։ Բա՛ էն մեկե՞լը։
— Էն մեկելն էլ ումուդ աստոծ, հալբաթ մի բան կանեմ,― ասում ա տղեն,— էթում էլ եդ թագավորի խնամաքարի վրա նստում։
Թագավորը դուս ա գալի, տենում մի սի՜րուն, նա՜շխուն, բոյով-բուսաթով տղա հրեն խնամաքարի վրեն նստած։
— Հը՛, տղա՛,— ասում ա,— ի՞նչ խնդիրք ունես։
— Սա՛ղությունդ, թագավորն ապրած կենա, էկել եմ աղջկանդ տանեմ։
— Լա՛վ, որ էկել ես տանես, իրեք բան պտի ասեմ, կա՞րաս անի։
— Խի՞ չեմ կարա, թագա՛վորն ապրած կենա․ չկարացի՝ արինս քեզ հալալ ա։
— Լա՛վ, որ կարաս՝ արի՛, մեղքն ու վարձքը քու շլինքը։
Կռնիցը բռնում ա, տանում էրկաթե սան կշտին կաննացնում, փետե կացինը տալի ձեոը։
— Ա՛ռ,— ասում ա,— էս փետե կացնովը պտի տաս, էս էրկաթե սինը կտրես, մինն էս ա, դե արա՛ տենամ։
— Աչքիս վրեն,— ասում ա տղեն,— կանեմ։
Էն սհաթը ծոցիցը հանում ա Մարիամ աստոծածնա աղլուխը, քցում սան վրեն։ [ 54 ] — Ո՛վ սուրբ Մարիամ աստոծածին,— ասում ա,— քեզ եմ ապավինե։
Ասում ա ու տալի։ Տալու բաշտան սինը միջիցը կես ա ըլնում, ընդե վեր ընկնում։
— Հը՛, կարա՞ցի, թե չէ, թագավորն ապրած կենա,— ձեն ա տալի։
— Ա՜ֆարիմ, էս մինը կարացիր․ մնաց էրկուսը։ Հմի մի տոլու գինի պըռտեպռունդ լիքը, պտի դնես ծոցդ, նիլնես մեր բարդու գլուխը, վե դաս՝ որ մի պուտ էլ ա չթափի. կա՞րաս։
— Կա՛րամ, խի՞ չեմ կարա,— ասում ա։
Թագավորն էթում ա մի տոլու լիքը գինի լցնում, բերում տալի տղին, տանում բարդու կուշտը։
— Դե ա՛ռ,— ասում ա,— դի՛ր ծոցդ, նի՛լ տենամ։
Տղեն էն սհաթը Մարիամ աստոծածնա մատանիքը հանում ա, քցում տոլուն, դնում ծոցը՝ նիլնում, վե գալի, որ ասես մի պուտ էլ ա չի թափում։
Թագավորը, նրա նազիր-վեզիրը քոմմքով մնում են մաթ էլած տղի վրեն, թե էս ի՜նչ իսան ա, ի՜նչքամ հունար ունի, որ ըս էլ էրկու հետ թագավորի ասածն արեց, չունքի քա՛նի-քա՛նի մենծ–մենծ մարդիկ՝ է՛լ թագավորի տղա, է՛լ նազրի տղա, է՛լ վեզրի տղա, ես ինչ գիտամ՝ բեզրգյանի տղա, մախլա՛ս էլ ով ասես էկել էր, չէր կարացե էդ իրեքից մինն էլա անի․ թագավորը քոմմքի գլուխն էլ կտրիլ էր տվե, թողե։
— Դե գնացե՛ք,— ասեց թագավորը իրա նոքարներին,— իրեք օրավար տեղ վարեք, կորեկ ցանեք, լավ փոցխեք, թող էս տղեն մին-մին հավաքի։ Հավաքեց՝ հավաքեց, աղջիկս մոր կաթի նման հալալ ա սրան․ թե չէ հո սրա արինն ա ինձ հալալ։ Տղա՛, ռա՞զի ես։
— Ռա՛զի եմ,— ասում ա։
Նոքարներն էթում են իրեք օրավար տեղ վարում, ցանում, լավ-լազաթին փոցխում, թողում գալի, որ տղեն հավաքի։
Տղեն հավաքեց։ Հավաքեց, հավաքեց, հավաքեց, ընչանք ճաշ հավաքեց՝ դեռ հլա հարիր կորեկ անջախ էր հավաքե։ Բերնով ասիլը հեշտ ա, ախար իրեք օրավարեն տեղ կորեկ, ըն էլ մի օրումը հավաքել կըլնի՞։
— Բանս բուրդ ա,— ասեց ինքն իրան,— էս հետ որ թագավորը ինձ քյալլա կանի։ [ 55 ] Մնացել էր խեղճը գլխի վրեն մոլորած, չէր իմանում ինչ անի․ մեկ էլ[6] աղունկի բմբուլը միտն ընկավ․
«Սրանից էլ նե՞ղ տեղ,— ասեց,— արի՛ մի փորձեմ էս բմբուլը կրակ տամ, տենամ․ բալի հավարիս հասնում ա»։
Էն սհաթը հանում ա կրակ տալի։ Կենում ա մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ՝ տենում ա էկավ, աղո՜ւնիկ էկավ, աղո՜ւնիկ էկավ, աղո՜ւնիկ էկավ, ոնց որ մի սելավ․ սաղ կորկի արտը աղունկով լցվեց, որ քցեիր՝ գետինը չէր ընկնի՝ էնքամ լցվել էր։ Է՜, էսքամ աղունկին էլ կո՞րեկ կդիմանար։ Կես սհաթումը քոմմա հավաքեցին, ղրաղին կիտեցին, էլ եդ թռան, գնացին, Տղեն ուրախացավ, աշխարով մին էլավ։
«Ջա՜՛ն,— ասեց,— էս հետ էլ պրծա, հմի որ թագավորի աղջիկը տարա»։
Իրիկունը նոքարներն էկան տենան տղեն ինչ հալի ա, հավաքե՞լ ա, թե չէ։ Տեհան քոմմա հավաքել, է՜, եքա ամբար ա արե, արտի կողքին կիտե։ Խաբարը տարան թագավորին։
— Թագավորն ապրած կենա,— ասեցին,— էն տղեն իրեք օրավար կորեկը քոմմա հավաքել ա, պրծե․ որ ասես մի հատ էլ չի թողե։
— Գնացե՛ք, կանչեք գա,— ասեց։
Գնացին կանչեցին, բերին։
— Տղա՛,— ասեց թագավորը,— դու իմ ուզած իրեք բանն էլ արիր․ հմի էլ խոսք չունեմ, աղջիկս քեզ մորդ կաթի նման հալալ ա, տա՛ր։ Համա մի բան էլ որ ասեմ, անկաջ կա՞նես,— հարցրեց։
— Ասա՛, թագա՛վորն ապրած կենա, խելքս կկտրի, անկաջ կանեմ, թե չէ՛, հո չէ։
— Տղա՛,— ասեց,— ես քեզ շատ սիրեցի, ուզում եմ որ ըստիան էլ չէթաս․ չե՞ս գա քեզ ինձ տղա շինեմ։
— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա, չեմ կարա, ես դեռ հլա մուրազ ունեմ, պտի էթամ։
Շատ զոռեց որ կենա, տղեն չկացավ, ասեց․— Պտի էթամ, որ պտի էթամ։
— Լա՛վ, որ մուրազ ունես, գնա՛, աստոծ քեզ հետ։ [ 56 ] Բերեց աղջկա հեննա լավ բաժինք դրեց, լավ մալ ու դոլվաթով, լավ-լավ փեշքաշներռվ ճամփու գրեց։
— Գնացե՛ք, ո՛րդիք,— ասեց,— աստոծ էրկսիդ մի բարձի ծերացնի, ծլե՚ք, ծա՛ղկեք, ճղքճղքնոտեք․ առջնեկներդ տղա ըլնի։
Խեղճ թագավորը հենց գիտար աղջկանը իրա հմար ա տանում․ չէր գիտա, որ Ջան-Փոլատի հմար ա։
Տղա, աղջիկ գնացին թագավորի ձեռը պաչեցին, էկան բեռները բարձեցին, ընկան ճամփա։
Գնացին, գնացին, շատն ու քիչն աստոծ գիտա, գշերը մի տեղ վեր էկան, չադիր տվին, կացան։ Մի քիչ հաց-մաց կերան, բերին տեղները քցեցին, որ քնեն։ Տղեն էն սհաթը թուրը հանեց, դրեց արանքները։
— Էլ թո՞ւրն ինչ ա,— հարցրեր աղջիկը,— չէ՞ մենք մարդ ու կնիկ ենք։
— Չէ՛,— ասեց,— մենք մարդ ու կնիկ չենք, քիր-աղպեր ենք։
— Ո՞նց թե քիր-աղպեր․ բա ես քու կնիկը չե՞մ։
— Չէ՛։
— Բա ո՞ւմ։
— Ջան-Փոլատի։ Քեզ նրա հմար եմ տանում։
— Պա՜հ քու տունը հրեղեն սուր մննի,— ասեց աղջիկը,— ինձ տանում ես էն արենխում ջանավարի ձեռը քցես, ֆողեց-ֆոգի կորցնե՞ս։
— Չէ՛, թագավորի աղջիկ, դարդ մի անի․ մի գլուխ ունեմ՝ քեզ ղուրբան կանեմ, Ջան-Փոլատի ձեռիցը կպրծացնեմ․ համա հմի որ խոսք եմ տվե, չեմ կարա, պտի տանեմ։
— Դու քու աստոծը,— ասեց աղջիկը,— ես որ ոտով-գլխով քունն եմ, ի՛նչ կուզես, արա՛։
— Մի՛ վախի,— ասեց,— խոսքը խոսք ա։
Առավոտը որ լիսը բացվեց, ըստիան վե կացան, չադիրը հավաքեցին, էլ եդ գնացին իրանց ճամփեն։ Գնացին, գնացին, շատն ու քիչն աստոծ գիտա, գշեր-ցերեկ գնացին, մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս՝ հասան Ջան-Փոլատի ամարաթը։ Ջան-Փոլատը հեռվանց աղջկանը որ տեհավ՝ ուրախացավ, աշխարով մին էլավ։ Վազեվազ էկավ աղաքները։
— Ա՛ֆարիմ, տղա,— ասեց,— Չինումաչինա թագավորի աղջիկը որ բերիր, հմի մուրախաս ես․ գնա՛ արևիդ ձենն ածա։ [ 57 ] Աղջիկը տալիս ա Ջան-Փոլատին, հեննեն մնաս բարով անում, ձիու գլուխը բաց թողում, էթում։ Էթում ա, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, մի սհաթվա, էրկու սհաթվա, իրեք սհաթվա ճամփա էթում ա, էլ եդ դառնում։
— Խոսքը խոսք ա,― ասում ա,― պտի էթամ:
Գալիս ա Ջան-Փոլատի ամարաթի կշտին մի տեղ տափ կենում։ Որ լավ մութը գետինը կոխում ա, Ջան-Փոլատը գալիս հաց ուտում, մննում տեղը, խըռըմփալեն շնթռկում՝ տղեն ուսուլով ամարաթի դուռը բաց ա անում, մննում նեքսև, աղջկա գլխավերևը կաննում։ Նրան էլ աղաքուց ասել էր հազիր կենա, որ էդ գշեր պտի գա փախցնի, տանի։
— Հը՛,– ասում ա,— էթա՞նք, թե չէ։
— էթա՛նք,— ասում ա։
Աղջկանը դուս ա բերում, քաշում ձիու թարքը՝ յա՜լլա։
Թող նա էթա, գանք խաբար տանք Ջան-Փոլատիցը։ Առավոտը վեր ա կենում, տենում աղջիկ չկա։
— Կա չկա,— ասում ա,— էն քյաֆուր տղեն ա փախցրե։
Էլ մաջալ չի տալի, թռնում ա ձին, ընկնում եննուցը։ Քշում ա, քշում ա, ո՛նց ա քշում, ո՛նց ա քշում, որ էրկու սհաթվա ճամփեն մի սհաթումն ա էթում։ Էթում ա, էթում, ճամփի կիսին տղին հասնում ա, աղջիկը ձեռիցը խլում։
— Հը՛, տղա՛,— ասում ա,— ո՞նց ես մենծ թիքեն անկաջդ թողամ։
— Ամա՜ն գիտաս, Ջան-Փոլատ,— ասում ա տղեն,— քու ոտնեմ ընկե, էս հետ բաշխա՛, էլ չեմ անի։
— Լա՛վ,— ասում ա,— էս հետ բաշխում եմ, չունքի դու չըլնեիր՝ հազար տարի ճգնեի, Չինումաչինա թագավորի աղջիկը չէի կաբա բերի։ Գնա՛, տղա, գնա՛, դեռ ջահել-ջիվան ես, գնա արևիդ ձենն ածա՛։
Եդ ա դառնում, գալի։
Համա տղեն ո՞նց կարար կաշվումը սթրի, չունքի մի հետ աղջըկանը խոսք էր տվե։ Մի քիչ կենում ա, էլի ձիու գլուխը շուռ ա տալի, գալի Ջան-Փոլատի ամարաթը։
«Խոսքը խոսք ա,— ասում ա,— պտի էթամ»։
Ըտերանք մի տեղ տափ ա կենում, ընչանք լավ մթնում ա [ 58 ] Ջան-Փոլատը ավից գալիս ա, հաց ուտում, շնթռկում՝ ուսուլով ամարաթի դուռը բաց ա անում, մննում նեքսև, էթում աղջկա գլխավիրևը կաննում։
— Հը՜,— ասում ա,— էթա՞նք, թե չէ։
— էթա՛նք,— ասում ա:
Աղջկանր դուս ա բերում, ձին ղաթի ամարաթի դռանը կապած՝ նիլնում, նրան էլ քաշում թարքը՝ յա՜լլա։
Թո՛ղ նա էթա, գա՛նք Ջան֊Փոլատիցը խաբար տանք։ Առավոտը որ լիսը բացվում ա, վեր ա կենում տենում էլի աղջիկ չկա։ Դե՛ս աղջիկ, դե՛ն աղջիկ՝ չկա, որ չկա։
— Կա չկա,— ասում ա,— էլի էն քյաֆուր տղեն ա փախցրե՛ քիչ սհաթը նիլնում ա ձին, ընկնում եննուցը։ Տղեն հենց էն ա՝ քիչ էր մնացե սնուռն անց կենար, եդևիցը հասնում ա, աղջիկը ձեռիցը խլում։
— Հը՛, աղա,— ասում ա,— է՞ս հետ ոնց ես․ մենծ թիքեն անկաջդ թողա՞մ, թե չէ։
— Ամա՜ն, ասսու սիրուն, Ջան-Փոլատ,— ասում ա,— քու ոտն եմ ընկե, մե՜ղա, ես արեցի՝ դու մի անի․ ջահել-ջիվան եմ, թող էթամ մուրազիս հասնեմ։
— Լա՛վ,— ասում ա Ջան-Փոլատը,— գնա՛, էս հետ էլ եմ բաշխում, գնա՛ մուրազիդ հասի։
Եդ ա դառնում, գալի։
Համա բե, որ տղեն էլի դինջ չի մնո՜ւմ:
«Ջըհա՛նդամ,— ասում ա,— ի՛նչ ուզում ա ըլնի, խոսքը խոսք ա՝ պտի էթամ»։
Ձիու գլուխը ծռում ա դպա Ջան-Փոլատի ամարաթը։ Էլի ըտերանք մի տեղ տափ ա կենում, ընչանք մութը գետինը կոխում ա, Ջան-Փոլատը ավից եդ ա գալի, շնթռկում՝ ուսուլով ամարաթի դուռը բաց ա անում, մննում նեքսև, էթում աղջկանը զարթացնում։
— Ա՛ղջի– ասում ա,— բա ո՞նց անենք․ ըս էլ էրկու հետ ուզեցա քեզ փախցնեմ՝ չէլավ, Ջան-Փոլատի ձեռիցը չպրծա, իմացավ, էկավ եդևիցս հասավ։ Վրա իրեքն էլ որ բռնել ա՝ իմաց կաց էրկսիս էլ բանֆոգի կանի, մեր մենծ թիքեն անկաջը կթողա։ Արի՛ դու էլի բալքի մի ֆանդով հարցնես, իմանաս նրա ֆոդին ո՞րդի ա․ թե չէ ըսենցով բան չի դառնա․ դրան էլ սըպանելու ճար, իլլաջ չկա։ [ 59 ] — Ո՞նց հարցնեմ,— ասում ա աղջիկը։
— Ա՛յ ոնց․ էգուց իրիկունը որ նա ավիցը կգա, դու դառը-տխուր, նոթերդ կիտած տանը նստի․ որ կհարցնի՝ խի՞ ես ըտենց, ասա․ «Բա՛ ինչ անեմ, դու էթում ես քեզ հմար սեհրն անում, ինձ թողում բուբուի նման տանը նստած։– Որ կասի. «Բա ո՞նց անեմ, որ մենակ չըլնես», ասա․ Քու ֆոգին ո՞րդի ա, տեղն ասա, էթամ բերեմ, դնեմ կողքս, հեննեն խոսամ, զրից անեմ․ էն վախտը ոնչ մենակ կըլնեմ, ոնչ էլ»։ Քանի նա չեմ ու չում կանի՝ դու հենց էրեսիցը կախ իլ, հա՛ ասա, ընչանք զահլեն տանես։ Իմացա՞ր։
— Իմացա,— ասում ա,— դե բաս դու գնա, քանի Ջան-Փոլատը չի վե կացե, թե չէ մահներս կտա։
Տղեն դուս ա գալի, էլի ըտերանք մի տեղ տափ կենում։ Իրիկունը Ջան-Փոլատը ավից գալիս ա տուն, տենում աղջիկը դառը-տխուր, նոթերը կիտած նստել ա, որ ասես չի խոսում։
— Հը՛, ի՞նչ ա էլե,— հարցնում ա,— խի՞ ես ունքերդ վե թողե․ չըլնի՞ քեֆ չունես։
— Բա՛ ինչ անեմ,— ասում ա,— դու քեզ հմար էթում ես ման գալի, սեհրն անում, ինձ թողում ըստե սաղ օրը մեն-մենակ։ Ոնչ մարդ կա, ոնչ մադաթ, որ հեննես զրից էլա անի․ բուբուի նման մնում եմ նստած․ հա թամաշ արա, թե պտի իրիկունը գաս։
— Բա՛ ոնց անեմ, ա՛յ կնիկ․ ես էլ որ ավի չէթամ, ի՞նչ պտի ուտենք, սոված հո չե՞նք կոտորվի։
— Ա՛յ ոնց արա,— ասում ա աղջիկը,— ասսու իրան օրը, ավի էթալիս՝ ֆոգիդ թող ըստե, հեննեն զրից անեմ, մենակ չմնամ։
— Լա՛վ,— ասում ա,— իմ ֆոգին հրես էս ավլի միջին ա, որ ըստիան դուս կէթամ, բե դի կողքդ, ինչքամ ուզում ես հեննեն խոսա, որ մենակություն չքաշես։
— Լա՛վ,— ըտենց կանեմ։
Էդ գշերն ըտենց անց ա կենում։ Առավոտը լիսը բացվում ա թե չէ, Ջան-Փոլատը վեր ա կենում, էթում ավղուշ։ Աղջիկն էն սհաթն էթում ա ավիլը բերում, մարդի շորերը նրան հագցնում, դնում կողքը, որ հեննեն զրից անի։ Ինչ խոսում ա՝ ձեն չի հանում, ինչ խոսում ա՝ ձեն չի հանում։
«Էս ի՞նչ թավուր ֆոգի ա, — ասում ա, — որ ոնչ խոսում ա, ոնչ էլ․ էն յաղին նա ինձ խաբեց»։ [ 60 ] Իրիկունը Ջան-Փոլատը եդ ա գալի, տենում ավլին հագցրել ա իրա շորերը, դրե կողքը, հեննեն զրից անում։
— Ա՛յ անխելք կնիկ,— ասում ա,— ավլի միջին ֆոգի կըլնի․ ըսկի ավատալու բա՜ն ա։
— Բա ո՞րդի ա,— հարցնում ա։
— Ա՛յ էս կժի միջին,— ասում ա,— բե՛ դի կողքդ, ինչքամ ուզում ես Հեննեն խոսա։
— Լա՛վ, ըտենց կանեմ։
Էդ գշերն Էլ ա ըտենց անց կենում։ Առավոտը լիսը բացվում ա, Ջան-Փոլատը վեր ա կենում, էթում ավղուշ։ Աղջիկն էն սհաթն էթում ա կուժը բերում, մարդի շորերը լավ-լազաթին հագցնում նրան, դնում կողքը։ Համա ինչ անում ա, չի անում՝ չի խոսում․ մնում ա արմացած։
— Յաղին, էն քյաֆուրն էս հետ էլ խաբեց․ նրա ֆոգին էս կժի միջին էլ լի, ուրիշ տեղ ա։
Ջան-Փոլատը իրիկունը ավիցը գալիս ա տենում՝ իրա շորերը հագցրել ա կժին, լավ սիրունիկ զուգե, զարդարե, դրե կողքը, հեննեն խոսում։
— Ա՛յ անխելք կնիկ,– ասում ա,— էդ ինչ ես անում․ ես ասեցի, դու էլ ավատացիր․ կժի միջին ֆո՞գի կըլնի։
— Բա ո՞րդի ա,— հարցնում ա,— դե դրուստն ասա՛, տե՛նամ։
— Դրուստը կասեմ,— ասում ա,— համա իսանաորդի չի կաբա էթա ընդե։
— Բան չկա, դու ասա՛, բերիլ տալը իմ շլնքին։
— Բաս ըտենց ա, կասեմ։ Իմ ֆոգին հրե հա՜ ֆլան մեշումը, ֆլան ասլանի փորին․ ըն էլ ի՛նչ՝ իրեք ծիտ ա, մի ղութկի միջի դրած․ իմ ֆոգին էդ ա։ Դե բերիլ տո՛ւ, տե՞նամ։
— Լա՛վ, բերիլ կտամ,— ասում ա։
էդ գշերն ըտենց անց ա կենում։ Առավոտը որ լիսը բացվում ա թե չէ, Ջան-Փոլատը վեր ա կենում, էթում ավղուշ։
Աղջիկն էթում ա տղին մին-մին նաղլ անում․ — Ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան,— ասում ա,— ֆլան մեշումը, ֆլան ասլանի փորին մի ղութիկ կա, միջին իրեք ծիտ, Ջան-Փոլատի ֆոգին հենց էդ իրեք ծիտն ա, որ դրանը սըպանեցիր, իմաց կաց նրա բանը պրծած ա։
— Ղո՞րթ։ [ 61 ] — Ղո՛րթ․ Ջան-Փոլատը իրա բերնով ըսենց մին—մին, տեղը-տեղին նաղլ արեց։
— Բա՛ս լավ,— ասում ա տղեն,— ես էթում եմ․ մնաս բա՛րին։
— Էթաս բա՛րին, աստոծ բարի ճամփա տա․ բարո՛վ էթաս, բարո՛վ գաս։
Տղեն ա՝ էն սհաթը Սև ձին նիլնում ա ու յա՜լյա՝ աղջկա ասած մեշեն։ Էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, չորս օր, մախլասի մի շաբաթ[7], սա՛ր, քա՛ր, քո՛լ ոտի տակ տալի՝ անջախ որ հասնում ա մի եքա ծովի ղրաղ։ Սև ձին գալիս ա գալի՝ ըստե կաննում. դես ա ման գալի, դեն ա ման գալի, մի կոլոլ քարի կշտի տղին վե բերում։
— Վե՛ր արի,— ասում ա,— էդ քարը շուռ տու․ դրա տակին ա սուրբ Սարգսի ձիու գյամը, վե կալ թաթխա ծովը, ձին էն սհաթը ընդիան դուս կգա։ Դուս գալու բաշտան, էլ մի՛ թողա հանք քաշի՝ գյամը ղի բերանը, քշա՛։ Մի քիչ տեղ որ կքշես. «Տղա,— կասի ձին,— մուրազդ ասա, կատարեմ»։ Կասես․ «Իմ մուրազն էն ա, որ ինձ անց կացնես ծովի էն դիհը, ընդե մի մեշա կա, մեշի միջին մի ասլան, էդ ասլանին սըպանես՝ էլ զադ չէ»։
Տղեն իրա իմաստուն ձիու խոսքին անկաջ ա անում. էն սհաթը վեր ա գալի, քարը բանձրացնում, տենում ըհը՜, ղորթ որ տակին մի գյամ։ Տանում ա թաթխում ծովը թե չէ՝ ալբիալը սուրբ Սարգսի ձին ֆըռընչացնելոն ծովիցը դուս ա գալի։ Էն սհաթը գյամը տալիս ա բերանը, նիլնում, քշում։ Քշում ա, քշում ա, մի քիչ տեղ քշում ա, տենում ա ձին կաննեց, էլ երըմիշ չիլնում։
— Հը՛, սուրբ Սարգսի ձի,— ասում ա,— խի՞ կաննեցիր։
— Ասա՛ մուրազդ կատարեմ,— ասում ա ձին։
— Իմ մուրազն էն ա,— ասում ա,— որ ինձ անց կացնես ծովի էն դիհը․ ընդե մի մեշա կա, մեշի միջին մի ասլան, էդ ասլանին սըպանես, էլ զադ չէ։
— Աչքիս վրա,— ասում ա ու գլուխը բաց թողում, էթում։
Էթում ա, էթում ա, հե՛նց ա էթում, հե՛նց ա էթում՝ ոնց որ մի քամի։ Մի օր, էրկու օր, իրեք օր էթում ա, ծովը կտրում, տալիս դուս գալի ղրաղը․ ըտեղ էլ զաթի մեշեն էր, իրան քցում ա [ 62 ] մեշեն։ Ասլանը հեռվանց տղին որ տենում ա ձիու վրեն՝ ուրախանում, աշխարով մին ա ըլնում.
«Աստոծ ըսօր ինձ ջուխտ ձեռով ա տվե,— ասում ա,— թամամ օխտը տարի իսանաորդու մսի համ չեմ տեհե, անջախ մի ըսօր պտի ուտեմ, հասրաթս հանեմ»։
Ասում ա ու ատամները ղրճտացնելոն վրա հասնում, որ էրկսին էլ մի հանքի կուլ տա։ Համա սուրբ Սարգսի ձին ո՛ր վրա չի քշում, ասլանին ոտատակ տալի, ջարդ ու խուրթ ա անում, խժռում, թիբա-թիքա անում, թողում․ ասլանը հենց տեղն ու տեղը սատկում ա, մնում։ Տղեն էն սհաթը ձիուցը վեր ա գալի, թուրը քաշում, ասլանի փորը ճղում, ղութիկը ընդիան հանում։ Բաց ա անում, տենում՝ ղո՛րթ որ իրեք ծիտ միջին ծլվլում են. էն սհաթը իրեքի ճիտն էլ քաշում ա։ Ջան-Փոլատի ֆոգին զաթի էս իրեք ծիտն ին, սրանց ճիտը քաշում ա թե չէ՝ ալբիալը նա ընդե րանից պրծնում ա։
— Տղա՛,— ասում ա ձին,— դե հմի նի՛լ վրես, տանեմ ծովն անց կացնեմ։
Տղեն նիլնում ա, ծովն անց կենում են էրեսը։ Ըստե ձիու գյամը հանում ա, իրան բաց թողում ծովը, գյամն էլ եդ տանում, դնում քարի տակը․ Սև ձին էլ հո ծովի ղրաղին էր, նիլնում ա, ընկնում ճամփա դպա Ջան-Փոլատի ամարաթը։ Գալիս ա, գալիս ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի մի շաբաթ[8], հասնում ա ամարաթը։
Աղջիկն էն սհաթը դուս ա գալի, ճտովը փաթթվում.— Տղա՛,— ասում ա,— էս հետ որ ես քունն եմ, դու իմը. արի՛ որ Ջան-Փոլատի ձեռիցը լավ պրծանք։
— Ղո՞րթ։
— Ղո՛րթ։ Չես ավատում, արի՛ տես։
Էթում ա տենում՝ դրուստ որ Ջան-Փոլատը էրկեն մեկնվել ա, ո՛նչ սասը կա, ոնչ սամուրը։ Նո՛ր ըստե քոչ ու բարխանա են կապում, ինչ կար-չկար Ջան-Փոլատի ամարաթումը՝ մալ, դոլվաթ, խաղինա, էրծաթ, ոսկի, բռլիանդ քոմմա բարձում են ձիանիքը, ընկնում ճամփա։ [ 63 ] Էթում են, էթում են, էթում են՝ մի օր, էրկու օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, մի ամիս՝ հասնում են էն աղջկա ամարաթը, որ տղի հեննա կոխ էր պրծե, տղեն նրան տվել էր գեննովը։ Ըստիան էլ էդ աղջկանն ա վեր ունում, էլ էդ էթում իրա ճամփեն։ Գալիս ա, գալիս ա, գալիս ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա հոր քաղաքը։ Խաբարը տանում են թագավորին, թե պուճուր տղեդ, էրկու սի՜րուն, նա՜շխուն, արեգակի կտոր աղջիկ էլ հետը՝ հրեն գալիս ա։
— Ղո՞րթ։
— Ղո՛րթ։
— Ո՞րդի ա։
— Հրե՛ ֆլան տեղը։
Թագավորը ուրախանում, աշխարով մին ա ըլնում, իրա նազիր-վեզրով, մենծ հեծելով դուս ա գալի աղաքը։ Տղեն հորը տենալու բաշտան՝ ձիուցը վեր ա գալի, էթում ձեռը պաչում։ Հեր ու տղա ըստե իրար փաթթվում են, լաց ըլնում, ուրախությունից ըսկի չեն էլ կարում խոսա. վեր են կենում գալի տուն։ Մեկել աղպրտինքը իրանց սևէրեսությունից ամանչում, քիչ ա մնում գետինը մննեն. ըսկի պուճուր աղպոր աչքին էլա չեն էրևում։
— Դե՛, ասա՛ տենանք, ո՛րդի,— հարցնում ա թագավորը,— ախա՛ր էս ո՞նց էլավ, որ դու սաղ-սալամաթ եդ էկար. էսքամ տարի մեռանք քու ճամփեն պահելոն։
Նոր ըստե պուճուր տղեն նստում ա, մին-մին հորը նաղլ անում աղպորտանց արարմունքը, ոնց որ ես ձեզ նաղլ արի։
Թագավորը ըստոնք որ չի լսում՝ կատաղում ա.— Ջա՜նլաթ,— ձեն ա տալի։
Ջանլաթները գալիս են թագավորին գլուխ տալի.— Ինչ կհրամայես,— ասում են,— թագավորն ապրած կենա։
— Կէթա՛ք,— ասում ա,— է՛ս սհաթը իմ վեց տղին էլ կբերեք աղաքիս քյալլա կանեք։
Պուճուր տղեն նոր աղաչանք, պաղատանք, թե.— Թագավորն ապրած կենա, աղպրտինքս ինչ մուխաննաթություն[9] արին՝ արի՛ն, բան չկա, նրանք էլ մերն են՝ յադ չեն, բաշխա՛։— Նոր որ թագավորը նրանց բաշխում ա։
Պուճուր աղպոր նշանածն էլ հո ուրախությունից չէր գիտա ինչ [ 64 ] անի․ էսքամ տարի խեղճի աչքը ջուր կտրեց նրա ճամփեն պահելոն։ Թագավորը նոր բերում ա սրանց պսակում․ օխտն օր, օխտը գշեր՝ էլ ի՜նչ հարսանիք, էլ ի՜նչ դափ զուռնա, էլ ի՜նչ քեֆ, ուրախություն, որ էլ հալ ու հեսաբ չկար։
Տղեն հետը բերած էրկու աղջիկն էլ մինը տալիս ա թագավորի նազրի տղին, մինը՝ վեզրի։
Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինն՝ անկաջ դնողին, մինն էլ՝ ասսուն։
- ↑ Տպագիր տեքստում՝ սլքվեց, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
- ↑ Տպագիր տեքստում բացակայում է, ավելացված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.):
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Տպագիր տեքստում բանահավաքի ձեռքով ջնջված են․ թողնում ենք, ինչպես տպագիր տեքստում է (Ծ․ Կ․)։
- ↑ Տպագիր տեքստում՝ ակուշկիս, ուղղումը բանահավաքինն է (Ծ․ Կ․)։
- ↑ Տպագիր տեքստում՝ «․․․էնքա՛մ մի սիրունիկ զադ էր»․ ուղղումը բանահավաքինն է (Ծ․ Կ․)։
- ↑ Տպագիր տեքստում՝ ղաֆիլ տեղը, ուղղումը բանահավաքինն է (Ծ․ Կ․)։
- ↑ Տպագիր տեքստում՝ «Մախլասի մի շաբաթ» բանահավաքի ձեռքով ջնջված է, թողնում ենք այնպես, ինչպես տպագիր տեքստում է (Ծ․ Կ․)։
- ↑ Տպագիր տեքստում «մի օր, երկու օր, իրեք օր, մախլասի մի շաբաթ» արտահայտությունը բանահավաքի ձեռքով ջնջված է, թողնում ենք այնպես, ինչպես տպագիր տեքստում (Ծ․ Կ․)։
- ↑ Տպագիր տեքստում՝ բեբախտություն․ ուղղումը բանահավաքինն է (Ծ․ Կ․)։