Jump to content

Ջրահեղձը (աշխարհաբար)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ջրահեղձը
թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

Ջրահեղձը


(Утопленникъ)



Ներս վազեցին մանուկները
Ու կանչում են հօրն շտապ.
«Ապի՛, ապի՛, ե՛կ մեր թօռը
Մեռել հանեց գետի ափ»։
—Սուտ էք ասում, շան լակոտներ,
Գոռաց հայրը ահաբեկ.
Սպասեցէք դուք հալա դեռ,
Մեռելն յետոյ կըտեսնէք։

«Դիւան կըգայ—ջուղաբը տուր.
Ցաւի միջում կըմնամ...
Հնար չըկայ, բե՛ր, ա՛յ կնիկ,
Շորերս տուր—մի գընամ։
«Ո՞ւր է մեռելն։—Ա՛յ ա՛պի, ա՜յ։
Ճիշտ որ գետի եզերքին
Թաց թօռի մօտ, գետնի վրայկ
Երևում էր ընկած դին։

Զարհուրելի դիակն ուռել,
Կապըտել էր այլանդակ։
Արդեօք անբախտ մի թշւառ էր
Հանգիստն առած ջրի տակ.
Մի գետակուր ձկնորս էր այն
Թէ գինեմոլ մի ջահել,
Թէ անզգոյշ վաճառական
Գողերի էր պատահել...

Ինչին է պէտք. աչք ածելով
Շտապում է գիւղացին,
Ոտից բռնած ետ, քարշ տալով,
Ջուրն է տանում խեղդւածին.
Եւ թիակով գետի եզրից
Ջուրը հրեց նա նորան,
Եւ դիակը գնաց՝ նորից
Փնտրել խաչ ու գերեզման։

Մեռելն երկար ջրի միջին
Ցած էր իջնում ճօճելով,
Աչքով ճամբեց մեր գիւղացին
Ու տուն դարձաւ կանչելով.
— Դէսը կորէք, ա՛յ լակոտներ.
Եկէք, բան տամ ձեզ—տանեմ,
Ամա թէ որ ձէն էք հանել,
Էնքան կըտամ — կըսպանեմ»։

Գիշերն ուժգին բուք վեր կացաւ.
Գետն ելնում է, որոտում...
Մարխը արդէն այրւեց-հանգաւ
Լուռ ու ծըխոտ խրճիթում։
Ողջ քնած են։ Անքուն պառկած
Միտք է անում գիւղացին։
Բուքը ոռնում է. մէկ էլ, յանկարծ,
Լուսամուտը բախեցին...

«Ո՞վ ես։—Ներս թող, ա՛յ տանտէր, ներս»։
Ի՞նչ է ցաւդ... կէս գիշեր,—
—Ինչ ես շըրջում Կայէնի պես.
Ինչ չար հողմ է դէսը քշել։
Ինչ անեմ քեզ, ասա, հիմի,
Նեղ է տեղներս, տունը մութ...
Ու ծոյլ ձեռքով, տրտնջալով
Բաց է անում լուսամուտ։

Ցոլում է լոյսն ամպի տակից.
Ահա կանգնած... մի մերկ մարդ.
Ջուր է թափում նորա միրքից,
Բաց են աչքերն ու անթարթ։
Կախ են ընկած բազուկները,
Ողջ կարկամած սոսկալի,
Մարմնին կպած քառչանգները
Ահեղ սևին են տալի։

Ահից մարեց՝ ճանաչելով
Իր մերկ հիւրին նա յանկարծ.
Փեղկը զարկեց։ Նա, դողալով,
«Ա՛յ դու ճաքես», քրթմընջաց։
Մտքերն իրար խառնւեցին,
Մինչև լոյսը նա դողում,
Մինչև լոյս դուռն ու լուսամուտ
Բախում էին ու բախում։

Ամբոխն ահեղ զրոյց ունի,
Թէ այս դէպքից գիւղացին
Սպասում է ամեն տարի
Միշտ նոյն օրը խեղդւածին։
Խառնւում է օրն առաւոտից,
Գիշեր գալիս բուք ու մութ,
Ու խեղդւածը ամբողջ գիշեր
Բախում դուռն ու լուսամուտ։