Ռացիոնալ ընտրությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ռացիոնալ ընտրությունը (պոեմ-տրագիկոմեդիա)

Ռուբեն Վարդազարյան

բնօրինակը ֆեյսբուքում


Ննջարան դեռևս չմտած՝
կիսաբաց դռան շեմը չհատած,
ես իմ աչքերով նշմարեցի,
թե ինչպես մի մկանոտ գորիսեցի
շինում էր կնոջս հետևը:

Գրո՛ղը կկի,- մտածեցի ես,-
խմել է պետք՝
պահը նյարդային է:

Վերադարձա խոհանոց,
սկսեցի փնտրել
իմ սիրելի վիսկին,
իմ Կապույտ Լեյբլը,
որն առհասարակ՝
ես թաքցնում էի լվացարանի տակ.
այստեղ`այս մոխրագույն դարակում,
կամ այնտեղ՝
կախովի պահարանի ամենաբարձր հարկում,
կամ էլ...
...Օ~ ոչ...Վիսկին ո՛չ պահարանում էր, ո՛չ լվացարանի տակ.
վիսկին սեղանին էր:
Նրանք թերևս հասցրել էին ռոմանտիկ ընթրել:
Իրեղեն ապացույցնե՞ր - որքան սիրտդ տա.
ահա՛ զույգ գավաթները չեխական խրուստալից,
ահա՛ Ավստրիայից բերված սպիտակ շոկոլադը:
Վերջապես՝ դոնդողիկը սառը – ահա՛. ամենասիրելի դեսերտն է նրա:

"Ա՛յ դու պոռռռնիկ, ա՛յ դու լիրբ",-
ատամներս կրճտացրի,
քիչ էր մնում ետ վազեի ննջասենյակ
ու մորթեի
ու սպանեի
ու խեղդեի երկուսին էլ միանգամից,
բայց ո՛չ, բայց չէ՛...
Լա՛վ է,
Աստված այդպես չկամեցավ.
Աստված ասեց "նստի՛ր տղա",
"լցրու տղա", "տղա խմի՛ր":

Աստված գիտեր ինչ էր անում.
վիսկին փափուկ տաքացնում էր
սիրտ ու ստամոքս,
խիղճ ու պատիվ,
չակռաներս փակ բացում էր:
Էթանոլը
վատ հուշերս ֆիլտրացնում էր,
և որքան շատ կըխմեի՝
այնքան հեռու,
այնքան բարի,
այնքան նուրբ էր դառնում
նոստալգիաս:

Ես հիշեցի մանկությունս.
հորս, մորս, տատիկներիս,
խիզախ հովիվ Սոսո պապիս՝
նրա պատմած հեքիաթները
չարքի մասին, փերիների,
եռագլուխ դերվիշ դևի,
թե ինչպես են դոդոշները կախարդական
ճահճից հանում Ալլադինին:
Հետո հանկարծ մտքիս եկավ
մեր տան բակը,
եղևնուտը,
կողքի հանդը
և իհարկե՝ արահետը՝
անտառ տանող նեղլիկ ուղին,
որի թավուտ ճամփեզերքին
ծաղկում էին մոշն ու մոռը...
Է~խ,
քանի~քանի~ ոսկե աշունք
ես ու տատս,
երգ ասելով,
ուրախ, կայտառ ու լուսերես,
մեր հարազատ արահետով,
քայլում էինք դեպի սարը:

- Բա՛վ է, հերիք, կանգ առ, հիմար,-
հանկարծ թնդաց Աստծո ձայնը,-
ի՞նչ ես խոսում, ա՛յ դու խելառ,
ի՞նչ Սոսո պապ,
ի՞նչ եղևնուտ,
ի՞նչ մոշ ու մոռ:
Մի շիշ Վիսկին "օքսիդացրել"՝
ցնորքների գիրկն ես ընկել - բարբաջում ե՞ս:
- Օ~ ոչ, Տեր իմ,
ես պարզապես...ես պարզապես...
- Դու պարզապես ձայնդ կտրի՛ր,
այժմ միայն ես կխոսեմ,-
շատ ջղայն էր տեր Եհովան,-
իրականում՝
դու ծնվել ես Քանաքեռում,
ծակ և խարխուլ տանիքի տակ,
ընտանիքում բազմազավակ:
Հայրդ՝
ցածր սոցիալական խավի ներկայացուցիչ,
չուներ ոչինչ.
աղքատ ու նվաստ աշխատավոր էր,
իսկ մանկությունդ,- ասեմ իմանաս,-
փոքր բյուջեով սարսափ կինո էր:
- Գիտեմ-գիտեմ, ո~վ Արարիչ,
ես շատ լավ հիշում եմ ամենինչ
ու խնդրում եմ,
պետք չէ կրկին վեր հիշեցնել:
- Պե՛տք է, հիմար և այն էլ ոնց.
դու երախտամոռ ես մի պոռոտախոս՝
ով հանդգնում է ուրանալ իր երեկվա օրը,
ով մոռացել է խոնավությունը, ցուրտը, սովը:
Զրկանքները թշվառության
հիշողությունիցդ ջնջել՝
շտապ մոռացել ես նաև
բարդույթավորված պատանեկությունդ:
- Չէ-չէ, չեմ մոռացել, Տեր իմ, խնդրում եմ, գթա,-
այլևս աղերսում էի:
- Քե՛զ...գթա՛ց...նա՛,-
անսպասելի վրա բերեց երկնային Հայրը,-
այո-այո, ճիշտ լսեցիր,
քեզ գթաց Նա.
նա՝ ով այժմ երկրորդ հարկում
“հաճոյանում է” մկանոտ գորիսեցուն...

Գրողը կկի, միթե՞...միթե՞ Աստված ծաղրում էր ինձ,-
ահասարսուռ այս մտքից՝
արյունը խփեց ուղիղ գլխիս,-
բայց չէ~,
բայց ո՛չ,
բացառվում էր.
բոլոր մեղադրանքները ճշմարիտ էին,
դեռ ավելին՝
արդարացի էր անգամ,
գորիսեցու հետ կաված,
վերջին պնդումը Նրա:

Չե՛մ վիճարկի՝
Եհովան միանգամայն ճիշտ էր՝
ես իսկապես պարտական էի նրան.
նրան՝
այդ բիզնեսմեն հոր բիզնեսմեն աղջկան,
ում հանդիպեցի շին-հրապարակում այս առանձնատան,
երբ որպես շարքային բանվոր՝
ամառվա տապին,
էնտուզիազմով լի,
հարդարում էի նորակառույց ավտոտնակը:
Առանց վերնաշապիկի,
մերկ կրծքավանդակով,
անթրաշ դեմքով,
բայց և արևայրուկով շատ գայթակղիչ
լուռ աշխատում էի:
Նա ինձ նկատեց,
նա սիրահարվեց
ու հենց այդ գիշեր՝
Լեքսուսի մեջ մեծ,
վեցն անգամ տրվեց:
Հետո մի սկանդալ,
հետո մի սերիալ,
հետո մի իսկական հնդկական կինո.
քաղքենի ծնողներին ահաբեկում էր՝
սիրահարված դստրիկն օրնիբուն աղաղակում էր,
թե վերջ կտա իր պատանի կյանքին,
եթե իրենց տուն, որպես ամուսին,
ոտք դնի որևէ մեկը, եթե ոչ հենց ես՝
աշխարհի...ամենասեքսուալ...բանվորը:

Ուղիղ չորս ամիս նա համոզում էր հորը
և միայն հինգերորդ ամսի մոտավորապես սկզբին
քաղքենի ծնոնղները, կարծես, զիջեցին:
Հարսանիքը մեր շքեղ էր թերևս,
հետագա կյանքս՝ առավելևս:
Ունեցա ես նոր մի Մերսեդես,
Զիլլի կոստյումներ,
թանկարժեք պարֆյում անմիջապես Միլանից,
առավոտյան նախաճաշիկներ ջակուզզիի մեջ,
երեկոյան ընթրիք...ու կրկին ջակուզզիի մեջ:
Շուրջերկրյա ճամփորդություններ բազում.
Ամերիկա - Եվրոպա - չորս հատ օվկիանոս
...կարճ ասած,– սա կյանք չէ,
այլ մի փառահեղ պաթոս:

-Ավարտեցի՞ր, ախպերիկ,-
հորանջելով հարցնում էր Աստված:
-Ավարտեցի,- պատասխանում էի ես:
Դե ուրեմն՝ այժմ, իմացիր
բեկումնային պահ է,
որոշիր
կա՛մ զինվում ես սուր դանակով,
բարձրանում ես ննջասենյակ
ու սպանում ես երկուսին էլ,
(հավիտյանս մոռանալով բուրժուական վայելքները)
կա՛մ...
...կամ նստում ես Մերսեդեսդ
ու շատ անձայն...ու շատ սահուն...ու պարզապես...
...դու՛...ՉՔՎՈՒՄ ԵՍ (ասես ոչինչ չես էլ տեսել):
Դե իսկ հետո՝
պահում ես քեզ խիստ բնական,
այնքան-որքան
երեկոյան, երբ տուն դառնաս՝
ոչ-ոք ոչինչ չկասկածի
(բուրժուական վայելքներդ չեն դադարի):
Հըն, ի՞նչ կասես: Դե՛, մտածիր:

Աստծո խոսքը ինձ սթափեցրեց:
Միանգամից՝
սպիրտի ուժը չեզոքացվեց.
երկընտրանքի մեջ ընկա ես:
Մի նժարին պատիվս էր
մյուս նժարին՝ Մերսեդեսս, կոստյումներս,
բարիքները իմ նյութական՝
շատ նորաձև ու պորճական:
Որը՞...որը՞...որը՞ ընտրեմ:
Մտածեցի-վերլուծեցի-վերլուծեցի-մտածեցի
և ի վերջո՝
ընտրությունս կատարեցի.
- Ըըը...Հա՛յր իմ,
ես ՉՔՎՈՒՄ ԵՄ դեպի Պուշկին-Փարպեցի,
թե կուզես՝ նստիր,
քեզ էլ կտանեմ: