Ռեհան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Զոհրապ Ռեհան

Գրիգոր Զոհրապ

Ա


Ան ատենն ալ առատ մազերը կսիրեի ու քովընտի նստած՝ կդիտեի ձյունասպիտակ ծոծրակին վրա ժողվված սեւ թումբը՝ պարտեզին մեջ տեղ-տեղ դրված կազի լապտերներու լույսերուն տակ, շքեղ ու անբարբառ ցոլացումով , որուն աչքերս հառած կմնային:

Ինչե՜ր չէին ըսեր ինծի այդ մազերը. իրենց անմռունչ կեցվածքը՝ հո՛դ, այդ բարձունքին վրա, պարկեշտ ու վրդովիչ բան մը ուներ:

Հեռվեն՝ նայվածքս կհետեւեր անոնց շնորհալի շրջագծին, կամակ ելեւէջներուն, ըմբոստ պզտիկ թելերուն,- ըմբոստ՝ որպես են ամեն պզտիկները,- որոնք սանտրեն փախչելով կդառնային կ'իյնային վար, զսպանակի գալարումներով:

Քիչ-քիչ, մտերմություն կհաստատեի անոնց հետ. կճանչնայի զանոնք, գրեթե կխոսեի հետերնին:

Ամենեն հաճոյալի անակնկալը եղավ երբ ինծի դարձավ իր դեմքը. գեղեցի՞կ. ոչ հարկավ. բայց տարօրինակ կերպով սրտի մոտ ու համակրելի պատկեր մը, հոգնած ու տրտում նայվածքով, որ ինկած տեղը կանգ առնելու պես բան մը ուներ կարծես:

Անո՞ր համար երկար ատեն սեւեռած մնաց վրաս. չեմ գիտեր. բայց ինծի այնպես թվաց, որ այդ նայվածքը մանրամասն հետախուզեց զիս. չափեց, ձեւեց, տեսավ մանավանդ զմայլած ու քիչ մը ապշած արտահայտությունը աչքերուս: Գոհ երեւեցավ անշուշտ այս քննութենեն, վասն զի ժպիտ մը գծագրվիլը ու աներեւութանալը մեկ եղավ երեսին սաստիկ կարմրությանը մեջ, այն վերջալույսի տարտամ շառավիղներուն նման որոնք արեւմուտքին մեջ կհալին՝ համասփյուռ շեկություն մը ձգելով հորիզոնին վրա:


Բ


Որչափ որ կեցանք այնտեղ՝ անխոս մտերմության մը կապերով միացած զգացինք սրտերնիս: Տարեց մարիկ կային իր շուրջը, հայրը, հորեղբայրները թերեւս, ու անոնց առջեւ, մանավանդ այն չարահայաց բազմության մեջ, որ այս Մյոհյուրտարի պարտեզը կլեցներ հիմա, զգուշավոր դիրք մը պահելու ստիպված՝ չէր կրնար ուզածին չափ ստեպ ինծի դառնալ. բայց զիքը տոչորող հայտնի անհամբերությունը կկարդայի դեմքին վրա, ամեն անգամ, որ առիթը գտներ իմ կողմս նայելու:

Պատանության անուրջներուն մեջ երազված, ըղձված էակն էր դեմս, խորհրդանշանը իմ բոլոր փափագներուս, որ հոդ նստած էր, իր անվերլուծելի ձգողությանը մեջ:

Ազատ էր ան երեսս չնայելու ու չխնդալու ինծի. ի՜նչ փույթ. նորեն պիտի սիրեի զինքը, պիտի հետեւեի իրեն ու կապվեի իր հիշատակին. իր Կուռքի անտարբերությունը՝ մազի չափով չպիտի խախտեր իմ հավատքս:

Իսկ հիմա ավելի բախտավոր էի. կզգայի ստույգ կերպով որ անուշադիր չէր ինծի, ու զիս վրդովող խորհրդածությունները՝ իր մտքեն ալ կ'անցնեին:

Երազող ու մտամոլոր կերպարանք մը առած էր անիկա եւ անդադար կդիտեր ծովը՝ հանդարտ, անծալք սփռոցի մը պես պարզված, որուն վրա լուսինը՝ իր լրումի առատությանը մեջ՝ ադամանդե ոստոստուն գոհարներ կթափեր, մինչդեռ ամառ գիշերին անդորրությանը մեջ, ծառերը կկենային մեր շուրջը անշարժ՝ մինչեւ իրեց դողացող սաղարթները: Օդին մեջ՝ ամբողջ անուրջի, վերացումի հրավեր մը կար կարծես, որուն երկուքս ալ անձնատուր կ'ըլլայինք ժամերով:


Գ


Կեսգիշերին մոտ էր երբոր բազմությունը ցրվիլ սկսավ. լուսինը անհետացեր էր. անոնք ալ ոտքի ելան. գլխու աննշմարելի շարժում մը՝ որ երկուքիս միայն հասկնալի ըլլալուն համար այնքան ավելի քաղցր բարեւ մը ձեւացուց:

Հեռվեն ուղեկից եղա իրենց, ու ճամփուն վրա, մութին մեջ տեսա իր նազելի գլուխը՝ որ ետին կդառնար մեկը փնտրելու համար կարծես:

Համր ու դանդաղ քալվածքով մը կ'երթային ու հորը ձայնը կ'իմանայի մեզ շրջապատող անդորր լռության մեջ, խիստ ու հրամայող ձայն մը որ հնազանդություն կպատվիրեր:

Արդեն կմեղքնայի զինքը.ի՜նչ կքաշեր արդյոք խստասիրտ հոր մը ճնշումին տակ. մեծ ծառի մը անքույթ հովանիին ներքեւ փթթած ծաղիկ՝ որ քամիի հարվածներուն դեմ պաշտպանված է անշուշտ, բայց ուզածին չափ արեւին երեսը չի տեսներ. անդին, ուրիշներ կան, բաց օդին, ձյունին ու բուքին ձգվածներ, որոնց՝ վտանգները ու վայելքները հավասարապես շռայլված են. ո՞րն է բախտավորը ասոնցմե:

Կզգամ որ իմս վանդակներու ետին պահվըտող աղջիկ մըն է. իր վեհերոտ ձեւը այս համոզումը կուտա ինծի: Ո՞վ էինքը. ո՞ւր կբնակի. այս հարցումները այնքան ավելի կհուզեն միտքս որքան ահա քիչ-քիչ կմոտենան հարկավ իրենց տունին:

Կանգ առին վերջապես ֆրերներու դպրոցին կողմը, նոր շինված տան մը առջեւ. պզտիկ սպասուհի մը՝ կանթեղ մը բռնած ձեռքը, դուռը բացավ. ես քայլ մըն ալ առի մոտենալու ու վերջին անգամ մը տեսնելու համար զինքը. հայրը մտավ նախ, վերջը մյուսները, տարիքի կարգով. էն վերջը մտավ անիկա ու ես մինակ մնացի տասը քայլ հեռուն, փողոցին մթությանը մեջ:

Ան ատեն ուզածիս պես դիտեցի տունը. դեպի Քուշ-Տիլի իջնող զառիվայրին ու հոն վազող վտակին կնայեր երեսը. գեղջուկ ու սիրուն բան մը ուներ. աջ կողմը՝ անկյունի սենյակը, էն աղվոր դիրքով, լույս մը երեւցավ հանկարծ ու փողոցեն կրցա տեսնել զայն, մազերը թափած հիմա, որ բաց պատուհանին առջեւ եկավ կանգ առնելու վայրկյան մը ու դիտելու Մոտայի ծոցը՝ իր սեղմված հողե լանջքերուն մեջ:

Հետո լույսը մարավ ու ամեն բան խավարի մեջը ինկավ հանկարծ:


Դ


Ի՞նչ կխորհիս դուն, ձեռքդ գլխուդ այդպես, պատուհանիդ առջեւ նստած. թեթեւ քամին մեղմիվ կշոյե մազերդ ու ես կնշմարիմ հոսկե անոնց վրա վազող սարսուռը:

Այս իրիկվան դեմդ ելլող տղո՞ւն կմտածես դուն ալ. սպասված, օր մը չէ նե օր մը գտնված անծանոթին՝ որ հին բարեամի մը պես առջի ժամեն մտերիմ կ'երեւա քեզի, ինչպես որ ես ահա, փողոցին մեջ պատի մը տակ կեցած, քեզի կմտածեմ:

Հետո, ձանձրացած այս միակերպ անշարժութենեն, փողոցին մեջ կքալեմ, աչքս վեր այդ պատուհանին սեւեռած. ի՞նչ կ'ակնկալեմ քեզմե, բառ մը , անուշ խոսք մը, որ շոշափելի ապացույցը ըլլա մեզ միացնող համակրության:

Մութին մեջ չեմ կրնար որոշել դեմքը, զոր ծնոտին դրված ձեռքը կգոցե, բայց սեւ մազերուն ժողվվածքը կտեսնեմ հստակ. մունջ կեցած է հոն, չհամարձակելով առջի բառը ինքը արտասանել:

Եվ ես, իրմե ոչ նվազ վեհերոտ, չեմ խոսիր, վախնալով որ չխռովեմ այս գեղեցիկ երազը ու ձեռքե չհանեմ զայն:

Հիմա, զովությունը կ'ավելնա. աջ ու ձախ երկարող փողոցներուն մեջ կլսեմ գիշերապահին ճոկանը որ կհնչե ու կ'իմացնե թե ժամը յոթն է:

Վերը անշարժ կսպասե ան իր արձանի դիրքին մեջ, ու ես վարեն, զինքը դիտելով միայն երջանիկ եմ ահա: Հորիզոնին վրա պլպլացող լույսերը կտժգունին քիչ-քիչ. գիշերը ավելի հստակ, վճիտ ու թափանցիկ կ'ըլլա, ու հեռուն՝ ծովին մութ կապույտը, իր առջի փայլը կորսնցուցած՝ սեւ ծածկոցի մը պես կտարածվի իբրեւ թե անհուն դագաղի մը վրա:

Շուրջս տիրող վեհւթյան ու խաղաղության մեջ ինքզինքս ուրիշ աշխարհ մը փոխադրված կզգամ. մաքուր ու խաղաղ երկիր մը, որ իզմե ու իրմե զատ բնակիչ չունի. ամբողջ տիեզերքը մեր երկուքիս ձգված:

Աքաղաղները կխոսին, արեւելքեն լույսի հոսում մը կսկսի. գեղեցիկ մազերը վերն են միշտ, պատուհանին առջեւ, իրենց առջի դիրքին մեջ. հովը կգգվե զանոնք, անոնց պզտիկ թելերը կդողացնե. դեմեն՝ լույսը կ'ավելանա, կզեղու, կշռայլվի. արշալույսն է:

Վաստակաբեկ, ժամերով հոս անքուն անցընելուս համար չեմ գանգատիր, դեմս է անիկա, իր պատուհանին աջեւ ինծի պես անքուն, ինծի պես երազող:

Քիչ մըն ալ կկենամ այսպես. հանկարծ սեւ մազերու կոհակը կճշտվի աչքիս առջեւ. ռեհանի պզտիկ թումբ մը, իր մութ կարմիր թաղարին վրա կեցած, առտվան զեփյուռեն կսարսռա:

Ա՞ն էր բաց պատուհանին առջեւ ինծի սպասողը մինչեւ լույս. կզարմանամ. ի՜նչպես չտեսա. ծաղրելի կգտնեմ ինքզինքս. կբարկանամ պզտիկ իյնալուս համար:


Ե


Հիմա, որ տարիներ անցան անկե ի վեր, հիմա կ'օրհնեմ քեզի, ո´վ ռեհանի պզտիկ փունջ, որ ամեն սրտի մոտ բարեկամե ավելի երջանիկ ըրիր զիս գիշեր մը ողջույն:

Աղջկան մը դեմք առիր պարտելու համար զիս. աղեկ ըրիր, այն բոլոր խանդակաթ գորովին համար՝ զոր թափեցի պզտիկ թերթերուդ վրա, չեմ զղջար:

Առավոտը թող գա ուզածին չափ իր հոսած լույսին անողոք ստուգությունը թոթափելու չորս դիս:

Դուն իմ աչքիս՝ առատ գեղեցիկ մազերն ես միշտ անոր:

<1892>