Jump to content

Ռեքվիեմ (Թափորն է քայլում…)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ռեքվիեմ
Աղբյուր՝ Ճաքած լռություն (բանաստեղծություններ և պոեմ), Ստեփանակերտ, «Արցախ» հրատ., 1993, 48 էջ, տպ. 1000 օր. (էջ 7-8)։

Ռեքվիեմ


Թափո՛րն է քայլում նեղլիկ փողոցով
Ու քայլում եմ ես այդ թափորի մեջ՝
Հետևում թողած... դիակներ անթիվ։

...Ունկերիս մեջ դեռ զնգում է զիլ-զանգ
Կանչը գուժկանի.
— Հալիձորն ընկա՜վ... Հասի՜ր, Մխիթա՛ր...
— Հալիձորն ընկա՞վ...
— Չընկա՛վ։
                  Ծախեցի՜ն...

Թափո՛րն է քայլում լռած փողոցով,
Հետևում՝ ավե՛ր, մահ ու տարաժա՛մ։
Խարույկի միջից չեն լսվում ճիչեր։
Խարույկից առաջ՝
Ողջախոհության խորհուրդն է խորին.
— Ներիր մեզ, խանո՛ւմ, եթե կարող ես...

— Հասի՜ր, Մխիթա՛ր...

Լուռ է փողոցը,
Լռին քայլում է փողոցը հոգնած,
Գնում է հեռու,
Գնում է՝ հասնի Սաթենկան դատին։

— Հասի՜ր, Մխիթա՛ր...

— Սո՛ւրբ Խաչ, զորավիգ չեղար մեզ կանքում,-
Պատին է զարկվում թասը գազազած։

Թափո՛րն է քայլում
Տխո՜ւր ու հոգնա՛ծ...

Ողբա՛, Բարխուդա՛ր, դու քո բախտը սև՝
Դավաճան որդի սնելու համար,
Որդի, որ երբեք Գոհա՛ր չդառավ...

— Հալիձորն ընկա՜վ...

Թափո՛րն է քայլում...

— Թե Սյունիքն, Արցախն առնի օսմանլուն՝
Կտիրի և ողջ աշխարհին հայոց...

Կտիրի՛։ Անշո՜ւշտ...

— Հասի՜ր, Մխիթա՛ր...

...Մահվա՛ն թափորն է քայլում փողոցով։

09.05.1983, Բաքու