Սապետ-Աքիրը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սապետ-Աքիրը

Հակոբ Հակոբյան

(Եղելություն)

Ես հիշում եմ մեջքը գոտիկ ―
Նանագուլենց Սապետ֊Աքոր․
Հարևան էր նա մեզ մոտիկ,
Մարդու անունն՝ «Բուլդի Յագոր»։

Ասում էին սրտով կին է,
Ձի կնստի իգիթի պես․
Աղքատների նա հոգին է,
Ունեցածը միշտ կանի կես։

Մի օր Յագորը, թե, ա՜յ Սապետ,
Թվանգս տուր, կերթամ խրիդ․
Սապետը թե՝ էլի՞ կապեդ
Կտրվեցի՞ր․․․ նստիր չռիդ․․․

Չե՛ս տեսնում ինչ խեր ու շառ է,
Գիշերները վտանգավոր․
Ժամանակը որքան խառ է,
Հարամեք կան հազարավոր։

Բաղմանչի ես ― նայի՛ր բաղիդ,
Աջալդ է յանի եկե՞լ․․․
Քու ի՞նչ բանն է անել խրիդ,
Էն էլ մենակ, առանց ընկեր։

Բայց Յագորը իր ասածի,
Ձին է թամբում ախոռատան․
Ապա նստում իր թոփալ ձին ―
Միտքը էնա դեպի Աղդամ։

Սրտին դիպավ Սապետ աքոր,
Որ չլսեց մարդը իրեն․
― Մազս տակից կտրեմ, Յագոր,
Թե հեռանաս բաղերից դեն։

Ասաց, բահը դրեց ուսին,
Ճամփան բռնեց դեպ բաղերը․
Մինչ ամպերի տակից լուսինն
Սկսեց նազով իր խաղերը։

Ասաց ու կարճ ճանապարհով
Եկավ թաքնվեց մի քերծի քով,
Տեսավ մարդուն հազար բարով,
Անցընում է շախով֊երգով։

Ստվերի տակ հենված քերծին
Դեմ է արել բահի կոթը․
― Հե՜յ ով֊որ ես թո՛ղ զենքդ ու ձին,
Թե չէ իջավ թվանգիս ոտը․․․

Բղավում է ձայնը փոխած
Տղամարդու սպառնանքի,
Մինչ Յագորը ձիուն թողած՝
Ո՜նց է փախչում առանց զենքի։

Մոտենում է Սապետ֊Աքիր,
Ձեռքն առնում նետած հրացան․
Ինքը նստում ձիու մեջքին
Ու տուն դառնում լուռ ու անձայն։

― Խըրիդ արի՞ր, հանգիստ, զվարթ
Կատակում է Սապետ-Աքիր,
Դողդողո՞ւմ ես․․․ Ի՞նչ է, ա՛յ մարդ,
Թե մրսո՞ւմ ես, քուրքդ հագիր։

― Էլ մի ասի, է՜խ, Սապետս,
Էդ շլուղի մասին հետո․
Թղ մի առաջ ձգեմ ոտս,
Ապա արի՛, խոսի՛ր հետս։

― Չէ՛, մի ասա․․․ ― Դե ի՞նչ ասեմ․․․
Տասը ղաչաղ վրես թափվան,
«Տո՛ւր հրացանդ ու ձիդ ասին,
Թե չէ թափվեց փորիդ թափան․․․»

Ասացին ու վրա տվին,
Էնքա՜ն տվին․․․ էնքա՜ն տվին․․․
Աթալարի խոսքը ոսկի,
Մեկ-մեկ լսիր կնոջ խոսքին․․․

1896