Սարգիսիկը Ավարայրում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Կապույտը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Սարգիսիկը Ավարայրում

Վարդան Հակոբյան

Խաղաղության ասպետը

Մեկը սիպ-սպիտակ էր, երեքը կակաչի կարմիրով էին։ Բայց քանի որ Սարգիսիկը դեռ իսկական ձիեր չէր տեսել, չէր կարողանում պատկերացնել, թե ինչու ձիերը ետեւի ոտքերի վրա ծառս են եղել։ Ճիշտ է, դրանք խաղալիք ձիեր են, բայց դա ինչ նշանակություն ունի։ Պապիկից հարցրեց, նա էլ ասաց, թե այդպես լինում է այն ժամանակ, երբ ձիերը ճակատամարտում են լինում, երբ նրանց ճանապարհը ինչ-որ մեկը փակում է, երբ... «Երբերը» այնքան շատ են։

-Իսկ ինչո՞ւ ձիերը թամբած չեն եւ նրանց վրա ոչ ոք չկա,- մտածեց Սարգիսիկը։

-Եթե դու լինեիր ձիու վրա, ինչ կանեիր,- երկրորդ «ես»-ը խոսեց Սարգիսիկի մեջ։

-Թե ծնված լինեի չորրորդ դարում, գիտեմ՝ ինչ կանեի։

Հանկարծ խաղալիք-ձիերը դարձան իսկական, սկսեցին խրխնջալ՝ հի՜-հի՜-ի՜-ի՜, հի՜-ի՜-ի՜, գետինը դոփել։ Սարգիսիկը հանկարծակիի եկավ։ Ինչ անել... Բայց վայրկյան անգամ չհապաղեց։

Մի ձի նվիրեց Հարութին, մեկը Նարեկին, մեկը Տիգրանին, մեկն էլ ինքը հեծավ ու ձիավորված, զենք ու զրահ կապած, մտան չորրորդ դար, նետվեցին Ավարայրի դաշտ, կանգնեցին Վարդան զորավարի կողքին։ Տվին, ջարդեցին, ջարդուխուրդ արին աչքն ուրիշի հողին տնկած ոսոխներին։ Ավարայրից սկսած, սրով սրբելով, եկան, հասան Արցախամարտ, ինչքան թշնամի ունենք՝ հողին հավասարեցրին...

Եվ սուտ է, թե էն գլխից Ավարայրի ճակատամարտում մենք միայն բարոյապես հաղթեցինք, սուտ է, թե Զորավարը զոհվել է. մենք հաղթեցինք ե՛ւ բարոյապես, ե՛ւ ֆիզիկապես։ Ինչ վերաբերում է Վարդանին, նա հիմա էլ ապրում է։ Աշխարհում պարտվում են նրանք, ովքեր չար են, միասին չեն եւ ձի չունեն։ Իսկ իմ ու իմ եղբայրների մասին ես ընդամենն այսքանը կասեմ՝ մենք միշտ միաբան ենք, դրա համար մեր սարերն էլ են ձի։