Jump to content

Սերժ Սարգսյանը ձեռք կբերի ոչ միայն նորանոր քաղաքական հակառակորդներ, այլև բազմաթիվ անձնական թշնամիներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սերժ Սարգսյանը ձեռք կբերի ոչ միայն նորանոր քաղաքական հակառակորդներ, այլև բազմաթիվ անձնական թշնամիներ /հարցազրույց Hetq.am-ին/

Hetq.am – Եթե և Հայաստանի, և Թուրքիայի խորհրդարանները վավերացնեն հայ-թուրքական արձանագրությունները, Ձեր գնահատմամբ՝ դա ի՞նչ ազդեցություն և հետևանքներ կունենա Հայաստանի համար՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման առումով:

Ա.Պ. – Ցեղասպանության միջազգային ճանաչումն էական վնասներ կկրի: Ենթահանձնաժողովի գոյությունն ինքնին, անկախ հարցերի քննարկման շրջանակից, դիտարկվելու է որպես փորձ՝ «անաչառ և գիտական» ուսումնասիրության ենթարկելու Հայոց ցեղասպանությունը:

Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա. նրանք, ովքեր ասում են, որ բացասական ազդեցություն կունենա, հարցի գործնական մասնագետներ են և տարիներով զբաղվել են Ցեղասպանության ճանաչման գործընթացով: Նրանք, ովքեր ասում են, որ չի ազդի, մի օր իսկ չեն զբաղվել Ցեղասպանության միջազգային ճանաչմամբ: Լավագույն դեպքում հոդվածներ են գրել Ցեղասպանության մասին, սակայն երբեք չեն զբաղվել ճանաչման գործընթացով:

Եթե արձանագրությունները վավերացվեն, դրանք կդառնան ՀՀ իրավական համակարգի մաս և կգործեն անմիջականորեն: Այսինքն, որևէ պետական անձ չի կարողանա հիշատակել Հայոց ցեղասպանությունը, որևէ պետական աջակցություն չի կարող լինել Ցեղասպանության ճանաչմանը կամ ուսումնասիրությանը անգամ Հայաստանի ներսում՝ առանց խախտելու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության 7-րդ պարբերությունը, որը կողմերի վրա պարտավորություն է դնում «ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն անհարիր քաղաքականությունից»:

Ուզում եմ, որ մի բան հստակ լինի: Մենք Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք: Մեր պահանջն այն է, որ Թուրքիան դադարեցնի միջազգային իրավունքով ՀՀ տարածքի բռնազավթումը: Ինչպես, երբ կիպրոսցիները պահանջում են, որ Թուրքիան դուրս գա Հյուսիսային Կիպրոսից, դա չի նշանակում, որ նրանք տարածքային պահանջներ ունեն Թուրքիայի նկատմամբ:

Ներկայումս մենք շատ ուժեղ իրավական հիմքեր ունենք տարածքային պահանջատիրության համար: Առ այսօր ՀՀ-ը պահպանում է նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների մեծ մասի վրա իր տիտղոսը: Իրավական տեսանկյունից թուրքական ներկայությունն այդ տարածքում ոչ այլ ինչ է, քան բռնազավթում: Այսինքն՝ այն նույն կարգավիճակը, որն այսօր Թուրքիան ունի Հյուսիսային Կիպրոսում: Վավերացնելով արձանագրությունները՝ մենք կվավերացնենք նաև թուրքական բռնազավթումը: Այսինքն՝ մենք կօրինականացնենք Հայոց ցեղասպանության հետևանքները, քանի որ այսօրվա de facto իրավիճակը Ցեղասպանության հետևանք է:


Hetq.am – Երկու երկրների կողմից արձանագրությունների վավերացումն ի՞նչ ազդեցություն և հետևանքներ կունենա Հայաստանի համար Արցախի հիմնահարցում:

Ա.Պ. – Թուրքիան, համարելով, որ լուծել է իր հարցերը Հայաստանի հետ, ամբողջովին կկենտրոնանա Ղարաբաղի վրա: Նա նոր լծակներ ձեռք կբերի Հայաստանի ներսում, հետևաբար ավելի ազդեցիկ կլինի Ղարաբաղի հարցում: Արձանագրությունները ճանաչում են «տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները» ոչ միայն երկկողմ, այլև միջազգային հարաբերություններում (1-ին արձանագրություն, կետ 3): Այս կետը Թուրքիային հնարավորություն կտա ուղղակիորեն միջամտելու հայ-ադրբեջանական հարաբերություններին:


Hetq.am – Եթե արձանագրությունները վավերացնի երկրներից միայն մեկը՝ Հայաստանը կամ Թուրքիան, ապա այս դեպքում ի՞նչ հետևանքներ կլինեն: Ձեր գնահատմամբ, ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե ոչ Հայաստանի և ոչ Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները:

Ա.Պ. – Եթե կողմերից մեկը կամ երկու կողմերն էլ չվավերացնեն արձանագրությունները, ապա դրանք ուժի մեջ չեն մտնի: Ոչինչ էլ տեղի չի ունենա: Կշարունակենք ապրել, ինչպես ապրում էինք մինչև արձանագրությունների ի հայտ գալը: Կխուսափենք հետագա մեծ կորուստներից և ցնցումներից: Ուզում եմ շեշտել, որ սրանք սովորական միջպետական փաստաթղթեր չեն: Սրանք հայոց էական շահերին առնչվող միջազգային պարտավորություններ են: Արձանագրություններն ուժի մեջ մտնելու պարագայում՝ Սերժ Սարգսյանը ձեռք կբերի ոչ միայն նորանոր քաղաքական հակառակորդներ, այլև բազմաթիվ անձնական թշնամիներ: Շատերը պիտի համարեն, որ իրենց ողջ կյանքի գործը ոչնչի համար տրվել է թուրքերին:


Hetq.am – Ձեր գնահատմամբ՝ վերոնշյալ 4 տարբերակից ո՞րն է ավելի հավանական:

Ա.Պ. – Հավանական եմ համարում, որ երկու կողմերն էլ կվավերացնեն արձանագրությունները: Թուրքերը լավ են հասկանում, որ նման հնարավորություն հարյուր տարին մեկ է լինում: Նրանք ոչնչի դիմաց ստանում են ավելին, քան կարող էին մինչևիսկ երազել մի քանի տարի առաջ: Հայոց խորհրդարանը, ընդհանուր առմամբ, սկզբունքներ և համոզումներ չունեցող մարդկանց հավաքածու է: Նրանք երբեք անձնական բարեկեցությունը չեն վտանգի հանուն հայրենիքի: Նրանք կծախեն հայրենիքը և դա կփաթեթավորեն հայրենասիրական բառերով: Իրավիճակն այնքան է անհեթեթ, որ երբեմն ինձ թվում է, թե այս ամենը իրականություն չէ: Ուզում եմ արթնանալ, բայց չի ստացվում:


29 հոկտեմբերի, 2009թ.