Jump to content

Սիրելի Ալեքսանդր Ֆեոդորովիչին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սիրելի Ալեքսանդր Ֆեոդորովիչին

[ 478 ]

ՍԻՐԵԼԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՖԵՈԴՈՐՈՎԻՉԻՆ
(Խոսք հիշատակի)


Վազում է կյանքը, գնում առաջ,
Այնքան արա՜գ է տեմպը կյանքի —
Եվ օրերում այս հողմահալած
Չկա դադար ու չկա հանգիստ։
5 Ամեն մի օրը հիմա մի դար,
Ամեն վայրկյանը՝ տարի անդուլ —
Ու հեռանում է անցյալը հար
Դեպի չեղած մի, մթին անդունդ։
Եվ օրերում այս արագընթաց,
10 Երբ մենք վայրկյան մի նայում ենք հետ՝
Տեսնում ենք դե՛մքը ձեր միայն պարզ
Եվ ձեր գործերը՝ այնքան վե՛հ։
Մի ակնթարթ լոկ կարող ենք մենք
Տալ հարգանքի ու հիշատակի —
15 Բայց խոխոջում է արյունը ձեր
Երակներում մեր հա՛ր հանգիստ։
Անվերջ եռում է ջղերում մեր
Ձեր հուր եռանդը, կորովն անդուլ —
Ու հեռանում է անցյալը ծեր
20 Դեպի չեղած մի, մթին անդունդ։
Բայց վայրկյանին այս, տարին մի պահ,
Երբ մենք տրվում ենք հիշատակի՝
Կանգնում է դեմքը ձեր հեռակա

[ 479 ]

Մեր աչքերի դեմ այնպե՜ս հանգիստ։
25 Ահա ելնում է, կանգնում մեր դեմ
Ձեր դեմքը.— պահ մի — և ահա դուք
Բրոնզյա դեմքով ձեր, ճակատով վե՛հ,
Եվ ձեր աչքերը ահա խնդուն...
Եվ պահերին այս հիշում ենք մենք
30 Յուրաքանչյուրս միայն մի պահ —
Ձեր շարժումները, խոսքերը ձեր,
Ձեր մարդկայինը, ձեր առօրյան...
Այսպե՛ս է կյանքը.— օրեր անթիվ
Ու տարիներ բյուր — գործի՛ն, երթի՛ն —
35 Ու պա՛հ մի, պա՛հ մի միայն ինտիմ
Բարեկամին այն, անցած մարդին:
Ու հար եռում է ջղերում մեր
Ձեր հուր եռանդը, կորովն անդուլ —
Ու հեռանում է անցյալը ծեր
10 Դեպի չեղած մի, մթին անդունդ։

1927. III 21. Թիֆլիս