Սիրելի ընկեր, որ պատահեցիր...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
«Այժըմ ահա ազատ եմ ես...» «Սիրելի ընկեր, որ պատահեցիր...»

Հովհաննես Թումանյան

«Ես քո լեզվով եմ ուզում քեզ սիրել...»



* * *


Սիրելի ընկեր, որ պատահեցիր
Իմ և մուսայիս վեճի ժամանակ,
Զգայուն հոգով այնքան ցավեցիր,
Այնքան ջանացիր, որ մենք հաշտ մնանք,

Քեզ եմ նվիրում այս տրտում՝ (?) էջը
Քե՜զ, որ հասկացար այն ծանր վեճը։

[Այսպիսի] ծանըր ու լուռ վեճերով
Մաշվում է մեր կյանքն.... սպառվում,
Հոգնում    .    .    .    .    .    .    .    .    .    .

Հոգու սրբազան կրակը մարում,
Անպտուղ դառնում կյանքը բեղմնավոր,
Թարշամում, ինչպես ծաղիկ մենավոր։

Այսպես է մեր մեջ գրողի կյանքը...
Եվ մեր աշխարհքում խավար (?) ու մթին,

Ո՞վ է հասկանում այս վեհ տանջանքը
Ո՞վ է թափանցում գրողի հոգին.
[Եվ ո՞վ է առնում իր սրտին մոտիկ...
Ո՞ւր է այն մարդը, ո՞ւր են այն մարդիկ։]

Ես ևս առած քնար գրողի,

Թեև շատ անշուք, երերուն (?) ու կարճ,
Անցել եմ կյանքում մի դժվար ուղի,
Կանգնել եմ անթիվ փորձության առաջ.
Վիճել եմ— անցել... և այժմ գրում,
Քե՜զ, որ իմացար, քեզ եմ նվիրում։


1890-ական թվականներ