Դժվար, դժնի տենդով գրել եմ ես երգերըս,
Իբրև հոգնած մշակ՝ տարել եմ երգըս ես
Ուղիներով կյանքի թե՛ մառ, թե՛ մութ, թե՛ կեզ,
Եվ տքնությունն հաճախ ինձ արևից զրկել է։—
Բայց ես սիրել եմ հար — և արևոտ իմ սերը
Դեպի Արվեստը իմ եղել է բորբ ու թեժ.
Վառել եմ սիրտս միշտ, իբրև անգին մի խեժ,
Որ մշտավառ մնան մեր քերթության լույսերը։—
Օ, դո՛ւք, որ բիրտ ու բութ՝ քարկոծել եք ինձ միշտ —
Չե՛ք պատճառել երբեք ինձ տխրություն ու վիշտ,—
Ձեր խավարի հանդեպ — ոգիս ընդմիշտ հրա՛կ է։—
Եվ ես կարող եմ լոկ ձեզ դիֆիրամբ երգել,
Ձեր խավարին խոցող, արշավանքին ձեր սև —
Որ բորբոքել է միշտ իմ լապտերի կրակը։—