«Էջ:Muratsan, vol. 5.djvu/232»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Տարբերություն չկա)

13:26, 3 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

որ մեր կողմից հասնում է այս տիրասեր ժողովրդին։ Որքան էլ մենք նրանց չնչին արարածներ համարենք, այսուամենայնիվ, պիտի խոստովանենք, որ նրանք էլ մեզ նման զգայուն մարդիկ են, նրանք էլ մսից ու արյունից են կազմված և մեզ պես էլ ունին պատվո զգուշացումները։ Մրջյունները որքան էլ փոքր են ու չնչին, այսուամենայնիվ, կարող են տապալել կաղամախը, եթե շարունակ նրա արմատը փորեն... Դու առ ոչինչ գրեցիր սկզբում իմ զգուցումները, բայց ահա դեպքն ինքն է վկայում թե՝ ես իրավունք ունեի զգուշացնելու։ Եթե մի տկար հայուհի կարողանում է հաղթանդամ Շահռուխին ոչնչացնել, ապա շատ զորավոր հայեր կարող են ուրիշ շատ բաներ անել։ Չպետք է ուրեմն մենք նրանց համբերությունը սպառենք։ Ժողովրդի հուսահատությունից առաջանում է հեղեղ, որ տապալում է ամենազորավոր ամբարտակներն անգամ...։

Այս եղանակով երկար խոսելով՝ խանը վերջապես համոզեց շահին ոչ միայն ներել մանկամարդ տիրուհուն, այլև հրաման տալ ամփոփել նահատակի մարմինը, որպեսզի ժողովրդի հուզումը դադարի։

— Ինչ վերաբերում է Շահռուխի սպանության, թող ամենքն իմանան, թե այդ բանն արել է քո թիկնապահներից մինը, որը և, իբր թե, փախել է արդեն,— ասաց խանը շահին,— որովհետև ամոթ է հռչակել թե՝ այդ հաստամարմին պարսիկը սպանվել է մի մանկամարդ հայուհուց:

Թագավորը բանավոր գտավ նախարարի խորհուրդը և հրամայեց դադարեցնել սկսված քննությունը։

Երբ նահատակի մարմինն ամփոփելու հրամանը հայտարարվեց, հայերը լցվեցան ուրախությամբ։ Ագուլիսն ու Դաշտը նորեն իրար անցան և ժողովուրդը գունդագունդ դիմավորեց սուրբի մարմնին, որը Սիսականի բազմախումբ հոգևորականությունը զարդարուն դագաղի մեջ բերում էր դեպի քաղաք:

Նահատակի մարմինը, որ ձյունով ծածկված լինելուն