Ստալին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ստալին

Եղիշե Չարենց

1937
Ստալին

Իոհան Ահեղի ստվե՞րն է կրկին
Բարձրացել Կրեմլի գետնախորերից. ―
Եվ զարհուրելի, խառնակ օրերի
Սարսափն է կրկին ավետում երկրին...

Մի՞թե անիշխան երկրի դեռ կայուն
Բռնակալության միակ հենարան ―
Աչքերում կարմիր զարհուրանք արյան,
Եվ ինքն է դեռ այս երկիրը պահում...

Եվ մի՞թե սարսափ առած գազանի
Իր մահն զգացող բորենու նման,
Մահվան մուժն է նա հալածում հիմա
Շաչյունով կացնի ու խարազանի...

Եվ մի՞թե ինչպես դարեր դեռ առաջ,
Ապրում ենք կրկին ահեղ նախօրե, ―
Եվ գալու են խոլ ու խառնակ օրեր, ―
Ասպատակություն, նախճիր, կոտորած:

Եվ խարույկների հրաճարակին
Դեռ քանի՜ սերունդ պիտի մոխրանա,
Եվ միջնադարյան դեռ մուժ է գալու,
Մինչև ճառագի այգը իսկական...