Վայրի ծաղիկ (Մանվելյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վայրի ծաղիկ

Լևոն Մանվելյան

Գեղեցի՛կ, հոտավե՛տ դու, ծաղիկ լեռնային,
Ո՞ւմ համար դու բուսար, ո՞ւմ համար ծաղկեցիր,
Ցրտերում մեծացար անխնամ, առանձին,
Եվ մի օր չտեսար, ինչպես որբ վշտակիր։

Կուսական քնքշիկ ձեռքերով չքաղված,
Կուսական դու կրծքի զարդարանք չդառար,
Անմատույց այդ լեռան կատարին կռացած
Անօգո՛ւտ աճեցի՛ր, անօգուտ դու բուսար։

Վաղորդյան միայն մեգ, մառախուղ պատեցին
Այդ մատաղ, աննման, գեղեցիկ քո պատկեր․
Միայն հողմ ու մրրիկ քո չորս կողմ սուլեցին,
Եվ գլխիդ ճայթեցին զայրացկոտ որոտներ․․․

Ինչպես խեղճ և լքյալ, քողարկված մշուշով,
Կարճեցիր դու քօ կյանք՝ անտերունչ, տխրագին,
Նույնպես խեղճ ու լքյալ կխամրիս դու շուտով,
Գեղեցի՛կ, հոտավե՛տ դու, ծաղիկ լեռնային։