Jump to content

Վայրի կարապներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վայրի կարապներ
թարգմանիչ՝ Ա. Խուբյան, 1911, Տփղիս

Մեզանից հեռու, այնտեղ, ուր ծիծեռնակները անց են կացնում ձմեռը, ապրում էր մի թագաւոր: Նա տասնևմէկ տղայ ունէր և մէկ աղջիկ, անունը Էլիզա: Երջանի՜կ էին նրանք։ Բայց երջանկութիւնը երկար չտևեց. թագաւորը ամուսնացաւ մի չար, նախանձոտ թագուհու հետ, որը ատելով ատեց խորթ որդիներին։ Ամուսնութիւնից անմիջապէս մի շաբաթ յետոյ նա փորքրիկ Էլիզային տարաւ, յանձնեց մի խեղճ գիւղական ընտանիքի խնամքին, իսկ նրա եղբայըները խորթ մօր նախանձոտ բնաւորութեան և ճարպիկ լեզուի պատճառով շուտով ատելի դարձան թագաւորի համար, այնպէս որ նա դադարեց նրանց մասին հոգ տանելուց: Իսկ անխիղճ թագուհին միշտ ասում էր նրանց. «Գնացէք, հեռացէք աչքիցս, վայրի թռչունների նման թափառեցէք երկրիս վրայ և ձեզ համար ապրուստ ճարեցէք։» Թագուհին կախարդ կին էր, այնպէս որ նրա ամեն մի ցանկութիւնն իսկոյն կատարւում էր. և ահա թագաւորի որդիքը փոխուեցին գեղեցիկ կարապների և մեծ աղմուկով դուրս թռչելով պալատի դռներից, դաշտերի և անտառների վրայով սլացան դէպի հեռուն, շատ հեռուն:

Երբ որ փոքրիկ Էլիզան տասնևհինգ տարեկան դառնալով վերադարձաւ հօր մօտ, նախանձոտ խորթ մայրը նրան ներկայացրեց թագաւորին այնպիսի տգեղ կերպարանքով ու շորերով, որ թագաւորը չկարողացաւ ճանաչել իր միակ աղջկան: Էլիզան շատ վշտացաւ և երկար լալուց յետոյ վճռեց դուրս գալ ամրոցից և փնտրել եղբայրներին: Ճանապարհին նա լուացուեց մի պարզ ու վճիտ աղբիւրի ջրով և եղածից կրկնապատիկ գեղեցկացաւ:

Նա երկար ժամանակ տխուր բայլում էր և երեկոյեան դէմ մօտեցաւ կապուտակ ծովին, աչքերը բարձրացրեց դէպի ջինջ երկինքը և այնտեղ, երկնային կապուտակի մէջ, տեսաւ տասնևմէկ կարապ, որոնք ձիւնափայլ երիզ կազմելով ընթանում էին իրար յետևից։ Յանկարծ կարապները արագ դէպի աղջիկը սլացան և նստեցին նրա շուրջը: Հէնց այդ րոպէին արևը թագնուեց արևմուտքում. կարապների փետուրները թափուեցին և Էլիզան իր շուրջը տեսաւ իր եղբայրներին: Նրանք շատ էին փոխուել և դժուար էր ճանաչել նրանց, սակայն Էլիզան զգաց, որ այդ իր եղբայրներն են, և ուրախութեան մի բարձր ճիչ արձակելով, նրանց գիրկը նետուեց: Եղբայրներն անչափ ուրախ էին, որ գտել էին իրանց քրոջը. նրանք ծիծաղում էին, լաց լինում և պատմում միմեանց օտարութեան մէջ իրանց գլխով անցածը: «Մենք—եղբայրներս, ասում էր մեծ եղբայրը, ամբողջ օրը վայրի կարապների նման թռչում ենք և վերջալոյսից յետոյ միայն մարդու կերպարանք ստանում. որպէսզի վտանգի չենթարկուենք, արևը մայր մտնելու միջոցին մենք պէտք է երկրի վրայ լինենք, որովհետև, եթէ այդ միջոցին մենք ամպերի տակ լինենք, անհուն բարձրութիւնից կընկնենք ու կըմեռնենք: Մենք այստեղ չենք կենում, այլ ովկիանոսի միւս ափին. այնտեղ հասնելը շատ դժուար է. այնտեղ հասնելու համար պէտք է անցնել լայնատարած ծովը, իսկ ճանապարհին ոչ մի կղզի չկայ, որ կարելի լինի հանգստանալ. միայն մէկ ժայռ կայ ծովից դուրս ցցուած, որի վրայ մենք հազիւ ենք տեղաւորւում: Ամբողջ տարուայ ընթացքում մենք միայն մի անգամ իրաւունք ունենք այցելելու մեը հայրենիքը, և այդ ժամանակ տասնևմէկ օր սաւառնելով հսկայական անտառի վրայ տեսնում ենք մեր հայրական պալատը, որտեղ ծնուել, մեծացել ենք և որտեղ ապրում է մեր հայրը. տեսնում ենք այն գերեզմանը, որի մէջ հանգիստ է առնում մեր մօր մարմինը: Մեզ թւում է, թէ այստեղ ամեն բան հարազատ է, ամեն մի ծառ, ամեն մի թուփ: Մի աներևոյթ ոյժ մղում է մեզ դէպի այս կողմը և ահա այսօր մենք գտանք քեզ այստեղ, մեր անգին, մեր անուշ քոյրիկ: Մենք այստեղ մնալու ենք միայն երկու օր. երկու օրից յետոյ մենք դարձեալ պէտք է միւս ափն ուղևորուենք. այն ափը մի հրաշագեղ երկիր է, բայց մեզ համար նա օտար է. սակայն քեզ ինչպէս պէտք է տանենք մեզ հետ. մենք ոչ նաւ ունենք, ոչ մակոյկ:»

Այսպէս ահա ամբողջ գիշերը նրանք խօսում էին և միայն երկու—երեք ժամ քնեցին:

«Վաղը, ասում էին եղբայրները, մենք պէտք է միւս ափն ուղևորուենք և միւս տարի միայն կարող ենք վերադառնալ այստեղ: Մենք քեզ չենք կարող թողնել այստեղ, քոյրիկ. արի մեզ հետ. գիշերը մեր ուժեղ կռները կարող են տանել քեզ անտառի միջով, իսկ ցերեկը, երբ թռչուն ենք դառնում, մեր թևերը կարող են պահել քեզ օդում:»

—Տարէք ինձ, ուր և կամենաք, բացականչեց Էլիզան:

Ամբողջ գիշերը նրանք անց կացրին նուրբ եղեգներից և ուռենու կեղևից ցանց գործելով. առաւօտեան արդէն պատրաստ էր մի մեծ և ամուր ցանց: Արևի ծագելուն պէս եղբայրները կարապ դարձան. Էլիզան պառկեց ցանցի մէջ և նրանք կտուցներով բարձրացնելով ցանցը, թռան դէպի միւս ափը: Արևի ճառագայթները ընկնելով Էլիզայի երեսին, անհանգիստ էին անում նրան. այդ նկատեց կարապներից մէկը, թողեց ցանցը, բարձրացաւ վեր և թևերը տարածեց Էլիզայի վրայ: Ամբողջ օրը սլանում էին նրանք նետի նման արագ, բայց սովորականից դանդաղ, որովհետև այժմ նրանք տանում էին իրենց քրոջը:

Ծովի վրայ փոթորկի նշաններ էին երևում. սեսև ամպերը կուտակում էին երկնքում, արևը մայր էր մտնում և Էլիզան սարսափահար նայում էլ նրան. իսկ ժայռը, որի մասին պատմել էին եղբայրները, դեռ չէր երևում: Նա նկատում էր, որ եղբայրները աւելի ուժգին են թափահարում թևերը և զգում էր, որ իր պատճառով միայն եղբայրները չէին կարողանում սովորականի նման արագ թռչել։ Նա ահաբեկուած մտածում էր, որ վերջալոյսից յետոյ եղբայրները կը փոխուեն, մարդ կը դառնան ու ընկնելով անհուն բարձրութիւնից կը խեղդուեն փոթորկուած ծովում. նա սկսեց ջերմեռանդութեամբ աղօթել Աստծուն, բայց փրկարար ժայռը դեռ չէր երևում:

Ամպերը աւելի խտանում էին և քամու ուժեղ հոսանքը մօտալուտ փոթորիկ էր գուշակում, հսկայական ալիքները և ամեհի նժոյգների պէս բարձրանում էին իրար յետևից. փայլակը շողում-շողշողում էր: Էլիզայի սիրտը արագ բաբախել սկսեց, որովհետև կարապները անասելի արագութեամբ դէպի ցած սլացան. բայց շուտով մեղմացնելով իրենց թռիչքը, նրանք առաջ գնացին: Արևի կէսը արդէն թագնուել էր ծովի յետևում, երբ Էլիզան նկատեց մի փոքրիկ ժայռ: Արևը արագ իջնում էր և արդէն աստղի չափ էր երևում. այդ րոպէին կարապները կանգնեցին ցամաքի վերայ: Արևը մայր մտաւ: Էլիզան նայեց իր շուրջը և տեսաւ եղբայրներին մարդկային կերպարանքով։ Ժայռը շատ փոքր էր և նրանք հազիւ էեն տեղաւորւում այնտեղ: Կատաղած ալիքները դիպչում էին ժայռին և ջրի ցնցուղները թափւում էին Էլիզայի վրայ: Երկինքն անդադար փայլատակում ու որոտում էր, և այդ ահռելի րոպէին նրանք, ծնկաչոք, ձեռքերը դէպի երկինք տարածած, ջերմեռանդ սրտով աղօթում էին Աստծուն և այդպիսով կարծես աւելի ևս քաջալերւում ու մխիթարւում:

Առաւօտեան փոթորիկը դադարեց, ծովը հանդարտուեց և արևը դուրս նայեց ամպերի միջից, իսկ կարապները, Էլիզային վերցնելով, թողին ժայռը և ճանապարհ ընկան դէպի միւս ափը։


Էլիզան վերջապէս նկատեց այն ափը, որ տեղ բարձրանում էին եղևնիներով ծածկուած կապոյտ լեռներ, որտեղ երևում էին մեծամեծ շէն քաղաքներ և հսկայական դղեակներ: Արևն արդէն մայր մտնելու մօտ էր, երբ նրանք հասան ափը և իջան մէկ մեծ քարայրի մօտ, որի անցքը ամբողջովին ծածկուած էր խճճուած պատուտակներով:

—Տեսնենք այս գիշեր ի՞նչ երազ կըտեսնես, ասում էր կրտսեր եղբայրը, երբ Էլիզան պատրաստւում էր քնելու:

«Տայ Աստուած, որ ես երազումս ձեզ փրկելու միջոցը տեսնեմ,» պատասխանեց քոյրը։ Եւ այդ մտքի մէջ խորասուզուած նա աղոթում էր Աստծուն և նրանից եղբայրներին փրկելու համար օգնութիւն խնդրում: Այդ մտածողութեան մէջ նա քնեց և տեսաւ մի հրաշալի երազ. նրան թւում էր, թէ ինքը սլանում է երկնքով դէպի մի բարի վհուկի պալատ. նրան ընդառաջ է գալիս վհուկը, ուրախ սրտով, ժպիտն երեսին դիմաւորում է նրան և ասում. «Քո եղբայրներին կարելի է ազատել, բայց ունե՞ս դու այնքան կամքի ոյժ և համբերութիւն. դու գիտես, որ ջուրը քո քնքոյշ ձեռներից փափուկ է, բայց նա մաշում է քարը և չի զգում այն ցաւը, որ զգալու են քո մատները. ջուրը սիրտ չունի և նա չի զգում այն դառնութիւնն ու վիշտը, որ զգալու ես դու: Տե՛ս ձեռքիս եղինջը. այս եղինջը բուսնում է այն այրի շուրջը, որտեղ դու քնած ես, և գերեզմանատներում. այս եղինջը դու պիտի քաղես, չնայած որ ձեռքերդ մղկտացնող բշտիկներով կըծածկուեն: Այնուհետև պէտք է ոտներով այնքան տրորես, որ եղինջը կանեփ դառնայ. այդ կանեփից պէտք է երկար թևերով շապիկներ գործես և ձգես կարապների վրայ. միայն այն ժամանակ կախարդական զօրութիւնը կրվերանայ նրանցից: Բայց խօսքերս լա յիշիր. այն րոպէին, երբ կըսկսես գործը, ոչ ոքի հետ չպէտք է խօսես. իմացիր, որ քո արտասանած առաջին բառիցն է կախուած եղբայրներիդ կեանքը։» Այս ասելով վհուկը եղինջով խփեց Էլիզայի ձեռքին և նա սարսափած վեր թռաւ տեղից:

Արդէն լուսացել էր. նա քնաթաթախ աչքերով նայեց շուրջը և իր անկողնի մօտ տեսաւ եղինջի մի ճիւղ. Էլիզան ծնկաչոք գոհութիւն յայտնեց Աստծուն և ուրախ սրտով դուրս եկաւ այրից իր գործն սկսելու: Նա իր քնքոյշ ձեռքերով սկսեց եղինջ քաղել. եղինջն այրում էր, ինչպէս կրակ, և նրա գեղեցիկ մատները ծածկում բշտիկներով, բայց նա ուրախութեամբ տանում էր ցաւը, որովհետև եղբայրներին պիտի ազատէր:

Արևի մայր մտնելուց յետոյ եղբայրները վերադարձան տուն. նրանք սարսափահար տեսան, որ Էլիզան չի խօսում, բայց նկատելով նրա ձեռքերի բշտիկները, հասկացան, թէ ինչ մեծ անձնազոհութիւն է գործում իրանց քոյրը: Կրտսեր եղբայրը արտասուեց և Էլիզայի մատների բշտիկներից այն, որի վրայ ընկնում էր եղբօը արտասուքը, իսկոյն անհետանում էր և ցաւը կտրում: Գիշերն էլ վրայ հասաւ, բայց նա դեռ գործում էր: Հետևեալ օրը, առաւօտից մինչև երեկոյ, քանի կարապները դեռ չէին վերադարձել, նա առանց հանգստի գործում էր ու գործում և ժամերն անցնում էին արագ: Մի շապիկն արդէն պատրաստ էր. նա սկսեց երկրորդը. ձեռքերը քանի գնում, աւելի էին ծածկւում բշտիկներով և անտանելի ցաւը աւելի և աւելի էր սաստկանում:


Այդ կողմի թագաւորը մի անգամ որսի գնացած ժամանակ պատահմամբ տեսաւ Էլիզային և շատ սիրեց նրան. կարճ ժամանակից յետոյ թագաւորն ամուսնացաւ նրա հետ: Բայց թագաւորի պալատումն իսկ Էլիզան չթողեց իր գործը. Թագաւորը սաստիկ սիրում էր նրան, բայց այն միտքը, որ նա համր է, կրծում էր նրա սիրտը: Նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թէ ինչու է թագուհին անդադար եղինջի թելերից շապիկներ գործում: Շուտով նա սկսեց իր կնոջը կախարդ համարել։ Էլիզան չէր կարողանում արդարանալ, որովհետև իր առաջին խօսքը պէտք է եղբայրների կորստի կորստեան պատճառ դառնար: Եւ ահա թագաւորական դատաւորները որոշեցին այրել թագուհուն խարոյկի վրայ, ինչպէս մի չար կախարդի:


Էլիզային պալատից տարան և ձգեցին մի մութ ու խոնաւ բանտ, որի պատուհանի վանդակի միջով քամին ազատ խաղում էր. թաւշի և մետաքսի փոխարէն նրան տուին նախընթաց գիշերը քաղած եղինջի խուրձը, որը բարձի տեղ պիտի ծառայէր. իսկ վերմակի փոխարէն տուին իր գործած կոշտ ու կոպիտ շապիկները. բայց Էլիզայի համար այդ ամեն ընծայից թանգ էր և Աստծուն աղօթելով, նա անտրտունջ դարձեալ վերսկսեց իր գործը:

Յանկարծ երեկոյեան բանտի պատուհանի մօտ մի աղմուկ բարձրացաւ. այդ կրտսեր եղբայրն էր, որ գտել էր իր քրոջը․ Էլիզան ուրախութիւնից սկսեց լալ, թէև գետէր, որ այդ գիշերը կարող էր նրա կեանքի վերջին գիշերը լինել։ Բայց նա մխիթարւում էր նրանով, որ գործը հասել էր իր վախճանին և եղբայրները գտնւում էին այնտեղ: Այդ գիշեր նա պէտք է վերջացնէր իր գործը, եթէ ոչ այն բոլոր ցաւերն տանջանքները և թափած աղի արցունքը պէտք է զուր կորչէին: Մկնիկները արագ վազվզում էին յատակի վրայ և նրան օգնելու նպատակով մօտեցնում էին եղինջը, իսկ սոխակը, նրան քաջալերելու համար, նստել էր վանդակի վրայ և ուրախ երգում:

Արշալոյսից մի ժամ առաջ տասնմէկ եղբայրները մօտեցան թագաւորական պալատի դռներին և պահապաններից պահանջում էին, որ իրանց տանեն թագաւորի մօտ: Բայց թագաւորը քնած էր, ով կը համարձակուէր նրան արթնացներ։ Նրանք յամառութեամբ և մեծ աղմուկով շարունակում էին իրանց պահանջը: Հանգիստը վրդոված թագաւորը դուրս եկաւ տեսնելու, թէ ով է աղմկողը: Բայց այդ միջոցին երկնքի վերայ երևացին արևի առաջին ճառագայթները և միայն տասնևմէկ սպիտակ կարապներ անցան թագաւորի ամրոցի բարձրաբերձ գմբէթի վրայով:


Հետաքրքիր ամբոխը խմբերով դուրս էր գալիս քաղաքի դռներից տեսնելու, թէ ինչպէս պէտք է այրեն կախարդին: Մի պառաւ մատակ ձի քաշում էր սայլը, որի մէջ, կոշտ կտոր հագած, նստած էր Էլիզան. նրա երկար մազերը անխնամ թափուած էին ուսերի վրայ, այտերը դեղնել էին. նրա շրթունքները կարծես մի բան էին շշնջում, իսկ մատները արագ գործում էին ու գործում, այդ միջոցին անգամ նա շարունակում էր իր գործը. տասը շապիկ արդէն պատրաստել էր, մնում էր միայն մէկը: Իսկ կատաղած խուժանը նախատում էր նրան և ասում- «նայեցէք այս չար կախարդին, ինչպէս քթի տակ փնթփնթում է և այդ սատանայի գործը ձեռքից չի թողնում. եկէք պատառոտենք, մաս-մաս անենք այդ սատանայի գործը»:

Եւ խուժանը շրջապատեց սայլը, որ պատառոտէ շապիկները. բայց ահա հրաշք. երկնքից վայր իջան տասնևմէկ կարապները, շրջապատեցին իրանց քրոջը և հսկայական թևերը սկսեցին թափահարել: Ամբոխը ապշած, սարսափած իսկոյն ետ կանգնեց. «Սա աստուածային նշան է. այս կինը անմեղ է», փսփսում էին շատերը, չհամարձակուելով բարձր խօսել: Էլիզան արագութեամբ ձգեց շապիկները կարապների վրայ և նոյն րոպէին ժողովրդի աչքի առաջ կարապների փոխարէն կանգնեցին տասնևմէկ գեղեցիկ թագաւորազներ։ Բայց կրտսեր եղբօր մի ձեռքի փոխարէն մնաց կարապի թև, որովհետև նրա շապիկի թևը չէր գործել, վերջացրել քոյրը: «Ահա, ասաց Էլիզան, այժմ ես իրաւունք ունեմ խօսելու. ես արդար եմ»։ Եւ վայրենի ամբոխը ծունկ չոքեց նրա առաջ, ինչպէս մի աստուածային էակի առաջ, իսկ նա ուշաթափուած՝ եղբայրների գիրկն ընկաւ, որովհետև այնքան ցաւերից, յոգնածութիւնից և յուզմունքներից արդէն ուժասպառ էր եղել:

Աւագ եղբայրը ամեն բան պատմեց և այն րոպէին, երբ նա պատմում էր, ամբողջ մթնոլորտը լցուեց բիւրաւոր ծաղիկների անուշ բուրմունքով, ժողովրդի առաջ բուսան ալ վարդերով զարդարուած թփերի երկար շարքեր, իսկ բոլորից վեր փայլում էր մի ձիւնի պէս շարմաղ և աստղի պէս պայծառ ծաղիկ: Թագաւորը պոկեց այդ գեղեցիկ վարդը, կպցրեց Էլիզայի կրծքին և այն ժամանակ միայն նա ուշքի եկաւ։ Նա ուրախ էր և հանգիստ: Զանգերը մի գերբնական զօրութեամբ սկսեցին ղօղանջել և թռչունների երամներով լցուեց ամբողջ շրջակայքը։ Եւ դէպի թագաւորի պալատը ուղևորուեց այնպիսի մի չնաշխարհիկ հարսանեաց հանդէս, որի նմանը մինչև այդ ժամանակ չէր տեսել ոչ մի թագաւոր: