Վարդանի և հայոց պատերազմի մասին/Մամիկոնյան Դավիթ երեցի խնդրած պատմությունը Վարդանի և Հայոց պատերազմի մասին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երկու խոսք Մամիկոնյան Դավիթ երեցի խնդրած պատմությունը Վարդանի և Հայոց պատերազմի մասին

Եղիշե

Առաջին գլուխ
[ 9 ]

ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ԳԱՎԻԹ ԵՐԵՑԻ

ԽՆԴՐԱԾ [ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ] ՎԱՐԴԱՆԻ

ԵՎ ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Այն գործը, որ պատվիրեցիր, կատարեցի, ո՛վ առաքինի. Հայոց պատերազմի մասին հրամայեցիր [գրել], որի մեջ քչերի հանդեպ շատերն առաքինի գտնվեցին:

Ահա շարադրեցի այս յոթը գլուխների մեջ:

Առաջին՝ ժամանակը:

Երկրորդ՝ Արևելքի իշխանի ձեռնարկած գործերը:

Երրորդ՝ Եկեղեցու ուխտի միաբանությունը:

Չորրորդ՝ Նույն ուխտից բաժանված մի քանիսի երկպառակությունը:

Հինգերորդ՝ Արևելցիների հարձակումը:

Վեցերորդ՝ Հայերի ընդդիմանալը պատերազմով:

Յոթերորդ՝ Խռովության գործերի երկարաձգումը:

Այս յոթը գլուխների մեջ կարգով գրեցի և մանրամասն շարադրեցի սկիզբը, միջին [ժամանակն] ու ավարտը, որպեսզի շարունակ կարդաս, լսելով առաքինի անձերի քաջությունը և հետ կացածների վատթարությունը. ո՛չ թե երկրավոր առատ գիտության անձնական պակասը լրացնելու, այլ երկնավոր նախախնամության այցելության համար, որ նախագիտությամբ երկու կողմերին էլ հատուցում է տալիս, որ տեսանելի թաներով անտեսանելին հայտնի է դարձնում:

Իսկ դու, ո՛վ մեծդ աստվածային գիտության մեջ, ին[ 10 ] չո՞ւ արդյոք [ինձ] հրամայեցիր, քանի որ ինքդ կարող էիր հրամաններ ընդունել ավելի լավերը [գրելու] համար: Ինչպես թվում է ինձ և քեզ և իմաստասիրությամբ պարապած մարդկանց՝ այս բանը երկնավոր սիրո նշան է և ոչ թե երկրավոր փառասիրության. ինչպես որ հմուտ պատմագիրներից ոմանք ասել էլ են՝ «Միաբանությունը բարի գործերի մայրն է, իսկ անմիաբանությունը՝ չար գործերի ծնողը»:

Այսպես և մենք տեսնելով, որ քո հրամանը անկեղծ սիրուց է [առաջացել], ամենևին չդանդաղեցինք և չվախեցանք՝ մեր տգիտությունը նկատի ունենալով: Որովհետև մեծ բան է անկեղծությունը տկարությանն օգնելու համար, ինչպես աղոթքը՝ գիտության, և մաքուր սերը՝ հասարակաց օգտի համար:

Որ և մենք քո հրամանի հետ ընդունելով՝ հոժարությամբ սկսեցինք այս բանը, որ սիրելիների համար մխիթարություն է, հուսացողներին՝ հույս, քաջերին՝ քաջալերություն, որոնք հոժարակամ հարձակվում են մահվան վրա՝ առաջները տեսնելով հաղթության զորագլխին, որը ոչ ոքի թշնամությամբ չի արհամարհի, այլ բոլորին սովորեցնում է իր անպարտելի ուժը: Եվ ահա՛, ով որ կամենա՝ կընդունվի որպես քաջ զինվոր: Եվ քանի որ նահատակություն բառը բազմանշանակ է, նա էլ բազմապիսի շնորհներ է բաժանում բոլորին, որ և աննենգ սրտի սուրբ սերն ամեն բանից մեծ ենք ճանաչում:

Այս պարզությունը նման է երկնային պարզությանը, և այս էլ քո մեջ տեսնելով՝ մոռացանք մեր բնության [հատկությունները]: Եվ ահա քեզ հետ վեր ենք բարձրանում սավառնելով, և երբ բարձր թռած կանցնենք բոլոր վնասակար մրրկածին օդերից, փոքրիշատե ծծելով վերին անապական օդերից, կստանանք գիտություն մեր անձերի փրկության և ամենահաղթ եկեղեցու փառքի համար: Ուստի և բազմաթիվ սուրբ պաշտոնյաները թող զվարթությամբ կատարեն իրենց պաշտոնն ու ծառայությունը, որպեսզի փառավորվի բոլորիս հայրը, ուր և նրա հետ ցնծա ու բերկրի սուրբ երրորդությունն իր անտառում էության մեջ: [ 11 ] Արդ որովհետև քո աննախանձ բարք ու բնությունից պատվեր ու հրաման ստացանք, սկսենք, որտեղից արժան է սկսել, թեպետև չէինք հոժարի մեր ազգի թշվառությունը ողբալ: Ահա մեր կամքի հակասակ արտասվալից ողբերով շարադրում ենք այն բազմաթիվ հարվածները, որոնց մեջ հենց մենք էլ ընկանք՝ ականատես լինելով: