Վերջին մոմը
Արտաքին տեսք
Երկրամասը, անունները, գործողության վայրը պայմանական են
Գործող անձինք՝
- ՍԱՄԱՆԻ
- ԷՐԻՄՈ
- ՏՈՍԱ
Անընդմեջ երկրաշարժերի հետևանքով Յակու թերակղզին ավերվել ու ամայացել է: Բնակչության 50 տոկոսը զոհվել է, փրկվածների կեսը վերաբնակվել է այլ վայրերում, մնացածը հաշտվելով, կամ լավ ապագայի հույսը չկորցնելով, մնացել է թերակղզում: Բեմը ներկայացնում է կիսամութ բնակարան, ուր մանկության երեք ընկերուհիներն արթուն անցկացնում են գիշերները մոմի լույսի տակ: Տագնապի զգացումը չի լքում թե՛ հերոսներին, թե՛ հանդիսատեսին:
- ՍԱՄԱՆԻ — (սարսափահար): Երկրաշարժ է…
- ԷՐԻՄՈ — (ուշադիր հետևելով): Չէ, գնացքն էր:
- ՏՈՍԱ — Ի՞նչ ես ասում, երկաթուղին վաղուց ավերված է:
- ԷՐԻՄՈ — Առավոտյան տեսա… վերանորոգել են:
- ՍԱՄԱՆԻ — Դու առավոտյան տնից դուրս չես եկել:
- ԷՐԻՄՈ — Դուք դեռ քնած էիք՝ դուրս եկա մաքուր օդ շնչելու:
- ՏՈՍԱ — Քնա՞ծ էինք… Բայց մենք քանի՜ գիշեր է՝ չենք քնում:
- ԷՐԻՄՈ — Այո, իզուր տանջում ենք մեզ: Ինձ թվում է՝ վտանգն անցել է:
- ՍԱՄԱՆԻ — Հիմարությո՛ւն: Եթե անցած լիներ, գոնե էլեկտրացանցը կաշխատեր:
- ՏՈՍԱ — Էլ մոմ չկա: Սա… վերջինն է:
- ԷՐԻՄՈ — Առավոտյան այդ մասին կհոգամ:
- ՍԱՄԱՆԻ — Առավոտյա՜ն… Այդքան հեռավոր պլաններ մի կազմիր, գուցե սա մեր վերջին գիշերն է:
- ԷՐԻՄՈ — Դու ամեն գիշեր կյանքի հետ փակում ես հաշիվներդ, իսկ երբ առավոտյան պարզվում է, որ ողջ ես, դա վերագրում ես երջանիկ պատահականությանը: Այդ կերպ կարելի է մեռնել մինչև աղետը:
- ՍԱՄԱՆԻ — Որն ավելի նախընտրելի է:
- ՏՈՍԱ — Սը՜ս… Ի՞նչ ձայն է, ինչ-որ մեկը կարծես լալիս է:
- ՍԱՄԱՆԻ — Երեխա է:
- ԷՐԻՄՈ — Չէ, կատու է:
- ՏՈՍԱ — Կատուները ձմեռը չեն վայում:
- ՍԱՄԱՆԻ — Երեխա՛ է:
- ՏՈՍԱ — Մութ է, ոչինչ չի երևում:
- ԷՐԻՄՈ — Լռեց…
- ՏՈՍԱ — Ռադիոն միացնե՞մ:
- ՍԱՄԱՆԻ և ԷՐԻՄՈ — (միասին, տագնապով): Ո՛չ:
- ՏՈՍԱ — Ինչո՞ւ վախեցաք, միևնույն է՝ գիծ չկա:
- ԷՐԻՄՈ — (դադարից հետո): Հիշում եմ, անցյալ ամառ ծովում քիչ մնաց՝ խեղդվեի, երկու անգլիացի փրկեցին, ասացին՝ երջանիկ աստղի տակ եմ ծնվել:
- ՍԱՄԱՆԻ — Անգլիացիների ասածը լուրջ մի՛ ընդունիր, նրանք կատակելու առիթը բաց չեն թողնում:
- ՏՈՍԱ — Գոնե ռադիոն աշխատեր:
- ԷՐԻՄՈ — Ավելի լավ, կորած երեխաների մասին հոգեմաշ հայտարարություններ չենք լսի:
- ՍԱՄԱՆԻ — Եկեղեցուց մի պատ է մնացել կանգուն.
- ՏՈՍԱ — Այդ եկեղեցին պատերազմից հետո էր ավերվել:
- ՍԱՄԱՆԻ — Ինձ մի սովորեցրու, պատերազմից հետո երեք պատ էր մնացել, իսկ հիմա՝ մեկն է
- ԷՐԻՄՈ — Ձեր այդ եկեղեցու տեղում արդեն տասնյակ տարիներ գարեջրատուն է կանգնած:
- ՏՈՍԱ — Ուզում ես ասել գարեջրատունը եկեղեցու տեղ եմ դրել և ամեն կիրակի այնտեղ մո՞մ եմ վառել:
- ՍԱՄԱՆԻ — Երևի մենք տարբեր եկեղեցիների մասին ենք խոսում:
- ՏՈՍԱ — Ոչ, եկեղեցին մեկն է, մեր ընկալումներն են տարբեր: Ի դեպ, ես մտադիր եմ վաղն ևեթ այցելել այդ քանդված եկեղեցին և աղոթել հոգուս փրկության համար: Չէի՞ք միանա ինձ:
- ԷՐԻՄՈ — Մեր հոգին անմահ է և չի մեռնի, երբ մարմինը սպանվի, հոգու համար գոյություն չունի ոչ ծնունդ, ոչ մահ: Մենք շունչ-հոգի ենք և որպես այդպիսին հավիտենական ենք: Այնպես որ, հոգիս փրկելու փորձեր չեմ անի:
- ՏՈՍԱ — Այդ անմահությունը կատարյալ հոգիներին է վերաբերում, որոնք բարձր են կանգնած խղճից, տգիտությունից, վայելքներից:
- ԷՐԻՄՈ — Վայելքը ծնունդով իմ իրավունքն է և ես նրանից բարձր կանգնելու ցանկություն չունեմ:
- ՏՈՍԱ — Ուրեմն շտապիր եկեղեցի՝ հոգուդ փրկության վերջին աղոթքն անելու:
- ՁԱՅՆ վարագույրի հետևից — Դե բավակա՛ն է, թողեք քնենք, ամեն գիշեր նույն հիմարություններն ենք ստիպված լսում:
- ՍԱՄԱՆԻ — Իսկ դու ականջներդ մի՛ սրի, քնիր, եթե համոզված ես, որ վաղը կարթնանաս:
- ԷՐԻՄՈ — Մի բորբոքիր հարևաններին, թե չէ երեքիս էլ դուրս կշպրտեն ինչպես անցյալ գիշեր:
- ՏՈՍԱ — Անցյալ գիշեր երկրաշարժը կրկնվեց, այդ պատճառով դուրս թռանք:
- ՍԱՄԱՆԻ — Այս անգամ ես դուրս չեմ գա, չսպասեք:
- ԷՐԻՄՈ — Ես էլ կմնամ, չեմ ուզում դրսում սառցակալել:
- ՏՈՍԱ — Իսկ ես, համենայնդեպս, դուրս կգամ:
- ՍԱՄԱՆԻ — Ինչ է, դու իրո՞ք ուզում ես փրկվել:
- ԷՐԻՄՈ — Դեռ երիտասարդ է, ապրել է ուզում, մի՛ մեղադրիր նրան:
- ՍԱՄԱՆԻ — Տանե՛լ չեմ կարող, երբ մի օր ավելի ապրելու համար գլուխ են ջարդում:
- ԷՐԻՄՈ — Թող ապրի, ի՞նչ ես կպել նրանից, գուցե նրան դուր է գալիս այսպես ապրելը:
- ՍԱՄԱՆԻ — Կուզենայի ողջ մնալ միայն մի բան համար, որ կուշտ ծիծաղեմ նրա վրա:
( այդ պահին սեղանը թեթևակի ցնցվում է):
- ԷՐԻՄՈ — (սարսափած) Երկրաշարժ է:
- ՍԱՄԱՆԻ — Չէ, գնացքն է:
- ԷՐԻՄՈ — Երկրաշա՛րժ է:
( Սամանին ինքնամոռաց փորձում է դուրս փախչել )
- ՏՈՍԱ — (մեղավոր): Այդ ես դիպա սեղանին… պատահմամբ…
- ՍԱՄԱՆԻ — (շփոթահար նստում է): Մոմը վերջանում է:
- ԷՐԻՄՈ — Այլևս մոմ չկա: Սա… վերջինն էր:
(մթություն ):