Վկայություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեր ձեռքը՝ մեր թեւքում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Վկայություն)

Վարդան Հակոբյան

Օգնության ձեռքը

-Բարեւ Ձեզ, մոտեցեք ամբիոնին։ Դուք Աղունակ Բերբերյանն եք, ապրում եք Տերյան փողոցի 13-րդ շենքում, տուժող Արղությանի հարեւանն եք, այդպե՞ս է։

-Ոչ այնքան, պարոն դատավոր։ Ես տուժողի հարեւանն եմ, բայց ոչ կողքի, նրա գլխավերեւում է իմ բնակարանը, մի հարկ բարձր։ Տուժողի անմիջական, կողքի հարեւանը միայնակ, անկողնուն գամված ու անօգնական մի կին է՝ իր մինուճար կատվիկի հետ, ես մեկ-մեկ իջնում եմ նրանց մոտ եւ խնամում պառավին ու կատվիկին...

-Տիկին Բերբերյան Աղունակ։ Ես Ձեզ զգուշացնում եմ՝ վկայությունից հրաժարվելու կամ կեղծ վկայություն տալու դեպքում Դուք ենթարկվում եք քրեական պատասխանատվության։ Հասկացա՞ք։

-Ճիշտ այդպես, պարոն դատավոր։

-Դե, ուրեմն, խնդրում եմ, խոսեք ըստ էության, 2005թ. մարտի 21-ին, երբ սպանություն է կատարվել հարեւան սենյակում, այդ ժամանակ Դուք որտե՞ղ էիք։

-Պարոն դատավոր։ Ես հենց այդպես էլ անում եմ։ Երբ որեւէ պատահար, անհրաժեշտություն կամ նման մի բան է լինում, կատվիկն իր փոքրիկ թաթիկներով ձգում է պառավի սենյակից մինչեւ իմ բնակարանը ձգված զանգակաթելը, եւ ես հասկանում եմ, որ նրանք իմ կարիքն ունեն, իսկույն իջնում եմ։ Հասնում եմ պառավի տուն, թե չէ, կատվիկը ցատկում ու թառում է իմ կրծքին, սիրուն ճանկերով կառչում իմ շորերից։ Այնպես լավիկն է այդ փիսիկը։

-Տիկին վկա, Ձեր եւ սպանվածի հարաբերությունները, կարո՞ղ եք ասել, ինչպիսին էին։

-Պարոն դատավոր, երբ սպանվածի ամուսինը՝ Գեւոն, ուզում էր ինձ ամուսնանալու առաջարկություն անել, սրանից երեք տարի առաջ, Երանը դեռ ասպարեզում չկար։ Մի օր էլ, ժամադրության ժամանակ, երբ Գեւոն ինձ սեր էր բացատրում, կատվիկն այդ պահին սկսեց աղիողորմ մլավել, նա բղավեց կատվի վրա, ու ես դա Գեւոյին չներեցի, այդպես էլ բաժանվեցինք։ ՈՒ դրանից հետո, երբ ինձ պատահում էր, միշտ ասում էր. «Միեւնույն է, ես քեզ եմ սիրում»։

-Խոսեք ըստ էության, սպանության մասին ի՞նչ գիտեք։

-Հա, ես հենց այդպես էլ անում եմ։ Պարոն դատավոր։ Երբ սպանվածի հարկում աղմուկ-աղաղակ բարձրացավ, պառավն ու կատուն խիստ իրարով անցան, չգիտեին ինչն ինչոց է, զանգակը հնչելուն պես, ես շտապեցի նրանց մոտ։ Վախեցած կատվիկը թռավ գիրկս, իսկ պառավը լալիս էր։

-Ինչո՞ւ։

- Ինձ սկզբում թվաց, թե նրա ինչ որ տեղն է ցավում, բայց փառք Աստծո, այս անգամ այդպես չէր։ Կատվիկին ես իմ եփած ճաշից մի քիչ տվի, նա չուզեց ուտել եւ ավելի կառչեց ինձ, իսկ պառավն անընդհատ ասում էր. «Աղունակ, մի տես կողքի սենյակում ինչ է կատարվում»։

- Եվ Դուք գնացի՞ք կողքի սենյակը։

-Գիտե՞ք, պարոն դատավոր, այդ պառավին եւ կատվին ուրիշ ոչ ոք չի խնամում ինձանից բացի։ Ես նրանց տունը ոտքի վրա հավաքեցի, կարգի բերեցի երկու վայրկյանում։ Բայց չվերջացրի, որովհետեւ կողքի սենյակի աղմուկը փոխվեց ինչ-որ խուլ խռխռոցի։

-Տիկին վկա, խնդրում եմ, խոսեք ըստ էության։

-Հա, ես հենց այդպես էլ անում եմ, պարոն դատավոր։ Երբ խռխռոցը սկսվեց, ես գնացի կողքի սենյակը, ասի՝ տեսնեմ ինչ է կատարվում այնտեղ։

-Այո, այո, այդտեղից էլ սկսեք Ձեր խոսքը։

-Հա, պարոն դատավոր, ես հենց այդպես էլ անում եմ։ Գնացի ու ի՞նչ տեսնեմ։ Ո՛չ գնայի ու ո՛չ տեսնեի։ Քիչ մնաց կատուն ուշաթափ լիներ, օդ չկար այդ սենյակում։ Արաղի հոտը խեղդում էր։ Հանկարծ միտքս արագ գործեց եւ, որպեսզի կատուն չվախենա, իմ գլխաշորով կատվի աչքերը ծածկեցի։ Ախր շատ կվախենար խեղճ փիսիկը։ Հատակի վրա ընկած էր արնաշաղախ մի դիակ, գլուխը մարմնից գրեթե անջատված։ Հենց որ ճանաչեցի՝ ճչացի, հարեւանուհի Երանն էր, Բոյիդ մեռնեմի (խմիչքին մոտ լինելու համար մեր թաղում այդպես ենք անվանում Գեւոյին) կինը։ Գիտեք, երբ ես շուկա էի գնում մեկ-մեկ, պառավին ու կատվիկին Երանն էր խնամում, թեեւ կատուն նրանց տուն երբեք չէր գնում, քանի ամուսինը տանն էր լինում։

-Տիկին վկա, ի վերջո, Դուք իմացա՞ք ով էր սպանել...

-Ոչ, պարոն դատավոր։ Երբ մտանք սենյակ, ես միայն տեսա, որ ձեռքերը արյունոտ մի մարդ սպանվածի ականջին թեքված, ասում է. «Միեւնույն է, ես քեզ եմ սիրում»։

-Ամուսի՞նն էր։

- Չիմացա, պարոն դատավոր, չճանաչեցի, երեսին դիմակ կար, ինձ տեսավ թե չէ, փախավ։ Կատուն սկսեց աղերսագին մլավել, շուտ դուրս եկա։

-Տիկին վկա, դեպքի օրը, երբ Դուք մտաք սպանվածի բնակարանը, այնտեղ, սպանվածից ու դիմակով մարդուց բացի, ուրիշ որեւէ մեկին տեսա՞ք։

-Ոչ։ Ես այն ժամանակ շտապեցի կատվիկին դուրս տանել, որովհետեւ նա, ինչպես ասացի, վատ էր զգում, ուզում էր աչքերի վրայից շորը հեռացնել թաթիկներով։ Ճանկռոտում էր ինձ։ Հետո, իհարկե, ջուր տվի պառավին ու կատվիկին, երկուսին էլ հանգստացրի։

-Վե՞րջ։

-Ահա այն ամենը, ինչ կարող էի ասել։ Պարոն դատավոր, կատվիկը դրանից հետո երեք օր դողում էր ու բերանը բան չէր տանում։