Jump to content

ՏՏՀ/Աթերոսկլերոզ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աթերոսկլերոզ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 243
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԱԹԵՐՈՍԿԼԵՐՈԶ, արյան անոթների քրոնիկական հիվանդություն, որի ժամանակ զարկերակների պատերի վրա նստում են ճարպանման նյութեր, և այդ հատվածներում զարգանում է սպիական հյուսվածք։ Ա-ին բնորոշ է ալիքաձև ընթացքը՝ սրացումներով և հանգստի շրջաններով։ Այս տարածված հիվանդաթյամբ սովորաբար տառապում են 40-45 տարեկանից բարձր անձինք։ Ա-ին հակված են նստակյաց կյանք վարող, ոչ ճիշտ սնվող (կենդանական ճարպեր և ածխաջրեր առատ օգտագործող, բանջարեղեններ և մրգեր քիչ օգտագործող), ծխախոտը չարաշահող, հիպերտոնիկ, շաքարային հիվանդություններով տառապող անձինք։ Առավել հաճախ հիվանդանում են մտավոր աշխատանքով զբաղվողները, քաղաքաբնակները։ Ա-ի զարգացման գործում կարևոր դեր ունեն անոթների ֆունկցիայի նյարդաներզատական կարգավորման, ինչպես նաև ճարպային (հատկապես խոլեստերինային) և սպիտակուցային փոխանակության խանգարումները։ Դրանց հետևանքով խոշոր զարկերակների պատերին առաջանում են ճարպային փոխանակության նյութերի կուտակումներ, այսպես կոչված աթերոսկլերոզային թմբիկներ, որոնք պարունակում են խոլեստերին, ճարպաթթուներ և չեզոք ճարպ։ Թմբիկները հետզհետե շատանում են, դրանցում կուտակվում են կալցիումի աղեր, զարկերակի պատերն անհավասարաչափ հաստանում են, կորցնում առաձգականությունը և կարծրանում։ Դրա հետևանքով նեղանում է անոթի լուսանցքը և խանգարվում օրգանների ու հյուսվածքների արյունամատակարարումը։ Ախտահարվում են հիմնականում գլխուղեղի, սրտի, երիկամների, ոտքերի արյան անոթները։ Գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզի ժամանակ ընկնում է աշխատունակությունը (հատկապես մտավոր), թուլանում են հիշողությունը, ակտիվ ուշադրությունը, և առաջանում է արագ հոգնածություն։ Հիվանդները դառնում են դյուրագրգիռ, գանգատվում են անքնությունից, գլխապտույտներից, գլխում աղմուկի և ծանրության զգացումից։ Բարձիթողի դեպքերում հնարավոր են հոգեկան խանգարումներ. վարքի փոփոխություններ (անհեթեթություն, կպչունություն, բծախնդրություն ևն), ինտելեկտի նվազում ընդհուպ մինչև թուլամտություն։ Հիվանդությունը բարդանում է գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներով (տես Կաթված)։ Սրտի անոթների Ա. (պսակային Ա.) հանգեցնում է այդ անոթների լուսանցքի նեղացման և կծկանքի (սպազմ), որի հետևանքով զարգանում է սրտի մկանների արյունամատակարարման անբավարարություն։ Առաջանում են սրտի շրջանի և կրծոսկրի հետևի նոպայաձև ցավեր, որոնք ճառագայթվում են դեպի ձախ ձեռքը, թիակը կամ պարանոցի ձախ կեսը ֆիզիկական և նյարդահոգեկան լարումների, հետագայում նաև հանգստի ժամանակ (տես Կրծքային հեղձուկ, Սրտամկանի ինֆարկտ): Ա-ի բուժման մեջ հիմնական դեր են կատարում առողջ ապրելակերպին նպաստող միջոցառումները։ Անհրաժեշտ է մկանային համակարգի աշխատանքի գործուն ռեժիմ՝ հաշվի առնելով մարդու տարիքը և առողջական վիճակը։ Ա-ով տառապող տարեցներին խորհուրդ է տրվում հիգիենային և բուժական մարմնամարզություն (բժշկի նշանակմամբ), ամենօրյա զբոսանքներ, կենդանական ճարպերով և խոլեստերինով հարուստ սննդամթերքի (ուղեղ, միս, ձուկ), կերակրի աղի, ինչպես նաև հեշտ յուրացվող ածխաջրերի (շաքար, հրուշակեղեն) սահմանափակում։ Անհրաժեշտ է օգտագործել ճարպերի և ճարպանման միացությունների կուտակումները խոչընդոտող նյութերով հարուստ սնունդ (կաթնաշոռ, վարսակաձավար), բուսական յուղեր, բանջարեղեն և մրգեր։ Մարմնի ավելորդ զանգվածի դեպքում բժիշկը նշանակում է բեռնաթափման օրեր (տես Բուժական սնունդ)։ Հիվանդները պետք է խուսափեն նյարդային գերլարվածությունից, անհրաժեշտ է լիարժեք քուն։