Jump to content

ՏՏՀ/Լուծ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լուծ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 283
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԼՈՒԾ, կարող է առաջանալ մի շարք հիվանդությունների ժամանակ մարսողության ֆունկցիոնալ խանգարումների (ստամոքսահյութի, ենթաստամոքսային գեղձի հյութի, լեզու և այլ անբավարար արտադրության), ինչպես նաև աղիքների ախտահարման (սննդային թունավորումների, սուր աղիքային վարակների) և այլ դեպքերում։ Երբեմն Լ. առաջանում է հուզական ցնցումների (օրինակ, վախի) հետևանքով։ Այն կարող է պայմանավորված լինել նաև որոշ սննդանյութերի (կաթ, ձու, հատապտուղներ, մրգեր, բանջարեղեն) հանդեպ օրգանիզմի անհանդուրժողականությամբ։

Լ-ի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Մինչև բժշկի այցելելը խորհուրդ է տրվում հիվանդին տալ առատ հեղուկներ։ Բժշկի համար կարևոր են հիվանդության մասին հիվանդի հաղորդած ճշգրիտ տվյալները։ Հարկավոր է ուշադրություն դարձնել կղանքի հաճախականության և բնույթի, հաճախակի ցավոտ նքոցների առկայության վրա։ Հաճախ Լ-ով հիվանդները կամ նրա բարեկամները, խուսափելով հոսպիտալացումից, չեն դիմում բժշկական օգնության։ Լ-ի ինքնաբուժումն անթույլատրելի է. հատկապես հակաբիոտիկների անկանոն ընդունումը փոխում է հիվանդության կլինիկական պատկերը և դժվարացնում հիվանդության ճիշտ ախտորոշումը։ Ինքնաբուժումը կարող է հանգեցնել տարբեր բարդությունների զարգացման կամ հիվանդությունը դարձնել քրոնիկական, ձգձգվող։ Հիվանդներին հոսպիտալացնում են միայն այն դեպքում, երբ տանն անհնար է պահպանել հակահամաճարակային ռեժիմ կամ հիվանդի վիճակը պահանջում է հիվանդանոցային բուժում։ Հիվանդության բնույթից և հիվանդի վիճակից ելնելով՝ բժիշկը նշանակում է բուժում և սննդակարգ։ Հարկավոր է օրաբաժնից հանել աղիքներում խմորում առաջացնող կամ ստամոքսաղիքային համակարգը գրգռող (կաթ, ապուխտներ, տապակած, յուղոտ և սուր ճաշատեսակներ) սննդանյութերը։ Որպես աղաղանյութ հիվանդին կարելի է տալ կիսել, բրնձի շիլա, կաղնու արմատների եփուկ և այլն։ Մինչև բժշկի գալը կղանքը գունավորող հեղուկներ տալ չի կարելի, քանի որ դրանից դժվարանում է ախտորոշումը։