Jump to content

ՏՏՀ/Խավրծիլ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՎՐԾԻԼ, հնդկացորենազգիների ընտանիքի բազմամյա խոտակերպ բանջարաբույս։ Խ. ցրտադիմացկուն է, սակայն նրա աճի համար առավել բարենպաստ են բարեխառն կլիմա ունեցող շրջանները։ Մշակության մեջ առավել տարածված են սովորական, կոմպակտ, պատվաստային և ցածրաճ տեսակները, որոնց տերևակոթունների ու տերևաթերթերի հաստ, մսալի մասերը (բացառությամբ արմատների) գործածում են սննդի մեջ։ Բերքը հավաքում են մայիս-հունիսին, իսկ կրկնակին՝ սեպտեմբերին։ Տերևակոթունները պետք է հավաքել պարբերաբար, 10-12 օրը մեկ, երբ նրանք նուրբ են և թելքերը դեռևս չեն կոշտացել։ Սենյակի ջերմաստիճանում տերևակոթունները կարելի է պահել մինչև 2 օր, մոտ 0 °C ջերմաստիճանի և 9 % օդի հարաբերական խոնավության պայմաններում՝ մինչև 5-7 օր (գերադասելի է ցելոֆանով փաթաթած)։

Խ. պարունակում է շաքար, օրգանական թթուներ, կալցիումի, ֆոսֆորի, մագնեզիումի հանքային աղեր, պեկտինային նյութեր, 10 մգ % C վիտամին և այլ վիտամիններ։ Տերևակոթուններն ունեն խիստ արտահայտված թթվաշություն, յուրահատուկ համ ու բույր (հիշեցնում է խնձորի համը)։

Խ-ի տերևակոթուններից (առանց տերևների) կարելի է եփել մուրաբա, կոմպոտ, կիսել, սոուս ևն։ Խ. չի կարելի եփել պղնձե կամ երկաթե կաթսաներում։

Խ-ի կոմպոտ. Խ-ի տերևակոթունները կեղևել, լվանալ, մանր կտրտել, վրան ջուր լցնել, եռացնել 5-7 րոպե, ավելացնել շաքարավազ և եփել մինչև տերևակոթունների փափկելը։ Եփելու ընթացքում կարելի է ավելացնել մի քիչ վանիլին կամ դարչին։ Մատուցել սառը վիճակում։

1 կգ Խ-ին՝ 1 1/2 լ ջուր, 1 1/2 բաժակ շաքարավազ։

Խ-ի կիսել. լվացած և մանր կտրտած Խ-ի տերևակոթուններին լցնել եռացող ջուր և եփել 5-7 րոպե, ապա տրորելով անցկացնել մաղով, խյուսին ավելացնել շաքարավազ, վանիլին, ցիտրուսակեղև, կիտրոնի շերտեր կամ դարչին (ըստ ճաշակի)։ Սառը ջրում լուծել կարտոֆիլի ալյուրը և խառնելով լցնել տրորած զանգվածին, եռացնել, հետո հովացնել։

500 գ տերևակոթուններին՝ 1/2 լ ջուր, 2-3 թեյի գդալ կարտոֆիլի ալյուր։

Խ-ի սոուս. լվացած և մանր կտրտած Խ-ի տերևակոթունները եփել մինչև փափկելը և տրորել մաղով։ Ալյուրը բովել կարագով, վրան ավելացնել թթվասեր, աղ, շաքարավազ, խառնել և խառնելով ավելացնել տրորված խյուսին, հասցնել եռման։ Մատուցում են մսով կերակուրների հետ, կարելի է գործածել նաև տոմատի սոուսի փոխարեն։

1,5 կգ Խ-ին՝ 2 թեյի գդալ ցորենի ալյուր, 1/2 բաժակ թթվասեր, 1 թեյի գդալ աղ, 1 ճաշի գդալ շաքարավազ։