Jump to content

ՏՏՀ/Կիտրոն սենյակային

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՏՐՈՆ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ, լիմոն, սատապազգիների ընտանիքի մշտադալար մերձարևադարձային բույս։ Հայրենիքը Չինաստանն է, Ճապոնիան, Արևելյան Հնդկաստանը։ Սենյակային Կ. փոքրիկ ծառ է բաց կանաչ կաշեկերպ տերևներով, «կիտրոնի» բնորոշ բույրով և տերևանութների փշերով։ Սենյակային Կ-ի ծաղիկները սպիտակ են և շատ բուրավետ։ Տանը աճեցվող լավագույն սորտերն են. Պավլովյան, Մեյերի և Նորվրացական։

ՀՀ-ում (Մեղրի, Աշտարակ, Օշական, Երևան) ջերմատներում և տնային պայմաններում մշակվում են Պավլովյան, Նորվրացական, Ջենոա, Լիսբոն, Աշտարակի, Կարճևանի, Նորքի և այլ սորտեր։ Սենյակային Կ. ջերմասեր և լուսասեր բույս է. պետք է չափավոր ջրել (խոնավության թե՛ ավելցուկը, թե՛ պակասը վատ են անդրադառնում բույսի վրա)։ Ջրելու ջրի ջերմաստիճանը պետք է 2-3 °C–ով բարձր լինի օդի ջերմաստիճանից։ Բույսը անհրաժեշտ է ջրցողել, ամռանը՝ շաբաթը 2-5, ձմռանը՝ 2-3 անգամ։ Շաբաթը առնվազն մեկ անգամ տերևները երկու կողմից պետք է լվանալ և սրբել թաց լաթով։ Հողախառնուրդի համար պետք է վերցնել 2 մաս ճմային, 1 մաս տերևային հող, 1/2 մաս ջերմոցային լավ հումուս, գետի խոշորահատիկ ավազ, ինչպես նաև ոչ մեծ քանակով փայտածխի փոշի (գերադասելի է կեչու)։ Շաբաթը մեկ անգամ (գարնանից աշուն) սենյակային Կ. կարելի է սնուցել հանքային պարարտանյութերի լուծույթով՝ հողը նախապես խոնավացնելով։ Գարնանը թույլ ընձյուղները (հատկապես պսակի խորքը գնացող) պետք է ծերատել։ Կ. վերատնկել կարելի է մեկ տարի հետո, պետք է աշխատել, որ արմատներին կպած հողը ամբողջությամբ չթափվի, որպեսզի դրանք չվնասվեն, իսկ եթե չեն վերատնկում, պետք է հողի վերին շերտը 2-3 սմ խորությամբ, զգուշորեն հանել և փոխարինել նորով։

Թաղարի հողի վերին շերտը ամիսը 2-3 անգամ պետք է լավ փխրեցնել։ Խորհուրդ չի տրվում թաղարը շատ հաճախակի տեղաշարժել կամ պտտել։ Կ–ի պտուղ ստանալու համար ավելի լավ է աճեցնել պատվաստած բույսեր, որոնք ծաղկում և պտղակալում են արդեն 3-րդ տարում։ Կարելի է դնել արմատակալելու հայտնի լավ սորտերից վերցրած կտրոններ, որոնք նույնպես պտղակալում են 3-4-րդ, երբեմն՝ 2-րդ տարում։ Պտղակալումն արագացնելու համար նպատակահարմար է ծերատել երկամյա բույսի ընձյուղները։