Jump to content

ՏՏՀ/Կշեռք կենցաղային

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՇԵՌՔ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ, տնային օգտագործման համար արդյունաբերությունը թողարկում է ձեռքի, սեղանի, պատի և հատակադիր կշեռքներ։ Կենցաղային կշեռքները սովորաբար քիչ տեղ են զբաղեցնում, հարմար են օգտագործման ժամանակ, ունեն համեմատաբար պարզ կառուցվածք, բայց դրանց ճշգրտությունն ավելի փոքր է, քան լաբորատոր կամ խանութի կշեռքներինը։

Առավել տարածված են զսպանակավոր և լծակավոր կենցաղային կշեռքները։ Զսպանակավոր կշեռքների հիմքը պարուրային տափակ կամ գլանաձև զսպանակներն են։ Զսպանակավոր կշեռքի գործողության հիմքում ընկած է կշռվող առարկայի կշռի հավասարակշռումը սեղմված կամ ձգված զսպանակի ուժով, կշեռքի ցուցմունքները որոշվում են սանդղակով, որի երկայնքով տեղաշարժվում է զսպանակին միացած ցուցիչը։

Ձեռքի զսպանակավոր կշեռքները նախատեսված են 6 կգ և 10 կգ առավելագույն բեռնվածքի համար և ունեն, համապատասխանաբար՝ 200 գ և 250 գ բաժանքով սանդղակներ։

Ուտեստեղեն պատրաստելիս կամ մուրաբա եփելիս մթերքների բաժնավորման համար առավելապես հարմար են սեղանի և պատի զսպանակավոր կշեռքները: Սեղանի կշեռքների առավելագույն բեռնվածքը 5 կգ է, սանդղակի բաժանքի արժեքը՝ 20 գ։ Պատի կշեռքները նախատեսված են մինչև 3 կգ բեռնվածքի համար և ունեն երկու սանդղակ՝ 0-ից մինչև 1,5 կգ և 1,5 կգ-ից մինչև 3,0 կգ բաժանքներով։

Հատակադիր կշեռքները նույնպես դասվում են զսպանակավորների շարքին և կիրառվում են մարդու կշիռը ստուգելու համար, նախատեսված են մինչև 125 կգ բեռնվածքի համար, սանդղակի բաժանքի չափը 0,5 կգ է։ Լծակավոր կշեռքների գործողությանը հիմնված է լծակի հավասարակշռության վրա։ Պարզագույն լծակավոր կշեռքը ձեռքի բեզմենն է։ Բեզմենները թողարկվում են 10 կգ և 20 կգ առավելագույն բեռնվածքի համար, սանդղակի բաժանքի արժեքը 100 գ է։

Առավել բարդ կառուցվածք ունեն սեղանի լծակավոր կշեռքները։ Դրանց առավելագույն բեռնվածքը 6 կգ է, սանդղակի բաժանքի արժեքը՝ 10 գ։

Կշռման առավելագույն ճշգրտությունն են ապահովում ձեռքի հավասարաբազուկ լծակավոր կշեռքները (երբեմն դրանք կոչվում են դեղագործական)։ Միակ կշեռքն է, որով կշռումը կատարվում է մանրակշռաքարերով։ Առավել հաճախ նման կշեռքներն օգտագործում են սիրող լուսանկարիչները քիմիկատների կշռման համար լուսանկարչության մեջ օգտագործվող երևակիչներ, սևեռակիչներ և այլ լուծույթներ պատրաստելիս։ Այդ կշեռքները նախատեսված են 1 գ, 5 գ, 20 գ կամ 100 գ առավելագույն բեռնվածքների համար։ Լծակավորների շարքին են դասվում նաև հեղուկ ու սորուն մթերքներ կշռելու համար նախատեսված–համապիտանի բաժնավորիչ կշեռքները։ Դրանք ունեն գրամների բաժանքով սանդղակ, նժարի տարողությունն աստիճանավորված է միլիլիտրերով։ Առավելագույն բեռնվածքը 125 գ է։

Կշեռքները խնամքով վերաբերմունք պահանջող ճշգրիտ սարքեր են, որոնց հետ վարվելու կանոնների պահպանումից է շատ բանով կախված կշռման ճշգրտությունը։ Անթույլատրելի է, օրինակ, առավելագույն բեռնվածքի տակ թողնել զսպանակավոր կշեռքը, քանի որ ձգման կամ սեղմման մեծ ճիգերի տևական ազդեցությամբ զսպանակում առաջանում է մնացորդային ձևափոխության, և խախտվում է կշեռքի ճշգրտությունը։ Լծակավոր կշեռքների առավելագույն բեռնվածքի գերազանցումը կարող է հանգեցնել լծակների ձևափոխության կամ նրանց հենարանի (պողպատից կամ ագատից, կորունդից պրիզմաներ) վնասման։ Կշռվող առարկանները և կշռաքարերը չի կարելի գցել կշեռքի նժարների վրա։ Խորհուրդ է տրվում կշեռքները պահել չոր տեղում, պահպանելով կոռոզիայից նրանց մետաղե մասերը։