Jump to content

ՏՏՀ/Տանձենի (աճեցումը)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՏԱՆՁԵՆԻ (աճեցումը). ՀՀ-ում (Արարատյան դաշտ, նախալեռնային, հյուսիս-արևելյան, Զանգեզուրի, Լոռի-Փամբակի գյուղատնտեսական գոտիներ) տարածված են տեղական Մալաչա, Սինի, Կարմրկենի, Ձմեռնուկ, եվրոպական ծագման Վիլյամս ամառային, Անտառային գեղեցկուհի, Բերե-Բոսկ, Բերե-Արդանպոն, Նելիս ձմեռային և այլ սորտեր։ Ցածրավայրերում ծաղկման շրջանում անգամ տուժում է ցրտահարությունից։ Վեգետացիայի շրջանում ցուրտ և խոնավ եղանակի դեպքում Տ-ու պտուղները և տերևները կարող են վնասվել քոսից և այլ սնկային հիվանդություններից։ Տ. պահանջկոտ է աճեցման պայմանների նկատմամբ, լավ աճում է կավավազային և ավազակավային հողերում։ Տ. խաչաձև փոշոտվող է, դրա համար այգում պետք է լինեն 2-3 սորտեր։ Բազմացնում են պատվաստով։ Ուժեղ աճ ունեցող ծառերը պատվաստում են վայրի Տ-ու սերմնաբույսերին, թզուկ բույսերը՝ սերկևիլենու վրա։ Վերջիններիս վրա պատվաստված ծառերն ավելի կարճակյաց են (15-20 տարի), վաղ են պտղաբերում, ավելի պահանջկոտ են խոնավության և հողի բերրիության նկատմամբ, պտուղները խոշոր են, շաքարայնությունն ավելի բարձր է։ ՀՀ-ում ուժեղ աճող պատվաստակալների վրա Տ. սկսում է պտղաբերել 5-6 տարեկանում (լրիվը՝ 10-15 տարեկանում), իսկ ցածրաճերի վրա՝ 4-5 տարեկանում։ ՀՀ- ում Տ. ապրում է 50-60 տարի։ Յուրաքանչյուր ծառի բերքատվությունը 30-300 կգ է։ Ամառային սորտերի պտուղները հավաքում են հասունացումից 68, աշնանայինները՝ 10-14 օր առաջ։ Ձմեռային սորտերի պտուղները թողնում են ծառի վրա հնարավորին չափ երկար, բայց հավաքում են ցրտահարություններից առաջ (հոկտեմբերի առաջին կեսին)։ Տ-ու տնկարկների խնամքը էականորեն չի տարբերվում այլ հնդավոր բույսերի խնամքից (այդ մասին տես Այգի հոդվածում)։