Օ՜, Բնությո՛ւն, o՜, Մա՛յր։—
Բայց չես սիրում դու մեզ, չես մերձենում դու, երբ
Մենք հայեցող ոգո՛վ ենք ձգտում հասնել
Քո ընթացքի՛ն, քո վազքի՛ն, քո վեհությանը պերճ,
Քո խորհուրդին՝ բազմաշխարհ և բազմաստեղ։—
Օ՜, Բնությո՛ւն, o՜, Մա՛յր։—
Դու դաժան ես ու բարի, դու հեզ ես և անողոք,
Դու սիրում ես շարժումը, զորությունը, ուժը,—
Ունայնությամբ ես լցնում ու հողով
Դու հայեցող սրտերը, որ խեղճ են և քնքուշ են։—
Օ՜, Բնությո՛ւն,o՜, Մա՛յր։—
Եվ առաջին անգամ դու չե՞ս տվել արդյոք
Քո արևից, քո սրտից մի բեկոր —
Այն զարմանալի ճարտար և հանճարեղ մարդուն,
Որը ո՛չ թե սրտի մորմոքով,
Այլ ձեռքերով կոպիտ վերցըրել է քարը
Եվ զարկել է մի ուրիշ քարի —
Եվ արևի դստերը իր խրճիթն է տարել,
Որ գիշերի գրկում ոսկևորիկ պարի...
Օ՜, Բնությո՛ւն, o՜, Մա՛յր։—
Եվ չե՞ս տվել արդյոք դու ծովերիդ անեզրությունը
Եվ բարիքները նրանց խորքերի,—
Այն ըմբոստին, այն խիզախ ճանապարհորդին,
Որ ծառերի դալար ճյուղքերից
Հյուսել է մի առավոտ ուռկանն իր առաջին
Եվ նետելով խորքը ծովերի —
Բռնել է ծովային մի ոսկեծամ աղջիկ
Եվ իր խուղը տարել, իբրև գերի...