Jump to content

Տեսե՞լ եք դուք երբևէ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 8 ]

Տեսե՞լ եք
Դուք
Երբևէ։
Աչքերով ձեր կույր, անոթի –
5 Ոսկեզօծ զուռնան արևի
Կախված ամառվա զենիթից...

Լսե՞լ եք
Նրա ձայնը
Ձեր
10 Աչքերով չար ու տանջող –
Երբ արևը ձե՛զ,
Զե՛զ գուցե
Կանչել է իր բորբ ղողանջով..․

Դուք,
15 Մարդիկ,
Որ գիտեք կոպեկնոց սիրով
Ձեր կակուղ սրտերը հալել —
Լսե՞լ եք արևի հուր երգը բորբ,
Երբ արևն է— զուռնաչի Ալեք․․․

[ 9 ]

20 Լսե՞լ եք․․․
Չե՛ք լսել։
Չէ՛։
Իսկ ես—
Ձեր պոետը խոնարհ,—
25 Իսկ ես—
Ձեր պոետը լուսե—
Այդ երգը ոսկեբառ
Ինչքա՜ն եմ ես լսել...

Lսե՜լ եմ,
30 Լսե՜լ եմ—
Ե՛ս․․․
Նա—
Ե՛րգ է եղել,—
Իսկ
35 Դուք,
Իսկ դուք,
Մարդիկ,
Հասկացե՞լ եք այդ երգն հրեղեն...

Օգոստոսի շոգին
40 Ես —
Ձեր պոետը խոնարհ,
Ես—
Ձեր պոետը լուսե —
Այնքան պա՜րզ եմ տեսել
45 Ձեր բառաչող հոգին...

Տեսե՜լ եմ,
Տեսե՜լ եմ—
Ես...

[ 10 ]

Նա եղել է —
50 Դուքան,
Ցուցանակ.
Նա կքել է կոպեկի ներքո։
Որպեսզի ձեր գանգը չշոգի,
Որպեսզի ձեր սիրտը հովանա —
55 Դուք
Ծածկե՛լ եք արևը ձեր ծեր
Ձեռքով.․․

Վա՜յ
Ձեզ,
60 Վա՜յ բոլորիդ.․.
Ձեզ, որ գուրգուրում եք ձեր սիրտը սև։
Ինչ շահ ձեր գանգի դհոլին
Երգերից իմ՝ լույս ու լուսե...

Չգիտե՜ ձեր սիրտը սև,
65 Որ աշխարհը կարող է փոխվել
Խնդության խո՜լ ալիքի—
Եթե մի անգամ գեթ լսեք
Այն վերի՜, վերի Ալեքին...