Տերն ու ստրուկը
Լինում է, չի լինում, մի ստրուկ է լինում։ Էդ ստրուկն օրերից մի օր մնում է անտեր։ Ուր գնում է՝ վռնդում են։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի, մտածում է, մտածում ու ելքը գտնում է. որոշում է իրենից տեր սարքել ու ինքն իր ստրուկը լինել։ Սկզբում դա սկսվեց այսպես։ Սեղանին ուտելիք կար, բայց չէր ուզում, ախորժակ չուներ։ Ինքն իր վրա բռնացավ.
-Կեր, ասում եմ։
-Աչքիս վրա, տեր, կուտեմ։
Հետո ամեն ինչ ընթացավ կարգով։ Ինքը ծափ զարկեց նստած տեղում, ինքն իր առաջ էլ վեր ցատկեց ծափի վրա.
-Լսում եմ, տեր։
-Գլուխս քոր է գալիս, սանրիր մազերս։
-Աչքիս վրա, տեր,- ու տեղնուտեղը սկսեց մատներով ու սուր եղունգներով սանրել գլուխը, մերսել։
Մի ուրիշ անգամ տերը կանչեց.
-Գնա շուկա, սեխ ու ձմերուկ, պոմիդոր ու ճակնդեղ, միրգ ու մեղր բեր... Սիրտս քեֆ է ուզում։
-Գնալը՝ գնամ, տեր, բայց էշ չունենք, որ...
-Ոչինչ, դու կշալակես-կբերես։ Էշը քեզանից ինչո՞վ է ավել։ Ստրուկն այդպես էլ վարվում է։
Տերը հաջորդ օրն ասում է.
-Սիրտս Հնդստանի հալվա է ուզում։
-Աչքիս վրա, տեր։
Մի շաբաթ չէր անցել, երբ տերը ծափ զարկեց նորից.
-Բաղդադի խուրմա եմ ուզում։
-Աչքիս վրա, տեր։
Այսպես՝ շարունակ։ Տերը ստրուկին անգամ զուգարան էր տանում իր հետ, որ այնտեղ էլ նա իր փոխարեն մաքրություն անի. «Աչքիս վրա, տեր»։
Մի խոսքով՝ տերն էլ էր տանու, ստրուկն էլ։ Այդպես ապրում էր ստրուկը երջանիկ։ Եվ երբ մի օր տերը ստրուկին չէր չարչարում, պատիժ չէր տալիս, նրա օրը խավար էր լինում։ Բայց տերը ստրուկից ձանձրացել էր, որովհետեւ նա կեղծ էր, կարծես քիչ է, շողոքորթում էլ էր։ Դա իրենից անկախ էր ստացվում նրա մոտ։ Հանդում, հսկա ընկուզենու տակ, կարպետը փռել էր տերն ամռան մի շոգ օր եւ հանգստանում էր։ Տիրոջ գլխին ինչ փչեց-չփչեց, տարավ-բերեց, թե.
-Ինձ նվիրվա՞ծ ես։
Ստրուկի պատասխանը կարճ եղավ.
-Հա։
-Ինչո՞վ կապացուցես,- շարունակեց խոսքն առաջ տանել տերը։
-Չլինի՞ թե կասկածում ես,- զարմացավ ստրուկը։- Ասես՝ գնա, քարնիվար էլ ընկիր, խոսքդ գետինը չեմ գցի։
-Հա՞։
-Հա՛։
-Հաստա՞տ։
-Հաստատ։
-Դե որ չես խաբում՝ գնա, - իր եսասիրությունն ու փառամոլությունը չկարողացավ զսպել տերը,- քեզ գցիր քարնիվար, մեռիր։
-Աչքիս վրա, տեր։
Ինչպես գիտեք, կեղծ նվիրվածությունը միշտ էլ ապացույցների կարիք է ունենում։ Մինչեւ տերն իրեն կարգի կբերեր, որ խոսքը ետ վերցնի, ստրուկը վեր ցատկեց ու իր հավատարմությունը հաստատելու համար մոտիկ քերծից, առանց մտածելու, իրեն նետեց ձորը. կարծում էր, թե տերը, այնուամենայնիվ, վերջին պահին փեշից կբռնի, ետ կպահի։ Խեղճի ձենը խոր, էն խոր անդունդից հնչեց վերջին անգամ.
-Աչքիս վրա, տե՜-ե՜-ե՜ր...
Ու թեպետ ստրուկը ստրուկ էր այնքան, որ ինքն իր համար տեր լինելու հոգսն էր անգամ քաշում՝ փաստորեն ստրուկի ստրուկը լինելով, մեռավ-գնաց։ Բայց դրանով ոչինչ չփոխվեց աշխարհում։ Ստրուկի հոգին էլ անմահ է։ Թափառում է աշխարհից աշխարհ՝ մեկ սրա մեջ, մեկ նրա մեջ, ով տեր լինի՝ ինքը ստրուկ է, եթե անգամ տեր էլ չլինի՝ ինքը կամավոր իր ստրուկն է դառնում։