Jump to content

Տխրություն (Ես ապրում եմ այսօր…)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տխրություն
Աղբյուր՝ Ճաքած լռություն (բանաստեղծություններ և պոեմ), Ստեփանակերտ, «Արցախ» հրատ., 1993, 48 էջ, տպ. 1000 օր. (էջ 22)
Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, 264 էջ, տպ. 300 օր. (էջ 94)։

Տխրություն


Ես ապրում եմ այսօր տառապանքի հևքով,
Տառապանքի հևքով, նաև՝ ցավի,
Սակայն դեռ կան մարդիկ, որ ապրում են տենդով,
Քարանձավի տենդով, քարանձավի՜։

Եվ իրենց իսկ կերտած քաղաքները մի օր
Հիմնահատակ գուցեև ավերեն,
Բայց և գուցե թողնեն քաղաքակիրթ մարդկանց,
Իրենք՝ անձավներում «տնավորվեն»։

Ու մոռանան լեզուն մարդկայինի, սիրո,
Ապրեն անձավային կյանքով վայրի...
... Ավա՜ղ, դեռ կան մարդիկ, որ ապրում են տենդով
Քարանձավի, այն հի՜ն քարանձավի։

1991
ք. Ստեփանակերտ