Տղու մը մահը
Արտաքին տեսք
Տղու մը մահը
Գարուն է, ծիլ առին ծաղիկն ու դալար,
Կը շողա լույսն եթերին մեջ կապուտակ.
Ձըմրան խոժոռ երկինքը որ միշտ կու լար՝
Բիլ հըրճվանքով մը կ’ողողվի ա՛լ հիմակ:
Կյանքի գարնան մեջ դուն ծաղի՜կ նորածիլ.
Աղետաբեր խորշակով մը խամրեցար.
Մանուկ հոգիդ ալ — հեշտ բուրում մը — հածիլ
Գընաց կապույտ անհունին մեջ լայնատարր:
Անվերադարձ մեկնումդ, ավա՜ղ, մենք կու լանք
Խուլ հեծքերով ու արցունքով դառնագին,
Եվ կը մարի մեր սըրտին խինդն ու տենչանք
Քու արևիդ շիջումին հոծ շուքին տակ ՝
Չըխորհելով թե անըստվեր քու հոգին
Զըվարթումի վերացում մ’է ա՜լ հիմակ: