Jump to content

Տունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տունը
Աղբյուր՝ Ճաքած լռություն (բանաստեղծություններ և պոեմ), Ստեփանակերտ, «Արցախ» հրատ., 1993, 48 էջ, տպ. 1000 օր. (էջ 4)
Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, 264 էջ, տպ. 300 օր. (էջ 90)։

ՏՈՒՆԸ



Իմ առաջին ճիչը, որ լսել է տունը,
Իմ առաջին ճիչը վաղո՜ւց չկա,
Բայց հիշո՛ւմ է տունը։ Ու ապրո՛ւմ է տունը
Մեր այն հեռո՜ւ գյուղում ադամանդյա։

Ու երբ ամեն անգամ ես այցի եմ գալիս,
Եվ լուռ լռում լռած դռան առաջ,
Տան պատերն ասես անուրջներ են լալիս...
Ու լսվում է միշտ մի անհո՜ւյս հառաչ։

Ծանրանում են մեկեն քայլերս՝ տուն եկած,
Ծնկներս լուռ ծալվում փլվում հողին,
Նկարս տան պատին ծանրությո՛ւն է անում,
Երբ ե՛ս պիտի պատին երկարվեի։

Ու կանգնել եմ շվար՝ հիմա ի՞նչ եմ, տանտե՞ր,
Հիմա դաղձն է ձգվում տանս պատին,
Տանս անքուն պատին ձգվում եղինջն անտեր,
Սպառնում է նույնիսկ... ժամանակի՛ն։

...Իմ առաջին ճիչը, որ լսել է տունը
Մեր այն հեռո՜ւ գյուղում ադամանդյա,
Հրդեհվել է տան հետ, ավերվել է, ավա՜ղ,
Ու էլ չկա՛ տունս, ճիչս չկա՜...

17-25.12.1984, 17.12.1993, Ստեփանակերտ