Փոթորկից հետո

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Փոթորկից հետո

Հակոբ Հակոբյան

Ես խորազնին հայացքս լարած՝
Նայում եմ մաշված, գունատ պատկերիդ
Եվ այդ գրավիչ դեմքիդ գծերում
Տեսնում թաքնըված կիսամար ժըպիտ,

Երբ քո աչքերը հեռուն դիտելիս՝
Մի վերջին ուժով փայլում են հանկարծ
Եվ կամ խոնջացած վշտերի բովից
Գաղտնի մրմունջով մարում մելամաղձ ―

Ես միշտ հիշում եմ ալեկոծ ծովը՝
Նոր հանգիստ առած անզուսպ փոթորկից,
Ես հիշում եմ այն մեղմ ալիքները,
Որոնք ժպտում են աշնան արեգից։

Եվ դո՛ւք, սև՛ աչեր, մի օր վառվըռուն,
Իսկ այժմ տանջված հուսախաբ սերից,
Ինձ հիշեցնում եք ծովը անդորրուն,
Հաղթված, զսպված ահեղ փոթորկից․․․

1894