Փորձիչը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Փորձիչը

Հովհաննես Թումանյան

«Новое время»–ն գոհ է, որ հայերը նորից վերադառնում են դեպի Ռուսաստան, որից երես էին դարձրել վերջին 35 տարին հատկապես նրա պարագլուխները, և, ողջունելով հայ ժողովրդի էս վերադարձը դեպի հին ավանդությունները, ասում է. «հայկական նոր տրամադրության անկեղծությունը դեռ պետք է փորձենք»։

Առած կա, թե վատ մարդը զատկին էլ վատ կլինի։ Հիմի սրանն է։ Ժողովուրդների բարեկամության տոնական օրն էլ հայտնվում է դարձյալ վատ դերում— փորձչի կերպարանքով։

Եվ նրա հետ մարդ ուզում է էսպես խոսել։

Ո՞ւմ եք փորձում, ո՛վ փորձիչ։

Հայ ժողովրդի՞ն։ Բայց դուք ինքներդ եք հաստատում, թե նրա մեջ ամուր է եղել բնական ձգտումը դեպի Ռուսաստանն ու միշտ էլ մնացել է անփոփոխ։

Հին ավանդություններն ու պատմությո՞ւնն եք փորձում։

Բայց նրանք մնացել են անսասան հայ ժողովրդի հետ միասին։ Էդ էլ եք դուք վկայում...

Սակայն ես ուզում եմ մի ուրիշ խոսք ասել հին փորձչին։ Ուզում եմ ասել, դուք ո՞վ եք, որ ուզում եք մեզ փորձի ենթարկել։ Մի՞թե դուք եք հանդիսանում էն Ռուսաստանը, որին վերադարձել են հայերը, մի՞թե դուք նրա հարազատ ներկայացուցի՞չն եք։ Մի՞թե դուք նրա ոգու թարգմա՞նն եք։

Ո՛չ։ Երբե՛ք։ Մենք եկել ենք ու գալիս ենք դեպի Մեծ Ռուսաստանը, դեպի մեծ Ռուս ազգը, և եթե սիրել ու հարել ենք– նրան, ոչ թե ձեր ու ձեզ նմաններին, որոնք միշտ եղել են փոքր ու անսիրելի։ Եթե մենք միացած ենք անբաժան, ռուսական պետությանն ենք միացած, նրանից ենք տեսել բարիքներ, նրա հետ ենք կապել մեր հույսերը, նրան էլ ծառայել ենք հարազատի նման ամեն ասպարեզում։ Եվ վկայությունները շատ են։

Իսկ ձեզանից մենք ի՞նչ ենք տեսել, ձեզ հետ ե՞րբ ենք եղել միացած ու բաժանված, որ էս օր էլ ետ գանք դեպի ձեզ ու դուք էլ դեռ մեզ փորձեք։

Եթե վերադառնում ենք հին լավ ավանդություններին, դուք լավ ավանդություններ չունեք, և դարձյալ խոսքը ձեր ու ձեզ նմանների մասին չի։

Եթե մենք կապված ենք եղել ու էսօր էլ նորից՝ ավելի գիտակցաբար, ամրապնդում ենք կապը, էդ ռուս լավ մարդու հետ է, որի սրտի բարությունն ու մեծությունը վայել են իր հայրենիքի մեծությանն ու ազգային ուժին, ոչ թե ձեզ հետ, որ միշտ եղել եք փոքրոգի ու նեղսիրտ և խոսել եք միայն խորթությունից ու թշնամությունից։

Եվ էսօր էլ, երբ խոսք կա հին ավանդությունների, սիրո ու լավ կապի մասին - փորձիչը խոսք չունի։ Նա միայն կարող է մտքեր պղտորել ու վատ զգացմունքներ առաջ բերել։

— Ետ գնա, քո օրը չի էս օրը։ Թող առաջ գա նա, ով կարող է Մեծ Ռուսաստանը հանդես բերել հոգու մեծությամբ ու սրտի բարությամբ, նա, որ իր ուժով երկրներ նվաճելու հետ իր առաքինություններով էլ ժողովուրդների սրտերն է նվաճում։

1913