Քամին (Եղիշե Չարենց)
Քամին
Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
Քամին,
Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:
Քամին,
Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի՛,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:
Փողոցները երկար,
Ու ձանձրալի, աշնան անձր—ների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժան, անհրապույր, չարկամ, -
Որքան, որքան, որքան ահավոր են հիմա:
Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է այստեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…
Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին, - երկաթաթ— թռչուն, -
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…
Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում‘ փոշի — արնամուժ ավազ, -
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:
Օ, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնցոտիներ հագած պառավների նման, -
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:
Ծառերը ծեր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով, -
Երբեք,
Երբեք,
Երբեք…
Օ, գթացեք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:
Օ, գթացե՛ք հիմա.
Լսեք, լսեք, լսեք. -
Այս ահռելի, դաժան հոգ—արքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե -
Քամին,
Աշնան քամին…