Jump to content

Քաոս/Առաջին մաս/IV

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

IV

Ի՜նչ, տարիներ շարունակ կատարել հասարակ գործակատարի կրավորական պաշտոն, տառապել մի կամավոր և մանրակրկիտ ծերունու սուր հայացքների տակ, հնարել ամեն անգամ պես-պես ստեր՝ ավելորդ ծախսերն արդարացնելու համար, և հաճախ անմաքուր ձեռներով մոտենալ հայրական սնդուկին, և կամա-ակամա փափագել հարազատ ծնողի մահն այն հույսով, որ այդ մահով պիտի ազատվի կապանքից։ Ի՜նչ, մեռնի վերջապես հայրը, թողնելով ահագին ժառանգություն և հանկարծ ինքը զրկվի օրինական իրավունքներից և ընկնի մի նոր հսկողի ու կշտամբողի հովանավորության տա՞կ։ Ո՛չ, ո՛չ, այդ անտանելի է, վիրավորական, այդ մի հարված է Միքայելի համար, որին նա չի կարող հանդուրժվել։ Ի՞նչ պիտի ասեն նրա ընկերներն ու բարեկամները։ Մի՞թե իրավունքը չեն ունենալ նրան ծաղրելու ու ծաղրակոծելու։ Ո՛չ, ո՛չ, նա չի կարող լուռ ու մունջ հպատակվել մեծ եղբոր կամքին, նա հավասար ժառանգ է։ Ի՞նչ անմիտ կտակ։ Նրանից պահանջում են փոխել իր կենցաղը, ապրել մի կիսացնոր ծերունու ճաշակով, ամուսնանալ մի ինչ-որ հայ աղջկա հետ՝ իր ժառանգական իրավունքներին տիրանալու համար։ Ամուսնանալ մեր ժամանակներում, երբ բոլոր նրա ընկերներն ամուրի և ազատ են, երբ ամուսնացածները բացարձակ զղջում են, ինչպես օրինակ՝ Մելքոն Ավրումյանը և ուրիշ շատ շատերը։ Ինչո՞ւ համար մի ծանր լուծ վերցնե իր վզի վրա, որ ավելորդ բերաննե՞ր աշխարհ ձգե, որ ամեն օր լսե՝ «պապա, պապա», այդ հիմար, ծիծաղելի բառը, որ այնքան հաճելի է տափակ գլխի տեր մարդկանց և այնքան ձանձրալի նրանց համար, որոնք ճաշակ ունին կյանքի բարիքները վայելելու՝ իրենց ազատությունը պահելով։ Ո՛չ, Միքայելն այժմ անկախ է, ազատ և ուզում է այդպես մնալ։ նա ամուրի կյանքից դեռ չի կշտացել։

Այս խորհրդածության մեջ Միքայելն զգում էր, որ օր-օրի վրա իր սրտում զարգանում է ատելույթունը դեպի Սմբատը: Եվ նա ծրագիրներ էր հորինում՝ որևէ միջոցով ազատվելու համար ավագ եղբոր իշխանությունից։ Սմբատն արդեն վճարել էր նրա պարտքը ուստա Սարլեղին և մուրհակը վերցրել ու տվել նրան, բայց պահանջած հինգ Հազար ռուբլին մերժում էր։

Կեսօրվա դեմ էր։ Միքայելը կես ժամ առաջ Սմբատից դարձյալ փող էր խնդրել և դարձյալ մերժում ստացել։ Այժմ հուզված անցուդարձ էր անում իր սենյակում, որ Ալիմյանների բնակարանում ամենից շքեղ էր կահավորված։ Այստեղ կային Բելուջիստանի ամենաընտիր գորգեր, Խորասանի և Քիրմանի նրբագործ շալերով և պես-պես ոսկեթել հյուսվածքներով զարդարված բարձեր, բարձիկներ, բազմոցներ։ Մետաքսե թանձր վարագույրներով սքողված լուսամուտներից մեկի առջև դրված էր մեծ գրասեղանը, ծանրաբեռնված ահագին արծաթե թանաքամանով, տեսակ-տեսակ փղոսկրե տուփերով, ցամքիչներով, շքեղակազմ գրքերով, բրոնզե արձանիկներով, և զանազան ալբոմներով։ Անկյունում դրված էր շքեղ պահարանը, որ լի էր ռուս բանաստեղծների ու վիպասանների երկերով՝ ոսկեզօծ կազմերում։ Աչքի էին ընկնում նաև թարգմանական երկեր, որոնց թվում և Բոկկաչիոյի «Դեկամերոնը»։ Կամարաձև դռների միջից երևում էր ննջարանը, հատակը փափուկ գորգերով ծածկված։ Այնտեղ մի անկյունում դրված էր անկողնակալը՝ ծածկված թանկագին հյուսվածքներով, մետաքսե վերմակներով։ Հինգ-վեց մեծ ու փոքր բարձեր դարսված էին միմյանց վրա սիմետրիկ ձևով, այնպես որ կազմում էին մի տեսակ բուրգ։ Այդ, կարծես, մի թանկարժեք և փարթամ հարճի անկողին լիներ այն տարբերությամբ, որ առջևի պատը զարդարված էր զենքերով։ Մյուս սենյակում երևում էր տուալետի սեղանը՝ լի բազմաթիվ անուշահոտ յուղերի ու ջրերի սրվակներով, սանրերով, խոզանակներով, մկրատներով և այլն...

Այդ սենյակների կահավորության մեջ մեծ դեր է խաղացել Ոսկեհատը: Նա էր իսկապես ստիպել մարդուն չխնայել ոչինչ որդու հաճույքի համար։ Տան համար ծախսվածը կորած չէ, բացի դրանից՝ այդպիսով կարելի է Միքայելին ընտելացնել հետզհետե ընտանեկան կյանքին և հղացնել նրա մեջ ամուսնանալու ցանկություն։ Այնինչ Միքայելի համար սենյակների արդուզարդն ուրիշ ոչինչ էր, եթե ոչ սնափառության նյութ: Գոհ էր, որ ընկերներից ոմանք նախանձում են, որ կարող է նրանց գինի խմացնել, ոսկեզարդ «հազար փեշաներով» և թղթախաղի սեղանը բանալիս նրանց առջև դնել ոսկե աշտանակներ։

Դռները բացվեցին, ներս մտավ Իսահակ Մարութխանյանը մի շատ քաղցր հաճոյական ժպիտ իր կարմիր, երեսին։

— Վերջապես,— գոչեց Միքայելը ռուսերեն և ձեռով նշան արավ փեսային նստելու։— Հը՜ը, ասա՛ տեսնենք ինչ նորություն։

— Նայելով թե ինչն է հետաքրքրում քեզ,— պատասխանեց Մարութխանյանը և նստեց բազկաթոռի վրա, կանխավ հետ դարձնելով ռեդինկոտի փեշերը, որ չճխլտվի։

— Ուրիշ ի՞նչ կարող է ինձ հետաքրքրել, բացի այդ հիմար կտակից։

— Հասկանալի է,— արտասանեց Մարութխանյանը, դանդաղորեն հանելով իր ձեռնոցները և ձգելով իր գլխարկի մեջ և նայելով աջ ու ձախ ավելացրեց. հույսով եմ, որ մեր խոսակցությունը ոչ ոք չի լսի։

— Ոչ ոք, եթե կամենաս դռներն էլ կկողպեմ։

— Վատ չէր լինիլ։

Միքայելը մոտեցավ և բանալին շուռ տվեց։

— Խնդիրը շատ պարզ է,— սկսեց Մարութխանյանը, վերցնելով Միքայելի սեղանից մի գլանակ,— նախ և առաջ դու պիտի ինձ ազնիվ խոսք տաս, որ ինչ-որ այստեղ խոսենք, մեր մեջ կմնա։

— Ավելորդ նախազգուշացում։ Ես իմ թշնամին չեմ։

— Ապրես։ Դու գիտես, սիրելիս, որ ես այստեղի ձեր գռեհիկ վաճառականներից չեմ։ Ես իրավաբան եմ, թեև առանց բարձր ուսման, բայց ավելի գիտեմ օրենքները, քան որևէ մի երդվյալ հավատարմատար։ Ես ունեմ հռչակ թե՛ այստեղ և թե՛ Թիֆլիսում։ Ուզում եմ ասել, եթե ես մի վատ բան անում եմ՝ զգույշ, մտածելով, տասն անգամ չափելով և հետո կտրելով:

Արձակելով գլխից վեր գլանակի առաջին ծուխը, նա իր դեղին-կանաչագույն աչքերը հառեց Միքայելի երեսին և հարցրեց.

— Ուզո՞ւմ ես, որ հորդ կտակը ճանաչվի ապօրինի և կորցնի իր զորությունը։

— Անպայման,— պատասխանեց Միքայելը դրականապես։

— Շատ գեղեցիկ: Բայց դրա համար հարկավոր են մի շարք պայմաններ:

— Օրինա՞կ:

— Նախ և առաջ կամքի հաստատություն, սառնասրտություն, հետո կեղծելու, սուտ ասելու վարպետություն:

— Սուտ ասելու վարպետությո՞ւն: Մի՞թե այդ անհրաժեշտ է։

— Անպայման։ Տասնուիններորդ դարը, սիրելիս, խաբեբայության դար է, իսկ այդ դարը դեռ չի վերջացել։ Այժմ խաբում են ամենքը և ամենից ավելի նրանք, որոնք ըմբոստանում են խաբեբայության դեմ։

— Հետո՞։ Ծրագիրդ բացատրիր։

— Իսկույն։ Մեծ եղբայրդ, Սմբատը ահա երեք օր է դատարանի որոշումով ձեռք է բերել իր ժառանգական իրավունքների ճանաչումը։ Այժմ դու նրա ստրուկն ես բառիս իսկական նշանակությամբ։ Նա կարող է քեզ մի կտոր հաց տալ կամ չտալ։ Այսպե՞ս է, թե ո՞չ։

— Ենթադրենք, որ այդպես է։

— Ենթադրելու բան չկա, կտակի իսկական իմաստով այդպես է։ Հայրդ քեզ նշանակել է ամսական հարյուր ռուբլի—մի խոհարարի ռոճիկ։ Դու կարող ես ժառանգական իրավունք ձեռք բերել միայն ամուսնանալուց հետո։ Իսկ ամուսնանալ կարող ես, եթե կյանքիդ եղանակը փոխես, այսինքն՝ լուրջ, խելոք մարդ դառնաս, հա՜ հա՜ հա՜... Դա մի շատ առաձգական կետ է կտակի մեջ և ցույց է տալիս կտակ թելադրողի միամտությունը և գրողի տգիտությունը: Ասա, խնդրեմ, եթե դու բոլորովին փոխես կենցաղդ և դառնաս լրջմիտ, պարկեշտ, չխմես, չխաղաս, կանանց հետևից չընկնես — ի՞նչպես կարող ես ապացուցանել, որ փոխվել ես։ Սմբատը եթե կամենա, միշտ կընդդիմանա, միշտ կասե, թե դու նույնն ես, ինչ որ էիր հորդ մեռնելու ժամանակ։ Այս մեկ: Երկրորդ՝ կկամենա՞ս, արդյոք, ամուսնանալ։ Համոզված եմ՝ ոչ։ Դու այն տիպերից ես, որոնց համար ամուսնություն բառը նույնն է, ինչ որ ինձ համար Սիբիրը կամ Սախալինը։ Է, ի՞նչ ժամանակ է ամուսնանալու, քանի որ քեզ և քեզ նմանների համար կան շատ ապուշների կանայք։ Ուրեմն դու տեսնում ես, որ կտակի այդ կետը քո թշվառությունն է, կախաղանի սապոնած պարանը... Եվ ահա իմ ծրագիրը գալիս է քեզ օգնության։ Որքան ևս նա շտապ լինի կազմված, որքա՜ն ևս թույլ, այդ անիրավ կտակից լավ է և կարող է դրությունդ փոխել այսպես կամ այնպես:

— Ասա ո՞րն է քո ծրագիրը։

— Մի ուրիշ կտակ, այսպես ասած, կոնտր-կտակ:

— Ո՞րտեղ գտնենք այդ կտակը:

Ահա հենց բանն էլ այդ է. «ո՞րտեղ»։ Ենթադրենք, որ այդ կոնտր-կտակը շինվում է քո լիակատար համաձայնությամբ։ Իմ ծրագրով և երկու այնպիսի օգնականների մասնակցությամբ, որոնցից յուրաքանչյուրը վարպետ է իր արհեստի մեջ և մինչև այժմ դեռ չի բռնվել որևէ հանցանքի մեջ։ Ասա ինձ համաձա՞յն ես, ուզո՞ւմ ես դառնալ լիուլի ժառանգ քո հայրական կարողությանը, թե՞ բարվոք ես համարում մնալ ստրուկ և ծառայել եղբորդ կամքին:

— Շուտ արա, վերջացրու, ի սեր աստծո,— գոչեց Միքայելը, կարծելով, որ իր քեռայրը կատակ է անում։

— Կոնտր-կտակը կկազմվի, իհարկե, հետին թվականով, այսինքն հորդ մահից մի կամ երկու ամիս առաջ։ Նա, իհարկե, կունենա հանգուցյալի իսկական ստորագրությունը։ Այս այնքան էլ դժվար չէ, որքան կարող ես կարծել: Դու միայն կտաս ինձ հանգուցյալի որևէ ձեռագիրը, մանավանդ նրա ստորագրությունը մի որևէ թղթի տակ, մնացյալն արդեն իմ և իմ օգնականների գործն է։ Համաձա՞յն ես։

— Բայց ի՞նչ բովանդակություն կունենա կոնտր-կտակը,— հետաքրքրվեց Միքայելը համոզվելով, որ Մարութխանյանը կատակ չի անում։

— Շատ հետաքրքրական, շատ հոգեբանորեն ճիշտ, շատ պարզ և շատ արդարացի բովանդակություն,— պատասխանեց Մարութխանյանը, ուղղելով իր կարմրագույն փողկապը։ Նախ՝ ժառանգության չափը։ Ես հանգուցյալի թողած անշարժ գույքերը գնահատում եմ, ամենացածր գները վերցրած երեք ու կես միլիոն: Չորս հարյուր հիսուն հազար ռուբլի էլ տոկոսաբեր թղթեր և մի այդքան էլ զուտ դրամ բանկերում։ Կոնտր-կտակի զորությամբ՝ զուտ դրամը, տոկոսաբեր թղթերի հետ, քեզ է տրվում՝ այս տան կահ-կարասիքի հետ միասին։ Իսկ անշարժ գույքերը, այն է՝ նավթային հանքերը, տները և գործարանը, այսիքն՝ նրանց արժողությունը կամ եկամուտը հավասարաբար բաժանվում է երեք տեղ. մի մասը դարձյալ քեզ, մյուսը՝ փոքր եղբորդ, Արշակին, երրորդը՝ քրոջդ՝ այսինքն իմ կնոջը...Գալով մորդ, նա ստանում է ամբողջության յոթերորդ մասը ինչպես ընդունված է օրենքով։ Կարծեմ, ավելի արդարացի և օրինավոր կտակ երևակայել անգամ դժվար է։

— Իսկ Սմբատը...

— Խելքի մոտիկ բան չի լինիլ, հիշել նրա անունը կտակի մեջ։ Ամենքը գիտեն, որ նա հորից անիծված է ու հալածված, ուրեմն բնական է, որ նա մոռացվի։ Դատը տանելուց հետո, մենք նրան կնշանակենք մի որոշ ամսական կամ կտանք մի գումար, և դրա համար բոլորը կգովաբանեն մեր վեհանձնությունը։

— Բայց կկարողանա՞նք տանել դատը։

— Կամ կկարողանանք կամ ոչ։ Եթե չկարողանանք, կնշանակե կոնտր-կտակի կեղծիքը պարզված է և մենք կենթարկվենք քրեական պատժի...

— Ո՛չ, ո՛չ, ես այդ չեմ կարող անել,— գոչեց Միքայելը սարսափած։

Մարութխանյանը հեգնորեն ժպտաց։

— Բայց մենք դատը կտանենք անտարակույս, — ասաց նա ամենայն անդորրությամբ։ Լսի՛ր։ Ո՞վ պետք է քննե դատը, եթե ոչ նահանգական դատարանը։ Ահա հենց այստեղ է թաքնված շան գլուխը։ Բայց որից կամ ինչից են կախված մեր այժմյան դատարանի որոշումները: Միայն հիմարներն ու ապուշներն են հավատում արդարադատությանը։ Իսկ ես, մոտից ճանաչելով դատարանի անդամներին մեկիկ-մեկիկ, գիտեմ, թե որքան թույլ է յուրաքանչյուրի ձեռքը։ Կաշառք, ահա այն մեծագույն զորությունը, որ ղեկավարում է մեր դատարանի խիղճն ու օրենքները։ Իսկ ես գիտեմ ինչ ձևով պետք է կաշառել դատարանի անդամներին և պաշտոնյաներին, սկսած դռնապանից մինչև նախագահը:

— Իսկ եթե չկարողանա՞նք կաշառել,— հարցրեց Միքայելն անհամբերությամբ։

— Այն ժամանակ կա մի ուրիշ միջոց։ Հաշտություն:

— Ո՞ւմ հետ։

— Սմբատի։

— Ի՞նչ ձևով։

— Նախ վախեցնելով նրան լուրերով կոնտր-կտակի մասին։ Այս առթիվ ես արդեն մի թեթև լուր տարածել եմ:— Ապա, ասպարեզ ձգելով կոնտր-կտակը։ Սմբատը, տեսնելով հանգուցյալի ստորագրությունը և լսելով իմ վկայությունը, կսարսափի, և մենք նրան կսեղմենք պատին։

— Ուրեմն դու ինձ առաջարկում ես խարդախությա՞ն դիմել:

— Սիրելիս,— ասաց Մարութխանյանը, դարձյալ փողկապն ուղղելով,— աշխարհի երեսին կան բազմաթիվ կեղծ հասկացողություններ և կեղծ զգացումներ։ Խարդախություն ասվածը մի առաձգական բան է։ Խարդախություն չէ՞ արդյոք, խայտառակել ծնողների անունը, դավաճանել նախահայրերի կրոնին, ծախել զավակների ապագան, ինչ-որ անառակի փաղաքշանքներին, պարսավել հարազատ հորը՝ նրա կենդանության ժամանակ, իսկ մեռնելուց հետո՝ գալ տիրանալ նրա հարստությանը, զրկելով ու կողոպտելով օրինական ժառանգներին: Ես կեղծելով ուզում եմ վերականգնել արդարությունը, ինչպես մի դիպլոմատ, որ սուտ ասելով ու խաբելով փրկում է իր հայրենիքը վտանգից։ Բայց ինչո՞ւ եմ ես երկարացնում՝ կամքը քոնն է. չես ուզում, ես ի՞նչ կարող եմ անել, գնա ու եղբորդ ձեռներից ջուր խմիր, ինչպես հիմար ոչխար...

— Արդյոք կնոջդ բաժինը շատ մեծ չե՞ս վերցրել։

— Բաժինը բաժին, իսկ իմ աշխատա՞նքը, մի՞թե անունս վտանգի ենթարկելով արժանի չեմ մի բան ստանալու։

— Եթե գիտես տասն անգամ չափել — մի անգամ կտրել, ուրեմն վտանգավոր գործի չես ձեռնարկել...

— Ապագան գիտե... Այդ գործում ոչ այնքան ես պիտի դեր խաղամ, որքան դու։ Բայց երկար վիճաբանելու կամ տատանվելու ժամանակ չէ, այո կամ ոչ։

— Լավ, արա, ինչ որ ուզում ես, միայն հանձն առ գործը մինչև վերջն առանց ինձ տանել: Ես դատարանները վազվզելու գլուխ չունեմ և առհասարակ քո ծրագիրն ինձ շատ մութն է թվում։

— Կպարզվի։ Դու միայն տուր ինձ հանգուցյալի որևէ ստորագրությունը, կամ, լավն է, մի քանիսը...

— Լավ,— համաձայնվեց Միքայելը,— այսօր ևեթ կգտնեմ և կտամ...

— Այ, այժմ տղամարդի ես նման, պետք է գործել սիրելիս, պետք է գործել։

Դռները բանալով, նա քիչ մնաց ընդհարվի Գրիշայի հետ։ Պարարտամարմին երիտասարդը հարգանքով ճանապարհ տվեց Մարութխանյանին և ներս մտավ հոգնած, թաշկինակով սրբելով կարմրած երեսի ու պարանոցի քրտինքը։ Նա ընկավ բազկաթոռի վրա՝ ինչպես մի ռետինե գնդակ։

— Օ՜հ,— արտասանեց հևալով,— տանջանք է սանդուղքով բարձրանալը։ Օրինավոր մարդկանց տունը սանդուղք չպիտի ունենա... Բժիշկների հերն անիծեմ, կանգնել են, թե ոտքով պիտի ման գաս, որ նիհարես։ Այս տիկը ես ի՜նչպես ման ածեմ։ Քյազիմ-բեգի մոտն ենք։ Բարեկամ, քացախ խմիր, մի մեծ դեբոշ է կազմակերպվում. ե՞րբ է հորդ քառասունքը։

— Կարծեմ, մի շաբաթից հետո։

— Այդպես էլ ասացի։ Ուրեմն մյուս կիրակի կտանք հանգուցյալի հիշատակին մեր վերջին հարգանքը, իսկ երկուշաբթի օրը քեզ սգից կհանենք։ Բայց նաղդից խոսենք. եկել եմ խնդրելու, որ այս երեկո մոտս գաս, մի թեթև բակարա եմ ուզում սարքել։ Հրամայիր մի բաժակ ջուր բերել։

Սպասավորը Միքայելի հրամանով, բերեց մի շիշ նարզանի ջուր, որ Գրիշան խմեց ուղղակի շշից։ Հետո նա համոզեց Միքայելին այսօր միասին ճաշել «Եվրոպա» հյուրանոցում։ Այնտեղ են ճաշում նորեկ օպերայի դերասանուհիները՝ գեղեցկուհի «պրիմադոննա» Բարանովսկայայի հետ:

— Դեհ, ես հանգստացա, հայդա, դուրս գանք...

Նրանք դուրս գնացին, եղանակը դեռ տաք էր, չնայելով, որ հոկտեմբերի սկիզբն էր։ Անցան մի քանի բազմամարդ փողոցներ, հասան մի քառակուսի հրապարակ, որ ծառայում էր իբրև զբոսարան։ Ընդունելով աջից ու ձախից իր բազմաթիվ ծանոթների բարևները, թվում էր Միքային, որ ամենքը լսել են իր հոր կտակի բովանդակությունը և ծաղրում կամ կարեկցում են իրեն։

— Դու գնա հյուրանոց,— ասաց Գրիշան,— ես տելեֆոնով մի քանի մարդ պիտի հրավիրեմ այսօրվա խաղի համար։

Նա անցավ փողոցի մյուս մայթը և մտավ դեմուդեմ գրասենյակներից մեկը։

Միքայելը ծռվեց մի նեղ փողոց, ապա մի ուրիշը և այստեղ կանգ առավ մի նորաշեն միհարկանի տան առջև ու մտածեց։ Վերջին ժամանակ այդ տան մոտով անցնելիս միշտ քանի մի վայրկյան կանգ էր առնում և նայում լուսամուտներին։

Այսօր փողոցը գրեթե ամայի էր։ Միայն մերթ ընդ մերթ երևում էր մի անցորդ, մի բեռնակիր կամ կառք, և այնուհետև դարձյալ տիրում էր ամայություն: Եղանակի մեղմությունը, արեգակի անուշ ջերմությունը զորեղ ու դուրեկան ազդեցություն էին անում Միքայելի վրա։ Զգում էր, որ արյունն սկսում է երակների մեջ հոսել առանձին ուժով, տալով մարմնին ինչ-որ ախորժալի ջերմություն։ Նա վերարկուն հանեց ու գցեց թևին: Սիրտն սկսեց բաբախել, քունքերի երակները զարկեցին այնպես, որպես տենդային տաքության մեջ, կրքոտ աչքերը պսպղացին, շրթունքների վրա երևաց անսովոր հուզում:

Լուսամուտներից մեկի առջև կանգնած էր մի կին և ժպտալով նայում էր։ Ահա հենց այդ ժպիտն էր, որ գրգռեց Միքայելի արյունը։ Կինը բարձրահասակ էր, առողջ թիկունքներով, դեմքի խոշոր, բայց բարեհամբույր գծերով։ Նշանավորն այդ դեմքի վրա բարակ, նոսր, նրբաթել բեղերն էին. մի բան, որ Միքայելի համար մի անօրինակ հրապույր ուներ։

Միքայելը մոտեցավ լուսամուտին:

— Ո՞րտեղ եք մնացել, մեր կողմերը չեք գալիս,—լսվեց կնոջ բարձր և թավշային կոնտրալտոն։

Թվում էր, որ նա պետք է ծնված լիներ այր մարդ, իսկ ահա այս կանացի նրբություն ունեցող երիտասարդը, որ այնպես քնքուշորեն սեղմում է նրա ձեռը, — կին։ Կարծես, բնությունը շփոթվել էր արբշիռ դերձակի պես, որ մեկի համար ձևած զգեստը մյուսին է հագցնում։

— Զբաղված եմ տնային գործերով։

— Դո՞ւք, տնային գործերո՞վ,— քրքջաց կինը, արմունկները հենելով լուսամուտի հատակին և թեքվելով դեպի դուրս։

— Չէ՞ որ ես սգավոր եմ,— ագահ աչքերով նայելով կնոջ լիք-լիք կրծքին, որ թեթևակի բաց էր և ցույց էր տալիս նրա մարմնի մաքուր ճերմակությունը։

— Ա՛հ, հասկացա, կտակի խնդրով... Բայց...

— Ի՞նչպես եք, տիկին,— ընդհատեց Միքայելը, չկամենալով խոսել կտակի մասին։

— Օ՜ օ, շատ վատ, շատ տխուր...

Եվ կնոջ, կենսական հրով լեցուն աչքերը հանդարտիկ բարձրացան վեր, շրթունքների վրա ալյակի պես ծփաց մի արյունահույզ ժպիտ ու կիսով չափ բաց բերանը երևան հանեց փղոսկրի պես մաքուր ու փայլուն ատամները։

Նրանք խոսում էին — մեկը մյուսին նայելով հետզհետե ավելի ու ավելի կրքոտ աչքերով։ Սովորական խոսակցությունը տիկինը ճարպկությամբ փոխեց, ինչո՞ւ Միքայելը չի ամուսնանում։ Ա՛հ, ժամանակակից երիտասարդները բոլորովին փչացել են, փախչում են ընտանեկան կյանքից, մատնելով իրենց թանկագին կյանքը զեխության։

— Նայեցե՛ք հայելուն, դուք օրեցօր նիհարում եք ու դալկանում։

— Ես նիհարում եմ, իսկ ձեր եղբայրն օրեցօր գիրանում է, ինչո՞ւ նրան չեք ստիպում ամուսնանալ։

— Գրիշայի՞ն... Օ՜օ, նա անուղղելի է. նրա սիրտն ու հոգին միշտ զբաղված են օպերային կամ օպերետային երգչուհիներով։ Իսկ դուք այլ եք, ձեր սիրտն ազատ է...

— Ո՜վ գիտե...

— Ա՛հ, ուրեմն, դո՞ւք էլ, իսկ ես կարծում էի, որ դուք ընդունակ չեք հափշտակվելու,— արտասանեց կինն անուշ հեգնությամբ։

— Ունիք իրավունք, երգչուհիների սերն ինձ չի հափշտակում։

Կնոջ ուռուցիկ կուրծքը բարձրացավ լուսամուտի հատակից, սպիտակ հեշտալի կոկորդի կրկնակի ծալը հարթվեց: Մի ժամանակ տիկին Անուշ Ղուլամյանի ամուսնության պատմությունը մեծ աղմուկ էր բարձրացրել քաղաքում։ Հարուստ կալվածատեր և քաղաքի առաջին մաղազիայի տեր Մնացական Հաբեթյանի դուստրը սիրահարվել էր իր հոր գործակատարի վրա։ Ծնողները, հարկավ ընդդիմացել էին անհավասար ամուսնությանը, բայց մի օր Անուշը չոքել էր մոր առջև և արտասուքն աչքերին մի շատ խորհրդավոր խոստովանք արել: Մայրը դստեր անզգուշությունն անհրաժեշտ էր համարել հաղորդել մարդուն: Գոռոզ կալվածատերը սարսափել էր, նախկին գյուղացու կատաղությամբ բորբոքվել: Նա կանչել էր Անուշին իր սենյակը, նախատել, անվանել էր «անառակ», ոմանց ասելով, մինչև անգամ ծեծել:

Բայց արդեն ուշ է եղել, մարդիկ բամբասում էին, ծաղրում, և հայրն ստիպված էր Անուշին տալ իր գործակատարին։ Այժմ այդ գործակատարը քաղաքի լավագույն փողոցի վրա ունի մի ընդարձակ խանութ, որի ճակատին ոսկեզօծ տառերով գրված էր. «Պյոտր Իվանովիչ Գուլամով, ներկայացուցիչ Մոսկվայի մանուֆակտուրային տների»։

Արկածավոր ամուսնության ժամանակ Միքայել Ալիմյանը ռեալական դպրոցի յոթերորդ դասարանի աշակերտ էր։ Պատմությունը տպավորիչ էր նրա հիշողության մեջ, և այն օրից նա շահագրգռված էր Անուշով։ Գրիշայի միջոցով ծանոթացավ երիտասարդ կնոջ հետ միայն երկու տարի առաջ և երբեմն այցելում էր իբրև նրա եղբոր մտերիմ ընկեր։ Թե՛ տիկինը և թե՛ ամուսինն ընդունում էին նրան բարեկամաբար, մինչև անգամ պարծենում էին, որ ունեն Ալիմյանի պես այցելու։

Անուշը նորեն թեքվեց առաջ և այս անգամ գլուխն ավելի մոտեցրեց Միքայելին, նայելով աջ ու ձախ։ Նրա այտերը շառագունել էին, աչքերը պսպղում էին սև ալմաստների պես, ուռուցիկ կուրծքը մերթ դիպչում էր լուսամուտի հատակին, մերթ բարձրանում։ Նա ստեպ-ստեպ հեռացնում էր ճակատից ու այտերից սևաթույր թանձր ու գանգուր մազերը։

Միքայելը բորբոքված աչքերով դիտում էր տիկնոջ գիրուկ ուսերը, կանոնակազմ իրանը, մանավանդ նրա կիսաբաց կուրծքը։ Ի՜նչ սքանչելի իրան, ի՜նչ կրակոտ աչքեր և որպիսի՜ ձգտիչ նայվածք։ Թող ինչ ուզում են ասեն այդ կնոջ առնականության մասին — օրիժինալ էակ է, ոչ նման սովորական կանանց։ Աջ ու ձախ նայելով, նա գլուխն ավելի ու ավելի մոտեցրեց Անուշին և պատրաստ էր համբուրել, երբ տիկինը հանկարծ գլուխը հեռացնելով լուսամուտից, ասաց։

— Գրիշան գալիս է։

Միքայելը հետ ցատկեց։ Տիկնոջ անուշ վերաբերմունքը, անսահման սիրալիր և խորհրդավոր ժպիտները, աչքերի պագշոտ արտահայտությունն այնպիսի հաճույք էին պարգևել նրան, որի նմանը երբեք չէր զգացել։ Մի հաճույք, որ արժեր շատ ուրիշ տեսակ հաղթանակների։ Չէ՞ որ Անուշը քաղաքի պատվավոր տիկիններից մեկն է, առաքինի ու պարկեշտ համարվող ամուսին, չնայելով արկածավոր ամուսնությանը։

— Անուշի հե՞տ էիր խոսում,— ասաց Գրիշան, մոտենալով Միքայելին.— տեսա՞ր ինչպես թաքնվեց, ինձ տեսնելով։ Խռով ենք, չենք խոսում...

— Ինչո՞ւ։

— Որովհետև նրա ամուսինն ավանակ է։ Այն օրը հենց ավանակ էլ անվանեցի նրան կնոջ ներկայությամբ։ Անուշը վիրավորվեց, հիմա հետս չի խոսում:

— Բայց ինչո՞ւ վիրավորեցիր մարդուն։

— Ինչպե՞ս չվիրավորեմ, սիրելիս, մի հազար ռուբլի ձեռապարտ խնդրեցի, չտվեց։ «Չունեմ», ասաց։ Ավազակը հորս կողոպտել է, կես միլիոնի կարողություն ունե, «չունեմ» ասում է։ Իսկ սիրուհիների համար ունե...

— Սիրուհինե՞ր է պահում։

— Հապա՜, այն էլ քանիսը. քաղաքի համարյա բոլոր թաղերում և ի՞նչ գեղեցկուհիներ, մեկը մյուսից այլանդակ...

Այդ մի նորություն էր Միքայելի համար և ուրախալի նորություն։ Եթե մարդը հավատարիմ չէ կնոջը, կինը կատարյալ իրավունք ունե նրան դավաճանելու։ Եվ այդ օրից նրբագույն բեղիկներն սկսեցին ավելի զբաղեցնել նրան։ Մի քանի օր որոշ ժամին անցավ միհարկանի տան լուսամուտների առջևով, տիկնոջը չտեսավ։ Այս ավելի գրգռեց նրան: Մի երեկո վճռեց այցելել։ Հակառակ սպասածին, տիկնոջ ամուսինն էլ տանն էր, թեև այդ պահին նա կլուբումն էր լինում։ Մի շաբաթվա խռովությունից հետո այսօր մարդ ու կին հաշտվել էին։ Մի ժամանակվա «սերը» այժմ փոխվել էր փոխադարձ սառնության, և նրանք ամիս չէր անցնում, որ միմյանց չվիրավորեին այս կամ այն պատճառով։ Հենց որ ամուսնական կյանքի առաջին տարին անցավ, Պետրոսն Անուշի և Անուշը Պետրոսի աչքում դարձան ամենատաղտկալի էակներ՝ մարդն իր շրջանի հատուկ գռեհկությամբ, կինն իր հավակնությամբ ու պահանջներով, երկուսն էլ կոպիտ և մեկը մյուսի համար չափազանց առօրյա, նույնիսկ տգեղ: Նրանք զգացին, որ միայն անցողիկ անասնական կիրքն էր, որ նրանց ձգեց իրարու գիրկ։ Մի կիրք, որ այժմ Պետրոսը նվիրել էր ծախու էակներին, իսկ Անուշի մեջ տակավին լուռ էր, սպասելով հարմար առիթի, որպեսզի բռնկվի։

Այսօր տիկինն առանձին ուշադրությամբ դիտեց ամուսնուն, դիտելով նաև հյուրին։ Տարբերությունը շատ խիստ էր: Հաստափոր, հաստապարանոց, խորն ընկած փոքրիկ ագահ աչքերով, ճաղատ գլխով, բշտիկներով ծածկված երեսով — ահա Պետրոսը։ Թեյը խմում է պնակից, թրջելով նրա մեջ իր հաստլիկ, վար իջած բեղերը և խորդալով: Անուշ խմորեղենի կտորները կլանում է իրարու հետևից, փռնչալով տավարի պես, մինչև անգամ չգիտե հյուր ընդունել ու նրա հետ զրուցել մարդավարի. նախ՝ շփոթվեց, տեսնելով իր տանն այդ նորաձև հագնված, նուրբ կազմվածքով, խոշոր կրակոտ աչքերով միլիոնատիրոջը, որի ձևերն ու շարժումները կրում են հարստության մեջ ծնվածի ու սնվածի որոշ կրթության դրոշմը։ Այո՛, խելագար էր Անուշը, կատարյալ խելագար, որ փաթաթվեց այդ մարդու պարանոցին։ Այնինչ այսօր այդ մարդը դեռ ինքն է դավաճանում ամուսնական անկողնին, փոխանակ հակառակը լինելու։

Պետրոսը խոսում էր Ալիմյանի հետ վաճառականական գործերի մասին — մի նյութ, որ բնավ հետաքրքրական չէր Միքայելի համար։ Նավթն օրեցօր թանկանաւմ է, երանի նրան, ով հանքեր ունե: Պետրոսը չունե։ Եթե Միխայիլ Մարկիչը լիներ բարի և իր հողերից մի դեսյատին էժան գնով տար, Պետրոսը հավիտյան երախտագետ կմնար։ Անուշը զզվանքով երեսը շուռ տվեց. այդ մարդը միշտ հարուստ երիտասարդի մոտ բերան է բաց անում թե չէ, մի բան է խնդրում։ Ահա՝ ինչ ասել է նախկին գործակատար։ Եվ մինչ մարդը խնդրում էր, կինը խոստանում էր... խորհրդավոր ժպիտներով, ձևերով ու շարժումներով։ Ավելի. նա հրաժեշտի միջոցին երեք անգամ այնպես սեղմեց երիտասարդի ձեռքը, որ այլևս կասկածի տեղ չմնաց...

Երկու օր անցած Միքայելը նորեն այցելեց և այս անգամ Անուշին մենակ գտավ։ Նույնիսկ երեխաները տանը չէին: Աղախինը նրանց տարել էր իրենց տատի մոտ։

Անուշը Միքայելին ընդունեց մի տեսակ պաշտոնական սառնությամբ և տխուր: Միքայելն անփորձի մեկը չէր: Տիկնոջ սառնությունը բացատրեց հոգեբանորեն ճիշտ: Այսօր Անուշն զգաց իր ամուսնու մասին խոսելու և նրան պարսավելու պահանջ։ Թվում էր նրան, որ եթե չպարսավե, Միքայելը կարող է կարծել, թե տակավին սիրում է այդ մարմնով այլանդակված հոգով կոշտ ու կոպիտ մարդուն։ Բայց և այնպես ինքնասիրությունը զսպեց նրա լեզուն, և նա բավականացավ մի քանի ակնարկներով, որ այնուամենայնիվ արտահայտեցին նրա դժգոհությունն իր վիճակից: Ժամանակի հետ փոխվում է և կնոջ ճաշակն ու պահանջները, ներկայումս ամուսինն ու զավակները բավական չեն մի կնոջ երջանկության համար, կան ուրիշ հոգեկան պահանջներ։ Ա՜հ, որքա՛ն Անուշը կփափագեր զբաղվել որևէ ոչ-ընտանեկան գործով։ Երեկ նա թատրոնումն էր, խաղում էին ինչ-որ նոր դրամա, ուր հերոսուհին ընտանեկան կյանքից ձանձրացած, ձգտում է իր հոգին զբաղեցնել հասարակական գործերով։ Անուշը հուզվել էր իր օթյակում և հազիվ էր կարողանում զսպել արցունքը։ Թվում էր նրան, որ եթե լիներ դերասանուհի, կարող էր այդ կնոջ դերը կատարել ավելի լավ, քան ովևէ։— Հավատացեք, ներկայումս ապրում են միայն դերասանուհիները, իսկ ինձ նմանները թշվառ են:

Միքայելը լսում էր և հավանություն տալիս տիկնոջ ասածներին։ Նա արդեն համոզվել էր, որ Անուշը ոչ միայն չի սիրում իր ամուսնուն, այլև ատում է և բոլոր նրա ցանկություններն ու ձգտումները հենց այդ բանից են առաջանում։

Այդ օրից նա այլևս չէր աշխատում սանձահարել իր հետզհետե ավելի ու ավելի բորբոքվող կրքերը։ Այցելում էր Անուշին երկու-երեք օրը մի անգամ, յուրաքանչյուր անգամ որևէ պատրվակով և միշտ Պետրոսի բացակայությամբ...