Քաոս/Առաջին մաս/IX
IX
Այն օրը Սմբատը մի առանձին կարոտով էր հիշում զավակներին, կառքի մեջ նստած, դարձյալ դիմելով դեպի հանքերը։
Եղանակը սառն էր։ Փչում էր սուր կտրուկ հյուսիսային քամի։ Խոշոր ավազը, երկրից բարձրանալով, պտտում էր օդի մեջ և փոքրիկ գնդակների ուժգնությամբ զարկում նրա երեսին։
Կառքը դուրս եկավ քաղաքից։ Դեպի աջ պարզվել էին նավթային գործարանները,— ծխի, մրի և շոգու խառնուրդով մթագնած սև քաղաքը։ Ծովը սքողված էր մոխրագույն մառախուղով, որ փոթորկի նշան էր։ Դեպի ձախ ամայի ավազուտ դաշտեր և լերկ բարձրավանդակներ էին, տեղ-տեղ հերկված, մեծ մասամբ չոր, տխուր, մռայլ։ Բուսականության հետք չէր երևում։ Ամեն տեղ ավազ ու կիր, քարքարուտներ և չորացած աղային լճեր, որոնք հեռվից փայլփլում էին ձյունապատ դաշտերի պես։
Գարնանը կարճ միջոցով այստեղ երկիրը ծածկվում է ցանցառ խոտերով։ Արտերը ծաղկում են, ցորենն ու գարին բարձրանում են երկու թիզաչափ։ Շուտով արեգակի կիզիչ ճառագայթները խորշակահարում են ու դեղնացնում ամեն ինչ։ Աղքատիկ հունձն սկսվում է, և ամառվա կիսին արդեն երկիը նորից հագնում է անգույն ցնցոտիներ։ Բայց այդ ցնցոտիների տակ պարունակվում է անհուն գանձ։ Այստեղ բնությունը, կարծես, երկրի երեսից խլել է ամեն հարստություն, որպեսզի ծծի երկրի մեջ։
Մեռյալ բնությունն ավելի է սաստկացնում Սմբատի թախիծը։ Այսօր նա միանգամայն դժբախտ է համարում իրեն։ Միքայելի հետ կռվել է կոնտր-կտակի վերաբերմամբ և բացարձակ ասել, թե կարող է դիմել դատարան և թե ինքը պատրաստ է թշնամանալ նրա հետ, բայց կամավոր բաց թողնել հոր ժառանգությունը ձեռից — երբեք։ Սակայն այս չէր նրա գլխավոր վիշտը։ Նա դեռ մտքում համոզված էր, որ նոր կտակը կեղծ է, և վերջ ի վերջո Միքայելը պիտի ինքը հաշտվի նրա հետ, ենթարկվելով օրինական իրավունքներին։ Կար տխրության ավելի խոր շարժառիթ։ Մինչև այժմ կարողանում էր հեռացնել իրենից ծանր մտքերը և, հաշտվելով իր վիճակի հետ, փակել աչքերն իրականության առջև։ Իսկ այժմ մի համառ ու անհաղթելի զորություն շարունակ դրդում է կրկնել մտքում․ «մի՞թե չկա ելք այս դրությունից»։
Մի՞թե ատելով կնոջը — պարտավոր է հավիտյան կապված մնալ նրա հետ։ Մի՞թե սիրելով զավակներին — պարտավոր է հավիտյան կրել հոր անեծքը, մոր դառը կշտամբանքների ծանրությունը։
Հայացքը ձգել էր դեպի հեռու տարածություն։ Այնտեղ, ընդարձակ բարձրավանդակի վրա երևում էր մի սև անտառ: Անտերև, անճյուղ ծառերի կախարդական մի անտառ, ուր սառնորակ աղբյուրների փոխարեն հոսում է թանձր ու սև մի հեղուկ, ուր թռչունների երգեհոնին փոխարինում են շվիկների սուլոցները, առավոտյան շամանդաղին — շոգին ու ծուխը։ Ուր գիշեր-ցերեկ գործում են հազարավոր մեքենաներ և բյուրավոր մարդկային ձեռներ։ Դա ստորերկրյա գանձարանն է — նավթային հորերի սև բուրգերի խտությունը, դաժանատեսք, ինչպես շրջակա ավազուտներն ու աղային լճերը, մթին, ինչպես երկրի բնակչության հոգին։
Մթին անտառը հետզհետե նոսրանում է, սև ծառերը հեռանում են իրարից։ Երևում են ցածր շինություններ, երկաթե գմբեթաձև շտեմարաններ, ապա էլեկտրական լապտերների և տելեֆոնի բարձր սյուները, բոլորը մրոտ ու նավթոտ, բոլորը սև։
Կառքն անցնում է մի մեծ նավթային լճի ափով և բարձրանում ստորեկրյա գանձարանի կտուրը։ Աջ ու ձախ գործում են հանքերը։ Այստեղ փորում են նոր հորեր, այնտեղ մաքրում են հները։ Բուրգերի գագաթներում պտտող անիվները ցույց են տալիս հորերի անդնդային գործունեությունը։ Մերթ ընդ մերթ այս ու այն կողմից լսվում են ինչ-որ խշշյուններ։ Դա հորերից դուրս բերվող հեղուկն է, որ թափվում է մոտակա չաների մեջ, խողովակներով հոսում ամբարները և հետո, ամենահաղթ շոգու ուժով, մղվում դեպի գործարանները։ Այնտեղ նա զտվում է, մաքրվում, ար արտահանվում աշխարհի բոլոր կողմերը, ոսկի դառնում և անցնում մի քանի տասնյակ բախտավորների գրպանը։
Այս բախտավորների թվին է պատկանում և՛ Սմբատ Ալիմյանը, որովհետև նա է օրինական ժառանգը Մարկոս աղայի հարստության։
Բայց նա մտքում ասում է.
— Ես դժբախտ եմ։
Կառքը կանգ է առնում մի բավական մեծ շինության առջև։ Սմբատը սթափվում է մտքերից, ցած է իջնում։ Հանկարծ, դառնալով դեպի դիմացի պատշգամբը, նրա տխուր դեմքը մի վայրկյան փայլում է, ինչպես մռայլ մեգն արևի շողերից։ Այդ շողերն են երկու պայծառ, խելացի և հեզ աչքեր…
Սմբատն անցնում է ցեխոտ ու նավթոտ մի տարածություն և Զարգարյանի հետ մտնում բուրգերից մեկի տակ։ Դա մի երկայնաձև փայտյա շինություն է, պատերը նավթով ողողված, հատակը հողային։ Մեջտեղում փորված է հորը — երկու թիզ լայնությամբ և կես վերստ խորությամբ մի կլոր ծակ, որի պատերը պատրաստված են երկաթով, այնպես որ նա իսկապես ներկայացնում է երկաթի խողովակ՝ գետնի մեջ ուղղահայաց խրված։
Ներս մտնելով, մարդ զգում է գազի սուր ու շշմեցուցիչ հոտը։ Շոգին մի անկյունում պտտեցնում է մի մեծ անիվ, որին փաթաթված հաստ ու լայն կաշվե փոկը, երկճյուղ անցնելով մինչև շինության կեսը, պտտեցնում է թմբուկաձև ահագին գլանը։ Մերթ դեպի առաջ, մերթ դեպի հետ պտտելով, գլանը բաց է անում կամ հավաքում իր վրա ոլորած երկայն պարանը նայելով, թե ինչ ուղղություն է տալիս նրան քովը կանգնած մշակը։
Այդ մշակը, տիրոջը տեսնելով, հանում է մորթե մեծ գդակը, գլուխ տալիս։ Սմբատը նայում է նրա նավթոտ երեսին և մտածում․
– Դու ինձանից դժբախտ չես…
Պարանն ուղղահայաց բարձրանում է վեր, ինչպես օդային օձ, բուրգի ծայրում փաթաթվում է մի անիվի և թեքվում ցած։ Նրա ծայրին կապված է մի քանի սաժեն երկայնությամբ մետաղյա դույլ։ Երբ գլանն արձակում է պարանը, դույլը սրընթաց գնում է հորի մեջ։ Զարկվելով երկաթի պատերին, դղրդալով ընկնում է ստորերկրյա լճի մեջ և, խուլ շառաչյուններ արձակելով, նորից բարձրանում է վեր՝ թանկագին հեղուկով լի։ Այդ հեղուկն օր-օրի վրա պիտի ավելացնի Ալիմյանների հարստությունը, այնինչ Սմբատը նրա խշշյունի մեջ անգամ լսում է․
— Դու դժբախտ ես։
Նա մոտենում է հորի բերանին և ականջ դնում։ Այնտեղ մթին անդնդում, կարծես կատարվում է ինչ-որ գեհենային գործողություն։ Նավթը եռում է դարերով կուտակված գազի զորությունից։ Լսվում են տարօրինակ ձայներ, նման քամու խուլ փոթորկի անտառի խորքում կամ ծովային ալիքների հեռավոր շառաչյուններին։ Սմբատի ականջին այդ ձայները հնչում են․
— Դու դժբախտ ես…
Երկայն դույլը ֆշշալով դուրս է սողում, որպես մի վիշապ իր բնից։ Քանի մի վայրկյան նրա կինամոնագույն բծավոր մեջքը փայլում է օդում։ Նա արագ բարձրանում է վերև, նորից կանգ է առնում, կարծես, հոգնած և մտածելով, զարկում է քիթն ինչ-որ ամրության և իր միջի հեղուկը թափում չանի մեջ։ Գազախառն նավթի կաթիլները, բյուրավոր փոշի դառնալով, ցրվում են օդի մեջ։
Ա՜խ, երանի մի զորեղ հարվածով Սմբատը կարողանար փոշի դարձնել այն ծանր վիշտը, որ քարի պես ճնշում է սիրտը։
Նա անցնում է մի ուրիշ բուրգ, հետո երրորդը, չորրորդը։ Ամենուրեք կեղտ, մուր, ցեխ։ Երևում են ոտաբոբիկ էակներ, ոտից մինչև գլուխ նավթոտ, ինչպես կենդանի պատրույգներ։ Այստեղ մարդկային կյանքը յուրաքանչյուր րոպե ենթարկված է վտանգի։ Մի թեթև անզգուշություն կրակի հետ, և կիզանուտ գազը կարող է բռնկվել ու օդը ցնդել մարդկանց։
Սմբատը մտնում է մի առանձին քարաշեն շինություն։ Զարգարյանը զարմացած է, երբեք նրա տերն այնքան մանրամասն չէր դիտել իր հանքերրը և երբեք միևնույն ժամանակ, այնքան մտախոհ չէր եղել, որքան այսօր։ Ինչո՞ւ, հարցնում են իրարու մշակները։
Հինգ վիթխարի հրեղեն աչքեր աղյուսյա պատի մեջ վառվում են, արձակելով խլացուցիչ աղմուկ։ Նավթային բոցը գլանաձև կաթսաների տակ մրրկի պես պտույտ-պտույտ է անում, գազանի պես մռնչում ու կատաղած լիզում երկաթե ակութի պատերը։ Կաթսաների մեջ եռում է ջուրը և մեքենաների համար շոգի արտադրում։ Երկու մշակ հերթով գիշեր-ցերեկ պտտվում են հրեղեն ակների առջև և նրանց մեջ շարունակ վառ պահում կրակը, որպես քուրմերն ատրուշանների մեջ։
Անսովոր մարդու վրա սարսափ է ազդում տիրող աղմուկը։ Միտքը կամա-ակամա սլանում է հեռո՜ւ, ու հեռո՜ւ, և մտացածին դժոխքը դառնում է իրական, այն տարբերությամբ, որ իրական գեհենին մարդիկ են իրենք իրենց դատապարտում կամավոր։ Թվում է, որ ահա, ահա կաթսաներից մեկը, մյուսը, չդիմանալով ջրի ու կրակի դիվային մրցմանը, կտրաքի և օդը կցնդի ամբողջ շինությունը, և ամենից առաջ իր առջև պտտող մշակներին, որ սոսկալի տաքության մեջ հազիվ կարողանում են շունչ քաշել։
Սմբատին թվում է, որ այդ հրեղեն ակներն անգամ արտասանում են․
— Դու դժբախտ ես։
— Զարգարյան,— դառնում է նա հաշվապահին,— չգիտեմ ինչու, այսօր, կարծես օդը խեղդում է ինձ։
— Այստեղ օդ բոլորովին չկա,— պատասխանում է Զարգարյանը, նրա ասածը հասկանալով ուղիղ մտքով։
Սմբատը լռում է, դուրս է գալիս։ Մտնում է տասը քայլ երկարությամբ և հինգ քայլ լայնությամբ մի սենյակ՝ ցածր լուսամուտներով։ Հատակն աղյուսյա է, բայց շատ տեղ ավերված, խորդուբորդերով լի։ Հազիվ մարդու հասակից մի թիզ բարձր առաստաղը ծխից ու մրից սևացել է, ինչպես խոհանոց, պատերը խոնավությունից բորբոսնել են և սպիտակ բծերով ծածկվել, որպես բորոտի դեմքը։ Սենյակի երկարությամբ մի պատի տակ երկու կանգուն բարձրությամբ փայտի թախտ է շինած, որի տակ հատակը հողային է։ Թախտի վրա դարսված են կեղտոտ, կույտեր — մշակների անկողինները։
Սմբատը նոր է միայն ուսումնասիրում, թե այդ խեղճերն ինչ տաժանակիր աշխատանք են վարում, ինչ վտանգավոր գործ են կատարում և ուր հանգստանում, ուր գիշերում։ Նա զգում է խղճի անսովոր խայթոց։ Նրան թվում է, թե ինքն ապօրինի է տիրացել հարստության, թե բոլորը, բոլորը, ինչ որ հայրը դիզել է, պատկանում է այդ խեղճերին և միայն նրանց սև ու կոպիտ ձեռների աշխատանքին։ Նա դառնում է Զարգարյանին և ասում.
— Մենք պարտավոր ենք մշակների համար նոր բնակարան կառուցանել։
— Վատ չէր lինի, պարոն Սմբատ, վատ չէր չինի,— կրկնում է Զարգարյանը, կարծես ուրախանալով։
— Այսօր ևեթ դիմեցեք մի ճարտարապետի և հատակագիծը պատվիրեցեք։
— Չսպասե՞նք Սուլյանի առողջանալուն։
Սուլյանը հանքերի կառավարիչ-ինժեներն էր, որ այժմ հիվանդ էր և քաղաքում պառկած։
— Կարիք չկա սպասելու, դուք հատակագիծը պատրաստել տվեք։ Որքա՞ն է մեր մշակների թիվը։
— Բալախանի վաթսուն, Սաբունչի հիսունհինգ, Ռոմանի հարյուր իննսուն… Ընդամենն առայժմ երեք հարյուր տասնուհինգ։
— Բոլոր հանքերում պիտի քանդել հին կացարանները և նորերը շինել տալ։ Այդ խոզաբներում մարդ ապրել չի կարող։ Գնանք թեյ խմելու, մանրամասն կխոսենք։
Սեղանի քով նա ինքը մատիտով մի թղթի վրա ընդհանուր գծերով նկարեց ապագա կացարանների հատակագիծը, տալով Զարգարյանին կարևոր բացատրություններ։ Նա հետզհետե ոգևորվում էր և ավելի ու ավելի եռանդով արծարծում հանկարծակի հղացած միտքը։ Նա պահանջում էր ոչինչ չխնայել կացարաններն ընդարձակ, լուսավոր ու հարմար կառուցանելու համար։
Թեյը դարձյալ Շուշանիկն էր մատուցանում, և այս անգամ արդեն այն սենյակում, որ հարմարեցրած էր հյուրերի համար և բավական լավ կահավորված։ Այսօր օրիորդը մազերը սանրել էր առանձին խնամքով, հագել էր միակ տոնային մեխակագույն ասվյա կտորից հագուստը։ Այսօր նրա ծննդյան օրն էր, լրանում էր քսաներկու տարին, մի օր, որ իսկապես նրա համար մինչև այժմ ոչնչով չէր տարբերվել տարվա մյուս օրերից. աղքատ ընտանիքը սովոր չէր տոնել իր անդամների ծննդյան օրը։ Եվ միայն անդամալույծը, հիշելով երջանիկ անցյալը, առավոտը պահանջեց, որ օրվա առիթով Շուշանիկը նրա համար կարկանդակ պատրաստի, մի պահանջ, որ աղջիկը կատարեց հաճույքով։
Սմբատը, գլուխը թղթին թեքած, նկարելով, Զարգարյանին բացատրություններ տալով, երբեմն գրեթե ակամա նայում էր վեր, օրիորդին և նկատում, որ օրիորդն էլ իրեն է նայում։ Զգում էր, որ Շուշանիկը հետաքրքրվում է իր բացատրած ծրագրով, և այս ավելի էր ոգևորում նրան։ Միևնույն ժամանակ, մտքում ինքն իր դեմ չարանում էր, որ օրիորդի հետաքրքրվելն իրեն զբաղեցնում է։
Նա միշտ այն համոզմունքին էր եղել, որ հայ կինը երբեք ընդունակ չէ առօրյա մանր, անձնական շահերից բարձրանալ։ Եվ ուսանողական շրջաններում միշտ եղել էր հայ կնոջ կատաղի հակառակորդը։ Հենց այս համոզմունքն էր գլխավորապես դրդել նրան իր իդեալը որոնելու օտար շրջաններում։ Այժմ նրան թվում էր, որ մի անհայտ համեստ աղջկա մեջ հանդիպում է հակառակը։ Իսկապես նա ոչ մի առիթ չուներ այդ աղջկան որևէ բանով իր շրջանի էակներից բարձր համարելու, քանի որ տակավին հետը մոտիկ ծանոթ չէր։ Բայց մի ներքին ձայն թելադրում էր, թե նրա մեջ կարող է գտնել այն, ինչ որ իր նախկին համոզմունքով զուր կլիներ որոնել ուրիշ ազգի կանանց մեջ։
— Ինձ թվում է,— ընդհատեց վերջապես Զարգարյանը Սմբատի ընդարձակ ծրագրի բացատրությունը,— որ եթե ձեր բոլոր ասածները բանվորների համար իրագործենք, կարժանանաք հարևան հանքատերերի թշնամությանը։
— Ինչո՞ւ։
— Իհարկե, այդքան բարի՜ք — բաղնիս, այգի, դպրոց, ընթերցարան, մինչև անգամ թատրոն։ Դրանք մեր երկրում չտեսնված բաներ են։
— Շատ սովորական և շատ հասարակ բաներ խիղճ ունեցող մի գործարանատիրոջ կամ հանքատիրոջ համար։ Ամեն մի բուրժուա իր ֆանտազիան ունի, իմ ֆանտազիան էլ այս է պահանջում։ Չկարծեք, թե շատ էլ հոգում եմ մշակների մասին։
Նա այս խոսքերն արտասանեց անփույթ եղանակով և անկեղծ։
— Երանի ամեն գործարանատեր այդպիսի ֆանտազիա ունենա,— ասաց Զարգարյանը, ակամա հրապուրվելով նրա համեստությունից։
— Թողնենք այդ։ Ահա, վաղը ևեթ այս ծրագրով դուք կպատվիրեք հատակագիծը, հետո կտեսնենք։ Իսկ առայժմ,— դարձավ նա Շուշանիկին,— օրիորդ, ասացեք, ի՞նչ դեր հանձն կառնեք այս ձեռնարկության մեջ։
— Ե՞ս,— հարցրեց Շուշանիկը, որ չէր սպասում այսպիսի առաջարկության,— ի՞նչ կարող եմ անել։
— Օօ՜, շատ բան։ Դուք կարող եք հանձն առնել գրադարան և ընթերցարան բանալու գործը։ Եթե չեմ սխալվում, դուք գիմնազիայում եղել եք։
— Մինչև յոթերորդ դասատուն,— պատասխանեց եղբորորդու փոխարեն Զարգարյանը։— Բայց գիտե ավելի, քան մի ուսումնավարտ։ Տանն ազատ ժամերը դատարկ չի անցկացնում։
Օրիորդը խորին հանդիմանական հայացք ձգեց հորեղբոր վրա, զուր աշխատելով զսպել շփոթմունքը։
— Ուրեմն ավելի լավ,— ասաց Սմբատը,— կան գործեր, որ կանանց ավելի են սազում, օրինակ՝ մի կիրակնօրյա ուսումնարան բանալը հասակավոր անգրագետների համար։ Երբ նոր կացարանները կպատրաստվեն, կարծեմ, կարելի է մի այդպիսի դպրոց բանալ իսկույն։ Հանձն կառնե՞ք, օրիորդ։
Ի՞նչ է նշանակում այդ։ Ծաղրո՞ւմ է արդյոք նրան այդ հարուստ երիտասարդը, թե՞ փորձում։ Պայծառ աչքերը հանդարտիկ ցած իջան, գունատ այտերը թեթևակի շառագունեցին, և օրիորդը չկարողացավ որևէ պատասխան տալ։
— Ինչո՞ւ ես լռում,— ասաց Զարգարյանը,— կարծեմ, դու պարտավոր ես շնորհակալություն հայտնել պարոն Ալիմյանին, որ քեզ է այդ գործն առաջարկում։ Ընդունի՛ր, թե չէ, հին ուսուցչի արյունը կսկսի բորբոքվել երակներումս։
Նա խոսում էր իր տիրոջ ներկայությամբ համարձակ, կատակով, բայց և մազու չափ չհպարտանալով հարստի բարեկամական վարմունքից։
— Եթե մի բանով կարող եմ օգտակար լինել, ուրախությամբ պատրաստ եմ,— ասաց, վերջապես, Շուշանիկը։— Կամենա՞ք էլի թեյ։
— Ո՛չ, շնորհակալ եմ։ Ուրեմն, մի օգնական ևս ունենք․ ցտեսություն, հետո ավելի մանրամասն կխոսենք։
Սմբատի հեռանալուց հետո, Զարգարյանը սկսեց հանդիմանել Շուշանիկին։ Ալիմյանը նրան այդքան հավատ է ուզում ընծայել, իսկ նա, կարծես չի կարողանում գնահատել այդ մարդու վստահությունը։
— Խելոք մարդ է, գիտե, որ դու այստեղ, այս ամայի երկրում, կարող ես տխրել, ահա ինչու է առաջարկում քեզ այդ գործը։
— Բայց չէ՞ որ ես ասացի, թե ուրախությամբ հանձն կառնեմ, եթե կարող եմ կատարել։
— Ի՞նչ ասել է «եթե կարող եմ կատարել»։ Հասարակ գրագիտության դաս տալը մեծ բան չէ։ Ո՞ր վարժուհին ավելի գիտե, քան դու, ո՞րն է քո չափ կարդացել ու զարգացել։
Օրիորդը, առանց մի խոսք ասելու, անցավ իր սենյակը։ Այնտեղ նա լուսամուտից աչքերով ուղեկցեց Սմբատին, որ կառք նստելով, գնաց քաղաք…
Հետևյալ օրը երեկոյան նա ասաց հորեղբորը.
— Աշխատիր շուտ շինել տալ նոր բնակարանները մշակների համար։ ճշմարիտ որ հներում ապրել անհնարին է։
— Դու ի՞նչ գիտես անհնարին է։
— Ես այսօր ման եկա և տեսա։ Այնտեղ նրանք հիվանդանում են…
Եվ նրա ձայնի մեջ զգացվեց անհուն կարեկցություն։