Jump to content

Քաոս/Առաջին մաս/VIII

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

VIII

Երբեք Ալիմյանների տունն այնքան անկոչ հյուրեր չէր ընդունել, որչափ Մարկոս աղայի մահվան քառասունքից հետո։

Ամենից առաջ եկավ թեմական առաջնորդը և դարձյալ խոսեց եկեղեցու կարիքների մասին: Հարկավոր է թեմի մի գյուղում եկեղեցի կառուցանել, եթե ոչ — գյուղական համայնքը կորած է։ Լյութերականները մտել են և Քրիստոսի փարախից մեկիկ-մեկիկ գողանում են անմեղ գառնուկներին։

Այրի Ոսկեհատը սրբազանին ներկայացրեց մի բավական կլորիկ գումար։ Երեք օր անցած մի լրագրում նորին սրբազանության ստորադրությամբ տպվեց շնորհակալական նամակ «հօրինակ այլոց հավատացելոց»։

Ներկայացան առանձին-առանձին Տեր-Աշոտը և Տեր-Սիմոնը։ Մեկը ֆերաջեի թևից հանեց մի ստորագրաթերթ և դրեց Սմբատի առջև։ Պետք է մի բան նվիրել այսինչ «հայտնի գործիչի և հրապարակախոսի անմահ երկերը հրատարակելու գործին», մի գործիչ, որ եթե աշխարհ եկած չլիներ, հայ ազգը կորած էր։ Մյուսը տխուր գույներով նկարագրեց մի խմբագրի նյութական վիճակը. մի խմբագիր, որ եթե ծնված չլիներ, եկեղեցին հիմնահատակ կլիներ։

Սմբատը երկուսին էլ մի բան տվեց՝ գլուխն ազատելու համար։ Մի քանի օր հետո այս մասին էլ լրագրում լուրեր տպվեցին։ Մի լրագրում գովված էր Տեր-Աշոտը և խայտառակված էր Տեր-Սիմոնը, իբրև «խավարամիտ», մյուս լրագրում գովված էր Տեր-Սիմոնը և խայտառակված էր Տեր-Աշոտը, իբրև «ծակ ազատամիտ»։

Ներկայացավ մի երիտասարդ և հայտնեց, թե երգեցողության պրոֆեսորներն ասել են, որ նա անզուգական տենոր է. պետք է գնա Իտալիա, փող չունի։ Ներկայացավ մի ուրիշը և, ցույց տալով մի խծբծանք, ասաց, բոլորը նրան խորհուրդ են տալիս գնալ մայրաքաղաք՝ նկարչական ձիրքը մշակելու։ Եկան և գալիս էին տիրացուներ, գաղթական քահանաներ, աղքատ աշակերտներ, և բոլորը նպաստ էին խնդրում։ Հասավ այն տեղը, որ Սմբատը հրամայեց սպասավորին՝ այլևս ոչ ոքի չընդունել տանը։ Այն ժամանակ արշավանքն ուղղվեց դեպի գրասենյակ։ Զարգարյանը բարկացած ամենին վռնդում էր։ Այնուհետև մուրացկաններն սկսեցին հալածել Սմբատին փողոցում, կլուբում, խանութներ մտնելիս և ամեն տեղ, ուր երևում էր։

Հերթը հասավ թղթակից Մարզպետունուն։ Հազիվ, երկար հետևումներից հետո, հարմար րոպե գտավ և Ալիմյանին մենակ բռնեց գրասենյակում։ Նրա բախտից հաշվապահ Զարգարյանն էլ այնտեղ չէր, գնացել էր բանկից փող բերելու։

Մարզպետունին սկսեց հեռվից։ Մի ժամանակ հայերը կարծում էին, թե ազգը պահպանվում է կրոնով։ Եվրոպական քաղաքականության «համասփյուռ ճառագայթները տարածվեցին և մեր վրա»։ Այժմ ազգին հարկավոր են, իհարկե, ոչ միայն ավետարան ու շարական, այլև գիտություն, արվեստ, մանավանդ գրականություն։

Խոսելով այս ուղղությամբ, Մարզպետունին կամացուկ շոշափեց խնդրի նուրբ կողմը։ Հայտնվեց, որ մի գիրք է շարադրել և փող չունի հրապարակելու։ Եթե մի լուսամիտ մեկենաս դուրս գար, չի ասում նվեր,— ո՛չ, ո՛չ, Մարզպետունին նվեր վերցնողներից չէ — այլ պարտք տար, յուր «համեստ երկը» կձգեր մայրենի աղքատիկ գրականության գանձարանը։ «Պատահաբար» ձեռագիրն էլ մոտն էր, հանեց, սեղանի վրա դրեց։ Վերնագիրն էր «Մահացյալ անմահներ»։ Խոսքը հինգերորդ դարի «փայլուն աստղերի» մասին է։ Եթե հեղինակն աջողություն գտնի, պիտի անցնի մեր ժամանակներին, որովհետև «այժմ էլ կան անմահներ»։

Հակառակի պես հենց այս շահագրգիռ րոպեին ներս մտավ Զարգարյանը և մի կապոց թղթադրամ դրեց Սմբատի առջև։ Մարզպետունին գիտեր, որ հաշվապահն իրեն չի սիրում։ Նայեց փողերին ու փողկապն ուղղեց։

— Այդ ի՞նչ է, պարոն թղթակից, գի՞րք եք լույս ընծայում,— ասաց Զարգարյանը հեգնաբար։

Հեղինակն շտապեց ձեռագիրն իր կողմը քաշել։

— Բարեկամ, խնայեցեք թուղթն ու թանաքը. բարեկամ, դուք գրող չեք, այլ մրող... Գործով զբաղվեցեք...

— Այդ ձեր խելքի բանը չի։

Սմբատը տվեց հեղինակին հիսուն ռուբլի։ Հեղինակը դրամը դրեց «Մահացյալ անմահների» մեջ, գլուխ տալով և, մի սպառնական թունալի հայացք ձգելով Զարգարյանի վրա, դուրս գնաց։

— Ինչո՞ւ տվեցիք,— ասաց հաշվապահը։

— Մարդ է, տերը նրա հետ, գուցե կարոտության մեջ է...

Զարգարյանը դառն հեգնությամբ ժպտաց։ Կարոտություն, ա՜խ պարոն Ալիմյան, դուք դեռ երիտասարդ եք, դուք դեռ չեք հասկանում, ինչ ասել է իսկական կարոտություն, այո՛, ներեցեք, չեք հասկանում։ Իսկական կարոտությունը դռնե-դուռ չի ընկնում, ձայն չի հանում, չի գոռում ու լալիս ուրիշների մոտ, այլ միայն զգում է, միայն տառապում։

Նրա ձայնը դողում էր, աչքերի մեջ երևում էր անսովոր փայլ. յոթ տարի էր նա ծառայում էր այս գրասենյակում, և ոչ ոք չգիտեր, որ աղքատը, բուն աղքատը հենց այդ մարդն է։ Ամսական քառասուն ռուբլով պահում էր վեց հոգուց բաղկացած մի ընտանիք — անդամալույծ եղբորը, նրա կնոջն ու աղջկանը և այրի քրոջը երկու զավակների հետ։ Եվ երբեք ոչ ոք այդ մարդուց չէր լսել գանգատ իր վիճակի դեմ։ Դա այն լռիկ ու համեստ հերոսներիցն էր, որոնք ուրիշների համար ուտում ու մաշում են իրենց սիրտը և հետո մի օր չքանում աշխարհի երեսից, առանց որևէ հետք թողնելու, բացի գուցե երախտագիտական զգացումից՝ երախտագետ բարերարվածների սրտերում։ Նրանք կյանքի տառապանքները կրում են լուռ ու մունջ, խեղդում են իրենց կոկորդում դառն արցունքները, վախենալով թունավորել մերձավորներին տված մի կտոր հացը։

Սակայն չքավորության լուծը, որ մինչև այժմ Զարգարյանը կրել էր անտրտունջ, այլևս սկսել էր դառնալ նրա համար անտանելի։ Ահա ինչու նա վերջին ժամանակ հուզվում էր։ Վտիտ ուսերը, որոնց վրա բարձված էր ահագին ընտանիքի հոգսը, չէին դիմանում ծանր բեռան և ավելի ու ավելի կորանում էին: Պետք է մի օր նյարդերը խորտակվեին, որպես չափից դուրս ամուր ձգված լարեր։ Ա՜խ, մանկության հասակից այդ լարերի վրա հնչել էր միայն կարիքը։ Այնինչ, մյուս կողմից՝ երբեք չէր լռել անձնասիրության ձայնը, աղքատի անզոր հպարտության ձայնը, որ սոսկալի դիսսոնանս է նրա կյանքի սրտաճմլիկ ողբերգի մեջ։

Նա զսպեց իրեն, նստեց պարապելու, բայց չկարողացավ։ Գրիչը ձգեց սեղանի վրա։ Պարզ էր, այսօր մի արտաքո կարգի վիշտ ուներ։ Սմբատը գաղտնի դիտում էր նրա տարօրինակ շարժումները, զգալով, որ նա դարձյալ մի բան ուզում է ասել և չի վստահանում։

— Պարոն Սմբատ,— խոսեց, վերջապես, Զարգարյանը, ոտքի կանգնելով,— խնդրեմ ինձ արձակեցեք պաշտոնից։

Սմբատը զարմացած նայեց նրա երեսին։ Յոթ տարի այդ մարդն անվրդով ծառայել է և այսօր ուզում է դուրս գալ։ Անշուշտ, մի խոշոր պատճառ կա։

— Դուք ավելի լավ պաշտո՞ն եք գտել,— հարցրեց նա։

— Ո՛չ, ես դեռ պաշտոն չեմ գտել:

— Կնշանակե, հարստացել եք։

— Այո՛, պարտքերով:

— Ես չեմ հասկանում, ինչո՞ւ եք ուրեմն ուզում թողնել ձեր պաշտոնը:

— Նրա համար, որ ես այսուհետև այստեղ ավելորդ եմ: Լսել եմ, որ ուզում եք հաշիվները նոր սիստեմով պահել, իսկ ես մասնագետ չեմ։

— Այո՛, մտադիր եմ նոր սիստեմով պահել հաշիվները, բայց դուք դարձյալ ինձ հարկավոր եք... Պարոն Զարգարյան, այդ չէ պատճառը, երևի, դուք վիրավորված եք մեզանից...

Զարգարյանը բռնեց իր ջղուտ, երկայն մատներով նոսր սևագույն միրուքը և ասաց հանկարծ.

— Այո՛, վիրավորված եմ... Ձեր եղբայրը, պարոն Սմբատ, ինձ հալածում է, ես այլևս այստեղ մնալ չեմ կարող։ Անտանելի է, ազատեցեք ինձ. շնորհակալ եմ, որքան պահեցիք...

Սմբատը մտատանջության մեջ ընկավ։ Դուրս բերել Զարգարյանին չէր ուզում, այնինչ գիտեր, որ Միքայելը, արդարև, հալածում է հաշվապահին այն օրից, երբ սա այլևս փող չէր տալիս նրան։

— Կկամենա՞ք տեղափոխվել հանքերը,— հարցրեց նա։

— Հանքե՜րը...

— Այո՛։ Ես ձեզ կնշանակեմ կառավարչի օգնական ու հաշվապահ։ Այնտեղ կունենաք ձրի բնակարան չորս սենյակից բաղկացած: Կարող եք տեղափոխել և ձեր տնեցիներին։ Դուք այժմ ստանում եք ամսական քառասուն, այնտեղ կստանաք երկու անգամ ավելի...

Զարգարյանը չհավատաց ականջներին, նայեց զարմացած տիրոջ երեսին։ Սմբատը կրկնեց իր առաջարկությունը։ Զարգարյանի դեմքը մի վայրկյան ժպտաց, և այս առաջին ուրախ ժպիտն էր, որ տեսավ Ալիմյանը նրա մռայլ երեսի վրա։

— Բայց ես հանքային գործերին տեղյակ չեմ,— ասաց նա անվստահ։

— Կսովորեք։ Եթե այդ է միակ առարկությունը, կարող եք վաղը ևեթ տեղափոխվել: Ես իսկույն գնալու եմ հանքերը, կհրամայեմ, որ սենյակները մաքրեն, պատրաստեն։

Կես ժամ անցած Զարգարյանը շտապում էր տուն, ուրախալի լուրը տնեցիներին հայտնելու։ Հաճելի հուզումից նրա երկայն ծնկները ծալվում էին։ Երբեք այնքան բախտավոր չէր եղել. ութսուն ռուբլի, ձրի բնակարան, ավելի մաքուր օդ անդամալույծ եղբոր համար և, որ ամենագլխավորն է, հեռու Միքայելից — ահա անսպասելի բախտ։

Խոսում էր ինքն իր հետ, հաշիվներ էր անում, պարտքեր վճարում, քրոջ երեխաների համար նոր հագուստներ դնում, ձեռները շարժում օդի մեջ, ժպտում, ծիծաղում, անցորդների ուշադրությունը գրավելով։

Հասավ մի նեղ, ցեխոտ և հոտած փողոց։ Մեծ դարբասով մտավ բավական ընդարձակ մի բակ, որ խոնավ էր, կեղտոտ, խորդուբորդերով լի։ Նա այնքան շփոթված էր, որ ներս մտնելիս ընդհարվեց մի կեղտոտ հագուստով թուրքի հետ, որ իսկույն հետ կանգնեց, գոչելով.

— Հա՛յ, ինձ մուռտառեցիր...

Բակում ուրախությունից բարևեց մի ոտաբոբիկ թուրքի, որ դանդաղ քայլերով, մի ձի առջևը դրած, քշում էր առաջ։ Ձիու կրծքին կապած էր մի պարան, որի մյուս ծայրը հասնում էր ջրհորին. երբ ձին հեռանում էր, ջրհորից դուրս էր գալիս մի տիկ, որ ջրի ազդեցությունից սպիտակել էր ու փափկել բամբակի պես։ Թուրքը շարժում էր պարանը, և ջուրը տկից թափվում էր ու հոսում մոտակա բաղնիքը։ Բակում աջ ու ձախ ճյուղավորված էին բազմաթիվ պարաններ, ծանրաբեռնված բաղնիսային լաթերով, որոնցից բարձրացող գոլորշին տարածել էր անասելի գարշահոտություն։ Լաթերն աջ ու ձախ հրելով, Զարգարյանը հասավ մի նեղ ու երկայն պատշգամբի, որ բակին հավասար էր։ Մտավ մի փոքրիկ, կիսախավար սենյակ, ուր խաղում էին երկու ոտաբոբիկ, կիսամերկ մանուկներ։ Քանի մի դեղնագույն աթոռներ, մի հասարակ աններկ սեղան՝ ծածկված սպիտակ մաքուր ծակոտիկ սփռոցով, վրեն դրած կլոր երկոտանի հայելի — ահա ամբողջ կահ-կարասին։ Պատերը սպիտակ կավից էին, հատակը նույնպես կավով սվաղած, միայն դեղին խսիրներով ծածկված։

Զարգարյանն անցավ մյուս սենյակը, որ նույն տեսքն ուներ, միայն առանց աթոռների ու սեղանի։ Երկայն թախտի մի անկյունում նստած էր նրա անդամալուծ եղբայրը — Սարգիսը։

Դեռ վեց ու կես տարի առաջ այդ մարդն աջող վաճառական էր հյուսիսային քաղաքներից մեկում։ Բախտի անիվը շուռ եկավ, բավական հարուստ խանութը դարձավ զոհ հրդեհի, մարդը սնանկացավ։ Չդիմանալով խայտառակության, կաթվածահար եղավ ու բևեռվեց անկողնին։ Մինչև այդ ժամանակ նա չէր հիշել, թե Կովկասում ունի մի եղբայր, որ պարապելով առաջ ուսուցչությամբ և այժմ մասնավոր գրասենյակներում, չափավոր ռոճիկով պահել է նախ իր ծերունի ծնողներին, իսկ հետո այրիացած քրոջը՝ իր զավակների հետ։ Դժբախտությունը հիշեցրեց նրան և դրդեց աղերսալի նամակով դիմել մոռացված եղբոր օգնության։ Եղբայրն ընդունեց նրան քրիստոնեական ներողամտությամբ և այն օրից կերակրում էր անդամալույծին, կնոջն ու աղջկան։

Երջանիկ մարդուց այժմ մնացել էր կես կմախք, մարմնի ձախ կողմը գոսացած, դեմքը կորցրած մարդկային արտահայտությունը, երեսն ուռած և աչքերը պլշած։ Սակայն այդ կես կմախքն իր երջանիկ անցյալից անխախտ պահպանել էր երկու բան — առողջ ստամոքս և մշտապես տրտնջող լեզու։ Կար տանն ուտելու բան, թե չկար, քաղցած էին երեխաները, թե կուշտ, միևնույն էր անդամալույծի համար։ Նա պիտի ունենար իր նախաճաշը, ճաշն ու ընթրիքը։ Ուրախ էր ընտանիքը, թե տխուր, տան մեջ առաջին տեղն էր բռնում օրից-օր մանկացող հիվանդի քիմքը։

Եվ այդ քմքի առաջին գերին էր նրա քսաներկու տարեկան դուստրը — Շուշանիկը։ Ամբողջ օրն օրիորդը գրեթե միայն նրանով էր զբաղված։ Թևից բռնած սենյակում զբոսեցնում էր, գիրք էր կարդում նրա համար, հետը թուղթ խաղում և ծառայում՝ որպես աղախին։ Նա դեռ սիրում էր այդ կես-կմախքը, և սիրում էր զգայուն սրտի բոլոր ուժով։

Շուշանիկը կերակրում էր անդամալույծին, երբ հորեղբայրը ներս մտավ։ Դա միջին հասակից քիչ բարձր, գունատ, բայց ոչ հիվանդոտ դեմքով մի աղջիկ էր, հագնված, հարկավ, շատ հասարակ և ուսերին գցած մի մոխրագույն ասվյա շալ, որ ծածկում էր նրա կանոնավոր իրանը։ Նրա պարզ գույնի մտախոհ աչքերից բուրում էին հրեշտակային հեզություն և անսահման համբերություն։ Մի ձեռին կերակրի ամանը, մյուս ձեռին գդալը — այդ վայրկյանին նա հիշեցնում էր գթության անձնվեր մի քրոջ, որ կարծես իր սրտի վիշտն ու ուրախությունը նվիրել էր ուրիշների անդորրությանը։ Բայց նա ավելի էր, քան մի գթության քույր. նա մի սիրող դուստր էր, որի սիրտը բաղկացած էր էոլյան նվագարանի լարերից։

Զարգարյանը հաղորդեց ուրախալի լուրը։ Երկու վաղաժամ թառամած կանայք, սև հագնված, որոնցից մեկը քույրն էր, մյուսը՝ եղբոր կինը, ուրախության թեթև կռինչ արձակեցին։ Շուշանիկի մելամաղձիկ դեմքի վրա փայլեց լուսավոր ժպիտ։ Եվ նա, ճակատի վրա թափվող շոկոլադի գույն թանձր մազերը հետ տանելով, նայեց հոր երեսին։ Անդամալույծն ուրախ չէր եղբոր հաղորդած լուրին կամ գուցե թաքցրեց ուրախությունը։ Այդ պահին նա բարկացած էր, որովհետև տաք կերակուրն ուշացրել էին։ Մի քանի րոպե առաջ հայհոյել էր կնոջը, եղբորը, ամբողջ ընտանիքին և ամբողջ աշխարհին։ Բոլորը նրան թշնամացել են և դիտմամբ քաղցած են թողնում, որ սովից մեռնի։ Լսելով եղբոր խոսքերը, թե այսուհետև պիտի ապրեն հանքերում, նա առողջ ձեռով հրեց կերակրի ամանը և գոչեց.

— Դու ուզում ես ինձ տանել նավթի հորում խեղդե՞լ... Չեմ գնալ, չեմ գնալ...

Շուշանիկը հոր եղբորը սիրում էր ոչ պակաս, քան հորը։ Այն մարդը, որի վրա ծանրացած է ամբողջ ընտանիքի հոգսը, փոխանակ շնորհակալության, հանդիպում է մերձավորի դժգոհության։ Եվ այն էլ եղբոր կողմից, մի մարդու, որ հարուստ և առողջ ժամանակ հասարակ նամակագրության անգամ չէր արժանացրել նրան։ Դա երախտամոռություն չէ՞ արդյոք։ Ներքին տանջանքից օրիորդը սեղմեց բռունցքները, կարծես կամենալով սրտի դառն կսկիծը խեղդել եղունգների մեջ։

— Պապա,— ասաց նա զգացված ձայնով,— այսուհետև դու ամեն օր խորոված ձուկ կուտես, հորեղբայրս ռոճիկ շատ է ստանալու։

— Սուտ ես ասում,— գոչեց անդամալույծը, իր պլշած աչքերը դանդաղորեն հառելով աղջկա ճակատին։ — Դուք ինձ այնտեղ կթաղեք, կթաղեք... Գազը կտրաքացնեք, նավթ կվառեք, ինձ մեջը կգցեք... Ես ձեզ չե՞մ ճանաչում, ինչ է, դուք անաստվածներ եք։

Եվ, գլուխը դնելով բարձի վրա, սկսեց լալ երեխայի պես.. Զարգարյանը զսպելով իրեն, անցավ մյուս սենյակը։ Նա սոված էր, ուտել էր ուզում, բայց այնքան հուզված էր, որ մի երկու պատառ պանիր ու հաց բերանը դնելով, վեր կացավ տեղից։

— Հիվա՞նդ եք, հորեղբայր,— հարցրեց Շուշանիկը,— դողո՞ւմ եք։

— Ո՛չ, ո՛չ, հիվանդ չեմ։ Համոզիր հորդ, որ համաձայնի հանքերը տեղափոխվել։ Այնտեղ լավ կապրենք, աստված վկա, լավ կապրենք: Երեք սենյակ, ո՛չ, չորս, հասկանո՞ւմ ես, չորս, ամսական ութսուն ռուբլի, հանա՞ք ես իմանում։ Ով գիտե, գուցե կարողանանք մի աղախին էլ վարձել և քեզ ազատել տնային կոպիտ աշխատանքից։ Տե՛ս, ձեռներդ ինչպես կոշտացել են, Շուշան, չեմ ուզում, որ դու խոհանոցում աշխատես, դու, դու, ափսոս ես, գեղեցկուհի...

Շուշանիկը ծիծաղեց։ Զարմանալի մարդ է նրա հորեղբայրը, չէ՞ որ նա ուրիշների համար չի աշխատում խոհանոցում, այլ իր ծնողների, իր հորեղբոր, իր հորաքրոջ համար։

— Այդ ճիշտ է, ճիշտ է,— գոչեց Զարգարյանը,— մենք մեր մերձավորների համար ենք աշխատում։ Բայց ո՞վ գիտե, երիտասարդ աղջիկ ես, ինչո՞ւ այդպես մաշվես, դեղնես... Ճշմարիտ է, ես երբեք չեմ գանգատվել, բայց հայրդ քեզ չի սիրում, Շուշանիկ, չի խնայում։ Նա երախտագետ մարդ չէ...

— Հիվանդ է, ներողամի՛տ եղիր...

— Հիմա՜ր,— արտասանեց Զարգարյանն արդեն մեղմացած,— մի՞թե ես բարկանում եմ նրա վրա։ Երբե՛ք։ Բայց պիտի հասկանա քո դրությունը, ես միայն քո մասին եմ հոգում։

Անդամալույծի սենյակից դուրս եկան օրիորդի մայրը և հորաքույրը։ Խոսակցությունն ընդհատվեց։ Պատշգամբից ներս վազեցին ոտաբոբիկ մանուկները, որոնցից մեկն արդեն ինը, մյուսը՝ յոթ ու կես տարեկան էր, արտասվելով փաթաթվեցին իրենց մոր փեշերին։ Դրացի թուրք ընտանիքի ավելի մեծ մանուկները հարձակվել էին նրանց վրա ու ծեծել։ Շուշանիկը գրկեց նրանց, հանգստացրեց, իսկ մայրը դուրս եկավ կռվելու հարևանների հետ, որ չեն զսպում իրենց մանուկներին։

— Գոնե այդ աղմուկից կազատվենք, ասաց Զարգարյանը,— այնտեղ հարևաններ չենք ունենալ։ Դե, լավ, Աննա, մի՛ կռվիր,— գոչեց նա մոտենալով դռներին,— չարժե, չարժե...

Աննան ներս եկավ բարկացած ու կամեցավ ծեծել իր երեխաներին, որ չէին լսում իրենց մորը և ամեն ժամ դուրս էին վազում թուրքերի հետ խաղալու։ Շուշանիկը պաշտպանեց մանուկներին, հեռացնելով նրանց մյուս սենյակը, ուսկից լսվում էին անդամալույծի մրմունջները։

— Կանչի՛ր նրան, կանչի՛ր այստեղ,— դարձավ անդամալույծն աղջկան։

Օրիորդը հասկացավ, որ հայրն ուզում է իր եղբորը, կանչեց։

— Դավիթ,— գոչեց անդամալույծը,— թե աստված ունես, ինձ ազատիր այս դժոխքից։ Այդ թուրք հարևաններն ինձ կսպանեն, կխեղդեն գիշերը։ Ա՜խ, այս բաղնիսի հոտն ինձ սպանեց… ազատի՛ր, ազատի՛ր…

Հետևյալ օրը Դավիթ Զարգարյանը գրասենյակի գործերը հանձնեց նոր հաշվապահին և տեղափոխվեց հանքերը։ Իսկ երրորդ օրը նա տեղափոխեց ընտանիքը։ Ուղևորվելուց առաջ անդամալույծը դարձյալ ասաց, թե չի ուզում հանքերում ապրել և առողջ ձեռով հրեց աղջկան, որ օգնում էր նրան տեղից վեր կենալու։ Բայց երբ եղբայրը վճռաբար ասաց, թե լա՛վ, կարող է մնալ քաղաքում, հիվանդը հայհոյեց նրան։ Ի՜նչ, ուզում են նրան թուրքերի ձեռքը գցել։ Կառք, շուտով կառք բերել տվեք և տարեք թեկուզ դժոխք…

Այդ օրը Սմբատն էլ հանքերումն էր։ Նրան հետաքրքրում էր Զարգարյան ընտանիքի վիճակը։ Զգում էր մի տեսակ հոգեկան հաճույք, որ այդչափ գոհություն էր պատճառել ստորադրյալին նոր պաշտոնով։

Կանանց հնամաշ հագուստները, տնային ողորմելի կահ-կարասին, երեխաների ցնցոտիները ծանր տպավորություն գործեցին նրա վրա։ Նա չգիտեր, որ Զարգարյաններն այդքան աղքատ են։

— Ո՞վ է այդ օրիորդը,— հարցրեց հաշվապահին:

Շուշանիկն էր, որ անբաժան մոխրագույն շալն ուսերին գցած, մեկ-մեկ սրբում էր քաղաքից բերված իրերը և տանում ներս։ Նրա պայծառ ու խելացի աչքերը, մելամաղձիկ դեմքն ակամա գրավեցին Սմբատի ուշադրությունը։ Չկարողացավ զսպել հետաքրքրությունը և գրեթե ինքն ակնարկեց քաղաք ուղևորվելուց առաջ Զարգարյանների տանը թեյ խմելու մասին։

Աղքատիկ ընտանիքը հրճվեց միլիոնատեր երիտասարդի համեստությամբ։ Թեյը մատուցանում էր Շուշանիկը պատշգամբում։ Անդամալույծը ներսում էր, և Սմբատը լսում էր նրա անընդհատ մրմունջները։ Երեխաները խաղում էին զավթում։ Իսկ կանայք զբաղված էին իրեղենները դասավորելով։

Սմբատը, ակամա գրավված Շուշանիկի պայծառ աչքերով, գեղեցիկ հասակով, համակրելի դեմքով, դիտում էր նրան, խոսակցելով իր ստորադրյալի հետ գործերի մասին։ Թվում էր նրան, որ չքավորության տակ օրիորդի հոգին այնքան չի ճնշվել, որ կա նրա մեջ ինչ-որ հպարտություն։ Միևնույն ժամանակ զգում էր, որ նա մի պահապան հրեշտակ է ողորմելի անդամալույծի, ցնցոտիապատ երեխաների և ամբողջ ընտանիքի համար։ Եվ որքան շատ էր դիտում, այնքան ավելի էր ուրախանում մտքում, որ գեթ համեմատական թեթևություն էր տվել աղքատ ընտանիքին։ Այսուհետև, երևի, նա այնքան չքավոր վիճակ չի ունենալ, և այդ երիտասարդ ու սիրունադեմ աղջկա տնային աշխատանքը կթեթևանա։

Հրաժեշտ տալիս, նրա աչքերն ակամա հառվեցին օրիորդի աչքերին։ Զգաց, որ ձեռը ցնցվեց իր ափի մեջ։ Դա աղքատի շփոթությունը չէր հարուստ մարդու մերձավորությունից։ Դա կանացի ամոթխածության ցնցումն էր, մի նոր ծանոթացած տղամարդի արդեն չափից դուրս հետաքրքիր հայացքից…