Քաոս/Առաջին մաս/XIII
XIII
Ալիմյանների քաղաքային գրասենյակն այժմ ներկայացնում էր մի ամբողջ առևտրական հիմնարկություն։ Կից խանութը դատարկել էին տվել, միացրել, բոլորը վերանորոգել տվել, մաքրել և զարդարել։ Զարգարյանի փոխարեն այժմ այնտեղ ծառայում էին մի գլխավոր, երկու օգնական հաշվապահներ, երեք քաղաքային գործակատարներ և մի քարտուղար։ Կահ-կարասին նորոգվել էր պատշաճավոր կերպով։ Երկաթե սնդուկի մոտ, առանձին սեղանի քով նստում էր Սրաֆիոն Գասպարիչը, որին Սմբատ Ալիմյանը նշանակել էր գանձապահ։ Նրա կերպարանքն այժմ ավելի ազդու և ավելի հանդիսավոր էր դարձել։ Բարձր երկաթե ցանկապատի հետևում նա հիշեցնում էր մի ահռելի դրակոնի, որ դրված էր երկաթե սնդուկը հսկելու համար։
Հաշիվները պահվում էին նոր ձևով։ Ամեն ինչ, որ պատկանում էր առևտրական տան, գնահատվել էր և արձանագրվել։ Այժմ ամեն րոպե կարելի էր ստուգել գործերի դրությունը։ Սմբատն ապահով էր, որ ոչ մի թյուրիմացություն չպիտի տեղի ունենա, եթե ժառանգները կամենան նրանից հաշիվ պահանջել։
Առավոտները նա պարապում էր գրասենյակում, մինչև կեսօրը, առանձին սենյակում։ Նրա դեմուդեմ պատին քաշ էին արած հանքերի, տների, քարվանսարաների լուսանկարները։ Մեջտեղ զետեղված էր հանգուցյալ Մարկոսի մեծադիր յուղաներկ պատկերը՝ սև շրջանակի մեջ. նկարչին հաջողվել էր փոքրիկ լուսանկարից վերարտադրել նշանավոր քաղաքացու կերպարանքը բավական կենդանի։ Ոչնչից միլիոններ ստեղծած մարդու դեմքն արտահայտում էր խորին մտահոգություն, եռանդ և զգաստություն։ Թվում էր, որ նրա սրատես աչքերը դեռ արթուն հսկում են գործերին, հետամուտ լինելով որդու յուրաքանչյուր քայլին։ Հոր խոժոռած դեմքի վրա որդին կարգում էր կյանքի մի որոշ, անխախտելի նպատակ — վաստակել և վաստակել զավակների ապահովության համար։ Եվ նա հասել էր այդ նպատակին ամենափայլուն կերպով, բայց հետը գերեզման տանելով ծանր վիշտ որդիների վերաբերմամբ։ Սմբատին թվում էր, թե այդ վիշտը դրոշմվել է հանգուցյալի պատկերի վրա և եռանդով լի աչքերի մեջ։
Նա գլուխը քարշ խորասուզված էր մի կապոց գործնական նամակների ընթերցանության մեջ, երբ ներս մտավ գործակատարներից մեկը և հանձնեց մի հեռագիր: Նա կարդաց հետևյալ երկտողը.
«Պետրովսկ։ Այսօր երեկոյան կառախմբով հասանք, երեկոյան շոգենավով կճանապարհվինք»...
Ուրախության զգացման հետ Սմբատին պաշարեց դարձյալ անջնջելի վիշտը։ Ահա վերջապես վաղն առավոտ տեղի պիտի ունենա այն բարդ տեսարանը, որ վերջին ամիս նրան պատճառել էր այնքան մտատանջություն։ Նա կուրախանա, տեսնելով սիրեցյալ զավակներին, որոնց կարոտն օր-օրի վրա ավելի ու ավելի զգալի էր դառնում, բայց ի՞նչպես կդիմավորի կնոջը, որից գրեթե երեք ամիս էր հեռու էր և տեսնվելու փափագ չէր զգում։ Դա ինքնըստինքյան ապացույց էր, որ մի անգամ չիջած կրակն այլևս չպիտի վառվի նրա մեջ։ Ո՛չ, երբեք չպիտի վառվի։
Նա հեռագիրը դրեց ծոցը։ Հուզմունքը ներս ու դուրս եկող ծառայողներից թաքցնելու համար, նորից խորասուզվեց գործնական նամակների ընթերցանության մեջ։ Հոգու խորքում բարձրացած փոթորիկը կրծքից դուրս էր թողնում մերթ ուրախության, մերթ տրտմության հառաչանք։ Երկդիմի էր նրա դրությունը, և հակասական մտքերից առնական դեմքը կամ պայծառանում էր կամ մռայլվում, նայելով ում է երևակայում— զավակների՞ն թե կնոջը։
Բայց հարկավոր էր տնեցիներին նախապատրաստել վաղվա ընդունելության համար։ Նա բարձրացավ վերև, մտավ մոր սենյակը, հեռագիրը կարդաց։ Այրին գունատվեց։ Լուրն անսպասելի էր։ Նա դեռ հույս ուներ, թե որդին կմոռանար իր մեղքը։ Այնինչ, ոչ միայն չի մոռացել, այլև այսօր հաղորդում է մի անսպասելի և դառն լուր։ Ի՞նչ, ուրեմն վաղը նրա տունը պիտի ոտք դնի, իբրև օրինական հարս, այն կինը, որին ատել է դեռ երեսը չտեսած և որի պատճառով այնքան տանջվել է։
— Այդպե՞ս ես կատարում հորդ կամքը,— գոչեց այրին, արտասվելով։— Մի՞թե հարյուր անգամ չեմ ասել, թե առանց երեխաներիս ապրել չեմ կարող։ Իսկ նա իմ երեխաների մայրն է։ Մայրիկ, հասկացի՛ր դրությունս, ես նրա հետ կապված եմ հավիտյան։ Պատրաստվի՛ր ընդունելու նրան գոնե առերես ուրախ...
— Ճարս ինչ, բերել ես տալիս, պիտի ընդունեմ։ Բայց, որդի, հորդ կամքը ոտնատակ ես անում, այդ լավ չի, լավ չի...
Եվ արտասուքը փոխվեց հեկեկանքի։
Սմբատը թողեց մորը, որ ինքն իրեն պատրաստվի վաղվա ընդունելության համար, դուրս եկավ նրա սենյակից, շտապով ճաշեց մենակ և ուղևորվեց հանքերը։
Այս անգամ նրան դիմավորեց կառավարիչ Սուլյանը, որ առողջացել էր և գործերն ստանձնել։ Դա մի երիտասարդ ինժեներ էր՝ քաղաքացիական հագուստով, նիհար և արագաշարժ, կարճլիկ մազերով, մուգ շագանակագույն միրուքով։ Երեք տարի էր ծառայում էր Ալիմյանների մոտ, կարողացել էր գրավել հանգուցյալ Մարկոս աղայի համակրությունը և այժմ աշխատում էր արժանանալ նրա ժառանգների ուշադրության։ Մեջքից թեքված, հաճոյական ժպիտը երեսին, առաջնորդեց նա Սմբատին գրասենյակ և զեկուցում արավ գործերի մասին։ Ամեն ինչ ընթանում էր կանոնավոր։ Նոր հորը հրաշքներ է անում։ Հարյուր քսան սաժեն քանդել են և դեռ ոչ մի խոչընդոտ քար չի պատահում, հողը ցույց է տալիս նավթի նշաններ, կարող է շուտով շատրվան բացվել։
Զարգարյանը ներկայացրեց վերջին ամսվա արտադրության հաշիվը։ Հաղորդեց տեղեկություն բանվորների համար նոր կառուցվող կացարանների մասին։ Սուլյանը չէր համակրում այս ձեռնարկության։ Նա ասաց, թե մշակները երախտամոռ են, չարժեն այդքան ծախսերի, չեն հասկանալ Ալիմյանների բարությունը։ Սմբատը պատասխանեց, թե ինքը բարություն չի անում, այլ իր պարտքն է կատարում։
Սուլյանը լեգուն կծեց։ Երրորդ անգամն էր նա փորձում էր Սմբատի ինքնասիրությունը և երրորդ անգամն էլ խիստ պատասխան էր ստանում։ Նա մոռանում էր, թե իր տերը թեև Մարկոս Ալիմյանի որդին է, բայց ուրիշ հայացքներով, որ այն, ինչ որ փաղաքշում էր հորը, կարող էր դուր չգալ որդուն։ Ահա ինչու, կամենալով մի սխալն ուղղել, երկրորդ սխալը գործեց, երբ ասաց.
— Ձեր պարտք համարածն ուրիշները բարություն կհամարեին, բայց ձեզ արդեն սկսել են պաշտել մշակները։
Սմբատը դարձավ Զարգարյանին և հարցրեց, արդյոք չե՞ն հայտնել մշակներին, թե առաջիկա ամսի մեկից նրանց ռոճիկները պիտի ավելացնեն։ Դուրս եկավ, որ Սուլյանը դեմ է և՛ այս բանին։ Նրա կարծիքով, Ալիմյանի մշակներն առանց այդ էլ բավական խոշոր ռոճիկներ են ստանում։ Բայց այս ձևով էլ չկարողացավ հաճելի թվալ Սմբատին։ Պաշտպանելով Ալիմյանի շահերը, ցույց տալով իրեն այդ շահերի վերաբերմամբ ժլատ, կարծում էր, որ իր առջև կանգնած է դարձյալ Մարկոս աղան։ Սխալվեց, և այս անգամ մտքում վճռեց տակտիկան փոխել։ Նա սկսեց ցույց տալ իրեն ազատամիտ մշակների դրության վերաբերմամբ և գովեց այն ծրագիրը, որ հնարել էր Սմբատը նոր կացարանների համար։ Փոփոխությունն այնքան ճարպիկ էր, որ Սմբատն անգամ չնկատեց և սկսեց խորհրդածել նրա հետ։
Դուրս գալով գրասենյակից, բակում հանդիպեց մի խումբ մշակների, որ եկել էին հաշիվ խնդրելու։ Պատրաստվում էին գնալ հայրենիք։ Նրանք վերցրին իրենց մազոտ մորթե գդակները և սև կարտուզները։ Աշխատանքը բոլորի վրա դրել էր բնորոշ դրոշմ։ Մեկի մի ուսն էր բարձր մյուս ուսից, երկրորդի ոտներն էին ծռվել, երրորդի կուրծքն էր ներս ընկած և մեջքը կորացած։ Նավթի և մրի տակ անկարելի էր որոշել նրանց դեմքերի իսկական գույնը։ Բայց աչքերի շրջանակները դեղնած էին խոնավ խրճիթներում քնելուց, և այդ դեղնությունը սև ֆոնի վրա ավելի խիստ էր աչքի ընկնում:
Սմբատը հրամայեց Սուլյանին նրանց հաշիվները տալ, տալ նաև յուրաքանչյուրին քսանական ռուբլի պարգև։ Հրամանը տրվեց շշնջյունով և ռուսերեն։ Սև խումբը ոչինչ չհասկացավ Նա իր հայացքը հառել էր Սմբատի երեսին ակնածությամբ։ Ձեռները պիջակի գրպանները դրած, լայնեզր գլխարկն աչքերին քաշած, առողջ թիկունքներով, խելացի, համակրելի առնական դեմքով նա այդ աշխատավոր մարդկանց ներշնչում էր ակամա երկյուղ, նաև համակրանք։
Մի վայրկյան Սմբատը երեսը մի կողմ դարձրեց և տեսավ մի սրտաշարժ տեսարան։ Բակի հեռավոր կողմում, մի հողային փոքրիկ թմբի վրա, երկու երկաթյա նավթային ամբարների առջև կանգնած էր Շուշանիկը, անբաժան մոխրագույն շալն ուսերին։ Նրա առջև կանգնած էր մի երիտասարդ մշակ, որ արեգակի շողերի մեջ երևում էր իբրև մթին սիլուետ։ Օրիորդը փոխում էր մշակի ձեռի վերքի սպեղանին, մրոտված թաշկինակը խնամքով կապելով նրա բազկին:
Իրիկնադեմ էր արդեն։ Աշնանային արեգակը շտապում էր մայր մտնել, երկինքը վերջին անգամ ոսկեզօծելով։ Գանգուր մազերը թափվել էին օրիորդի ականջների վրա, քնքուշիկ ընդգրկել գունատ այտերը և կազմել մի գեղարվեստական շրջանակ։ Ծիրանագույն շողերը տարածվել էին նրա վրա և շրջապատել մի նուրբ ոսկե փոշով։
Մշակը հեռացավ, գլուխ տալով։ Օրիորդը ձեռները դրեց ծոցը, հայացքը հառեց հեռու։ Նա չէր տեսնում Սմբատին, բավական հեռու լինելով։ Անշարժ, գլուխը թեթևակի ուսին ծռած, այժմ հիշեցնում էր հին դպրոցի մի նկար, որ տեսել էր Սմբատը Պետերբուրգի Էրմիտաժում և խոր տպավորություն էր գործել նրա վրա։ Նա հիացած նայում էր, չքաշվելով Սուլյանից, որ շարունակ խոսում էր, ձգտելով մերձենալ միլիոնատեր երիտասարդի սրտին։ Այո՛, դա ամայի դաշտում բուսած մի հատիկ մանիշակ է։ Ոչ վառվռուն վարդ, որ հենց առաջին անգամից գրավում է անցորդի հայացքն իր գույնով և ոչ էլ գոռոզ շուշան, ինչպես է օրիորդի անունը, այլ իսկ և իսկ մանիշակ, հրապուրիչ ինքն իր հեզությամբ և նուրբ բուրմունքով։
Ծիրանագույն շողերի մեջ գանգուր մազերի ծայրերը ճակատի վրա ներկայացնում էին մի տեսակ թափանցիկ ոսկեթելեր։ Արեգակը, վերջին անգամ հիանալով նրանով, կարծես, ափսոսալով, թաքնվեց հեռավոր լեռների հետևում։ Օրիորդը դեռ կանգնած էր։ Շուրջը ոչինչ չէր նկատում։ Կարծես, նրա պայծառ աչքերը դեմուդեմ կուտված բարձր սև բուրգերի գագաթներից վեր որոնում են ինչ-որ բան երկնի վրա, դեպի արևմուտք։
Հանկարծ նա ցնցվեց, սթափվեց, ով գիտե ինչ երևակայությունից։ Նրա ականջին հասավ Սմբատի բարեհնչյուն ձայնը։ Նա երեսը դարձրեց այն կողմ և աչքերով հետևեց երիտասարդ տղամարդին, որ այժմ գնում էր դեպի հանքերը։ Հետևեց, մինչև որ նա անհայտացավ սև բուրգերի հետևում։ Եթե այդ պահին մեկը կանգնած լիներ օրիորդի մոտ, կլսեր կրծքի խորքից դուրս թռած երկարատև ծանր հառաչանքը, իսկ պայծառ աչքերի մեջ կնշմարեր խորին հոգեկան թախիծ...
Նույն երեկո նա անսովոր ուշադրությամբ լսում էր հորեղբոր պատմությունը՝ Սմբատի ամուսնության մասին։ Լսում էր այն բարոյական տանջանքները, որ կրել էր հանգուցյալ Մարկոս աղան իր որդու սխալ քայլի պատճառով։ Այժմ գալիս է Սմբատի կինը՝ երեխաների հետ։ Սմբատը տխուր է։ Ինչո՞ւ...
Ոչ ոք չնկատեց, ինչպես փոխվեց Շուջանիկի դեմքի գույնը, ինչպես նա նախ կարմրեց, ապա գունատվեց, ինչպես մի թույլ հառաչանք թռավ նրա կրծքից։ Այլևս կիսատ թողեց հորեղբոր խոսքը, անցավ մյուս սենյակ, մոտեցավ լուսամուտին, վերցրեց խաղի թղթերը և սկսեց հմայել: Նա չէր հավատում գուշակության, բայց, այնուամենայնիվ, տանը պատահած հիվանդության միջոցներին միշտ հմայում էր և միշտ տխրում, երբ թղթերը լավ չէին ցույց տալիս։
Այս անգամ ևս նա տխրեց ավելի սաստիկ, քան երբևէ։ Թղթերը դրեց մի կողմ, նստեց անկողնակալի վրա և աչքերը հառեց հատակին։
— Շուշանի՛կ,— լսեց մոր ձայնը,— հայրդ խորոված է ուզում։
Եվ այդ օրն առաջին անգամ նա դժկամությամբ անցավ խոհանոց։
Ճիշտ նույն պահին Սմբատը, առանձնացած իր սենյակում, խորին մտախոհության մեջ էր։ Միայն վաղվա հանդիպումը չէր նրա մտորումների առարկան, այլև մի քանի ժամ առաջ տեսած պատկերը։ Երբեք նրա վրա ոչ մի հայ կին տպավորություն չէր գործել։ Այժմ նրա առջև ամեն վայրկյան պատկերանում էր մի աղքատ ընտանիքի զավակ, մի համեստ աննշան աղջիկ։ Հաճախ, հանքային գրասենյակում եղած ժամանակ, կից սենյակից լսում էր անդամալույծի անվերջ տրտունջները և երեխաների լացը։ Մանկական աղաղակների և հիվանդի տխուր մրմունջների մեջ լսվում էր օրիորդի մեղմիկ ձայնը, որ անդորր տպավորություն էր գործում նրա փոթորկված հոգու վրա։ Այդ ձայնի ազդեցությամբ նրա մեջ ծագում էին անսովոր մտքեր։ Մտքեր, որոնք դիամետրալ կերպով հակասում էին նրա նախկին գաղափարին՝ հայ կնոջ մասին։ Եվ նա ամաչում էր այդ գաղափարից, զգալով խղճի խայթոց…
Այս երեկո, մի քանի ժամ առաջ տեսած պատկերի տպավորությամբ, նրա ներքին աշխարհում կատարվում էր տարօրինակ հեղաշրջում։ Զգում էր, որ իր մեջ խախտվում է մեկն այն ամուր համոզումներից, որ կազմվել էին պատանի հասակից։ Ունե՞ր նա իրավունք արհամարհել հայ կնոջը, հայ աղջկան և գնալ կյանքը կապել օտարի հետ։ Ահա վաղը գալիս է նա, որին գերադասեց բոլոր կանանցից։ Արդարացրե՞ց արդյոք, գեթ մազի չափ, այն հույսերը, որ դրել էր նրա վրա, տվե՞ց այն երջանկությունը, որ երևակայում էր գտնել, ծնողների նվիրական զգացումները ոտնատակ անելով: Չի՞ պատահում, արդյոք, այն իդեալին, որ մի ժամանակ վառում էր ու բորբոքում նրա երևակայությունը։ Եվ եթե գտել է, արդյոք, կրկնակի դժբախտ չէ՞…
Առավոտյան արդեն տասը ժամն էր, երբ զարթնեց։ Մի կապարային ծանրություն նստել էր նրա սրտի վրա, ճնշում էր ու ճնշում անխնա։ Շտապով խմեց մի բաժակ թեյ։ Մի ժամից հետո պիտի գար փոստակիր շոգենավը, որ բերում էր նրա զավակներին ու կնոջը։ Մտավ մոր սենյակը։ Այրին տխուր, ձեռները կրծքին ծալած, նստած էր լուսամուտի մոտ։ Նայեց որդու երեսին, և սիրտը մորմոքվեց։ Զգաց, որ նրա հոգու մեջ տեղի ունի փոթորիկ, որ նա այնքան ուրախ չի, որքան հուզված։
— Գնա, որդի, գնա բեր, ես քար չեմ,— ասաց այրին, աշխատելով ուրախ ձևանալ։— Շնորհակալ եմ,— արտասանեց Սմբատը և համբուրեց նրա դալուկ ձեռը...
Կայարանում արդեն հավաքվել էր մի մեծ բազմություն, երբ Սմբատը հասավ այնտեղ։ Մի խումբ ծանոթներ դիմավորեցին նրան խոնարհ բարևելով։ Երբ իմացան, որ եկել է ընտանիքին դիմավորելու, շնորհավորեցին։ Եվ նա զգաց շատերի կեղծիքը։ Այդ մարդիկ հետևից հազար ու մի բան էին ասում նրա ամուսնության մասին — այս նա գիտեր, իսկ առերես շնորհավորում էին։ Նա շտապեց հեռանալ խմբից։
Օրը բավական սառն էր, հյուսիսային քամին երկնքի ծխագույն թանձր ամպերը հալածում էր դեպի հարավ։ Ծովն ալեկոծվում էր, և նրա աղի ալիքները Սմբատի միտքը տանում էին դեպի հեռավոր հորիզոն, որ թաղված էր մշուշի մեջ։ Սիրտն սկսեց նորից բաբախել, երբ մտածեց, որ նավը կարող է փոթորկի ենթարկված լինի։ Գիշերվա անքնությունից նյարդերը հոգնել էին։ Նա պատրաստ էր լաց լինել ինչպես երեխա, այնքան սիրտը լցվել էր։
Հորիզոնի վրա մշուշի մեջ նկարվեց հազիվ նշմարելի մի կիսակամար։ Դա շոգենավի նավթային ծուխն էր, որ ծխնելույզից դուրս գալով, կազմում էր կիսաշրջան և հետո տարածվում ծովի մակերևույթի վրա։ Կեսժամ ևս, և Սմբատը պիտի գտնվեր սիրո և սառնության միջև։ Նա անհանգիստ անցուդարձ էր անում, աշխատելով խույս տալ ծանոթներից։ Նրան թվում էր, որ բոլորն իրենց մտքում ծաղրում են կամ ցավակցում։
Վերջապես շոգենավը երևաց ծովի ալեկոծվող մակերևույթի վրա։ Լսվեց շոգեշվիկի հեռավոր թույլ ձայնը, որ խեղդվում էր ալիքների մռնչյունի մեջ։ Ծովային բանվորներն սկսեցին շտապով բաց անել կայարանի սյուներին փաթաթված հաստ պարանները, պատրաստվելով ընդունել մոտեցող նավին։ Քամին ալիքները մղում էր և ուժգին զարկում նավի երկաթե կողերին, դանդաղեցնելով նրա ընթացքը։ Տախտակամածի վրա երևացին մի խումբ ճանապարհորդներ։ Սմբատն աչքերը հառել էր խմբի վրա և աշխատում էր որոշել նրանց, որոնց սպասում էր։ Նավի սուր դունչը, հսկայական թրի պես ճեղքում էր ջուրը, կռվելով կուտակվող ալիքների դեմ։ Սպիտակ շիթերը կատաղի ուժով բարձրանում էին վեր, մինչև տախտակամածը և նորից անզոր հետ թափվում։
Սմբատը նշմարեց մի երիտասարդ տղամարդ, որ բռնած էր երկու գրեթե հասակակից մանուկների ձեռներից։ Նա ճանաչեց իր զավակներին և նրանց քեռուն։ Մի սպիտակ թաշկինակ ծածանվեց օդի մեջ՝ մանկական գլուխներից վեր։ Սմբատը գդակը բարձրացրեց։
Հազիվ նավաստիները սանդուղքն ամրացրին նավի կողին, Սմբատն ամենից առաջ բարձրացավ նավը։ Գրկեց զավակներին։ Մեկը յոթ, մյուսն ութ տարեկան էր։ Դրանք հարավային և հյուսիսային տիպերի գեղեցիկ խառնուրդ էին։ Նրանց մազերը պարզ — կինամոնագույն էին, աչքերը նախշուն, ունքերը սև, դեմքերի գույնը սպիտակ։ Ցրտից նրանց առողջ երեսները կարմրել էին։ Սմբատը համբուրում էր մերթ մեկին, մերթ մյուսին։
— Կշտացա՞ք— գոչեց երեխաների քեռին,— այժմ եկեք մենք համբուրվենք։
Եվ իր գիրկը լայն բանալով ձմեռային շինելի տակից, գրկեց և համբուրեց, մի քայլ հեռու կանգնած էր երեխաների մայրը։ Դա մի ոչ այնքան բարձրահասակ կին էր, շիկահեր, կապույտ աչքերով, մի քիչ ցցված այտերով և փոքրիկ քթով։ Տարիքն արդեն իրենց կնիքը բավական որոշ դրոշմել էին նրա բերանի անկյուններում և աչքերի տակ: Ծովային ցրտից ու հողմից կարմրած թշերը ներդաշնակում էին սպիտակ խոշոր ատամներին։ Այնինչ, Սմբատի համար նա վաղուց էր կորցրել իր հրապույրն իբրև կին, մնալով միայն մայր՝ զավակների։
Ամուսինները բավականացան միմյանց ձեռ տալով։
— Տանջվեցինք ճանապարհին,— եղավ կնոջ առաջին խոսքը։
— Փոթորի՞կ էր։
— Սաստիկ,— պատասխանեց կնոջ եղբայրը,— քիչ էր մնում նավն ընկղմվեր, և ի՞նչ անպիտան նավ է։Ալեքսեյ Իվանովիչ Վինոգրադովը — այսպես էր երիտասարդի անունը — ոչինչ արտաքին նմանություն չուներ քրոջ հետ։ Սևահեր էր, գեր, դեմքի ավելի ուղիղ գծերով, խոշոր կինամոնագույն աչքերով, որոնք ստեպ-ստեպ ճպճպում էին պենսնեի տակից։ Ձայնը, խոսելու եղանակը և բոլոր ձևերն արտահայտում էին խորին ինքնահաճություն։ Մինչդեռ քրոջ դեմքի վրա կարդացվում էր ինչ-որ դառն դժկամություն կյանքից։
— Դուք մենա՞կ եք եկել մեզ դիմավորելու,— հարցրեց տիկինը։
— Մենակ,— պատասխանեց Սմբատը, միշտ նայելով երեխաներին։
Տիկնոջ դեմքով սահեց արհամարհական ժպիտ։
— Երևի ձերոնք արժանի չեն համարել...— արտասանեց նա, ուղղելով ուսերին գցած մուշտակը։
Սմբատը լուռ բռնեց երեխաների ձեռներից, ցած բերեց կայարան։
— Իսկ մեր իրե՞րը, իրե՞րը,— անհանգիստ հարցրեց տիկնոջ եղբայրը։
Սմբատը պատվիրեց շոգենավի գործակատարին կարգադրություն անել իրերի մասին։
— Այնտեղ ես ցիլինդր ունիմ, զգույշ ուղարկեցեք, որ չջարդվի,— պատվիրեց իր կողմից տիկնոջ եղբայրը։
Կառք նստելիս նա հարցրեց.
— Երևի ձեր սեփական կառքն է, չէ՞։
— Ո՛չ վարձովի է։
Եղբայրը նայեց քրոջ երեսին։ Պարզ էր, որ նա մտքում ասում էր. «դու չէի՞ր ասում, թե շատ հարուստ է»։
Այրի Ոսկեհատն իսկույն առաջ դուրս չեկավ։ Իսկ երբ երևաց հյուրասենյակում, Սմբատը նրա աչքերի մեջ նկատեց արտասուքի թարմ հետքեր։ Այրին գրկեց որդու զավակներին, սեղմեց կրծքին։ Բայց զգալի էր, որ այդ գրկումը բռնազբոսիկ է։ Հարսին նա միայն ձեռ տվեց, առանց մի բառ ասելու։ Կրկին նայելով թոռներին, գրավվեց նրանց գեղեցիկ աչքերով, նորից գրկեց և սեղմեց կրծքին, այս անգամ արդեն ոչ բռնազբոսիկ։
— Հոգնած են, գիշերը չեն քնել,— ասաց հարսը։
Եվ կամացուկ ազատեց երեխաներին այրիի գրկից Սմբատը նայեց մոր երեսին և զգաց, որ նա չափազանց վիրավորվեց:
Այդ վայրկյանից դրվեց հարս ու սկեսուրի ապագա հարաբերությունների հիմքը։ Նրանք ատեցին միմյանց, հենց առաջին հայացքից։